Խուան դե Ֆուկա (իսպ.՝ Juan De Fuca, հունարեն՝ Ιωαννης Φωκας, որոշ աղբյուրներում` Ապոստոլաս Վալերիանոս, հունարեն՝ Απόστολος Βαλεριάνος` Վալերիանո գյուղի անունից, 1536[1], Kefalonia - 1602, Kefalonia), իսպանացի ծովագնաց, հունական ծագումով լոցման[2][3]։ Ծառայել է իսպանացի թագավոր Ֆիլիպ II-ի մոտ։ Առավել հայտնի է Անիանի ծոցի հետազոտություններով, որը ներկայումս հայտնի է իր անունով` Խուան դե Ֆուկայի ծոց։ Այն գտնվում է Վանկուվեր կղզու (ներկայումս` Բրիտանական Կոլումբիայի մաս, Կանադա) և Օլիմպիկ թերակղզու միջև (Վաշինգտոն նահանգի արևմտյան հատված, ԱՄՆ

Խուան դե Ֆուկա
Դիմանկար
Ծնվել է1536[1]
ԾննդավայրKefalonia
Մահացել է1602
Մահվան վայրKefalonia
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
 Juan de Fuca Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագում և վաղ տարիներ խմբագրել

Խուան դե Ֆուկայի պապը` Էմանուել Ֆոկասը (հունարեն՝ Εμμανουήλ Φωκάς), 1453 թվականին օսմանյան զորքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո իր եղբայր Անդրոնիկի հետ (հունարեն՝ Ανδρόνικος) փախել է այնտեղից։ Եղբայրները հաստատվել են նախ Պելոպոնեսում, որտեղ Անդրոնիկը մնում է ընդմիշտ, իսկ Էմանուելը 1470 թվականին տեղափոխվում է Կեֆալինիա։ Իոանիսի հայրը` Իակովոսը (հունարեն՝ Ιάκωβος), հաստատվում է կղզու Վալերիանոս (հունարեն՝ Βαλεριάνος) գյուղում և հայտնի դառնում Վալերիանո Ֆոկաս (հունարեն՝ Φωκάς ο Βαλεριάνος) անունով, որպեսզի տարբերվի եղբայրներից։

Հենց Վալերիանոս գյուղում էլ 1536 թվականին ծնվել է Ֆոկասը։ Նրա կյանքի մասին, մինչ նա 1555 թվականին ծառայության կանցներ Իսպանիայի թագավորի մոտ, ոչինչ հայտնի չէ։

Անուն խմբագրել

Մարդու անունը, ով պատմությանը հայտնի է Խուան դե Ֆուկա ձևով, որոշակի շփոթմունքի տեղիք է տալիս։ Խուան դե Ֆուկա տարբերակն անշուշտ Իոանիս Փոկաս (հունարեն՝ Ιωάννης Φωκάς) անվան իսպաներեն արտասանության տարբերակն է, որոշ աղբյուրներ Ապոստոլոս Վալերիանոս (հունարեն՝ Απόστολος Βαλεριάνος) անունը համարում են իրական անուն։ Միանգամայն հնարավոր է, որ Ֆոկասը մկրտվել է Ապոստոլոս անունով, իսկ ավելի ուշ ընդունել Իոանիս/Խուան անունը, քանի որ Ապոստոլը` որպես անուն, իսպաներենում հազվադեպ է կիրառվել և հավանաբար համարվել է մականուն` մատնանշելով ծագման գյուղը, ինչն իմաստ չուներ Իսպանական կայսրությունում։

Վաղ շրջանի կարիերա խմբագրել

Խուան Ֆուկայի առաջին ճամփորդությունները եղել են Հեռավոր Արևելք, և նա պնդել է, որ եղել է Նոր Իսպանիայում 1588 թվականին՝ մեկ տարի անց այն իրադարձություններից հետո, երբ 1587 թվականին Ֆիլիպիններում անգլիացի ծովահեն Թոմաս Կևենդիշը գրավել է «Սանտա Անա» գալեոնը` գերելով այն։ Սրա արդյունքում, իբր, Ֆուկան կորցրել է իր խնայողությունները և 60.000 դուկատ արժողությամբ նավը։ Մեկ տարի նա անցկացնում է անգլիական գերության մեջ` 1588 թվականին ազատ արձակվելով, ինչից հետո ուղևորվում է Նոր Իսպանիա։

Ֆուկան եղել է փորձառու նավաստի, որ կատարելագործել է իր վարպետությունը իսպանական ծովային ուժերում։ Իսպանիայի թագավորը, ինչպես նա պնդել է, ընդունել ու գնահատել է նրա փորձը` դարձնելով Վեստ Ինդիայի իսպանական ծովուժի լոցման (այս պաշտոնը նա զբաղեցրել է գրեթե 40 տարի), սակայն իսպանական արխիվներում ոչ մի տեղեկություն չի պահպանվել նրա անվան ու պաշտոնի կամ արքայական պալատ ուղևորության վերաբերյալ[4]։ Մինչ նա կկատարեր իր նշանավոր ճամփորդությունը հյուսիս` Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան ափով, Ֆուկան ուղևորվել է Չինաստան, Ֆիլիպիններ և Մեքսիկա։

