Լուսավորության դարաշրջան

Լուսավորության դարաշրջան, եվրոպական մշակույթի պատմության առանցքային և նշանավոր դարաշրջաններից, որը կապված է գիտական, փիլիսոփայական և սոցիալական մտքի զարգացման հետ։ Մտավոր այս շարժման հիմքում ընկած էին ռացիոնալիզմն ու ազատամտությունը։

Դիդրոյի և Ալամբերի Ֆրանսիական Հանրագիտարանի տիտղոսաթերթը

Շարժումը սկզբնավորվել է Անգլիայում 17-րդ դարի գիտական հեղափոխության ազդեցությամբ և տարածվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում։ Առավելապես ազդեցիկ էին ֆրանսիացի լուսավորիչները, որոնք դարձան «մտքի կառավարիչներ»։ Լուսավորության սկզբունքները դրվեցին ամերիկյան Անկախության հռչակագրի և ֆրանսիական՝ մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի հիմքում։

Այս դարաշրջանի մտավոր շարժումը մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայի և Ամերիկայի սոցիալական կյանքի հետագա փոփոխությունների, եվրոպական երկրների ամերիկյան գաղութների ազգային անկախության համար պայքարի, ստրկության վերացման, մարդու իրավունքների ձևակերպման վրա։ Դրանից բացի այն ցնցեց արիստոկրատիայի հեղինակությունը և եկեղեցու ազդեցությունը սոցիալական, մտավոր և մշակութային կյանքի վրա։

Լուսավորություն տերմինը ծագել է ֆրանսերենից (siècle des lumières) և վերաբերում է 18-րդ դարի փիլիսոփայությանը։ Սրա հետ մեկտեղ այն ոչ մի փիլիսոփայական դպրոցի անվանում չէ, ինչքան էլ լուսավրության փիլիսոփաների հայացքները բավականին հաճախ տարբերվում էին միմյանցից և հակասում էին միմյանց։ Հետևաբար լուսավորությունը համարում էին ոչ այնքան գաղափարների խումբ, որքան փիլիսոփայական մտքի հատուկ ուղղություն։ Լուսավորության գաղափարախոսության հիմքում ընկած էր այդ ժամանակ գոյություն ունեցող ավանդական ինստիտուտների, սովորույթների ու բարոյականության քննադատությունը[1]։

Աշխարհայացքային այս դարաշրջանի թվագրման հետ կապված միակարծություն չկա։ Պատմաբանների մի մասը դարաշրջանի սկիզբը համարում է 17-րդ դարի սկիզբը, մյուսը մասը՝ 18-րդ դարի կեսերը[2]։ Ռացիոնալիզմի հիմքերը 18-րդ դարում դրեց Դեկարտը իր «Մեթոդի քննարկում» (1637թ․) աշխատության մեջ։ Լուսավորության դարաշրջանի վերջը հաճախ կապում են Վոլտերի մահվան (1788թ․) (այդ թվականին ինքնասպան եղավ նաև Ժան Ժակ Ռուսսոն) կամ Նապոլեոնական պատերազմների սկզբի հետ (1800-1815թթ)[3]։ Միևնույն ժամանակ կա կարծիք, որ այս դարաշրջանի սահմանները պետք է համարել Անգլիական Փառահեղ (1688թ․) և Ֆրանսիական Մեծ (1789թ․) հեղափոխությունները։

Էություն խմբագրել

Լուսավորության դարաշրջանում տեղի ունեցավ հրաժարում կրոնական հայացքներից և հանգում այն գաղափարին, որ միտքը անձ և հասարակություն ճանաչելու միակ չափանիշն է։ Պատմության մեջ առաջին անգամ դրվեց գիտության նվաճումների գործնական օգտագործման հարցը՝ ի շահ սոցիալական զարգացման։ Այս նոր տիպի գիտնականները ձգտում էին տարածել գիտելիքները, ժողովրդականացնել դրանք։ Գիտելիքը չպիտի լինի որոշ նվիրյաների և արտոնյալների բացառիկ սեփականությունը, այլ պետք է հասանելի լինի բոլորին և ունենա գործնական օգուտ։ Այն դառնում է հաղորդակցության և հանրային քննարկումների առարկա։ Այժմ նրանցում կարող էին մասնակցություն ունենալ նույնիսկ կանայք՝ նրանք, ովքեր ավանդաբար հեռացված էին ուսումից։ Վերջիններիս համար նույնիսկ հայտնվեցին հատուկ հրատարակություններ, ինչպես՝ Ֆրանչեսկո Ալգարոտիի հեղինակած «Նյուտոնիզմը կանանց համար» գիրքը (1737թ․)։ Դեյվիդ Հյումը սկսում է իր աշխատությունը պատմության մասին (1741թ․)[4]։

