Լոգան (անգլ.՝ Logan), Կանադայի ամենաբարձր լեռնագագաթը (5956 մ ծովի մակարդակից)։ Հյուսիսային Ամերիկայում բարձրությամբ երկրորդ լեռն է Դենալիից հետո։ Գտնվում է Կլուեյն ազգային պարկի տարածքում` Յուկոնի հարավարևմտյան մասում։ Ալյասկայի սահմանից 40 կմ է հեռու։

Լոգան
Տեսակլեռ
Երկիր Կանադա
Վարչատարածքային միավորՅուկոն
ԼեռնաշղթաSaint Elias Mountains?
Մասն էյոթ երկրորդ բարձունքներ
Բարձրությունը ծովի մակարդակից5959 մետր
Հարաբերական
բարձրություն
5250 մետր
Պահպանման տարածքԿլուեյն
Նյութգրանիտ
Առաջին վերելք1925 թ հունիսի 23

Լեռնագագաթն առաջին անգամ նվաճել են 1925 թվականի հունիսի 23-ին մի խումբ լեռնագնացներ, այդ թվում` Ալբերտ Մակարտին, Ուիլյամ Ֆոսթերը, Էնդի Թեյլորը, Նորման Ռիդը, Ալեն Կարպը և Ֆրեդերիկ Լամբերտը։

Անվան ծագում խմբագրել

1890 թվականին ամերիկացի երկրաբան, աշխարհագրագետ Իսրայել Ռասելը, ով զբաղվում էր Ալյասկայի ուսումնասիրությամբ, Սուրբ Իլյայի լեռնագագաթի նկարագրության ժամանակ լեռնագագաթին տվել է կանադացի աշխարհագրագետ, Կանադայի Երկրաբանական ծառայության հիմնադիր Վիլյամ Էդմոնդ Լոգանի անունը (անգլ.՝ William Edmond Logan):

2000 թվականին Կանադայի վարչապետ Ժան Կրետյենը առաջարկել է լեռնագագաթն անվանել Տրյուդո` ի պատիվ կանադացի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Պիեռ Էլիոթ Տրյուդոյի, ով ոչ վաղ անցյալում էր մահացել։ Առաջարկը բացասական արձագանք է գտել հասարակության շրջանում, և լեռնագագաթի «Լոգան» անունը պահպանվել է։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

 
Լոգան լեռան 3D պատկեր

Լոգան լեռնագագաթը գտնվում է Կլուեյն ազգային պարկի տարածքում` Յուկոնի հարավարևմտյան մասում։ Ծովի մակարդակից նրա բարձրությունը 5956 մ է, իսկ հարաբերական բարձրությունը` 5247 է։ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթի` Դենալիի հեռավորությունը Ալյասկայի ծոցից 100 կմ է հարավից, իսկ Ալյասկայի հետ սահմանը` 40 կմ արևմուտքից[1]։

Լոգանի լեռնազանգվածը ամենամեծերից մեկն է աշխարհում։ Լեռնահիմքի ընդգրկումը ավելի քան 100 կմ է։ 5.000 մ բարձրության վրա կա սարահարթ, որ ձգվում է 20 կմ։

Լոգանի վերին մասը ծածկված է սառցադաշտով, որի հաստությունը առանձին տեղերում կազմում է 300 մ։ Որոշ գնահատականներով սառցածածկույթի ստորին մասի տարիքը կարող է լինել մի քանի հարյուր հազար տարի, քանի որ ջերմաստիճանը լեռան վրա ժամանակի ընթացքում աննշան փոփոխություններ է կրել։

Լեռնագագաթի բարձրություն խմբագրել

Մինչև 1992 թվականը լեռնագագաթի ճշգրիտ բարձրությունը հայտնի չէր։ Տարբեր գնահատականներով այն կազմում էր 5950-6050 մ։ 1992 թվականի մայիս-հունիս ամիսներին Կանադայի աշխարհագրական ընկերությունը Կանադայի Երկրաբանական ծառայության և «Կանադայի պարկեր» կազմակերպության հետ կազմակերպել է գիտարշավ, որի արդյունքում ընդունվել է լեռան ներկայումս հայտնի բարձրությունը։

Կլիմա խմբագրել

Լոգանի կլիմայական պայմանները մեծ մասամբ պայմանավորված են Ալյասկային մոտ գտնվելու փաստով։ Ծոցի վրա գերիշխում է մթնոլորտային ցածր ճնշումը, իսկ Խաղաղ օվկիանոսի կողմից սառը, խոնավ քամի է փչում ափի և Սուրբ Իլյայի լեռնազանգվածի ուղղությամբ։ Բարձրանալով 2.000 մ և ավելի` օդային զանգվածները սառչում են` տեղումների ձևով ցած թափվելով։ Լեռնագագաթի մոտ քամու արագությունը ամռանը կարող է հասնել 30 կմ/ժ-ի, իսկ ձմռանը` 100 կմ/ժ-ի։ Տեղումների տարեկան քանակը կախված է բարձրությունից. 3.000-4.000 մ բարձրություններում այն կարող է կազմել 4 մ ձյուն, իսկ 5.000 մ բարձրությունում` ընդամենը 0.5 մ ձյուն։

Տարեկան միջին ջերմաստիճանը 5.000 մ բարձրությունում ամռանը լինում է −2 °C, իսկ ձմռանը` −45 °C, միջին ջերմաստիճանը տարվա կտրվածքով −27 °C է։ Այս բարձրությունում ձյան և սառցաշերտի հալոցք հազվադեպ է գրանցվում։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռան վրա գրանցվել է 1991 թվականի մայիսի 26-ին` −77 °C:

Լեռան նվաճումների պատմություն խմբագրել

Առաջին նվաճում խմբագրել

 
Լեռնագնացները Լոգանի վրա

1922 թվականին Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Կոլեմանը Կանադայի Ալպյան ակումբին առաջարկել է կազմակերպել արշավ Լոգանի գագաթ, որ մինչ այդ դեռևս չէր նվաճվել։ Արշավախմբի ղեկավար է ընտրվել Բրիտանական Կոլումբիայից լեռնագնաց Ալբերտ Մակարտին։ Խմբի կազմում էին նաև Ուիլյամ Ֆոսթերը, Էնդի Թեյլորը, Նորման Ռիդը, Ալեն Կարպը, Ֆրեդերիկ Լամբերտը[2]։

1923-1924 թվականներին մշակվում է լեռան ստորոտ տանող օպտիմալ ուղին, քանի որ ենթակառուցվածքները այդ ժամանակ Կանադայում շատ թույլ էին զարգացած։ 1924 թվականին կազմակերպվել է հետազոտական գիտարշավ, որին հաջողվել է հասնել Ալյասկայի Մակ Կարտի փոքրիկ քաղաքը, որտեղից սկսվում էր հետիոտնային ուղին[3]։ 5 օրում անցնելով 140 կմ ճանապարհ` գիտարշավը հասնում է Չիտին սառցադաշտին։ Կենդանիներին թողնելով` նրանք շարունակում են ճանապարհը սառցադաշտով դեպի լենագագաթի ստորոտ, որին հասնելու համար դեռ պետք էր հաղթահարել 70-80 կմ[4]։

Վերելքը բարդացնում էր մեծ քանակությամբ լրացուցիչ պաշարը։ Մայիսի 25-ին նրանք հասան 2377 մ բարձրության` Օգիվլի սառցադաշտին, հունիսի 6-ին հատեցին 3.110 մ բարձրությունը` հասնելով Քինգի շրջադարձին։ Հունիսի 16-ին` անվտանգ երթուղու փնտրտուքից հետո, խումբը հաջողությամբ հասնում է 5.090 մ բարձրության վրա գտնվող սարահարթ, որ տանում էր դեպի գագաթ։ Մի քանի օր հարմար կլիմայի սպասելուց հետո 1925 թվականի հունիսի 23-ին, չնայած ուժեղ քամուն ու վատ տեսանելությանը, Ալբերտ Մակարտին հինգ լեռնագնացների հետ հաջողությամբ հասնում է լեռան գագաթին։ Խումբը հուլիսի 15-ին Արդեն վերադարձել էր Մակ Կարտի։ Արշավի տևողությունը Մակ Կարտիից դեպի գագաթ և հակառակ ուղղությամբ տևել է 65 օր։ Ճանապարհի երկարությունը կազմել է 440 կմ[5]։

Դրանից հետո հաջորդ անգամ Լոգան են բարձրացել երկու արշավախումբ 25 տարի անց` 1950 թվականին՝ կրկնելով առաջին երթուղին։

Այլ երթուղիներով նվաճում խմբագրել

1957 թվականի հուլիսի 19-ին Դոն Մոնկը, Ջիլ Ռոբերտսը առաջին անգամ լեռնագագաթը նվաճել են արևելյան թևով[6]։ 1965 թվականի օգոստոսի կեսերին Դիկ Լոնգը, Ալեն Սթեքը, Ջոն Էվանսը, Ֆրանկլին Կոլը և Պոլ Բեկոնը առաջին անգամ լեռնագագաթ են հասել Համինգբյորգով (անգլ.՝ Hummingbird)[7]: Վորբլյոյով ուղին առաջին անգամ 1977 թվականին հաղթահարել են կանադացիներ Դեյվ Ջոնսը, Ֆրանկ Բաումանը, Ֆրեդ Տիսյենը, Ջեյոմ Պեյջեմը և շվեյցարացի Ռենե Բուչերը[8]։ 1979 թվականի հուլիսի 19-ին 22 օր տևած ուղևորությունից հետո Մայքլ Դաունը, Փոլ Քինդրին, Ջոն Հոուվը և Ջոն Վիտմայերը լեռնագագաթ են բարձրացել հյուսիսարևմտյան թևով։ Նույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը հյուսիսարևմտյան թևով լեռնագագաթ են բարձրացել Ռայմոնդ Յոտերանդը, Ալան Բուրգեսը, Ջիմ Էլզինգը, Ջոն Լաֆլան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chic Scott, 2000, էջ 96
  2. Chic Scott, 2000, էջ 96—97
  3. Chic Scott, 2000, էջ 97—99
  4. Chic Scott, 2000, էջ 99—100
  5. Chic Scott, 2000, էջ 100—102
  6. Andy Selters, 2004, էջ 170—171
  7. Andy Selters, 2004, էջ 179—182
  8. Chic Scott, 2000, էջ 319—320

Գրականություն խմբագրել

  • Scott, Chic (2000). Pushing the Limits, The Story of Canadian Mountaineering. Calgary, Alberta, Canada: Rocky Mountain Books. ISBN 0-921102-59-3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  • Selters, Andy (2004). Ways to the Sky. Golden, CO, USA: American Alpine Club Press. ISBN 0-930410-83-1.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոգան (լեռ)» հոդվածին։