Լուծանք, պարալիզ (հուն. παράλυση թուլություն), ծայրանդամների կամային շարժումների խանգարում, պայմանավորված է ողնուղեղի և գլխուղեղի շարժիչ կենտրոնների, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի հաղորդչական ուղիների ախտահարումներով։ Լուծանք կարող է լինել լրիվ (պարալիզ) կամ ոչ լրիվ՝ կիսալուծանքի (պարեզ) ձևերով։ Պատճառներն են՝ արյան շրջանառության խանգարումները, բորբոքային պրոցեսները, վնասվածքները, նյարդային համակարգի ուռուցքները և այլն։ Լուծանք կարող է լինել մեկ մկանի կամ մեկ ծայրանդամի ( մոնոպլեգիա կամ մոնոպարեզ ), մարմնի մեկ կողմի ոտքի և ձեռքի (հեմիպլեգիա կամ հեմիպարեզ), երկու ձեռքի կամ երկու ոտքի՝ երկկողմանի լուծանք (պարապլեգիա կամ պարապարեզ), 4 ծայրանդամները միաժամանակ (տետրապլեգիա կամ տետրապարեզ)։ Ըստ տեղադրության տարբերում են ծայրամասային կամ թորշոմած լուծանք, որը հետևանք է ողնուղեղի շարժիչ բջիջների, նրա առաջային եղջյուրների, ծայրամասային նյարդերի, հյուսակների կամ գլխուղեղային նյարդերի կորիզների ախտահարման։ Կենտրոնական կամ սպաստիկ լուծանք առաջանում է կենտրոնական շարժիչ նեյրոնների ախտահարումից։ Ծայրամասային լուծանք բնորոշվում է շարժումների լրիվ բացակայությամբ, մկանների տոնուսի անկումով, ջլային ռեֆլեքսների մարմամբ, մկանների ատրոֆիայով։ Կենտրոնական լուծանք ընթանում է շարժողական ֆունկցիայի ոչ լրիվ բացակայությամբ, մկանների տոնուսի, ջլային և շրջոսկրային ռեֆլեքսների բարձրացմամբ՝ առանց մկանների ետաճման։ Առաջանում են ախտաբանական ռեֆլեքսներ (Բաբինսկու, Ռոսոլիմոյի)։ Ենթակեղևային գոյացությունների ախտահարման դեպքում առաջանում է արտաբրգային (էքստրապիրամիդայի) լուծանք։ Լուծանքներն ախտորոշում են էլեկտրամկանագրության շնորհիվ։ Բուժումը նախատեսում է հիմնական հիվանդության վերացում, ծայրանդամների ֆունկցիաները վերականգնող մեթոդների կիրառում, բուժական ֆիզկուլտուրա։

Լուծանք
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
 Paralysis Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 677
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուծանք» հոդվածին։