Չկա կարևոր ոչինչ, որ ես խորհուրդ տամ իմ ընթերցողներին, քան պատմության ոււսումնասիրությունը, քանի որ այս դասը մյուսներից ավելի լավ է համապատասխանում իրենց սեռին ու կրթությանը միաժամանակ, այն ավելի ուսուցողական է, քան իրենց սովորական զվարճանքների գրքերը, և ավելի հետաքրքիր, քան այն լուրջ ստեղծագործությունները, որոնք կարող ենք գտնել նրանց դարակներում։

Գիտելիքի ժողովրդականացման գագաթնակետը դարձավ Դիդրոյի և այլ հեղինակների աշխատությունը՝ Հանրագիտարաններ (1751-1780թթ․)՝ 35 հատորով։ Սա դարի ամենանշանակալից և հաջողված նախագիծն էր[5]։ Այս աշխատանքը հավաքեց մարդկության կողմից կուտակած ողջ գիտելիքը։ Նրանում հստակորեն բացատրվում էին աշխարհի, կյանքի, հասարակության, գիտության, արհեստի ու տեխնիկայի բոլոր կողմերը։ Այս աշխատությանը նախորդել են այլ աշխատություններ, սակայն միայն ֆրանսիականը դարձավ առավել հայտնի։

Այսպես՝ Անգլիայում Էֆրայիմ Չեմբրեսը 1728 թվականին հրատարակեց երկհատոր Հանրագիտարանը։ Գերմանիայում 1732-1754 թվականներին Յոհան Ցեդլերը հրատարակեց համընդհանուր բառապաշար՝ 68 հատորով։ Դա 18-րդ դարի ամենամեծ հանրագիտարանն էր։ Նրանում ընդգրկված էին 284․000 բանալի բառեր, որ, ֆրանսիական հանրագիտարանի հետ համեմատած, ավելի շատ էր․ վերջինս ընդգրկում էր 70․000 բառ։ Բայց սա դարձավ ավելի հայտնի ժամանակակիցների շրջանում, որովհետև առաջինը՝ այն հեղինակել էին իրենց ժամանակների հայտնի մարդիկ, և դա բոլորին հայտնի էր, մինչդեռ նույն ժամանակ գերմանական բառապաշարի վրա աշխատում էին շատ անհայտ հեղինակներ։ Երկրորդը՝ նրա հոդվածներն առավել հակասական էին, պոլեմիկ, մասամբ հեղափոխական, նրանցում բաց էր ժամանակի ոգին, սակայն գրաքննությունը մերժեց դրանք, սկսվեց հետապնդում։ Երրորդը՝ այդ ժամանակ արդեն միջազգային գիտական լեզուն ֆրանսերենն էր, ոչ թե գերմաներենը։

Ընդհանուր հանրագիտարաններին զուգահեռ միաժամանակ ի հայտ են գալիս գիտության տարբեր ճյուղերի համար հատուկ հանրագիտարաններ, որոնք հետագայում վերաճեցին գրականության առանձին ժանրերի։

Լատիներենը դադարեց գիտության լեզու լինելուց։ Նրան փոխարինելու եկավ ֆրանսերենը։ Ոչ գիտական, սովորական գրականությունը գրվում էր ազգային լեզուներով։ Գիտնականների շրջանում այդ ժամանակ լեզուների մասին մեծ բանավեճ ծավալվեց, թե արդյոք կարող են ժամանակակից լեզուները դուրս մղել լատիներենին։ Այս, և առհասարակ հնի և արդիականության գերակայության հարցի թեմայով «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքի հեղինակ, հայտնի լուսավորիչ Ջոնաթան Սվիֆտը գրեց, օրինակ, երգիծական պատմություն «Գրքերի ճակատամարտը» (1704թ․) վերնագրով։ Այս պատմության մեջ ներկայացված սարդի ու մեղվի առակով նա գեղեցիկ ու սրամիտ արտահայտեց հին և ժամանակակից գրականության կողմնակիցների միջև ծավալված վեճի էությունը։

Դարաշրջանի հիմնական ցանկությունն էր մարդու մտքի գործունեության միջոցով գտնել մարդու կյանքի բնական սկզբունքները։

Հ․ Մեյի պարբերականացումը խմբագրել

Այս դարաշրջանի շատ մտածողների հայացքներում հակասություններ կային։ Ամերիկացի պատմաբան Հենրի Մեյն առանձնացրեց այս դարաշրջանի փիլիսոփայության զարգացման չորս փուլերը, որոնցից յուրաքանչյուրը որոշ չափով ժխտում է նախորդին։

