«Խորհրդավոր կղզի» (ֆր.՝ L'Île mystérieuse), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպն է։ Առաջին անգամ լույս է տեսել 1874 թվականին։ Ժյուլ Վեռնի հայտնի «Քսան հազար լյո ջրի տակ» և «Նավապետ Գրանտի որդիները» վեպերի տրամաբանական շարունակությունն է։ Վեպում գործողությունները ծավալվում են մտացածին կղզում, որտեղ հանգրվանել է նավապետ Նեմոն՝ իր «Նաուտիլիուս» սուզանավով։ Վեպը բաղկացած է 62 գլուխներից, որոնք բաժանված են երեք մասերի՝ «Նավաբեկություն», «Լքված մարդը», «Կղզու գաղտնիքը»[1]։

Խորհրդավոր կղզին
ֆր.՝ L'Île mystérieuse
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրոսովեր, գիտական վեպ, ռոբինզոնադա, ֆանտաստիկա, գիտական ֆանտաստիկա, ֆենթեզի և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)նավապետ Նեմո, Սայրուս Սմիթ և Այրտոն
Ստեղծման տարեթիվ1873
Նկարագրում էLincoln Island? և Maria Theresa Reef?
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ և Captain Nemo trilogy?
ՆախորդՔսան հազար լյո ջրի տակ և Աշխարհի շուրջը 80 օրում
ՀաջորդՉենսլեր ուղևոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը
ՆկարազարդողVioleta?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1874
 The Mysterious Island Վիքիպահեստում
Կղզու քարտեզը։ Քարտեզի կոորդինատները 34°57′ հվ. լ. 150°30′ ամ. ե.HGЯO:

Հրատարակություն խմբագրել

Վեպի գրման վրա աշխատանքները տարվել են 1872 թվականին կամ 1873 թվականի սկզբներին։ Առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1874 թվականի հունվարի 1-ից մինչև 1875 թվականի դեկտեմբերի 15-ը։ Առանձին գրքերով վեպը հրատարակվել է երեք գրքով.

  • 1. «Խորհրդավոր կղզի։ Օդային նավաբեկություն» («L’Île mystérieuse. Les Naufragés de l’air») - 1874 թվական սեպտեմբերի 10։
  • 2. «Խորհրդավոր կղզի։ Լքվածը» (« L’Île mystérieuse. L’Abandonné») - 1875 թվական ապրիլի 12։
  • 3. «Խորհրդավոր կղզի։ Կղզու գաղտնիքը» («L’Île mystérieuse. Le Secret de l’île») - 1875 թվական հոկտեմբերի 28։

1875 թվականի նոյեմբերի 22-ին լույս է տեսել վեպի նկարազարդ հրատարակությունը՝ Ժյուլ Ֆերի 152 նկարազարդումներով։ Դա «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի իններորդ «երկակի» հատորն էր։

Սյուժե խմբագրել

ԱՄՆ-ում, Քաղաքացիական պատերազմի ժամանակ, հինգ հյուսիսցիներ օդապարիկով փախչում են հարավցիների պաշարված մայրաքաղաք Ռիչմոնդից։ 1865 թվականի մարտին ահեղ փոթորիկը նրանց գցում է Հարավային կիսագնդում գտնվող անմարդաբնակ կղզի։ Կղզու նոր բնակիչներից յուրաքանչյուրը տիրապետում է անփոխարինելի տաղանդով, իսկ ինժեներ Սայրես Սմիթի ղեկավարությամբ այդ անվեհեր մարդիկ համախմբվում են և դառնում են մեկ ընդհանուր թիմ։ Սկզբում, ձեռքի տակ գտնվող հասարակ միջոցներով, այնուհետև սեփական փոքրիկ գործարաններում արտադրելով ավելի ու ավելի բարդ աշխատանքային և կենցաղային գործիքներ, վերաբնակիչները կարգավորում են իրենց բնականոն կյանքը։ Շուտով, շնորհիվ իրենց աշխատասիրության և գիտելիքի, գաղութականները արդեն սննդի, հագուստի, ջերմության և հարմարավետության պակաս չեն զգում։

