Ծաղիկներ Էլջերնոնի համար

«Ծաղիկներ Էլջերնոնի համար» (անգլ.՝ Flowers for Algernon), Դանիել Քիզի գիտաֆանտաստիկ պատմվածքն է։ Սկզբնապես հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Ստացել է «Հյուգո» մրցանակը՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։

Ծաղիկներ Էլջերնոնի համար
անգլ.՝ Flowers for Algernon և ֆր.՝ Des fleurs pour Algernon
ՀեղինակԴանիել Քիզ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնամակավեպ, պատմություն առաջին անձից և գիտական ֆանտաստիկա
Թեմահանճարեղություն, մտավոր հետամնացություն, անձ, Հոգեկան և intelligence amplification?
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվապրիլ 1959
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքԾաղիկներ Էլջերնոնի համար

Հետագայում Քիզը լրացրեց պատմվածքը՝ դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որ ստացավ «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։

Պատմություն խմբագրել

Վեպի գաղափարը ձևավորվել է 14 տարի շարունակ և անընդհատ թեման զարգացել է Քիզի կյանքում կատարվող տարբեր իրադարձություններով։ Ամեն ինչ սկսվել է 1945 թվականին՝ ծնողների հետ վեճից հետո․ նրանք ցանկանում էին, որ իրենց որդին գնա բժշկության մասնավոր դասերի, մինչդեռ որդին պարզապես ցանկանում էր գրող դառնալ։ Նա զգում էր, որ կրթությունը պատնեշ է դառնում իր և ծնողներ միջև, և այդ հարցը նրան բերեց ինտելեկտի մեծացման խնդրին[1][2][3]։ Հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել 1957 թվականին, երբ Քիզը անգլերեն էր դասավանդում սահմանափակ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող երեխաների դպրոցում. աշակերտներից մեկը նրան մի անգամ հարցրեց, թե կկարողանա՞ արդյոք փոխադրվել սովորական դպրոց, եթե ջանասիրաբար աշխատի և խելացի դառնա[3][4]։

Գրքի այլ կերպարները ևս Քիզի կյանքից են։ Էլջերնոնը ոգեշնչված էր համալսարանի նախապատրաստական դասերով, իսկ նրա անունը վերցված էր բանաստեղծ Չառլզ Ալջերնոն Սուինբերնից[3]։ Գիտնականներ Նեյմուրի և Շտրաուսի կերպարները նույնպես Քիզի կյանքից են։ Նրանք այն գիտնականներն են, որոնց հանդիպել է գրողը հոգեվերլուծությունը ուսումնասիրելու ժամանակ[3]։

1958 թվականին Քիզը բերեց իր պատմվածքը Galaxy Science Fiction ամսագիր, որտեղ խմբագիրը նրան առաջարկեց փոփոխել վերջաբանը[3]։ Նոր վերջաբանում Չառլին պիտի պահպաներ իր ինտելեկտը, ամուսնանար Ալիսա Քենիանի հետ և ապրեր երկար ու երջանիկ[3][5]։ Քիզը հրաժարվեց փոփոխություններից և վաճառեց պատմվածքը Fantasy & Science Fiction ամսագրին[3]։

1962 թվականից մինչև 1965 թվականը Քիզն աշխատում էր իր պատմվածքի հիման վրա վեպ ստեղծելու ուղղությամբ. սկզբում նա փորձում էր այն վաճառել Doubleday-ին, բայց այդ հրատարակչությունում, ինչպես նաև հաջորդ հինգում, նրան մերժեցին և առաջարկեցին փոխել վերջաբանը[5][6]։ Վերջիվերջո, գիրքը հրատարակվեց Harcourt Trade Publishers ընկերության կողմից 1966 թվականին։

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը Չառլի Գորդոնն է՝ 37-ամյա հատակ մաքրող, որ ծառայում է պլաստիկ տարաների արտադրությունում (վեպում՝ 32-ամյա մտավոր հետամնաց, որ մաքրություն է անում հացաթխման գործարանում)։ Նա կամավոր կերպով մասնակցում է ինտելեկտի բարելավման փորձին։

Ինտելեկտի արհեստական բարելավումը վիրահատության միջոցով երկու գիտնականների՝ դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար իսկական բացահայտում է։ Էլջերնոն մականվամբ մկան հաջող վիրահատությունից հետո նրանք որոշում են նմանատիպ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու հետ։ Ընտրությունը կանգնում է Չառլիի վրա, որովհետև նա ցանկանում է ավելի լավ կարդալ ու գրել, դառնալ ավելի խելացի։

Պատմվածքը գրված է Չառլիի անունից ներկայացվող հաշվետվություններից։ Ինտելեկտուալ ունակությունների ավելացմանը զուգահեռ տեքստում աստիճանաբար պակասում են ուղղագրական և կետադրական սխալները, բարդացվում է ոճը։

IQ անցկացված թեստի արդյունքում Չառլին արագորեն աճում է՝ 68-ից մինչև 200 (վեպում՝ 185)։ Հաշվետվություններում Չառլին նշում է իր փոփոխված ընկալումները շրջապատում կատարվող իրադարձությունների վերաբերյալ. նա սկսում է հասկանալ մարդկանց վերաբերմունքը իր նկատմամբ (հասկանում է, թե ինչպես էին նրա թվացյալ ընկերները ծաղրում նրան), նոր գիտելիքներ է ստանում։

Չառլին հատուկ կապվածություն է զգում Էլջերնոնի նկատմամբ՝ հասկանալով, որ Էլջերնոնը միակն է, որ ունի իր պես ճակատագիր։ Փորձի ամենասկզբից Էլջերնոնը և Չառլին մրցում էին լաբիրինթոսի անցկացման խաղում. մուկը պիտի անցներ տուփը, մարդը՝ թուղթը։ Սկզբում Էլջերնոնը անընդհատ հաղթում էր, ինչը Չառլիին նյարդայնացնում էր. բայց վերջապես Չառլին կարողացավ հաղթել Էլջերնոնին։ Դրանից հետո Չառլին աշխատում էր ընկերանալ մկան հետ։

Չառլիի ուսանելու արագությունը մի քանի անգամ մեծ է սովորական մարդկանցից, և արդեն մի քանի շաբաթ անց նա ազատ տիրապետում է մի քանի լեզուների և հաճույքով կարդում տեխնիկական գրականություն։ Մտավոր հետամնացության դպրոցի նրա նախկին ուսուցչուհին՝ Ալիսա Քինիանը, սկզբնապես ուրախանում է Չառլիի հաջողություններով, բայց հետո սկսում է նրանից հեռանալ. Ալիսան այլևս չի կարողանում հասկանալ Չառլիին։

Իր աշխատավայրում Չառլին որոշակի փոփոխություններ է անում, որոնք դուր չեն գալիս մյուս աշխատակիցներին և տնօրենի համաձայնությամբ՝ Չառլին ազատվում է աշխատանքից։ Նրանք պատրաստ չէին շփվել նոր Չառլիի հետ. վերջինս ևս հասկանում է, որ չի կարող նրանց հետ ընկերական հարաբերություններ պահպանել։

Վեպում, ի տարբերություն պատմվածքի, ավելի մշակված է Չառլիի և նրա նախկին ուսուցչուհու ռոմանտիկ հարաբերությունների սյուժետային գիծը։ Ներկայացված են նաև Չառլիի մանկության հիշողությունները, նրա հանդիպումները քրոջ և ծնողների հետ։

Եվս մեկ ամիս անց Չառլիի ինտելեկտն ավելի բարձր մակարդակի վրա է հայտնվում, քան փորձարկող գիտնականներինը։ Չառլին սկսում է նկատել նրանց սահմանափակությունն ու մոլորությունները։ Երբ մկան մոտ սկսում են հայտնվել հետընթացի տարրեր, նա որոշում է շարունակել հետազոտությունը և օգտագործել իր ինտելեկտի ողջ ուժը՝ լուծելու համար բոլոր խնդիրները։

Չնայած փորձի առաջնային հաջողությանը՝ մկան վարքը լուրջ մտորումների առիթ է տալիս. նրա ինտելեկտը սկսում է մարել այնքան արագ, ինչքան որ աճում էր։ Որոշ ժամանակ անց Էլջերնոնը մահանում է։ Դիահերձելու ժամանակ երևում է, որ ուղեղը փոքրացել է, փոսիկները՝ հարթեցվել։ Չառլին խնդրում է չայրել Էլջերնոնի դիակը և ինքն է թաղում։

Չառլիի հետազոտությունները ցույց տվեցին, որ վիրահատությունից հետո կտրուկ հետընթացը անխուսափելի է։ Հասկանալի է դառնում Չառլիի հետագա ճակատագիրը. նա կրկին պիտի վերադառնա նախկին կյանքին ու հոգեբանական դրությանը։

Վեպում գլխավոր հերոսը մինչև վերջ փորձում է ելք գտնել այդ իրավիճակից։ Նա աղոտ կերպով պատկերացնում է, թե որ ուղղությամբ պետք է կատարի ուսումնասիրությունները, բայց հասկանում է, որ նա պարզապես ժամանակ չունի։ Չառլիի գիտելիքի մակարդակը մարում է այնքան արագ, ինչքան որ աճում էր։ Չառլին խորը ընկճախտ է ապրում և սկսում է մտածել ինքնասպանության մասին, բայց ինտելեկտը, միևնույնն է, մարում է։ Վեպում նրա IQ-ն նվազում է ավելի, քան սկզբում էր։ Նախկին աշխատակիցները նրա նկատմամբ արդեն բարի են տրամադրված։ Նրանք սկսում են պաշտպանել Չառլիին, երբ նոր աշխատողն սկսում է ծաղրել նրան։

