Առյուծի հուշարձան, Լյուցեռնի առյուծ, Մահացող առյուծ (գերմ.՝ Löwendenkmal), առյուծի հուշարձան, որի էսքիզի հեղինակն է Բերտել Տորվալդսենը։ Հուշարձանը գտնվում է շվեյցարական Լյուցեռն քաղաքում։ Այն նվիրված է շվեյցարական գվարդիայի սխրագործությանը, ովքեր ընկան Թուիլրիի պալատի գրոհի դիմադրության ժամանակ։ Այդ օրը պատմությանը հայտնի դարձավ «1792 թվականի օգոստոսի 10-ի ապստամբության օր»։

Լյուցեռնի առյուծ
Մահացող առյուծի արձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշահամալիր
ՔանդակագործԲերտել Տորվալդսեն և Lukas Ahorn?
Ստեղծում1821
Երկիր Շվեյցարիա
ԲնակավայրԼյուցերն
ՀասցեDenkmalstrasse
Նյութավազաքար
Մասն էlist of cultural properties in Lucerne?
Ներկա վիճակկանգուն
 Löwendenkmal (Lucerne) Վիքիպահեստում

1792 թվականի դեպքեր խմբագրել

1792 թվականի օգոստոսի 10-ի ապստամբությունը Ֆրանսիական մեծ հեղափոխության վճռական պահերից մեկն է համարվում։ Փարիզյան խռովարարները պաշարեցին արքա Լյուդովիկոս XVI-ի պալատը՝ Թուիլրին։ Կանոնավոր բանակն այդ ժամանակ արդեն թագավորի ղեկավարության ներքո չէր։ Վերջինս անցել էր ապստամբների վաշտերի և գումարտակների կազմ ու պայքարում էր արքայի դեմ։ Լյուդովիկոսին հավատարմություն հայտնեց լոկ պալատական պահակախումբը՝ շվեյցարական գվարդիականների գունդը՝ թվով շուրջ հազարի հասնող։

Գվարդիականները համառորեն պաշտպանում էին պալատն ու տալիս արժանի հարված հակառակորդին։ Սակայն Լյուդովիկ XVI արքան արգելեց գվարդիային հրանոթներից կրակել ժողովրդի վրա։ Ապստամբները ունեին թվային զգալի առավելություն, ուստի պալատը գրավվեց, արքան՝ ձերբակալվեց։

Գրոհի ժամանակ զոհվեցին ավելի քան 600 շվեյցարացի գվարդիականներ։ Վաթսունին բարձրացրին կախաղան, ևս 200-ին գերի վերցրին։ Վերջինների մեծ մասին, 1792 թվականի սեպտեմբերյան սպանդի ժամանակ, մահապատժի ենթարկեցին։ Այդ թվում նաև նույն ճակատագրին արժանացավ շվեյցարական գվարդիայի հրամանատար, մայոր Կառլ Յոզեֆ ֆոն Բախմանը (Karl Josef von Bachmann), ում գլուխը կտրեցին գիլիոտինի օգնությամբ։ Ընդամենը 350 զինվորներ ողջ մնացին այդ օրերի դեպքերի հորձանուտում։

Հուշարձանի պատմություն խմբագրել

Շվեյցարական գվարդիայի լեյտենանտ Կառլ Պֆյուֆեր ֆոն Ալտիսհոֆենը օգոստոսի 10-ի դեպքերի ժամանակ արձակուրդում էր հարազատ քաղաքում՝ Լյուցեռնում։ Նա իր պարտքը համարեց, որպեսզի ընկածների համար հիշատակության օր սահմանի։ Զինվորական ծառայության ավարտից հետո, 1801 թվականին, նա վերադարձավ Լյուցեռն։ Այստեղ նա քաղաքային խորհուրդի և Լյուցեռնյան արվեստի ընկերության անդամ դարձավ։

