Խաչվերաց, քրիստոնեական տոն, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։

Խորհուրդը խմբագրել

Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։

Պատմություն խմբագրել

Խաչի գերեվարումը խմբագրել

614 թ. Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում։ Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև խաչափայտը։ Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա։ Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի։

Խաչի վերադարձը Երուսաղեմ խմբագրել

628 թ. Բյուզանդիայի Հերակլիոս կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն (631 սեպ. 14) վերադարձնում նախկին վայրը։ Որպես պատմական վկայություն՝ նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։

Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ՝ Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով։ Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին։ Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։

Խաչվերացի տոնման կարգը Հայ Առաքելական Եկեղեցում խմբագրել

Գիշերը կատարվում է հսկում, Սրբությունը դնում են սուրբ Սեղանին։ Քահանաները զգեստավորված գալիս են ատյան և երգում «Որ զանարատ բազուկս Քո» շարականը։ Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ»։ Ապա Խաչով և Ավետարանով թափոր են կազմում։