Մի անգամ, վերադառնալով իրենց բնակավայրը, որին տվել են Գրանիտե պալատ անվանումը, նրանք տեսնում են, որ ներսում տիրություն են անում կապիկները։ Որոշ ժամանակ անց, կարծես խելագար վախի ազդեցության տակ, կապիկները սկսում են դուրս թռչել պատուհանից և ինչ-որ մեկի ձեռքը գաղութականներին է նետում ճոպանե սանդուղք, որը կապիկները բարձրացրել էին տուն։ Ներսում մարդիկ գտնում են ևս մի կապիկի՝ օրանգուտանի, որին թողնում են իրենց մոտ և անվանում են Քեռի Յուպ։ Հետագայում Յուպը մարդկանց համար դառնում է ընկեր, սպասավոր և անփոխարինելի օգնական։

Մի ուրիշ օր գաղութականները ավազի վրա գտնում են արկղ՝ գործիքներով, հրազենով, տարբեր սարքերով, հագուստով, խոհանոցային պարագաներով և անգլերեն լեզվով գրքերով։ Վերաբնակյալները տարակուսանքի մեջ են, թե որտեղից կարող է լինել այդ արկղը։ Քարտեզով, որը նույնպես արկղի մեջ էր, նրանք հայտնաբերում են, որ իրենց կղզու հարևանությամբ քարտեզում, որում իրենց կղզին նշված չէ, տեղակայված է Տաբոր կղզին։ Նավաստի Պենկրոֆի մոտ ցանկություն է բորբոքվում ուղևորվել այնտեղ։ Իր ընկերներ օգնությամբ նա պատրաստում է նավակ, որին նա անվանում է «Բարեբախտ»։ Երբ նավակը պատրաստ է, բոլորը միասին ուղևորվում են կղզու շուրջ փորձնական նավարկության։ Նավարկության ժամանակ նրանք գտնում են գրությունով մի շիշ, որտեղ ասվում է, որ նավաբեկության ենթարկված անձը փրկության է սպասում Տաբոր կղզում։ Պենկրոֆը, Գեդեոն Սպիլեթը և Հերբերթը հայտնաբերում են մարդկային կերպարը կորցրած Այրտոնին, որը թողնվել էր Տաբորում «Դունկան» առագաստանավի վրա խռովություն բարձրացնելու փորձի համար։ Սակայն «Դունկանի» տեր Էդուարդ Գլենարվանը ասել էր, որ երբևիցե կվերադառնա Այրտոնի ետևից։ Գաղութարարները նրան վերցնում են իրենց հետ Լինկոլնի կղզի, որտեղ, շնորհիվ նրանց հոգատարության և ընկերության, Այրտոնի մտավոր ունակությունները, վերջապես, վերականգնվում են։

Անցնում է երեք տարի։ Վերաբնակյալները արդեն հավաքում են հացահատիկի հարուստ բերք, աճեցված միակ հատիկից, որը երեք տարի առաջ հայտնաբերել էին Հերբերթի գրպանում, կառուցել են ալրաղաց, բուծում են տնային թռչուններ, ամբողջովին կահավորել են իրենց բնակավայրը, մուֆլոնի մորթուց իրենց համար պատրաստել են նոր տաք հագուստ և ծածկոցներ։ Սակայն նրանց խաղաղ կյանքը խաթարում է մի պատահար, որը նրանց սպառնում է կործանումով։ Մի անգամ, հայացք գցելով դեպի ծովը, նրանք հեռվում նկատում են հիանալի կահավորված նավ, սակայն նավի վրա ծածանվում է սև դրոշակ։ Նավը խարիսխ է գցում ափի մոտ։ Այրտոնը՝ գիշերվա քողի տակ, ներթափանցում է նավ, որպեսզի հետախուզում կատարի։ Պարզվում է, որ նավի վրա գտնվում են հիսուն ծովահեններ (նրանց մի մասը մտնում էր Այրտոնի նախկին խմբի մեջ) և հեռահար հրանոթներ։ Հրաշքով ճողոպրելով նրանցից, Այրտոնը վերադառնում է ափ և ընկերներին հաղորդում է, որ իրենց հարկավոր է պատրաստվել պայքարի։ Առավոտյան նավից իջեցնում են երկու մակույկ։ Առաջինում գաղութականները սպանում են երեքին և այն վերադառնում է, իսկ երկրորդը մոտենում է ափին և նավակում եղած վեց ծովահենները թաքնվում են անտառում։ Նավից կրակում են հրանոթներից և այն ավելի է մոտենում ափին։ Թվում է թե մի խումբ վերաբնակյալներին ոչինչ չի փրկի կործանումից։ Անսպասելիորեն հսկա ալիք է բարձրանում և նավը խորտակվում է։ Նավում գտնվող բոլոր ծովահենները մահանում են։ Ինչպես պարզվում է հետագայում, նավը պայթում է ստորջրյա ականի վրա և այդ իրադարձությունը, վերջնականապես, համոզում է կղզու բնակիչներին, որ նրանք կղզում միայնակ չեն։