Առաջինը Չափավոր կամ Բնական լուսավորության փուլն է, որն ասոցացվում է Նյուտոնի և Լոկկի ազդեցության հետ։ Այս փուլի համար բնութագրական է կրոնական փոխզիջումը և Տիեզերքի՝ որպես կանոնավոր և հավասարակշռված կառույցի ընկալումը։ Լուսավորության այս փուլը 14-15-րդ դարերի հումանիզմի բնական շարունակությունն է՝ որպես մաքուր աշխարհիկ մշակութային ուղղություն՝ ընդ որում բնութագրվելով անհատականությամբ և ավանդույթների նկատմամբ քննադատական վերաբերմունքով։ Լուսավորության այս դարաշրջանը առանաձնացված էր հումանիզմի դարաշրջանից կրոնական ռեֆորմացիայի և կաթոլիկ հետադիմության շրջանում, երբ արևմտյան Եվրոպայի կյանքում նորից գերակշռությունն անցավ աստվածաբանական և եկեղեցական սկզբունքներին։ Լուսավորությունը ոչ միայն հումանիզմի, այլև առաջադեմ բողոքականության և 16 և 17-րդ դարերի ռացիոնալիստական աղանդավորականության ավանդույթների շարունակությունն է, որոնցից ժառանգեց խոսքի և քաղաքական և ազատության գաղափարները։

Հումանիզմի և բողոքականության նման Լուսավորությունը տարբեր երկրներում ևս ստացավ տեղական և ազգային բնույթ։

Ռեֆորմացիայի դարաշրջանի գաղափարներից անցումը Լուսավորության դարաշրջանի գաղափարներին նկատվեց Անգլիայում 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին, երբ իր զարգացումն ապրեց դեիզմը, որը եղել էր ռեֆորմացիայի դարաշրջանի կրոնական էվոլյուցիայի ավարտը և այսպես կոչված «բնական կրոնի» սկիզբը, որ քարոզում էին 18-րդ դարի լուսավորիչները։ Գոյություն ուներ Աստծո՝ որպես մեծ ճարտարապետի ընկալումը, որը մահացել էր յոթերորդ օրն իր չարչարանքներից։ Նա մարդկանց պարգևեց երկու գիրք՝ Աստվածաշունչ և բնության գիրք։ Այսպիսով՝ հոգևորականների դասի հետ առաջադիմում է նաև գիտնականների դասը։ Հոգևոր և աշխարհիկ մշակույթների զուգահեռությունը Ֆրանսիայում աստիճանաբար հանգեցրեց առաջինի վարկաբկմանը մոլեռանդության և մեծամտության համար։ Լուսավորության այս փուլն անվանում են Սկեպտիկ և կապում են Վոլտերի, Հոլբախի և Հյումի անունների հետ։ Նրանց համար մեր գիտակցության միակ աղբյուրը չկանխամտածված միտքն է։ Այս տերմինի հետ են կապվում այնպիսի տերմիններ, ինչպիսիք են լուսավորիչներ, լուսավորչական գրականություն, լուսավորյալ բացարձակապետություն։ Որպես Լուսավորության այս փուլի հոմանիշ օգտագործվում է «18-րդ դարի փիլիսոփայություն» արտահայտությունը։

Սկեպտիկ փուլին հաջորդում է Հեղափոխության փուլը, որը Ֆրանսիայում ասոցացվում է Ռուսոյի, իսկ Ամերիկայում՝ Փեյնի և Ջեֆերսոնի անունների հետ։

Լուսավորության վերջին՝ 19-րդ դարում տարածված փուլի բնութագրական ներկայացուցիչներն էին այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք էին Թոմաս Ռիդը և Ֆրենսիս Խաչեսոնը, որոնք վերադարձան մեռած հայացքներին՝ հարգանք նվիրվածության, օրինականության և կարգապահության նկատմամբ։ Այս փուլն անվանոում են Դիդակտիկ[6]։

Կրոն և բարոյականություն խմբագրել

Լուսավորչությանը բնորոշ գաղափարներից է աստվածահայտնության մերժումը։ Այն հատկապես վերաբերում էր քրիստոնեությանը, որը համարվում էր սխալների և սնահավատության առաջնային աղբյուրը։

