Խաչիկ Լուկաչի (հունգ.՝ Lukácsy Kristóf, Լուքաչյան, Ղուկասյան, մարտի 30, 1804(1804-03-30)[1], Beclean, Բիստրիցա Նեսեուդ, Ռումինիա - հոկտեմբերի 26, 1876(1876-10-26), Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա), հունգարահայ հայագետ, եկեղեցական և հասարակական գործիչ։

Խաչիկ Լուկաչի
Ծնվել էմարտի 30, 1804(1804-03-30)[1]
Beclean, Բիստրիցա Նեսեուդ, Ռումինիա
Մահացել էհոկտեմբերի 26, 1876(1876-10-26) (72 տարեկան)
Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա
Քաղաքացիություն Հունգարիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունպատմաբան, հայագետ և կաթոլիկ քահանա
Ալմա մատերBáthory István High School in Cluj-Napoca? (1822) և Վիեննայի համալսարան (1826)
Տիրապետում է լեզուներինհունգարերեն, հայերեն, գերմաներեն, ռումիներեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն և հին հունարեն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Գեռլայի հայկական դպրոցը և Կոլոժվարի (այժմ՝ Կլուժ-Նապոկա) ու Վիեննայի համալսարանների փիլիսոփայության ու աստվածաբանության ֆակուլտետները։ 1828 թվականին Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Ա. Ազարյանից ձեռնադրվել է հոգևորական և մինչև 1837 թվականը եղել Գեռլայի հոգաբարձու։ 1837-1856 թվականներին փիլիսոփայություն և այլ առարկաներ է դասավանդել Դյուլաֆեհերվարի (այժմ՝ Ալբա-Յուլիա) եպիսկոպոսական հոգևոր դպրոցում։ 1856-1876 թվականներին Լուկաչին Գեռլայի ժողովրդապետն (հոգևոր հովիվ) էր ու Դոբոկայի շրշանի ավագերեցը, 1861-1876 թվականներին՝ միաժամանակ Գեռլայի հայկական դպրոցի տնօրենը։ Եռանդորեն պայքարել է Տրանսիլվանիայի հայերի ապազգայնացման դեմ։ Հայ դպրոցն ու լեզուն, հայերի ավանդույթներն ու ազգային ինքնուրույնությունը պահպանելու համար ջանացել է հայերին ազատել լատին եպիսկոպոսի գերիշխանությունից և վերականգնել հայոց եպիսկոպոսությունը։ Այդ նպատակով մի քանի փորձ է արել։ 1850-ական թվականներին ավստրո-հունգարական կառավարությունը համաձայնել է վերականգնել հայոց եպիսկոպոսությունը և Լուկաչիին հանձնել թեմակալությունը, պայմանով, որ հայերն ուրանան 1848-1849 թվականների հեղափոխությանը մատուցած ծառայություններն ու զոհաբերությունները։ Լուկաչին և հայերը մերժել են այդ առաջարկը։ 1879 թվականին Լուկաչինը նոր ապարդյուն փորձ է արել եպիսկոպոսությունը վերականգնելու ուղղությամբ՝ մեկնելով Հռոմ և Պիոս IX պապին ներկայացնելով Տրանսիլվանիայի հայկական կենտրոններից ստացած խնդրագրերը։ Լուկաչիի միջոցներով է հիմնվել (1861) հայ տղաների որբանոցը Գեռլայում։ 1888 թվականին Լուկաչիի աճյունը տեղափոխվել և ամփոփվել է այդ որբանոցի մատուռում։

Լուկաչին կարեոր նպաստ ունի հայագիտության մեջ։ Տիրապետել է ինը լեզուների (հայերեն, հունգարերեն, գերմաներեն, ռումիներեն, իտալերեն, լատիներեն, ֆրանսերեն, անգլերեն, հունգարերեն), գրել աշխատություններ։ Արժեքավոր է «Տրանսիլվանիայի հայերի պատմություն» (1859, լատիներեն) երկը։ Բազմալեզու սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների հիման վրա Լուկաչին առաջինն է շարադրել Տրանսիլվանիայի հայ գաղթավայրերի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև XIX դարի սկիզբը։ Այդ ինչպես և «Տվյալներ Տրանսիլվանիայի հայերի պատմությունից» (1867, հունգարերեն) երկերը կարեոր ավանդ են դարձել Տրանիլվանիայի հայերի ազգային ինքնագիտակցության զարգացման, ինչպես և հայ գաղթավայրերում պատմագիտության ծավալման համար։

Հունգարիայի գիտությունների ակադեմիա բարձր է գնահատել Լուկաչիի «Հունգարացիների նախնիները, նրանց վաղեմի անունները և բնակավայրերը՝ ըստ հայկական աղբյուրների» (1871, հունգարերեն) գիրքը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 679