Խտրականություն տերմինն առաջացել է լատինական «discrimire» բառից, որը նշանակում է «առանձնացնել, տարբերել, տարբերակել»[1]։

Ջրի տարաներ գունավորների համար (ձախից) և սպիտակների համար (աջից) Օկլահոմայում (1939 թվական)

Խտրականություն է համարվում որոշակի խմբերի մարդկանց իրավունքների սահմանափակումը կամ ընդհանրապես իրավունքներից զրկումը՝ ըստ նրանց ազգային, ռասայական պատկանելության, սեռի կամ այլ հատկանիշների։ Արևմտյան երկրներում առավել տարածված է ռասայական խտրականությունը (ԱՄՆ-ում՝ սևամորթների, հնդկացիների, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում՝ ոչ բուրական և ոչ եվրոպական ժողովուրդների նկատմամբ)։ Տարբեր երկրներում առկա են նաև խտրականությունյան այլ ձևեր, կանանց և երիտասարդների աշխատանքի ցածր վարձատրություն, կրոնական կամ քաղաքացիական հայացքների համար մարդկանց իրավունքների սահմանափակում և այլն։

Իսկ միջազգային հարաբերություններում խտրականությունը՝ որևէ պետության ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համար պակաս իրավունքների սահմանումն է այլ պետության ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համեմատ։ Օրինակ՝ առավել զարգացած եվրոպական պետությունները երրորդ աշխարհի երկրների նկատմամբ։

Միջազգային և ներպետական օրենսդրություններում առկա են խտրականությունը արգելող հոդվածներ։ Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը և ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածը։

Տեսակներ խմբագրել

Խտրականության տեսակներն են՝

  1. ուղղակի խտրականություն,
  2. անուղղակի խտրականություն,
  3. խտրականության հրահրում,
  4. հետապնդում,
  5. սեռական ոտնձգություն,
  6. սեգրեգացիա։
  • Ուղղակի խտրականություն – Այն ընդգրկում է որոշում, գործողություն կամ անգործություն, որն ուղղված է կոնկրետ անձի/անձանց դեմ, որոնց արդյունքում անձը/անձինք հայտնվում են ոչ բարենպաստ իրավիճակում այլ անձի/անձանց կողմից[2]։
  • Անուղղակի խտրականություն – Այն ներառում է օրենքը, քաղաքականությունը, պայմանը, գործողությունը, անգործությունը, պրակտիկան, որոնց օգտագործման դեպքում անձը/անձինք զրկվում են որոշակի իրավունքներից[2]։
  • Խտրականության հրահրում – Խտրականության հրահրումը կամ դրդումն անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականության կամ նախապատվության դրսևորման հրահանգ է, ցուցում կամ կոչ[2]։
  • Հետապնդում – «Հետապնդումը» անձի նկատմամբ ցանկացած անցանկալի վերաբերմունք է, որի արդյունքում նրա շուրջ ստեղծվում է կամ որի նպատակն է նրա շուրջ ստեղծել ոչ բարյացակամ, մերժողական, թշնամական, նվաստացուցիչ, վիրավորական միջավայր, որի արդյունքում նվաստացվում է անձի արժանապատվությունը պաշտպանված հատկանիշերից որևէ մեկով[3]։
  • Սեռական ոտնձգություն – Սեռական ոտնձգությունը ուղղված Է լինում կոնկրետ անձի դեմ՝ գենդերային հատկանիշով պաշտպանված հատկանիշի հիման վրա։ Սեռական ոտնձգությունը կարող է դրսևորվել խոսքով, ֆիզիկական եղանակով կամ գրավոր, որն ուղղված է կամ որի արդյունքում անձը կարող է վիրավորվել, նվաստացված զգալ, ստորացվել կամ վախենալ[4]։
  • Սեգրեգացիա – Սեգրեգացիան ցանկացած գործողություն է կամ անգործություն, որով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք առանձնացվում, տարբերակվում ու արդյունքում մեկուսացվում են այլ անձանցից[2]։