1814 թվականին, երբ Շվեյցարիան անկախություն ձեռք բերեց, իսկ հարևան Ֆրանսիայում գահ բարձրացան Բուրբոնները, Պֆյուֆերը կարողացավ իրագործել իր երազանքը։ Նա մտածում էր այնպիսի հուշարձան կառուցել, որտեղ պատկերված լինի մահացող առյուծ՝ խոցված նիզակով։ Նա դիմեց շվեյցարացի շատ քանդակագործների, սակայն ոչ մեկի էսքիզը չհավանեց[1]։ 1818 թվականին Կառլ Պֆյուֆերը գրեց հայտնի Տորվալդսենին, ով այդ ժամանակ աշխատում էր Հռոմում։ Դանիացի քանդակագործը հետաքրքրվեց առաջարկով։ Սակայն որոշեց հուշարձանը կերտել ժայռի մեջ՝ հարթաքանդակի տեսքով։

Հուշարձանի էսքիզները վերցրեց շվեյցարացի քանդակագործ Լուկաս Ահորնը և ինքն էլ աշխատեց դրա վրա։ 1821 թվականի օգոստոսի 7-ին աշխատանքներն ավարտվեցին։ Երեք օր անց, օգոստոսի 10-ին, Թուիլրիի առման քսանիննամյակի օրը, կատարվեց հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Հրավիրյալների թվում էին նաև ողբերգական օրերին մասնակցած վետերանները։ Տորվալդսենն անձամբ հուշարձանը տեսավ միայն քսան տարի անց՝ 1841 թվականին։ Նա գոհ էր հարթաքանդակով և բարձր գնահատեց շվեյցարացի քանդակագործի աշխատանքը։ Կոմպոզիցիան Եվրոպայում դարձավ առաջինը, որը ներառեց միան կենդանու կերպար[2]։ Հուշարձանի կրկնօրինակներ ավելի ուշ տեղադրվեցին նաև Հունաստանում և ԱՄՆ-ում։

Հուշարձանի նկարագիր խմբագրել

 
Առյուծը

Այլաբանական կոմպոզիցիան իրենից ներկայացնում է հարթաքանդակ՝ փորագրված ուղղաձիգ ժայռի վրա։ Արձանի դիմաց փոքրիկ լճակ կա։ Ստեղծման պահին հուշարձանի վայրը դուրս էր գտնվում քաղաքից։ Այնտեղից Լյուցեռնի կառուցապատման համար ավազաքար էին արդյունահանում միջին դարերում։ Այսօր այն Լյուցեռնի կենտրոնում է գտնվում։ Արձանի երկարությունը ինը մետր է, որը փորագրված է տասներեքմետրանոց նիշայի մեջ։ Բարձրությունը վեց մետր է։ Մահացող առյուծը պառկած դիրքով է, որի գլուխը աջ թաթի վրա է։ Վահանի վրա, որը գլխի և թաթի տակ է, պատկերված է շուշան՝ Ֆրանսիայի արքաների խորհրդանիշը, ում պաշտպանում էին շվեյցարացի գվարդիականները։ Առյուծի գլխավերևում ևս մեկ վահան կա, որի վրա էլ պատկերված է Շվեյցարիայի դրոշը։ Մահացող առյուծի դիմախաղերը կարծես մարդկային դիմախաղեր լինեն, որոնք արտահայտում են մեծ տառապանք։ Ձախ ուսը խոցված է գեղարդով։

Հարթաքանդակի վերևի մասում լատիներենով գրված է՝ «HELVETIORUM FIDEI AC VIRTUTI » («Վասն շվեյցարացիների հավատարմության և անվեհերության»)։ Հարթաքանդակի ներքևում լատինական 760 և 350 թվերն են փորագրված՝ համապատասխանաբար ընկածների և ողջ մնացածների թիվը։ Ամենաներքևում սպաների անուններն է փորագրված, ովքեր կյանքը չխնայեցին պարտքը կատարելիս։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Алексей Малинин. Швейцарский лев. Новый Акрополь № 7 — 2005
  2. Майя Дробинская В Люцерне есть удивительный памятник // Филокартия. — 2013. — № 2. — С. 39.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուցեռնի առյուծ» հոդվածին։