Սկզբում նրանք չեն պատրաստվում վերացնել ծովահեններին՝ ցանկանալով նրանց հնարավորություն տալ վարելու խաղաղ կյանք։ Սակայն պարզվում է, որ ավազակները ընդունակ չեն այդ անելու։ Նրանք սկսում են կողոպտել և այրել բնակիչների տնտեսությունը։ Այրտոնը ուղևորվում է փարախ՝ կենդանիներին տեսնելու։ Ծովահենները գերի են վերցնում նրան և տեղափոխում են քարանձավ, որտեղ փորձում են տանջանքների միջոցով նրանից համաձայնություն կորզել՝ իրենց կողմը անցնելու։ Այրտոնը չի հանձնվում։ Նրա ընկերները ուղևորվում են օգնության, սակայն Հերբերտին լրջորեն վիրավորում են։ Նրա առողջացումից հետո գաղութականները որոշում են վերջնականապես հաշվեհարդար տեսնել ծովահենների հետ։ Նրանք գնում են փարախ, որտեղ ենթադրում են գտնել նրանց, սակայն այնտեղ գտնում են միայն տանջահար և հազիվ կենդանի Այրտոնին, իսկ ոչ շատ հեռու՝ ավազակների դիակները։ Այրտոնը հայտնում է, որ չգիտի ինչպես է հայտնվել այնտեղ և ով է իրան տեղափոխել քարանձավից և սպանել ծովահեններին։ Սակայն նա հայտնում է տխուր լուր։ Ծովահենները գողացել են «Բարեբախտ»-ն և նրանով ծով են դուրս եկել։ Չունենալով նավը կառավարելու ունակություններ, նրանք ջարդել են նավը ափամերձ ժայռերին, բայց ավազակները փրկվել են։

Միևնույն ժամանակ կղզում արթնանում է հրաբուխը, որը գաղութաբնակները համարում էին հանգած։ Նրանք կառուցում են նոր, մեծ նավ, որը, անհրաժեշտության դեպքում, նրանց կհասցնի մինչև բնակեցված երկրներ։ Մի անգամ երեկոյան, երբ նրանք պատրաստվում էին քնել, Գրանիտե պալատի բնակիչները զանգի ձայն են լսում։ Սկսում է աշխատել հեռագիրը, որը նրանք փարախից միացրել էին մինչև իրենց տուն։ Նրանց շտապ կանչում են փարախ։ Այնտեղ նրանք գրություն են գտնում, որում խնդրվում է գնալ լրացուցիչ լարի ուղղությամբ։ Լարը նրանց բերում է մի հսկայական քարանձավ, որտեղ տեսնում են ստորջրյա սուզանավ։ Նրանում ծանոթանում են սուզանավի տիրոջ և իրենց հովանավոր նավապետ Նեմոյի՝ հնդկական արքայազն Դակկարի, հետ, որը ամբողջ կյանքը պայքարել է իր հայրենիքի անկախության համար։ Նա, վաթսունամյա ծերունին, որը թաղել է իր բոլոր համախոհներին, գտնվում է մահվան շեմին։ Նեմոն նոր ընկերներին է հանձնում թանկարժեք քարերով զարդատուփ և զգուշացնում է, որ հրաբխի ժայթքան արդյունքում կղզին կպայթի (այդպիսին է նրա կազմվածքը)։ Նա մահանում է, գաղութաբնակները փակում են սուզանավի դռնակները և նրան իջեցնում են ջրի տակ, իսկ իրենք ամբողջ օրերով, առանց հոգնածության, շարունակում են նավի կառուցումը։ Սակայն չեն հասցնում այն ավարտել։ Կղզու պայթյունի ժամանակ բոլոր կենդանականը մահանում է, մնում է միայն մի փոքրիկ ժայռ օվկիանոսում։ Բնակիչներին, որոնք գիշերում էին ափին վրանում, օդային ալիքը նետում է ծով։ Նրանք բոլորը՝ բացառությամբ Յուպի, կենդանի են մնում։ Տասն օրից ավել նրանք մնում են ժայռի վրա՝ համարյա մահանալով սովից և ծարավից, արդեն ոչ մի հույս չունենալով։ Հանկարծ նրանք տեսնում են նավ։ Դա «Դունկանն» է։ Նա փրկում է բոլորին։ Ինչպես հայտնաբերվում է հետագայում, նավապետ Նեմոն, երբ նավակը դեռ անվնաս էր, նրանով ուղևորվել է Տաբոր կղզին և այնտեղ գրություն թողել փրկարարներին, նախազգուշացնելով, որ Այրտոնը և հինգ ուրիշ նավաբեկյալներ օգնության են սպասում հարևան կղզում։

