Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնածախ (այլ կիրառումներ)

Խնածախ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, գտնվում է Ստեփանակերտից 5.7 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք` հանրապետության կենտրոնական հատվածում։ Շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա։ Ունի 680 բնակիչ[2]։ Գյուղի եկեղեցին է Սուրբ Աստվածածինը։ Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 68 աշակերտներ (ըստ 2015 թվականի տվյալների)։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Բջջային և անլար հերախոսակապերն առկա են։ Ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով։

Գյուղ
Խնածախ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
Մակերես4464,15 հա կմ²
ԲԾՄ822 մետր
Բնակչություն592[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխնածախցի
Ժամային գոտիUTC+4
Խնածախ (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խնածախ (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անվան ծագում խմբագրել

Խնածախ գյուղի մասին Մ. Բարխուտարեանցը գրում է, որ գյուղանունն Արցախում է հայտնվել Սյունիքից, երբ բնակիչները «Մեծ Սիւնեաց Խանածախ գիւղից 1686 թվականին տեղափոխվում է Ջրաբերդ և հետո բնակութիւն հաստատում գիւղումս»[3][4]։ Իր մեկ այլ հրապարակման մեջ Բարխուտարեանցն այլ տեղեկություն է հաղորդում` նշելով, որ «120 ընտանիք քաջեր 1770 թվականին Ջրաբերդից տեղափոխվում են Խաչեն և հիմնարկում Խանածախ գիւղը, որի մէջ բնակվում են 50 ընտանիք»։ Նույնը հավաստում է նաև Ս. Մելքումյանը` նշելով, որ բնակիչները եկել են Զանգեզուրի Խնածախ գյուղից, հիմնադրել են այն և անվանել իրենց հին բնակավայրի անունով։

Այժմյան Խնածախի պատմությունը սկսվում է 1770-ական թվականներից։ Գյուղանվան ստուգաբանությունը Հ. Խաչատրյանը ներկայացնում է խանձ և ծախ բաղադրիչների տրոհությամբ` Խանձացախ` կրակարան իմաստով։ Ա. Բեկնազարյանցը Խնածախն անվանում է «Փոքր խմհատ»` անտառից կտրված իմաստով։ Իսկ Ս. Սարգսյանը նշում է , որ խան և ծախ բաղադրիչներից է կազմված անվանումը, առաջինը պարսկական իմաստն է, որ նշանակում է «իջևան, օթևան ուղևորների համար քարվանսարայ»։ Իսկ ծախ-ը համարում է կաս-ի հնչյունափոխված տարբերակը, որը նշանակում էր «հին, սուրբ, աստվածային»։ Ու հավելում է, որ ծախ-ն այդ դեպքում կարող է ունենալ ծախսել, վաճառել, առևտուր անել նշանակությունները, այսինքն` կայանատեղ, որտեղ նաև առևտուր է կատարվել, սակայն, նկատի առնելով տեղանունների առաջացման սկզբունքները, Ս. Սարգսյանը հակված է պնդելու առաջին տարբերակը։ Կասկածելի է բառեզրերի իմաստային այդպիսի միավորումը։ Մյուս կողմից էլ` պարսկական ծագման ոչ այնքան հին` խան և կաս-ծախ` սուրբ ու աստվածային իմաստով, հնչյունափոխությամբ հնագույն բառամիավորի բաղադրությունը ժամանակային համընկնման առումով անհավանական է։ Առաջին բաղադրիչի հետ կապված` մենք առավել հակված ենք պահլավական ծագման *xuān ( նոր հնչումով xān և xōn)` խան/ բառամիավորի առանձնացմանը, որը հայերենում և հայերենի բարբառներում ուներ` սեղան, ափսե, տաշտ, սինի նշանակությունները։ Ընդ որում, այս բառը, ինչպես նշում է Հր. Աճառյանը, հայերենում հանդես էր գալիս խօն, խուն ձևերով։ Բնականվան Խոնածախ վկայությունն էլ կարող է նաև այդ տարբերակի արտահայտությունը լինել։ Իսկ երկրորդ բաղադրիչը, հնարավոր է, ծախ բայարմատն է, այդ դեպքում այն կարող էր նշանակել վայր, որը բնութագրվում էր կարասիքի արտադրությամբ ու վաճառքով։

Բնակչություն խմբագրել

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 559 599 610

Պատմություն խմբագրել

Գյուղը 317 տարեկան է։ Գյուղի պատմությունը սկսվում է 1770 թվականից, բնակիչները եկել են Զանգեզուրի Խնածախ գյուղից, հիմնադրել այս գյուղը և պահպանել իրենց գյուղի անվանումը[6]։ Գյուղի եկեղեցին կանգուն է, ժամանակին այն օգտագործվել է որպես կոլտնտեսության պահեստ:1987 թվականին այստեղ կար 133 տուն, 385 բնակիչ։ Գյուղի օրը գյուղացիները նշում են հոկտեմբերի երկրորդ կիրակին։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 4464,15 հա տարածք, որից 833,64 հա գյուղատնտեսական նշանակություն ունի, 3463,34 հա անտառային հողեր են։ Գյուղը հիմնված է մի բարակ ձորակի երկու կողմերում։ Խնածախի սահմանով է հոսում Կարկառ գետի Տրակետ (Տիգրանակերտ) վտակը։

