Լուի Պոլ Ամեդե Ապիա (Louis Paul Amédée Appia, հոկտեմբերի 13, 1818(1818-10-13)[1], Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[1] - մարտի 1, 1898(1898-03-01)[1], Ժնև, Շվեյցարիա[1]), շվեյցարացի վիրաբույժ, որն առանձնահատուկ ավանդ է ներդրել ռազմական բժշկության բնագավառում։ 1863 թվականին անդամակցել է Ժնևի «Հինգի կոմիտե»-ին, որից հետագայում ծնունդ է առել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Դրանից վեց տարի անց հանդիպել է Կլարա Բարտոնին, հանդիպում, որը վճռական դեր է խաղացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Կարմիր խաչի ընկերություն հիմնելու և Ժնևի 1864 թվականի կոնվենցիային ԱՄՆ-ի միացումն ապահովելու ուղղությամբ վերջինիս ծավալած գործունեության վրա։

Լուի Ապիա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1818(1818-10-13)[1]
ԾննդավայրՀանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[1]
Մահացել էմարտի 1, 1898(1898-03-01)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա[1]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունբժիշկ, ռազմական բժիշկ, վիրաբույժ և Garibaldino
ԱնդամությունԿարմիր խաչի միջազգային կոմիտե
ԵրեխաներAdolphe Appia?
 Louis Appia (physician) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ապիայի հայրը՝ Պոլ Ժոզեֆ Ապիան և մայրը՝ Կարոլին Դևելին, Շվեյցարիա էին եկել ֆրանսիական Պիեմոնտից։ Հայրը ուսանել էր Ժնևի համալսարանում, հետագայում դարձել էր աստվածաշնչյան քարոզիչ, պաստոր Գերմանիայում՝ Մայնի Ֆրանկֆուրտի մերձակա Հանաու համայնքում[2]։

Լուին ընտանիքի վեց երեխաներից երրորդն էր։ Ֆրանկֆուրտում նա գիմնազիա (ավագ դպրոց) է հաճախել, այնուհետև ուսումը շարունակել Ժնևում, տասնութ տարեկանում արժանացել Hochschulreife-ի դիպլոմի։ 1838 թվականից բժշկություն է ուսումնասիրել Հայդելբերգի համալսարանում, 1843 թվականին ավարտել ուսումը՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան, որից հետո վերադարձել է Ֆրանկֆուրտ։ 1848 թվականին բուժօգնություն է ցույց տվել վիրավորներին Փարիզում և Ֆրանկֆուրտում, մարդկանց, ովքեր վերքեր էին ստացել փետրվարին՝ Ֆրանսիայում և մարտին՝ Գերմանիայում տեղի ունեցած հեղափոխական մարտերի ժամանակ։ Այդուհետ նա առանձնահատուկ ուշադրություն է նվիրել մարտադաշտերում վիրավորվածներին ցուցաբերվող բժշկական օգնությունը բարելավելու գործին։

1849 թվականին՝ հոր մահից հետո, մոր հետ մեկնել է Ժնև, որտեղ ձեռնամուխ է եղել վիրաբույժի փորձառություն ձեռք բերելու գործին։ Միաժամանակ՝ ստեղծել է հարմարանք, որով հնարավոր էր դառնում վիրավորներին փոխադրելիս անշարժացնել կոտրվածքներ ունեցող ձեռքը, ոտքը, դրանով իսկ մեղմացնել նրանց ցավերը, տառապանքները։ Բացի այդ, իր փորձը տարածող, օգտակար հրահանգներ պարունակող մի գրքույկ է հրատարակել մարտադաշտում վիրավորվածների վիրաբուժական օգնությունը կազմակերպելու ձևերի, եղանակների, միջոցների մասին։

1853 թվականին Լուի Ապիան ամուսնացել է Աննա Կարոլինա Լասերի հետ։ Նրանք ունեցել են երկու տղա և երկու աղջիկ։ Որդիներից Ադոլֆը դարձել է ճարտարապետ, եղել թատերական բեմերի մոդեռն ոճով դիզայներական ձևավորման ասպարեզում առաջիններից մեկը։

