Թաղոն,Ծածան (լատ.` Cyprinus carpio), Ծածանակերպերի կարգի, ծածանների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա, Քասաղ գետերում, Արփի լճում, Արարատյան ՀԲ դաշտի ջրանցքներում, արհեստական լճակներում։ Հանդիպում է նաև Ախուրյանի, Ապարանի և մի շարք այլ ջրամբարներում (եզակի առանձնյակներ որսվել են նաև Սևանա լճում

Ծածան

Մարմնի երկարությունը մինչև 1 մ է, քաշը՝ 12 կգ։ Թեփուկները խոշոր են, ոսկեգույն։ Բեղիկները 2 զույգ են։ Մեջքի լողակը երկար է, հետույքային լողակում ունի ոսկրյա, սղոցաձև ճառագայթ։ Ապրում է Միջերկրական, Սև, Կասպից, Արալյան ծովերի ավազաններում, Հայաստանում՝ Արփի լճում, Արարատյան դաշտի ջրավազաններում, կլիմայավարժեցված է Ստեփանավանի շրջանի լճակներում։ Ձվադրում է բաժիններով, հունիս-հուլիս ամիսներին, դնում մինչև 1,5 մլն ձկնկիթ։ Սնվում է անողնաշարավոր կենդանիներով, ջրային բույսերով։ Ընտանեցված ծածանը կոչվում է «կարպ», որը լճակային տնտեսության ամենատարածված տեսակն է։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Խոշոր ձուկ է։ Մարմինը կողքերից մի փոքր սեղմված է, երկարությունը՝ 35-50 (երբեմն՝ մինչև 75) սմ, զանգվածը՝ մինչև 8 կգ և ավելի։ Բերանը դնչի ծայրին է։ Վերին շրթունքի վրա կան 2 զույգ կարճ բեղիկներ։ Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 36-40 հատ։ Ալանային ատամները եռաշարք են։ Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է։ Մեջքային լողակը երկար է՝ 23-27 ճառագայթով, հետնալողակը՝ կարճ՝ 8 ճառագայթով։ Մեջքային լողակի և հետնալողակի վերջին չճյուղավորված ճառագայթները հաստացած են և կրում են կեռ ու երկշարք փոքրիկ ատամիկներ։ Խռիկային առէջները 22-27 հատ են։ Մեջքը և գլխի վերին մասը մուգ մոխրագույն են կամ գորշ, մոխրականաչավուն, կողքերը՝ դեղնաոսկեգույն, փորիկը՝ սպիտակավուն կամ դեղնավուն։

Մարմնի թեփուկներից յուրաքանչյուրը (բացառությամբ փորիկի ու կողքերի ամենաստորին հատվածի) արտաքին մասում ունի մուգ եզրագիծ։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, մուգ մոխրագույն, գորշ, գրեթե սև։ Պոչային լողակի ստորին բլթակը հաճաիս կարմրակամ նարնջամոխրագույն է, կրծքային լողակները՝ մոխրագույն, փորայինները՝ նաև դեղնամոխրագույն, նարնջամոխրագույն։ Հետնալողակը դեղին է կամ նարնջագույն։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է, վերին մասում՝ մոխրագույն։

Բազմացում և զարգացում խմբագրել

Սեռահասուն է դառնում 4-6 տարեկանում (կախված ապրելավայրից)՝ մարմնի 35 մմ նվազագույն երկարության դեպքում։ Հարթավայրային շրջաններում ընդհատումներով բազմանում է ապրիլ-մայիսին, բարձրադիր վայրերում՝ հունիսին՝ ջրի 1516°Շ-ի դեպքում։ Այդ ընթացքում արուների մարմնի վրա հայտնվում է «մարգարտյա» ցան։ Բազմացման համար կարևոր նախապայման է ձվադրավայրերում ջրերի վարարումը և առափնյա բուսականության առկայությունը։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 650 հզ ձկնկիթի։ Հասունացած ձկնկիթը դեղնավուն է, կպչուն, տրամագիծը՝ 1, 3-1, 4 մմ։

Դնում է մերձափնյա բույսերի վրա (ջրի մակերեսին մոտ)։ Ձկնկիթի զարգացումը (կախված ջրի ջերմաստիճանից) տևում է 4-5 օր, թրթուրներինը՝ մինչև 1 ամիս։ Հանդիպում է հարուստ բուսականությամբ դանդաղահոս ջրերում։ Բնակվում է ջրամբարների մերձհատակային շրջանում։

Սննդառություն խմբագրել

Ամենակեր է։ Հիմնականում սնվում է բենթոսային մանր անողնաշարավորներով, միջատների թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, որդերով, բույսերով, դետրիտներով։ Սննդային ակտիվությունը սովորաբար բարձր է առավոտյան և երեկոյան։

Արդյունաբերական նշանակություն խմբագրել

Արժեքավոր ձկնատեսակ է, որի քանակն անխնա որսի հետևանքով նվազում է։ Համապատասխան բնապահպանական միջոցառումների իրականացման արդյունքում կարող է ունենալ արդյունաբերական նշանակություն։

Հայաստանի ձկնային տնտեսություններից բնական ջրամբարներ են ներթափանցել ծածանի ընտելացված ու ավելի բարձրամարմին ձևերը՝ թեփուկային և հայելային կարպերը, որոնք ազատորեն խաչասերվում են ծածանների հետ։ Դա կարող է հանգեցնել ընտելացված ձևերի կողմից վայրի ծածանների գենետիկական կլանմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 106