Սրա արդյունքում ընտրությունը կանգ առավ դեիզմի (Աստված կա, բայց նա միայն ստեղծել է աշխարհը, իսկ հետո ոչնչին չի խառնվել) վրա՝ որպես բնական կրոն նույնացվելով բարոյականության հետ։ Չընդունելով տվյալ դարաշրջանի այնպիսի մտածողների մատերիալիստական և աթեիստական հայացքներն, ինչպիսիք էին Դիդրոն՝ լուսավորիչների մեծամասնությունը դեիզմի հետևորդներ էին, որոնք գիտական փաստարկներով փորձում էին ապացուցել Աստծո գոյությունն ու Նրա կողմից տիեզերքի ստեղծումը։

Լուսավորության դարաշրջանում տիեզերքը դիտվում էր որպես բացառիկ մեքենա, որ համարվում էր գործող, ոչ թե վերջնական պատճառ։ Աստված տիեզերքի ստեղծումից հետո չի խառնվի նրա հետագա զարգացմանը և համաշխարհային պատմությանը, իսկ մարդը ճանապարհի վերջին չի գնահատվի և չի հատուցի իր արարքների համար։

Մարդկանց համար իրենց բարոյական վարքը դառնում է լաիցիզմը, կրոնի վերածումը բնական բարոյականության, որի պատվիրանները նույնն են բոլորի համար։ Հանդուրժողականության նոր հայեցակարգը չի բացառում այլ կրոններ դավանելու հնարավորությունն անձնական, ոչ թե հանրային կյանքում։

Հիսուսի միաբանության լուծարում խմբագրել

Լուսավորության վերաբերմունքը քրիստոնեությանը և քաղաքական իշխանության հետ ունեցած նրա կապին ոչ միշտ էին միանման։ Եթե Անգլիայում բացարձակ միապետության դեմ պայքարը 1689թ․ մասնակիորեն լուծված էր շնորհիվ «Իրավունքի նախագծի», որը պաշտոնապես վերջ դրեց կրոնական հետապնդումներին և հեռացրեց հավատը սուբյեկտիվ-անհատական ոլորտից, ապա մայրցամաքային Եվրոպայում Լուսավորությունը պահպանեց իր հակակրանքը կաթոլիկ եկեղեցու նկատմամբ։ Պետություններն սկսեցին գրավել պապականությունից ներքին քաղաքական անկախություն ունենալու, ինչպես նաև եկեղեցական հարցերում կուրիայի աճող ինքնավարության սահմանափակման դիրքորոշումներ։

Ճիզվիտները՝ պապական իշխանության հավատարիմ պաշտպանները, եկեղեցու և պետության բախումների և միաբանությունը ոչնչացնելու հասարակական կարծիքի արդյունքում վռնդվեցին գրեթե բոլոր եվրոպական երկրներից։ 1759 թվականին ճիզվիտները վռնդվեցին Պորտուգալիայից, որին հաջորդեցին Ֆրանսիան (1762թ) և Իսպանիան (1769թ)։

1773 թվականին Կլիմենտ 14-րդ պապը հրատարակեց Dominus ac Redemptor (Տերն ու փրկիչը) բուլլան, որում որոշեց լուծարել Հիսուսի միաբանությունը։ Միաբանության ողջ գույքը բռնագրավվեց, և նրա մեծ մասն ուղղվեց պետության կողմից վերահսկվող հասարակական վայրերի ստեղծմանը։ Սակայն ճիզվիտները ամբողջապես չանհետացան Եվրոպայից, քանզի Ռուսաստանում Եկատերինա Մեծը, չնայած Լուսավորության գաղափարներին մոտ լինելուն, հրաժարվեց հրապարակել միաբանության լուծարման մասին պապական մատյանը։

Պատմական նշանակություն խմբագրել

 
Վոլտերի դիմանկարը Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ Մեծ Սանուսիի պալատից: Հեղինակ Փ. Բաքու

18-րդ դարում ֆրանսիական լուսավորական գրականությունը ի դեմս գրողներ Վոլտերի, Մոնտեսքյոյի, Ռուսսոյի և Դիդրոյի ստացավ համաեվրոպական նշանակություն։ Նրանց ընդհանուր առանձնահատկությունը ռացիոնալիզմի գերիշխանությունն էր, որը Ֆրանսիայում իր քննադատությունն ուղղում էր քաղաքական և հասարակական բնույթի մի շարք հարցերի, մինչդեռ այդ դարաշրջանի գերմանացի լուսավորիչներն ավելի զբաղված էին կրոնական և բարոյական հարցերի լուծմամբ։

