Լոր (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոր (այլ կիրառումներ)

Լոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Լոր
Գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Առաջին հիշատակում839
Մակերես17,97 կմ²
ԲԾՄ1680 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն365[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլորեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3511
Լոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Լոր (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Լոր (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Լոր (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Լորաձոր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1630-1660 մետր բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 115 կմ, Սիսիան քաղաքից հեռու է մոտ 13 կմ դեպի հարավ-արևելք։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Լորի մշտական բնակչությունը կազմել է 365, առկա բնակչությունը՝ 385 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4], Ստորև ներկայացված է Բռնակոթ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 50 265 438 503 514 506 514 409 305[5] 355[6] 365[2]

Ավանդություն խմբագրել

Ասում են, թե երբ հայոց Լորիկ իշխանը թշնամու դեմ հերոսաբար կռվելով զոհվում է, նրան թաղում են գյուղից ոչ հեռու և վրան մատուռ կառուցում, իսկ գյուղին էլ տալիս են իշխանի անունը՝ Լոր։ Մինչև հիմա էլ կանգուն է Լորիկ իշխանի մատուռը[7][8][9][10]։

Պատմություն խմբագրել

Լորը հարուստ պատմական անցյալ ունեցող գյուղ է։ Գտնվելով Սիսիանի երեք ենթագոտիներից մեկի՝ Լորաձորի կենտրոնում, Լորը հեռավոր անցյալում հսկայական տնտեսական ու քաղաքական ազդեցություն է ունեցել շրջապատի բնակավայրերի վրա և ավելի քան երկու հազար տարի դիմացել ժամանակների դաժան փորձություններին։ Լոր գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին։ Ստեփանոս Օրբելյան պատմիչը իր նշանավոր «Պատմութիւն տանն Սիսական» գրքում հրապարակել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Դավթի կազմած «Հավիտենական կտակը», որտեղ գրված է, որ Տաթևի վանքի կալվածքները ընդլայնելու խնդրանքով առաջնորդը դիմել է Սյունյաց Փիլիպպե 1-ին գահերեց իշխանին և նրանից գնել Տաթևին հարող Արծիվ գյուղը՝ ամբողջ տարածքով։ Միաժամանակ Սյունյաց տեր Փիլիպպեն կալվածքներ է նվիրել վանքին, այդ թվում և Տաթև գյուղը։ Այդ կտակ-փաստաթուղթը, որ Փիլիպպեից և Տեր-Դավթից բացի ստորագրել են հոգևոր ու աշխարհիկ մի շարք տերեր, որոշել է նաև Տաթևի վանքի տիրույթների սահմանները, որոնց արևմտյան սահմանը հասնում է մինչև Լոր գյուղի անունը կրող Լորաձորի սկիզբը։ Տաթևի շրջակա սահմանները որոշող հաջորդ վավերագիրը կազմվել է 906 թ., երբ ավարտվել է Տաթևի վանային համալիրի մայր՝ Պողոս-Պետրոս եկեղեցու շինարարությունը։ Այդ առիթով Սյունյաց հոգևոր աթոռը նոր գյուղեր և կալվածքներ է ստացել։ Փաստաթղթի տակ, մի խումբ հոգևոր և աշխարհիկ տերերի հետ, ստորագրել են ոչ միայն Սյունյաց տեր Փիլիպպեի հաջորդ Աշոտը և նրա որդիները, այլ նաև հայոց թագավոր Սմբատ Ա-ն, որ եկել էր եկեղեցու նավակատիքին։ Այստեղ նույնպես Տաթևի արևմտյան սահմանը համարվում է Լորաձորի սկիզբը։ Այս փաստաթղթերը, սակայն, Լորի վաղեմությունն ապացուցող գրավոր աղբյուրներ են միայն։ 1950-ական թվականներին ականավոր պատմաբան Մորուս Հասրաթյանը Լորում պեղումներ կատարելիս հայտնաբերել է հեթանոս ծեսով թաղված երեխայի դամբարան։ Այդ փոքրիկի (հավանաբար իշխանական ընտանիքի զավակ) բերանում դրել էին մետաղադրամ, որը կտրվել է Պարսից Շապուհ արքայի օրոք (383-389 թթ.)։ Սա ապացուցում է, որ դեռևս հայոց թագավորության շրջանում Լորը գոյություն է ունեցել, գուցե և որոշիչ դեր կատարել ամբողջ ենթագավառում։ Չէ որ նրա անունով էր կոչվում շուրջ 15 գյուղ ներառող այդ գետահովիտը։ Լորը ենթագավառում իր գերակշիռ դիրքը (Աղվերծ-Դարպասի հետ) պահպանել է նաև միջնադարում։ Ստեփանոս Օրբելյանի «Պատմությանը» կցված՝ Սյունիքի 12 գավառների 677 գյուղերի ցուցակի համաձայն, վերոհիշյալ երկու գյուղերի շուրջը համախմբված էին Մրուց, Մարդակայք, Տատան, Մազազնի, Լծեն, Որոտն, Ոպնի, Երեմք, Մոգույք, Մշկաձոր, Սապատաձոր գյուղերը։ Ուշ միջնադարում այստեղ կազմավորվել են մինչև օրս գոյատևող Շենաթաղ և Գետաթաղ գյուղերը։ Հետագա դարերում Լորի բարձրացումը կապվում է Սյունյաց Օրբելյանների իշխանության հաստատման և հզորացման հետ։ Ըստ որում, եթե իշխանության անցնելուց հետո Օրբելյանները Սյունիքի ենթագավառներում կառավարիչներ կամ կուսակալներ էին նշանակում իրենց իշխանական տան ներկայացուցիչներին, ապա Լորում նրանք դաշն կնքեցին տեղի Որոտշահ անվանվող իշխանազուն տոհմի հետ։ Այդ մասին պատմագրությունը պահպանել է երկու ծանրակշիռ վկայություն։

Նշանավոր լորեցիներ խմբագրել

Լոր գյուղում է ծնվել բանաստեղծ Համո Սահյանը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 601
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 694
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  8. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  9. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)