Ծովահրեշ (հեռուստասերիալ)

Ծովահրեշ (իտալ.՝ La Piovra), իտալական 10 մասանոց (48 սերիա) հեռուստատեսային գեղարվեստական կինոնկար, որը պատմում է իտալական իրավապահ և դատական մարմինների՝ սիցիլիական մաֆիայի, ինչպես նաև իշխանության վերին օղակներում կաշառակերության դեմ պայքարի մասին։ Ֆիլմի առաջին մասը, որի ռեժիսորն էր Դամիանո Դամիանին, նկարահանվել է 1984 թվականին և կազմված էր 6 սերիաներից։ Ֆիլմի առաջին չորս մասերը 1986-1991 թվականներին ցուցադրվել են նաև ԽՍՀՄ-ում և ձեռք էին բերել մեծ ճանաչում։

Ծովահրեշ
իտալ.՝ La Piovra
Երկիր Իտալիա
Ժանրքրեական հեռուստասերիալ, հեռուստադրամա, դետեկտիվ և դրամա
ԹեմաՄաֆիա և կաշառակերություն
Լեզուիտալերեն
ՌեժիսորԴամիանո Դամիանի
ԴերակատարներՄիքելե Պլաչիդո
ԵրաժշտությունՌից Օրտոլանի և Էնիո Մորիկոնե
ՀաջորդԾովահրեշը 2
Պաշտոնական կայքէջ
 La piovra (serie televisiva) Վիքիպահեստում

Առաջին մասի սյուժեն խմբագրել

Սիցիլիական քաղաքներից մեկում սպանված ոստիկանության կոմիսարի փոխարեն նշանակվում է փորձառու կոմիսար Կորադո Կատանին։ Վերջինս ժամանում է կնոջ՝ Էլզայի և 12-ամյա դստեր՝ Պաոլայի հետ միասին։ Սպանված կոմիսարի հոգեհանգստի ժամանակ իր ենթականերից մեկի հետ զրույցից կոմիսար Կատանին տեղեկանում է, որ այդ նույն օրը, երբ սպանվել էր կոմիսարը, ինքնասպան էր եղել կոմսուհի Էլեոնորա Պեչչի-Շալոյան, ով կոմիսարի սիրուհին էր։ Կատանին ծանոթանում է վերջինիս դստեր՝ Ռաֆայելայի հետ, ում մականունը Տիտի էր։ Կատանին պարզում է, որ Տիտին թմրամոլ է և նրան հերոին է մատակարարում տեղական մաֆիայի անդամ Սանտե Չիրինան։ Չիրինան նույնպես սիրային կապի մեջ էր Տիտիի հետ և մահափորձ է կազմակերպում Կատանիի դեմ, սակայն հայտնվում է բանտում։ Կատանին կապի մեջ է մտնում Տիտիի հետ և իմանում, որ Էլզան իրեն դավաճանել է։ Քաղաքում տեղի է ունենում երկրորդ սպանությունը, մարդասպանի գնդակից զոհվում է Կատանիի ենթականերից մեկը՝ Լեո Դե Մարիան։

Հետաքննելով սպանությունը, Կատանին պարզում է, որ քաղաքում նշանակալի դիրք զբաղեցնող անձինք կապված են թմրաբիզնեսի հետ։ Փաստաբան Տերազինին բացահայտ կերպով պաշտպանում է հանցագործներին, բազմաթիվ կազմակերպությունների հաշիվներ Ռավանուզիին պատկանող բանկի միջոցով՝ օգտագործվում են թմրավաճառքից առաջացած շահույթը «լվանալու» համար։ Կատանին իմանում է նաև, որ նախկին կոմիսար Մարինեոն և կոմսուհին սպանվել էին Չիրինայի կողմից։ Կատանին ապավինելով Հռոմի իր հովանավոր Սեբաստիանո Կաննիտոյի օգնությանը, սկսում է մաֆիայի անդամների ձերբակալություններ իրականացնել։ Տեղական հեռուստատեսությունը եթերով քննադատական ակցիա է իրականացնում ոստիկանության գործողությունների դեմ։ Մաֆիան առևանգում է Կատանիի դստերը և պահանջում, որ կոմիսարը դադարեցնի իր գործողությունները։ Կատանին ստիպված կատարում է առաջադրված պայմանները՝ կասեցնելով թմրաբեռների առգրավման վերաբերյալ որոշումը։

