Լյուդովիկ (Լուիջի, Լուի) Բոնապարտ (իտալ.՝ Luigi Buonaparte, ֆր.՝ Louis Bonaparte, սեպտեմբերի 2, 1778(1778-09-02)[1][2][3][…], Այաչչո, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 25, 1846(1846-07-25)[1][2][3][…], Լիվոռնո, Տոսկանայի Մեծ դքսություն), Նապոլեոն Բոնապարտի եղբայրն ու Նապոլեոն III-ի հայրը։

Լյուդովիկ Բոնապարտ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1778(1778-09-02)[1][2][3][…]
ԾննդավայրԱյաչչո, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 25, 1846(1846-07-25)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԼիվոռնո, Տոսկանայի Մեծ դքսություն
ԳերեզմանQ114796254?
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունդիվանագետ, քաղաքական գործիչ, սպա, ռազմական գործիչ, գրող և պատմաբան
ԱմուսինՀորտենզիա Բոգարնե
Ծնողներհայր՝ Կառլո Բուոնապարտ, մայր՝ Լետիցիա Ռամոլինո
Զբաղեցրած պաշտոններդեսպան, Պահպանողական սենատի անդամ և Ֆրանսիայի պեր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՆապոլեոն III, Նապոլեոն Լյուդովիկ Բոնապարտ և Napoleon Charles Bonaparte?
 Louis Bonaparte Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լուին Կառլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի չորրորդ արու զավակն էր։ Ինչպես և իր ավագ եղբայրները, ծնվել է Կորսիկայում, որը նրա ծնվելուց մոտավորապես տասը տարի առաջ նվաճվել էր Ֆրանսիայի կողմից։ Կնքահայրը հոր ընկերն էր՝ կղզու նահանգապետ դը Բյոֆը։

Հետևելով ավագ եղբայրների օրինակին՝ Լուին իր կարիերան սկսեց ֆրանսիական բանակում, Նապոլեոնի հովանավորության շնորհիվ արագ-արագ բարձացավ զինվորական աստիճաններով և քսանհիգ տարեկան հասակում արժանացավ գեներալական կոչման, թեև ինքն էլ էր զգում, որ շատ կարճ ժամանակում շատ բարձրին է հասել։ Մասնակցել է Նապոլեոնի եգիպտական, իտալական արշավանքներին, դիրեկտորիայի տապալմանը։

Ֆրանսիայի առաջին կոնսուլ հռչակվելուց հետո Նապոլեոնը նպատակահարմար գտավ, որ Լուին ամուսնանա կայսրուհի դարձած Ժոզեֆինայի՝ առաջին ամուսնությունից ունեցած դստեր, որ նույնն է, թե՝ Նապոլեոնի խորթ աղջկա և Լուիի խորթ զարմուհու՝ Հորտենզիա դը Բոհարնեի հետ։ Այդ ամուսնությունը աղջկա սրտով չէր, բայց մայրը կարողացավ համոզել նրան, որ պետք է ամուսնանա հանուն ընտանիքի և պետության շահի։ Ըստ որոշ ժամանակակիցների վկայությունների՝ Լուին տառապում էր մտավոր հիվանդությամբ՝ ընկճախտով կամ մտավոր անկարողությամբ, որը ժամանակ առ ժամանակ ի հայտ գալով՝ հետապնդել է նրան մինչև մահ։

Խորհելով, որ Ֆրանսիայի քույր-պետություն համարվող Բաթավյան Հանրապետությունը ավելի անկախ է, քան ինքը կուզեր, Նապոլեոնը 1806 թվականի հունիսի 5-ին այն վերափոխեց Հոլանդիայի թագավորության, որի գահին նստեցրեց իր Լուի եղբորը։ Նրա պատկերացմամբ՝ Հոլանդիան պետք է լիներ խամաճիկային պետությունից մի փոքր ավելին, եղբայրն էլ՝ ֆրանսիական պրեֆեկտից մի փոքր ավելին։ Այնինչ՝ Լուին վճռել էր լինել հնարավորինս անկախ և իրապես զգալի ժողովրդականություն ձեռք բերեց հոլանդացիների շրջանում։ Ջանալով շահել վերջիններիս սերն ու հարգանքը՝ նա հայտարարեց, թե ինքը հոլանդացի է և փորձեց հոլանդերեն սովորել։ Բայց սկզբնական շրջանում նրա հոլանդերենն այնքան խղճուկ էր, որ ինքն իրեն «Koning van Holland»-ի (այսինքն՝ Հոլանդիայի արքայի) փոխարեն ներկայացնում էր իբրև «Konijn van Olland», այսինքն՝ Հոլանդիայի ճագար։

