Խոտորումների տեսություն

Խոտորումների տեսություն, ֆիզիկական խնդիրների լուծման մոտավոր մեթոդ. կիրառվում է այն դեպքում, երբ դիտարկվող խնդիրը կարելի է հանգեցնել համեմատաբար ավելի պարզ, հայտնի լուծումով խնդրի։ Այդ պարզ խնդիրը կոչվում է չխոտորված, իսկ այն անդամները, որոնցով հավասարումների դիտարկվող համակարգը տարբերվում է չխոտորված խնդրից, կոչվում են խոտորում։

Խոտորումների տեսություն առաջին անգամ կիրառվել է երկնային մեխանիկայում՝ երեք մարմինների խնդիրը քննարկելիս։ Քվանտային մեխանիկայում խոտորումների տեսություն հնարավորություն է տալիս հաջորդական մոտավորությունների օգնությամբ հաշվել չխոտորված համակարգի էներգիայի մակարդակների ու համապատասխան ալիքային ֆունկցիաների ուղղումները և ստանալ սկզբնական հավասարման մոտավոր լուծումները։ Այս մեթոդի օգնությամբ մասնավորապես հաշվի են առնվում էլեկտրոնների թույլ (սպին-սպինային, սպին-ուղեծրային), իսկ որոշ դեպքերում՝ կուլոնյան փոխազդեցությունները ատոմներում։ Այն կիրառվում է նաև արտաքին էլեկտրական կամ մագնիսական դաշտում գտնվող ատոմի էլեկտրոնների էներգիայի քվանտային մակարդակների և ալիքային ֆունկցիաների փոփոխությունն ուսումնասիրելիս։ Դաշտի ազդեցությունը համարվում է փոքր ուղղում կամ խոտորում։

Գրականություն խմբագրել

  • Սահակյան Գ. Ս., Չուբարյան Է. Վ., Քվանտային մեխանիկա, Ե., 1972
  • Ландау Л. Д., Лифшиц Е. М., Квантовая механика, M., 1974
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 83