Խուան դե Ֆուկա ծոցը, որ գտնվում է ներկայիս ԱՄՆ-ի ու Կանադայի միջև, նրա պատվին է անվանակոչվել բրիտանացի նավապետ Չարլզ Բարքլիի կողմից, քանի որ գտնվել է այն նույն լայնության վրա, որը Խուան դե Ֆուկան մատնանշել էր որպես Անիանի ծոց[5]։

Ճամփորդություն հյուսիս խմբագրել

 
Ֆուկայի սյունը Քեյփ Ֆլաթերում, Վաշինգտոն` Խուան դե ֆուկայի ծոցի հարևանությամբ

Ֆուկայի վկայությունների համաձայն` նա հետախուզական երկու ճամփորդություն է կատարել Նոր Իսպանիայի փոխարքա Լուիս դե Վեալասկոյի (դե Սալինասի մարքիզ) հրամանով, որի նպատակն էր հայտնաբերել լեգենդար Անիանի ծոցը, որը, ինչպես կարծում էին, հյուսիսարևմտյան միջանցք էր, որ կապում էր Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Առաջին նավագնացության ժամանակ արշավախումբն ուներ 200 զինվոր և երեք փոքր նավ` իսպանացի մեկ նավապետի գլխվորությամբ (Ֆուկան լոցման էր և նավապետի օգնական)։ Նավարկման նպատակը Անիանի ծոցը գտնելն էր և այն ամրացնելը անգլիացիներից պաշտպանվելու համար։ Այս ուղևորությունը դատապարտվում է անհաջողության, երբ նավապետի ոչ իրավաչափ գործողությունների պատճառով զինվորներն ապստամբում են, և արշավախումբը ստիպված վերադառնում է Կալիֆորնիա (հարկ է նշել, որ այդ ժամանակ իսպանական դոկտրինայի համաձայն, նավերի ու ծովուժի հսկողությունը բաժանվում էր հրամանատարի, ով բանակային սպա էր, և նավապետի միջև, ով ծովային էր)։

1592 թվականին՝ իր երկրորդ ուղևորության ընթացքում, Ֆուկան հասնում է հաջողության։ Կարավելլայով ու պինասով ոչ մեծ թվով ծովայինների հետ ուղևորվելով հյուսիս` նա վերադառնում է Ակապուլկո և պնդում, որ գտել է ծոցը` ծոցաբերանին մեծ կղզով, մոտավորապես հյուսիսային լայնության 47°-ում։ Խուան դե Ֆուկա ծոցը իրականում գտնվում է 48° հյուսիսային լայնությունում, չնայած Ֆուկայի պատմածները ուղևորության մասին տարբերվում են իրականությունից. նա նկարագրում է շրջանը իրականում գոյություն ունեցող շրջանից մեծ տարբերություններով[6]։

Ծոցը գտնվում է ծոցերի Փյուջեթ Սաունդ համակարգում (ներկայիս Վաշինգտոն նահանգ)` սկսած հյուսիսային լայնության 47° 59'-ից մինչև հարավ` հյուսիսային լայնության 47° 1' (Տիմուոտեր քաղաքի մոտակայք, Վաշինգտոն նահանգ)։ Ֆուկան նավարկության ընթացքում իբր տեսել է «բարձր գագաթ կամ ժայռասյուն», որը հավանաբար եղել է Ֆուկա ժայռը, գրեթե ուղղանկյուն մի ժայռ Քեյփ Ֆլաթերի հրվանդանի արևմտյան ափին` ներկայիս Վաշինգտոնի հյուսիսարևմտյան ծայրամասին` Խուան դե Ֆուկա ծոցի հարևանությամբ, չնայած Ֆուկան նշել է, որ ժայռը տեսել է ծոցի մյուս ափին։

Չնայած Վելասկեսի բազմաթիվ խոստումներին` Ֆուկան երբեք խոշոր պարգևատրում չի ստացել, թեև պնդել է, որ արժանի է։ Երկու տարի անց փոխարքայի պահանջով Ֆուկան ուղևորվում է Իսպանիա, որպեսզի անձամբ ներկայացնի ուղևորության արդյունքները։ Հիասթափված այն բանից, որ այնտեղ էլ ոչինչ չի ստանում և արհամարհանք ցուցաբերելով իսպանացիների հետ հանդիպումներում, ծերացող հույնն ուղևորվում է Կեֆալինիայում գտնվող իր տունը։