Խտրականության այլ տեսակներ խմբագրել

  • Ռասայական
  • Լեզվական
  • Կրոնական
  • Տարիքային
  • Ընտանեկան կամ ամուսնական կարգավիճակով պայմանավորված
  • Քաղաքական հայացքներով պայմանավորված
  • Գենդերային
  • Առողջական կարգավիճակով պայմանավորված
  • Սեռական կողմնորոշմամբ պայմանավորված
  • Մարդկանց արտաքինով
  • Կենսակերպով
  • Սոցիալական ծագմամբ
  • Գենետիկական

Մեր հասարակությունում խտրականության դրսևորումների օրինակներից են`

  • զանգվածային լրատվության միջոցներում կրոնական կազմակերպությունների վերաբերյալ ատելության և բռնության կոչերը,
  • ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունը գործատուների և հասարակության կողմից,
  • աշխատանքի ընդունման չափանիշներում տարիքային ահնարկի սահմանափակումները,
  • հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման անհրաժեշտ հնարավորությունների բացակայությունը,
  • օտարազգի ուսանողների կրկնակի ուսման վարձ վճարելը,
  • բժշկի կողմից ՄԻԱՎ-ով ապրող անձի հարազատին ուսումնական հաստատությունից հեռացնելը,
  • ծեծված նույնասեռական անձին բժշկական օգնության տրամադրման մերժումը,
  • բազմաթիվ ընտանիքներում ամուսնու կողմից ծեծի և բռնության ենթարկված կնոջ հանդեպ իրավապահ համակարգի կողմից,
  • սոցիալական կարգավիճակով պայմանավորված երեխայի հանդեպ վերաբերմունքը՝ կրթական հաստատություններում։

Գործողությունը խտրական չէ, եթե այն չի սահմանափակում այլ անձանց իրավունքներն ու ազատությունները և չի ստեղծում արգելքներ դրանց իրականացման համար։ Ինչպես նաև, տրամադրում է որոշակի հատկանիշներով անձին և/կամ մի խումբ անձանց արտոնություններ` ժամանակավոր կառուցողական գործողությունների շրջանակում, ինչպիսին են` պետության կողմից հատուկ պաշտպանություն առանձին խմբի անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն այդպիսի պաշտպանության կարիք։

Պաշտպանության մեխանիզմներ խմբագրել

ՀՀ-ում գործող խտրականության դեմ պաշտպանության մարմիններն են՝

  • Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ
  • Մարդու իրավունքների պաշտպան
  • ՀՀ դատական մարմիններ
  • ՀՀ վարչական մարմիններ
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարան[5]

Խտրականության կանխարգելմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններ խմբագրել

  • ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հանձնաժողով
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար
  • ՄԱԿ-ի կանաց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման հանձնաժողով
  • Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով իրավունքների կոմիտե
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցող
  • Հատուկ զեկուցող փոքրամասնությունների հարցերով
  • Հատուկ զեկուցող ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և հարակից անհանդուրժողականության հարցերով[6]։

Եվրոպական խորհուրդ

  • Ռասսիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով,
  • Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն( ԵԱՀԿ),
  • Ժողովրդավարական հաստատություների և մարդու իրավունքների գրասենյակը,
  • Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի գրասենյակը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ. «Ի՞նչ է խտրականությունը» (PDF).
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ղազարյան, Արա. «Իրավական պաշտպանության եղանակները խտրականության գործերով․ Ձեռնարկ». coe.int. Եվրոպայի խորհուրդ.
  3. Ղազարյան, Արա. «Իրավական պաշտպանության եղանակները խտրականության գործերով․ Ձեռնարկ». coe.int.
  4. «Ի՞նչ է խտրականությունը» (PDF).
  5. «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ. «Ի՞նչ է խտրականությունը» (PDF).
  6. «Ի՞նչ է խտրականությունը» (PDF).
  7. «Ի՞նչ է խտրականությունը» (PDF).

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 93