Նրա ժողովրդականությունն աճեց ոչ միայն իր խնամքին հանձնված ժողովրդի լեզվին տիրապետելու նպատակով գործադրած ջանքերի, այլև դժբախտ պատահարների՝ ավերիչ ջրհեղեղի, Լեյդեն նավահանգստային քաղաքի կենտրոնական մասում վառոդ տեղափոխող մի նավի անակնկալ պայթյունի և այլ ծանր դեպքերի ժամանակ տուժածներին անկեծորեն սատարելու պատրաստակամության շնորհիվ (ի դեպ, հոլանդացիները նրան անվանում էին «Լուի Բարի»)։ Արժե նշել նաև, որ 1808 թվականին Լուի Բոնապարտը հիմնել էր գիտությունների, գրականության և գեղարվեստի արքայական ինստիտուտը (ներկայումս՝ գիտությունների նիդեռլանդական արքայական ակադեմիա)։ Այս ամենը բոլորովին դուր չէր գալիս կնոջը՝ Հորտենզիային, որը հնարավոր ամեն կերպ խույս էր տալիս ամուսնուց, հիմնականում ապրում էր Փարիզում, դեպքից դեպք էր այցելում Հոլանդիա և այն էլ՝ չուզենալով, հարկադրված։

Նապոլեոնը, հոգնելով եղբոր քմայքներից, անկախ գործելու, մանևրելու ճիգերից, 1810 թվականին նախ` մեղադրեց նրան, որ ի վիճակի չէ պաշտպանելու իրեն վստահված երկիրը (անգլիացիները քառասունհազարանոց զորքով հարձակվել էին Անտվերպենի վրա, իսկ Նապոլեոնը ընդամենը իննհազարանոց մի կայազոր էր թողել Հոլանդիայում), ապա կարգադրեց, որ նա հրաժարվի գահից հօգուտ իր մանկահասակ որդու՝ Լուի-Նապոլեոնի, իսկ դրանից չորս օր անց Հոլանդիան ուղղակի մտցրեց Ֆրանսիական կայսրության կազմի մեջ, եղբորն էլ աքսորեց Ավստրիա, որտեղ վերջինս անցկացրեց իր կյանքի մնացած ժամանակը՝ հիմնականում զբաղվելով գրական փորձեր կատարելով։ Անշուշտ, եղբորը գահազրկելու հիմնական պատճառն այն էր, որ Նապոլեոնը, նախապատրաստվելով Ռուսաստանի վրա հարձակվելուն, ցանկանում էր հպատակ և Ֆրանսիայից կախում ունեցող հարևան բոլոր երկրների զինված ուժերը դնել իր անմիջական ենթակայության տակ։ Այդուհանդերձ, եղբոր սիրտը շահելով, Նապոլեոնը նրան շնորհեց կոմսի ազնվականական տիտղոս։

Լյուդովիկ Բոնապարտը մահացել է 1846 թվականի հուլիսի 25-ին, Լիվոռնոյում։ Նրա աճյունը տեղափոխվել և հուղարկավորվել է իր ազնվականական տիրույթում՝ Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս պրեֆեկտուրայի Սեն Լյո լա Ֆորե բնակավայրի գերեզմանատանը։ Նրա որդիներից Լուի-Նապոլեոնը տարիներ անց դարձավ Ֆրանսիական երկրորդ հանրապետության նախագահ (1848-1852 թթ.), ապա հիմնեց Ֆրանսիական երկրորդ կայսրությունը՝ գահ բարձրանալով իբրև Նապոլեոն Երրորդ (1852-1870 թթ.):

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիկ Բոնապարտ» հոդվածին։