Տնտեսություն խմբագրել

Խնածախ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 684 մարդ, կա 200 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև տարբեր պետական համակարգերի աշխատողներ։ Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով։ Համակարգը սնվում է երկու ակունքներից։ Գյուղը հարուստ է թթենիներով։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։  Համայնքում գործում է առևտրի մեկ օբյեկտ։

Տրանսպորտ խմբագրել

Համայնքային ենթակայության ճանապարհները պատված են խճով և կոպճով, չմշակված կապակցող նյութերով։ Տրանսպորտային կապը կարգավորված է. ուղևորափոխադրումներն իրականացվում են Խնածախ-Ստեփանակերտ-Խնածախ միջշրջանային թիվ 124 կանոնավոր ավտոբուսային երթուղով։

Կրթություն խմբագրել

  • Խնածախի միջնակարգ դպրոցը կրում է Արմեն Ավագյանի անունը։
  • 2017 - 2018 ուսումնական տարում դպրոցում աշխատում է 21 ուսուցիչ։ Դպրոցի տնօրենը Գյուլչորա Անդրանիկի Արզումանյանն է։

Խնածախցիները Հայրենական պատերազմում խմբագրել

Հայրենական մեծ պատերազմում զոհվել են 66 ազատամարտիկ։

Պատմամշակութային վայրեր խմբագրել

Խնածախի պատմամշակույթային հուշարձաններն են` Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), գերեզմանոցը (18-19-րդ դարեր), աղբյուրը (19-րդ դար), գյուղատեղի «Քղատեղ»-ը (12-13-րդ դարեր), ջրաղացը (19-րդ դար), խաչքարը (13-րդ դար), «Պարուր» սրբատեղին (17-18-րդ դարեր)։ Հաշվառված է 40 հուշարձան։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` Վերին, Աթունց, Պանուր, Մեծ, Պիծի և Աբուլին։ Հետաքրքիր հուշարձան է Բադարայի ձախ թևում գտնվող Խանածախ գյուղի եկեղեցին։ Արձանագրությունների մեջ նշված է Սբ. Աստվածածնի անունով։ Եկեղեցին եռանավ բազիլիկ է, որի ներսի չորս սյուններն աղեղնաձև միանում են պատերին կից կիսամույթներին։ Աղոթասրահը երկու զույգ խաչաձև մույթերով բաժանվում է երեք նավի, որոնք թաղածածկ են։ Բեմի երկու կողմերում կան ուղղանկյուն հատակագծով թաղակապ ավանդատներ։

Քղքատեղ խմբագրել

Խնածախից դեպի հյուսիս, երեք կողմից առանձնացված տարածքը ժողովուրդը կոչում է Քղքատեղ (քաղաքատեղ)։ Տեղանքը հերկելու ժամանակ այդտեղ հաճախակի գետնի երես են դուրս գալիս տարբեր մեծության, գույնի և տեսակի կավանոթներ, քարե աղորիքներ, արծաթե ու պղնձե դրամներ։ Քաղաքատեղի շուրջը տարածված է ընդարձակ գերեզմանատունը։ Հիշյալ վայրից վերև, բլրակի գլխին կանգնած է միջին մեծության մի խաչքար։ Զարդանախշերի ոճական առանձնահատկությունից ելնելով կարելի է ասել, որ այս խաչքարը 13-րդ դարի գործ է։ Ուրիշ բնակավայրերի, սրբավայրերի, վանական շինությունների հետքեր են արձանագրվել Բանվոր Նան, Ջալալ-Հասան տեղամասում։ Իսկ խաչքարերով հարուստ հին գերեզմանատունը զբաղեցնում է Տրագետի աջափնյա բլրակի լանջը[7]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Հայտնի խնածախցիներ խմբագրել

  • Առաքել Առաքելյան - գրող, պատմաբան
  • Սմբատ Ավագյան - բանասիրական գիտությունների դոկտոր
  • Մակար Բարխուդարյան - հնագետ, ազգագրագետ և հոգևորական
  • Սուրեն Բարխուդայան - քիմիկոս
  • Համլետ Պետրոսյան - Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի Հանրապետության մարդահաշիվ (անգլ.)
  2. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». stat-nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Սարգսյան, Սլավա (2006). Խնապատ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. Երևան. էջ 226.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Սարգսյան, Սլավա (2006). Խնապատ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. Երևան. էջ 225.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  6. Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 132
  7. Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջեր 195–196.

Աղբյուրներ խմբագրել

  • Հ. Ղահրամանյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ- տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ 2015