Միաժամանակ, մի քանի կեղծ վկաներ հայտարարում են, որ Չիրինան բոլորովին էլ չի ցանկացել սպանել Կատանիին, այլ միայն անհիմն մեղադրվել է վերջինիս կողմից։ Մաֆիան վերադարձնում է Կատանիի դստերը, ում առևանգման ժամանակ բռնաբարել էին։ Կատանին Տերազինիի միջոցով պահանջում է, որ իրեն հանձնեն բռնաբարողին։ Ազատության մեջ հայտնվելով, Չիրինան Տիտիի համար հերոին է բերում, սակայն Տիտին դրանք պատուհանից նետում է դուրս։ Այնուհետև Չիրինան ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ՝ Կատանիի մոտ է բերում նրա դստերը բռնաբարողի դին։ Չիրինան փորձում է սպանել նաև Կատանիին, սակայն վերջինս կրկին ձերբակալում է նրան։ Տերազինիի հրամանով Չիրինային բանտում սպանում են։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Միքելե Պլաչիդո Կորադո Կատանի
Նիկոլ Ժամե Էլզա Կատանի
Կարիդի Նարդուլի Պաոլա Կատանի
Ռենատո Մորի կոմիսարի տեղակալ Ալտերո
Բարբարա Դե Ռոսսի Ռաֆայելա (Տիտի)
Անժելո Ինֆանտի Սանտե Չիրինա
Ֆլորինդա Բոլկան կոմսուհի Օլգա Կամաստրա
Ֆրանսուա Պերյե փաստաբան Տերազինի
Ժակ Դակմին Սեբաստիանո Կաննիտո

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Դամիանո Դամիանի ռեժիսոր
Սերխիո Սիլվա հեղինակ
Նինո Չելեստե, Մարչելլո Գատի օպերատոր
Ռից Օրտոլանի, Էնիո Մորիկոնե, Պաոլո Բուոնվինո կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի հետագա մասերը նկարահանել են ռեժիսորներ Ֆլորեստանո Վանչինին, Լուիջի Պերելլին և Ջակոմո Բատտիատոն։
  • 2009 թվականի նոյեմբերի 28-ին, Օլբիա քաղաքում, երիտասարդ կուսակիցների համագումարում, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին քննադատական ելույթ էր ունեցել ֆիլմի հեղինակների վերաբերյալ, նրանց մեղադրելով, որ նմանատիպ աշխատանքներով նրանք գցում են Իտալիայի վարկանիշն աշխարհում. «Եթե ես իմանամ, թե ով է «Ծովահրեշի» հեղինակը, ապա երդվում եմ, ես կխեղդեմ նրան»,- հայտարարել է նա[1][2]։ Միաժամանակ Բերլուսկոնին իր վրդովմունքն է հայտնել մաֆիայի հետ իր սեփական կապն ունենալու կասկածների վերաբերյալ[1]։ Իտալիայի իրավապահ մարմինները բազմիցս փորձել են նրան քրեական պատասխանատվության ենթարկել և 2013 թվականի հունիսի 24-ին նա դատապարտվեց յոթ տարի ազատազրկման և ցմահ զրկվեց պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Նա հիմնականում մեղադրվում էր անչափահասի հետ ինտիմ ծառայությունից օգտվելու և ծառայողական դիրքը չարաշահելու մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Сергей Ромашенко (2009 թ․ նոյեմբերի 29). «Берлускони обещает придушить авторов книг и сериалов о мафии». Deutsche Welle. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  2. «Берлускони хочет задушить автора «Спрута»». ИА «Росбалт». 2009 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովահրեշ (հեռուստասերիալ)» հոդվածին։