1596 թվականին Կեֆալինիայի ճանապարհին, լինելով Ֆլորենցիայում, հանդիպում է անգլիահպատակ Ջոն Դուգլասին, ում պատմում է իր ճամփորդության մասին։ Դուգլասը նրան տալիս է երաշխավորական նամակ և ուղարկում հարուստ առևտրական, Անգլիայի դեսպան Մայքլ Լոքի մոտ, ով այդ ժամանակ հենց Վենետիկում էր։ Ֆուկան վերջինիս պատմում է իր ճամփորդության մասին, և Լոքը առաջարկում է իր ծառայությունը` որպես միջնորդ, որ Անգլիան` այդ ժամանակ Իսպանիայի ոխերիմ թշնամին, Ֆուկային երկու նավ կտրամադրի Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների մեջ գտվող միջանցքը հայտնաբերելու համար։ Ֆուկան հույս ուներ նաև, որ բրիտանացիները իրեն փխհատուցում կտան Ֆիլիպիններում իր ունեցվածքն առգրավելու համար։

Լոքը փորձում է կապվել բրիտանական կառավարության հետ` խնդրելով 100 ֆունտ Անգլիա հասնելու համար, բայց արդյունքում մերժվում է և ստիպված մնում Կեֆալինիայում։ 1602 թվականին Լոքը նամակ է գրում Ֆուկային, բայց այդպես էլ պատասխան չի ստանում։ Լոքը ենթադրում է, որ Ֆուկան, ով իրենց հանդիպման պահին արդեն բավական տարեց մարդ էր, մահացել է։ Լոքի գրությունների շնորհիվ` Խուան դե Ֆուկայի պատմությունը հայտնի է դառնում Անգլիայում։ Այն առաջին անգամ հրատարակվում է 1625 թվականին անգլիացի գրող, ճանապարհորդ Սեմյուել Պորտսասի կողմից (գրքի անունն էր` Purchas His Pilgrimes Contayning a History of the World in Sea Voyages and Lande Travells by Englishmen and others):

Վեճեր խմբագրել

Քանի որ Ֆոկայի ճամփորդության մասին գրավոր միակ վկայությունը Լոքի նամակներն են (հետազոտողները չեն կարողացել տեղեկություն գտնել իսպանական գաղութային արխիվներում), ճամփորդությունը և նրա հավանական բացահայտումը բազմաթիվ վիճահարույց տեսակետների տեղիք են տվել։ Հարցականի տակ է դրվել նույնիսկ այն հանգամանքը, թե արդյոք գոյություն է ունեցել այդպիսի մարդ. որոշ ուսումնասիրողներ Խուան դե Ֆուկային համարել են մտացածին կերպար, իսկ 18-րդ դարի բրիտանացի հետազոտող նավապետ Ջեյմս Կուկը խիստ կասկածի տակ է դրել, որ ծոցը, որ ինչպես Ֆուկան էր պնդում, հայտնաբերել է, գոյություն ունի (չնայած Կուկը փաստորեն անցել է Խուան դե Ֆուկա ծոցի ոտով` առանց այնտեղ մտնելու, և կայանել Նուտկա ծովախորշում` Վանկուվեր կղզիների ափամերձ հատվածում)[7]։ Սակայն անգլիացի հետազոտողների կողմից այս շրջանն ավելի խոր ուսումնասիրելուց հետո Ֆուկայի վկայություններն սկսել են արժանահավատ թվալ։

Վերջապես, 1859 թվականին ամերիկացի հետազոտողը ԱՄՆ-ի դեսպանի օգնությամբ Իոնի կղզիներում կարողանում է ապացուցել, որ Ֆուկան ոչ միայն գոյություն է ունեցել, այլև նրա ընտանիքն ու պատմությունը լավ հայտնի են եղել այս կղզիներում։ Այն ժամանակ, երբ հնարավոր է, այլևս երբեք չի հաստատվի ստույգ տեղեկություն կամ վկայություն, քիչ հավանական է, որ այդ մարդը եղել է մտացածին։

Ժառանգություն խմբագրել

Երբ անգլիացի նավապետ Չարլզ Ուիլյամ Բերքլին «Imperial Eagle» նավով 1787 թվականին (երկրորդ անգամ) բացահայտում է Ֆուկայի նկարագրած ծոցը, նա այն անվանում է Խուան դե Ֆուկա։

Խուան դե Ֆուկա տեկտոնական սալահարթը, որ կազմում է ծովի ափագծի մեծ հատվածի հիմքը, որ նա հետազոտել է, նույնպես անվանվում է Ֆուկայի պատվին։

Խուան դե Ֆուկա նահանգային պարկը Վանկուվեր կղզիների արևմտյան ափին նույնպես կոչվել է ծոցի անունով։ Նույն անունով է կոչվել նաև նրա ուղին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  2. Dictionary of Canadian Biography Online, s.v. Fuca, Juan de.
  3. Greek Consulate of Vancouver, «Greek Pioneers: Juan de Fuca». Արխիվացված 2007-03-15 Wayback Machine
  4. «British Columbia: From the Earliest Times to the Present, Chapter II, The Apocryphal Voyages, pp. 19-31, Ethelbert Olaf Stuart Scholefield, publ. S.J. Clarke, Vancouver, 1914». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  5. Center for the Study of the Pacific Northwest
  6. Williams, Glyndwr (2003). Voyages of delusion: the quest for the Northwest Passage. New Haven: Yale University Press.
  7. Dictionary of Canadian Biography Online, s.v. Barkley, Charles William
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան դե Ֆուկա» հոդվածին։