Վերադառնալով Ամերիկա, նրանք այն թանկարժեք քարերով, որոնք նվիրել էր նավապետ Նեմոն, ընկերները գնում են մեծ հողամաս և ապրում են նրանում այնպես, ինչպես ապրել են Լինկոլնի կղզում։

Կերպարներ խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Սայրես Սմիթ - տաղանդավոր ինժեներ և գիտնական, ճանապարհորդների ոգին և ղեկավարը։ Խաղաղ ժամանակներում գիտնական է, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ երկաթուղու ինժեներ և սպա հյուսիսցիների բանակում։
  • Նաբ (Նաբուգոդոնոսոր) - նախկին ստրուկ, իսկ ներկայումս՝ Սայրես Սմիթի նվիրյալ ծառան։ Հմուտ է դարբնագործության մեջ։
  • Գեդեոն Սպիլեթ - ռազմական լրագրող և Սմիթի ընկերը, եռանդուն և վճռական մարդ։
  • Բոնավենտուր Պենկրոոֆ - նավաստի, բարի և համարձակ մարդ։ Ամեն գործի վարպետ։
  • Հերբերթ (Հարբերթ) Բրաուն - նավի, որով լողացել է Պենկրոֆը, նավապետի որդին, որը որբացել է։ Նրան նավաստին վերաբերվոմ է որպես որդու։
  • Այրտոն - վեցերորդ գաղութաբնակը, որին հայտնաբերում են Տաբոր կղզում։ Սկզբնական շրջանում վայրենի։ Բնակություն է հաստատում փարախում՝ մեղքի զգացողության պատճառով։
  • Տոպ - Սայրես Սմիթի հավատարիմ շունը։
  • Քեռի Յուպ (Յուպիտեր) — օրանգուտան, որին վարժեցնում են Գրանիտե պալատի վրա կապիկների հարձակումից հետո։

Նավապետ Նեմո խմբագրել

 
Գաղութաբնակները «Նաուտիլիուսում», (Ժյուլ Ֆերայի պատկերազարդման դրվագ (1874 թ.))

Վիպական գործողությունների ընթացքում այս կերպարին կարելի է հանդիպել միայն իր կատարած գործերի շնորհիվ, որոնք նա ծածուկ կատարում էր կղզիաբնակների համար, և միայն վեպի վերջում հանդիպում ենք նրան՝ մահամերձ վիճակում։

Նա անվերապահորեն օգնում է նավաբեկյալներին։ Վեպի սկզբում նավապետը փրկում է Սայրես Սմիթի կյանքը։ Թողնում է գործիքների արկղ։

Ֆիլմեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վեռն Ժ. Խորհրդավոր կղզին։ [Արկած. վեպ] / Ժյուլ Վեռն; Ռուս. թարգմ.՝ Ե.Թաղիանոսյան; Նկ.՝ Վ.Ք.Մանդակունի.-Եր. : Լույս, 1985.-543 էջ
  2. Кинопоиск. Жюль Верн

Աղբյուրներ խմբագրել