Պատմվածքում Չառլին որոշում է մեկնել հայրենի քաղաքից, գալիս է դպրոց և տեսնում միսս Քինիանին լացելիս։ Իսկ վեպն ավարտվում է լավատեսական նոտայով. Չառլին փորձում է ոչնչի համար չզղջալ և բարին է մաղթում բոլորին, ով երբևէ փորձել է իրեն օգնել։ Նա շնորհակալ է. «ես շատ նորություններ իմացա, իսկ նախկինում ես նույնիսկ չգիտեի որ նրանք գոյություն ունեն և շնորակալեմ նրա համար որ գոնե մի րոպեով դա տեսել եմ»։ Նա հիշում է, որ մեծ հաճույք էր ստանում, երբ կարդում էր «պատռված կազմով կապույտ գիրքը», և որոշում է, որ անպայման «միշտ կփորձի դառնալ խելոք, որ նորից ամեն ինչ լավ լինի»։

Պատմվածքի անվանումը վերցված է Չառլիի օրագրում զետեղված խնդրանքից. «P.P.S. Եթե դուք հնարավորություն ունենաք, խնդրում եմ մի քանի ծաղիկ դրեք Էլջերնոնի գերեզմանի վրա հետևի բակում…»[7] (մինչև մեկնելը, Չառլին ամեն շաբաթ ծաղիկ էր դնում մկան գերեզմանի վրա)։

Նշանակալի է այն փաստը, որ վեպում (ի տարբերություն՝ պատմվածքի) սյուժեի զարգացումը կապված է տարվա ժամանակի հետ։ Գարունը խորհրդանշում է գլխավոր հերոսի բուժումը, ամառը՝ գլխավոր հերոսի ծաղկումն ու աշխարհի կողմից ճանաչումը, աշունը՝ ինտելեկտուալ մարման ժամանակաշրջանը։ Այսպես, ընթերցողը ծանոթանում է գլխավոր հերոսի հետ մարտին և հենց այդ ամիս տեղի է ունենում վիրահատությունը։ Գարնանը նա դառնում է «հանճար», իսկ լիովին առողջացումը տեղի է ունենում մայիսին և հենց այդ ամսին է նա հեռանում հացաթխման գործարանից։ Ամռանը Չառլի Գորդոնը սովորում է հանճարի կյանքին և գերազանցում գիտնականներին օգոստոսին։ Աշնանը սկսում է մարումը, որն ավարտվում է նոյեմբերին։

Էկրանավորումը և թատերական ներկայացումները խմբագրել

1968 թվականին ԱՄՆ-ում նկարահանվեց «Չառլի» ֆիլմը, վերջինիս համար Քլիֆ Ռոբերտսոնը «Օսկարի» արժանացավ։ Ֆիլմը նաև «Ոսկե գլոբուս» և մի քանի այլ մրցանակներ ստացավ[8]։

2000 թվականին սկսեցին ցուցադրել «Ծաղիկներ Էլջերնոնի համար» հեռուստատեսային ֆիլմը Մեթյու Մոդայնի մասնակցությամբ։

2006 թվականին Ֆրանսիայում նկարահանվեց «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարներն էին Ժյուլյեն Բուասելյեն և Էլեն դե Ֆուժրոլն։

2007 թվականին Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոնում «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի հիման վրա բեմադրվեց «Ծաղիկներ Չառլիի համար» ներկայացումը։ Ռեժիսորը Իսնակդեր Սակաևն էր։

2013 թվականի հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնում տեղի ունեցավ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ներկայացման պրեմիերան։

Այս սյուժեն օգտագործվել է նաև «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» («Ծաղիկներ Չառլիի համար»՝ 8 սերիա 9 եթերաշրջան) հումորային սերիալում։

2015 թվականին Ճապոնիայում նկարահանվել է "Ծաղիկներ Էլջերնոնի համար" սերիալը[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Frequently Asked Questions and Updates». Daniel Keyes. Վերցված է 2008 թ․ ապրիլի 24-ին.
  2. Keyes 1999, էջ. 16
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Hill 2004, էջ. 3
  4. Keyes 1999, էջ. 97
  5. 5,0 5,1 «Daniel Keyes: 40 Years of Algernon». Locus Magazine. June 1997. Վերցված է 2008 թ․ ապրիլի 23-ին.
  6. Bujalski 2002, էջ. 52
  7. Բառերը, որ գրել է Չարլին անգլերեն տարբերակում.chanse, flowrs, bak yard.
  8. Charly(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  9. Algernon ni Hanataba wo, Tomohisa Yamashita, Chiaki Kuriyama, Masataka Kubota, Dreamax Television, Tokyo Broadcasting System (TBS), 2015-04-10, Վերցված է 2024-02-14-ին{{citation}}: CS1 սպաս․ այլ (link)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղիկներ Էլջերնոնի համար» հոդվածին։