Լոգարիթմական քանոն, հաշվիչ քանոն, սարք ոչ բարդ հաշվարկների համար, որի օգնությամբ թվերի նկատմամբ գործողությունները (բազմապատկում, բաժանում, աստիճան բարձրացնել) փոխարինվում են այդ թվերի լոգարիթմների նկատմամբ գործողություններով։ Լոգարիթմի քանոնը բաղկացած է երեք մասից՝ իրան, շարժակ (շարժական քանոն) և վազկան, որի վրա նշված է դիտագիծ։ Իրանի և շարժակի վրա տեղադրվում են C և D հիմնական սանդղակները, որոնք նշագծվում են այնպես, որ 1-ից 10 յուրաքանչյուր թվի դիրքը որոշվում է երկարության հատվածով՝ տեղադրված սանդղակի սկզբից (բ-ն մասշտաբային գործակիցն է, այսպես կոչված, սանդղակի մոդուլը)։ Հատվածները գումարվում (հանվում) են երկրաչափորեն, որը կատարվում է իրանի նկատմամբ շարժակի շարժումով։ C, D-ից բացի լոգարիթմական քանոն ունենում է նաև եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքների և այլ սանդղակներ։ Լոգարիթմական քանոնի նախատիպը, այսպես կոչված, գանտերյան քանոնը [առաջարկել է անգլիացի մաթեմատիկոս Գանտերը (E. Gunter), 1623], մի լոգարիթմական սանդղակ էր, որով բազմապատկումը կատարվում էր կարկինի օգնությամբ։ 1630-ին անգլիացի մաթեմատիկոս Ու. Օթրեդը (W. Oughtred) կարկինը փոխարինեց շարժակով։ 1850-ին ավելացվեց վազկանը։ Լոգարիթմական քանոնը բավականին պարզ և հարմար հաշվիչ սարք է, օգտագործվում է ինժեներական և այլ հաշվարկների համար։ Լոգարիթմական քանոնը պատրաստվում է նաև շրջանաձև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 650