1859 թվականին Լուիի եղբայրը՝ Ժորժը, որ պաստոր էր իտալական Պինեռոլոյում, նրան նամակներ ուղարկեց, որոնցում նկարագրում էր ավստրո-սարդինական պատերազմի զոհերի ու վիրավորների ահավոր վիճակը։ Այդ նույն տարվա հուլիսին Ապիան մեկնեց Իտալիա, շաբաթներով մնալով այնտեղ՝ աշխատեց Թուրինի, Միլանի, Բրեշիայի, Դեսենցանո դել Գարդայի դաշտային հոսպիտալներում[3], իր վերոնշյալ հրահանգչական գրքույկի օրինակները ուղարկեց վիրավորների ապաքինմամբ զբաղվող իտալացի ու ֆրանսիացի բժիշկներին, կազմակերպեց անհրաժեշտ բուժանյութերի հավաքման աշխատանքները, նամակներ հղեց իր ժնևցի ընկերներին, բարեկամներին՝ խնդրելով գումարներ հայթայթել ի աջակցություն զոհվածների ընտանիքների և վիրավորների։ Բացի այդ, Միլանի Սեն Ֆիլիպ հոսպիտալում այդ ընթացքում մի վիրավոր լեյտենանտի վրա հաջողությամբ փորձարկեց կոտրվածքներ ունեցող վիրավորներին փոխադրելու ժամանակ նրանց ցավերը մեղմացնելու նպատակով իր ստեղծած հարմարանքը։

Օգոստոսի սկզբներին Ապիան վերադարձավ Ժնև, իր ընկերոջ՝ դոկտոր Թեոդոր Մոնուարի աջակցությամբ համալրեց ու ամբողջացրեց վերոնշյալ հրահագչական բնույթի գրքույկը և արդեն գրքի տեսքով հրատարակեց «Der Feldchirurg oder einige praktische Studien über Schußverletzungen» («Շտապօգնության վիրաբուժություն կամ գործնական դիտարկումներ հրազենային վերքերի վերաբերյալ») խորագիրը կրող աշխատությունը։ Հենց այդ ժամանակ էր, որ նա ավստրո-սարդինական պատերազմի ընթացքում իր կատարած անձնվեր աշխատանքի համար պարգևատրվեց Ordine dei Santi Maurizio e Lazzaro շքանշանով, որը արժանավորության տեսակետից երկրորդն էր Իտալիայի թագավորությունում։ 1860 թվականի նոյեմբերին Լուի Ապիան վերադարձավ Ժնև, ստացավ Ժնևի քաղաքացիություն, իսկ մեկ տարի անց դարձավ Ժնևի բժշկական ընկերության անդամ։

Գործունեությունը Կարմիր խաչի կազմակերպությունում խմբագրել

 
Լուի Ապիայի թևկապը, որ ներկայումս ցուցադրվում է Կարմիր խաչի ժնևյան թանգարանում:
 
Հուշաքար՝ ի հավերժացումն գերմանա-դանիական պատերազմում Լուի Ապիայի և Չարլզ վան դե Վելդեի ծավալած գործունեության

1863 թվականին Լուի Ապիային առաջարկեցին անդամագրվել «Հինգի կոմիտե»-ին՝ նպատակ դնելով փորձարկելու Անրի Դյունանի գաղափարները և աշխատանք տանելու՝ գործնականում դրանց հնարավոր կիրառությունը պարզելու ուղղությամբ։ Այդպիսով՝ նա դարձավ «Վիրավոր զինվորների ամոքման միջազգային կոմիտե»-ի հիմնադիր հինգ անդամներից մեկը (տասնչորս տարի անց՝ 1876 թվականին դա վերանվանվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԿԽՄԿ-ի)։

1863 թվականի հոկտեմբերին Ապիան առաջարկեց, որ մարտադաշտերում վիրավորվածներին բուժօգնություն ցույց տալու նպատակով հավաքագրվող բոլոր կամավորները կրեն սպիտակ լայն թևկապներ՝ իրենց կարգավիճակը որոշակիորեն ի ցույց դնելու, դեռ հեռվից նկատելի դարձնելու նպատակով։ Գեներալ Անրի Դուֆուրը հետագայում ընդլայնեց այս գաղափարը՝ առաջարկելով թևկապի վրա զետեղել կարմիր խաչ։ Կարմիր խաչ՝ ճերմակ խորապատկերի վրա. շվեյցարական դրոշի այս նմանակումը դարձավ Կոմիտեի խորհրդանիշը։ Գերմանա-դանիական կամ՝ Շլեզվիգյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ Դիբբոլի (կամ՝ Դյուպելե Շանցենի) ճակատամարտի ժամանակ, Ապիան և հոլանդացի կապիտան Չառլզ վան դե Վելդեն դարձան պատմության մեջ առաջին պատվիրակները, որոնք կրեցին վերոնշյալ թևկապները՝ որպես ընթացող կռվի չեզոք դիտորդներ և խնամքի կարիք զգացողների աջակիցներ։ Դրանից երկու տարի անց՝ 1866 թվականի հունիսին, Ապիան եղբոր խնդրանքով ընդգրկվեց իտալական մի միավորման մեջ և եղբոր, ինչպես նաև ուրիշ երկու կամավորների հետ զբաղվում էր վիրավորների ապաքինման գործով իտալական մի փոքրիկ քաղաքում՝ Ստորոյում։

1867 թվականին, երբ Անրի Դյունանը դուրս եկավ միջազգային կազմակերպությունից, Ապիային վստահվեց դրա քարտուղարի պաշտոնը։ Նրա ղեկավարման տարիներին կոմիտեի նիստերն ու ժողովները, որոնք տեղի էին ունենում ամսական երեք-չորս անգամ, անց էին կացվում նրա տանը։

1869 թվականի օգոստոսին Լուի Ապիան ծանոթացավ Կլարա Բարթընի հետ, որը Շվեյցարիա էր եկել տևական կազդուրման նպատակով։ Խորապես տպավորված ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ վերջինիս ակտիվ գործունեությամբ՝ Ապիան նրան առաջարկեց հայրենիք վերադառնալուց հետո ամեն ջանք գործի դնել Անրի Դյունանի գաղափարները այնտեղ տարածելու և կիրառելու, Ժնևի 1864 թվականի կոնվենցիային ԱՄՆ-ի միանալը ապահովելու համար։ Բարթընը, որ առաջին անգամ էր լսում այդ մասին, չափազանց ոգևորվեց, խոստացավ անհրաժեշտ ջանքեր գործադրել և երկու ուղղություններով էլ հաջողություններ ձեռք բերեց. հիմնադրեց ամերիկյան Կարմիր խաչը և հասավ նրան, որ ԱՄՆ-ը ստորագրեց ժնևյան կոնվենցիան։ Ֆրանս-պրուսական 1870-1871 թվականների պատերազմի ժամանակ Ապիան դարձյալ ակտիվ գործունեություն ծավալեց որպես մարտական գործողությունների չեզոք դիտորդ և վիրավորների խնամքի գործով զբաղվող պատվիրակ։ 1872 թվականի հոկտեմբերին էլ մեծապես աջակցեց, որ Եգիպտոսում ևս հիմնվի Կարմիր խաչի ընկերություն։ Աջակից դարձավ նաև Կլարա Բարթընի այն գաղափարի իրականացմանը, որ Կարմիր խաչի առաքելությունը իր ոլորտի մեջ առնի ոչ միայն պատերազմների, այլև բնական աղետների և համաճարակների պատճառով տուժածներին, ինչպես նաև փախստականներին աջակցություն, օժանդակություն, օգնություն ցույց տալու գործը։

Մինչև իր կյանքի վերջը Լուի Ապիան շարունակեց եռանդուն կերպով զբաղվել զինվորական վիրաբույժի մասնագիտության նրբությունների մեջ խորամուխ լինելու, Կարմիր խաչի կազմակերպությունների գործունեությունը հնարավորինս ծավալելու և առավել արդյունավետ դարձնելու աշխատանքներով։ Նա մահացավ կյանքի ութսուներորդ տարում՝ 1898 թվականի մայիսի 1-ին, Ժնևում։

Մեծ հոգու տեր մարդասերի, եռանդուն գործչի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա պատվին փողոցներ են անվանակոչվել Ժնևում, Հանաուում, Մայնի Ֆրանկֆուրտում։ Դյուպելե Շանցենում 1989 թվականին տեղադրվել է հուշաքար՝ ի հավերժացումն գերմանա-դանիական պատերազմում նրա և Չառլզ վան դե Վելդեի ծավալած անձնուրաց մարդասիրական գործունեության։

Աշխատություններ խմբագրել

  • Le chirurgien à l'ambulance ou quelques études pratiques sur les plaies par armes à feu. Suivi de lettres à un collègue sur les blessés de Palestro, Magenta, Marignan et Solférino. Paris 1859
  • Les Blessés dans le Schleswig pendant la guerre de 1864: rapport présenté au comité international de Genève. Genf 1864
  • La guerre et la charité. Traité théoritique et pratique de philanthropie appliquée aux armées en campagne. Genf 1867 (zusammen mit Gustave Moynier)
  • La solidarité dans le mal et la justice divine. Paris 1890

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Erhard Bus: Vom „Hanauer Kreis-Verein zur Pflege im Felde verwundeter und erkrankter Krieger“ zum „Deutsches Rotes Kreuz Kreisverband Hanau e.V.“. In: Neues Magazin für Hanauische Geschichte. 118/2011. Herausgegeben vom Hanauer Geschichtsverein 1844 e.V., S. 117–136
  3. Obwohl Louis Appia und Henry Dunant sich 1859 für kurze Zeit beide im Kriegsgebiet in Norditalien in unmittelbarer Nähe zueinander aufhielten und sich der Hilfe für Verwundete widmeten, sind in ihren Aufzeichnungen und sonstigen Erinnerungen keine Hinweise darauf überliefert, dass sie bereits zu dieser Zeit einander trafen oder anderweitig vom Wirken des jeweils anderen Kenntnis hatten. Wenn eine solche Begegnung auch nicht völlig ausgeschlossen werden kann, erscheint sie angesichts dessen doch unwahrscheinlich.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ապիա» հոդվածին։