Լուսավորական գաղափարների ազդեցությամբ ձեռնարկվեցին բարեփոխումներ՝ ուղղված հասարակական կյանքի վերակառուցմանը (լուսավորական բացարձակապետություն)։ Սակայն Լուսավորության առավել հայտնի հետևանքները եղան Ամերիկական և Ֆրանսիական Մեծ հեղափոխությունները։

19-րդ դարի սկզբին Լուսավորությունը ինքն իր դեմ շարժում սկսեց, որը վերադարձ էր մի կողմից հին աստվածաբանական աշխարհայացքներին, մյուս կողմից պատմական գործունության ուսումնասիրմանը, որոնք մեծապես անտեսված էին 18-րդ դարի գաղափարախոսների կողմից։

Արդեն 18-րդ դարում Լուսավորության հիմնական բնույթը որոշելու փորձեր արվեցին, որոնցից առավելապես հայտնին պատկանում էր Կանտին (Ի՞նչ է Լուսավորությունը, 1784)։ Լուսավորությունը որոշակի դոգմատիկ գաղափարների փոխարինումը չէ այլ դոգմատիկ գաղափարներով, այլ ինքնուրույն մտածողություն։ Այս առումով Կանտը հակադարձեց լուսավորչականությանը և հայտարարեց, որ դա պարզապես սեփական ինտելեկնտն օգտագործելու ազատություն է[7]։

Ժամանակակից եվրոպական փիիսոփայական և քաղաքական միտքը, օրինակ՝ լիբերալիզմը, իր հիմնադրույթները հիմնականում վերցնում է Լուսավորությունից (տնտեսական լիբերալիզմի հիմնադիրն է Ջոն Լոկը)։ Մերօրյա փիլիսոփաները Լուսավորության հիմնական առաքինություններն են համարում խիստ երկրաչափական մտածողությունը, ռեդուկցիոնիզմը և ռացիոնալիզմը՝ հակադրելով իրենց հուզականությանը և իռացիոնաիզմին։ Այս առումով լիբերալիզմն իր փիլիսոփայական պաշարով և անհանդուրժողականության և նախապաշարմունքների հանդեպ քննադատական վերաբերմունքով պարտական է Լուսավորությանը։ Այդ հայացքներին հավատարիմ փիլիսոփաներից էին Բերլինը և Համբերմասը։

Լուսավորության գաղափարներն են ընկած ինչպես քաղաքական ազատության և ժողովրդավարության՝ որպես ժամանակակից հասարակության հիմնական արժեքների, այնպես էլ պետության՝ որպես ինքնակառավարվող հանրապետության կազմակերպման, կրոնական հանդուրժողակնության, շուկայական հարաբերությունների, կապիտալիզմի և գիտական մեթոդների հիմքում։

Լուսավորության դարաշրջանից սկսած՝ մտածողները պնդում են ճշմարտությունը որոնելու իրենց իրավունքը, ինչպիսին էլ որ այն լինի, և ինչով էլ այն սպառնա սոցիալական հիմքերին՝ առանց «Ճշմարտության համար» պատժվելու սպառնալիքի։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ պոստմոդեռնիզմի առաջացման հետ, ժամանակակից փիլիսոփայության և գիտության որոշ առանձնահատկություններն սկսեցին համարվել թերություններ, օրինակ՝ չափից ավելի մասնագիտացումը, անուշադրությունը ավանդույթների նկատմամբ, անկանխատեսելիությունն ու չնախատեսված հետևանքների վտանգը, ինչպես նաև լուսավորական գործիչների անիրական գնահատականն ու ռոմանտիզացիան։

Մաքս Հորքհայմերը և Թեոդոր Ադորոնը Լուսավորության գաղափարախոսությունը անգամ համարում էին «տոտալիտար համակարգ»[8]՝ հանգեցնելով մասնավորապես ֆաշիզմին և Հոլոքոստին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hackett, Louis (1992). «The age of Enlightenment». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2008-01-18-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. Hooker, Richard (1996). «The European Enlightenment». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008-01-18-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. Frost, Martin (2008). «The age of Enlightenment». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
  4. «Essay of the study of history» (1741).
  5. Stollberg-Rilinger (2010), стр. 187.
  6. Цитируется по: G.Gunn. Early American Writing. Introduction. Penguin Books USA Inc., New York, 1994. Pp.xxxvii-xxxviii.
  7. Blissett, Luther (1997). «Anarchist Integralism: Aesthetics, Politics and the Après-Garde». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
  8. История философии: Запад-Россия-Восток (книга четвёртая. Философия XXв.). Второе издание. Ред. Н. В. Мотрошилова и А. М. Руткевич. М.: «Греко-латинский кабинет» Ю.А. Шичалина, 2000. — с.252

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել