Ծովագյուղ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Ծովագյուղ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։

Գյուղ
Ծովագյուղ
Ծովագյուղի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Մակերես3 կմ²
ԲԾՄ2023 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3943 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծովագյուղ (Հայաստան)##
Ծովագյուղ (Հայաստան)
Ծովագյուղ (Գեղարքունիքի մարզ)##
Ծովագյուղ (Գեղարքունիքի մարզ)

Ծովագյուղ (մինչև 1935 թ. Չիբուխլու) գյուղը գտնվում է Սևանա լճի ափին՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։ Ծովագյուղում և շրջակայքում պահպանվել են Քառատափ գյուղատեղին, եկեղեցի, ամրոցի ավերակներ (Ք․ա․ առաջին հազարամյակ), գերեզմանոցներ, խաչքարեր։ Գյուղում վերաբնակվել են Բայազետի Արծափ գյուղից եկածները՝ 1830 թ։ Գյուղն ունի 4030 բնակիչ։ Տղամարդիկ կազմում են բնակչության 49 տոկոսը։ Համայնքի վարչական տարածքը՝ 5374 հա։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծովագյուղի մշտական բնակչությունը կազմել է 3943, առկա բնակչությունը՝ 3624 մարդ[3]։ Գյուղը բնակեցված է հայերով, որոնց նախնիները 1830 թ. եկել են Բայազետի Արծափ գյուղից[4]։ Ծովագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 845 մարդ [5]
1873 1102 մարդ [6]
1897 1808 մարդ [5]
1926 2354 մարդ [5]
1939 2647 մարդ [5]
1959 2005 մարդ [5]
1970 2886 մարդ [5]
1979 3221 մարդ [5]
1989 3412 մարդ [5]
2001 4018 մարդ [5]
2011 3943 մարդ [1]


Պատմությունը խմբագրել

Ծովագյուղը մինչև 1935 թվականը կոչվել է Չիբուխլու, որը Ճիպոտիկ կամ Ճապոտիկ անվան թուրքական արտահայտություն էր՝ սկսած 17-րդ դարի վերջերից։ Գյուղը մշտական կապերի մեջ է եղել Սևանա վանքի հետ։

Վերաբնակեցված գյուղի առաջին տանուտերը Մանուկ Տեր-Անդրեասյանն էր։ Վերաբնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում արհեստավորները։ Տեղավորվելով հայկական հինավուրց գյուղի ավերակներում՝ վերաբնակիչները հենց առաջին տարում կատարեցին ցորենի, գարու, վուշի, կտավատի ցանք, մշակեցին ծխախոտ։ Սևանի շրջանի մյուս գյուղերի համեմատությամբ Չիբուխլուի բնակիչներն իրենց հետ բերել էին ավելի շատ ոչխար, մոտ 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 110 ձի։ Նրանք վերակառուցեցին չորս ջրաղաց և երկու ձիթհան, մշակելի դարձրին ընդարձակ խոտհարքներ, օգտվում էին անտառի բարիքներից և Ձկնագետի ու Սևանա լճի ձկան առատ որսից։

1873 թվականի տվյալներով գյուղում կար 114 ծուխ՝ 1112 բնակիչներով, որոնցից 554-ը՝ տղամարդ։ Գյուղի տանուտերը Սեմյոն Վարդանյանն էր, որն ուներ երեք տղա՝ Մանուկը, Թադևոսը և Սմբատը։

1921 թվականի սկզբին կազմակերպվեց գյուղխորհուրդ։ Տարիների ընթացքում իրենց գործունեությամբ աչքի են ընկել գյուղխորհուրդի նախագահներ Ստեփան Մանուչարյանը, Հմայակ Նավասարդյանը, Անուշավան Բադալյանը, Գուրգեն Սարգսյանը, Ռադիկ Աբրահամյանը։ 1996 թվականին գյուղի համայնքի ղեկավար է ընտրվել գյուղատնտես Թեմուր Սարգսյանը։

1923 թվականին գյուղում գործում էր առաջին բատրակկեմը, որի ղեկավարն էր Վիրաբ Բաղդասարյանը։

Կոլտնտեսությունը ստեղծվել է 1929 թվականին, խորհտնտեսության է վերածվել 1964 թվականին։ Կոլտնտեսության ղեկավարներից էին Ասատուր Հակոբյանը, Արսաբեկ Անդրիկյանը, Զալիբեկ Գալանյանը, Հովհաննես Զանդյանը, Հմայակ Նավասարդյանը, Թորգոմ Պողոսյանը, Արտուշ Ֆերոյանը։ Դա Հայաստանում կազմակերպված առաջին անասնապահական տնտեսություններինց էր, որը զբաղվում էր նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ։

Ծովագյուղցիների մասնակցությունը Հայրենական պատերազմին խմբագրել

784 ծովագյուղցիներ մեկնեցին Հայրենական պատերազմ։ Նրանցից 202-ը զոհվեց ռազմի դաշտում, իսկ 29-ը մնացին անհետ կորած։ Ծովագյուղի զավակները փայլուն մարտիկներ և հրամանատարներ էին։ Ճարտարապետ Շավարշ Մանուկյանը 1938 թվականին զորակոչվում է բանակ, ծառայում է նախ Կալինում, ապա լատվիական Ռեժիցա քաղաքներում։ Նա զոհվեց առաջին մարտերից մեկում։

Պատերազմին մասնակցեցին Բալաբեկ Սանեյանը և նրա որդիներ Սոկրատն ու Հրանտը։ Բալաբեկն ու Սոկրատը զոհվեցին Կովկասի համար մղված մարտերում, իսկ Հրանտը՝ Ուկրաինայում։ Քաջ կռվողներից էր սերժանտ Սուրեն Թովմասյանը։ Նա հերոսական 89-րդ Թամանյանի կազմում Կովկասից հասավ Բեռլին։

Անմոռաց է կոլտնտեսության առաջին գյուղատնտես Ավետիք Հակոբյանի կերպարը։ Նա մեկնեց բանակ, դարձավ տանկիստ և քաջի մահով ընկավ մարտադաշտում։ Քաջաբար կռվեց և զոհվեց դասակի հրամանատար Համազասպ Պողոսյանը։

Դպրոցը խմբագրել

Գյուղի առաջին դպրոցը հիմնադրվել է 1902 թվականին՝ չիբուխլեցի Խաչատուր Տեր-Միանասյանի ջանքերով։ Երկսեռ, եռամյա ծխական դպրոցը հիմնականում պահպանվում էր հայ եկեղեցու ծախսերով։ Աշակերտների թիվը մշտապես տատանվել է։ 1912 թվականին սովորում էր 104 աշակերտ, որից 10-ը աղջիկ, դպրոցը զբաղեցնում էր երկու սենյակ։ 1914 թվականին սովորողների թիվը դարձել է 55, որրց՝ 5-ը աղջիկ։ Գյուղի դպրոցի առաջին շենքը կառուցվել է 1930 թվականին, երկրորդը՝ 1937 թվականին, իսկ վերջին հոյակերտ շենքը՝ 1937 թվականին։ Դպրոցը տվել է փայլուն շրջանավարտներ՝ գյուղատնտեսներ, մեխանիզատորներ, անասնաբույժներ, բժիշկներ։

Տես նաև խմբագրել

 
Մուրացանի հուշարձանը Ծովագյուղում

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել