Լեո Մորերայի տուն (կատ.՝ Casa Lleó i Morera), վեցհարկանի բնակելի շենք Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում, կատալոնյան մոդեռնի գլուխգործոցներից։ Կառուցվել է 1902-1905 թվականներին Լյուիս Դոմենեկ ի Մոնտաների նախագծով։ Գտնվում է Էշամպլե թաղամասում` Պասեչ դե Գրասիա 34 հասցեում։ Նշանավոր Բալիոյի և Ամալյեի տների հետ կազմում է Բարսելոնայի ադամանդը, այսպես կոչված «Անհամաձայնության թաղամասի» մի մասը (թաղամասն այդպես է կոչվել այն կազմող մոդեռն շինությունների ոճային անհամապատասխանության պատճառով)։

Լեո Մորերայի տուն
Տեսակբնակելի շենք
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունDreta de l'Eixample?
ՎայրՊասեո դե Գրասիա
ՀասցեPasseig de Gràcia, 35
ՓողոցՊասեո դե Գրասիա
Ճարտարապետական ոճկատալոնյան մոդեռնիզմ
Մասն էԲարսելոնայի մոդեռնիստական կառույցների ցանկ
ՃարտարապետԼյուիս Դոմենեկ ի Մոնտաներ
ԻրադարձություններՌեֆորմ և Շինարարություն
Ժառանգության կարգավիճակCultural Asset of Local Interest?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

19-րդ և 20-րդ դարերում Բարսելոնան արդյունաբերական հեղափոխության ֆոնին միջնադարյան ամրոցից սկսում է վերածվել ապահով բուրժուական քաղաքի։ Արագ հարստացող արդյունաբերողները միջոցներ չէին խնայում շինությունների կառուցման հարցում` միմյանց հետ մրցելով շքեղությամբ ու ճոխությամբ։ Կարճ ժամանակաընթացքում Բարսելոնան վերածվում է տաղանդավոր ճարտարապետների, քանդակագործների, զարդարվեստի ներկայացուցիչների ինքնադրսևորման մրցասպարեզի։ Ոչնչով աչքի չընկնող Casa Rocamora անունը կրող բնակելի տունը, որ կառուցվել էր 1864 թվականին, պատկանում էր ֆաբրիկանտ Մորերոյի ընտանիքին։ 1902 թվականին ընտանիքի հայրը` Անտոնիո Մորերա ի Բուսոն, շենքի վերակառուցումը հանձնարարում է Լուիս Դոմենեկ ի Մոնտաներին, ով այդ ժամանակ կատալոնյան մոդեռնի ամենաակնառու դեմքերից էր և մրցակցում էր Անտոնիո Գաուդիի հետ։ Պատվիրատուին վիճակված չէր ապրել մինչև իր պատվերի ավարտը։ 1906 թվականին աշխատանքն ընդունում է նրա որդին` Ալբերտ Լեո ի Մորերան[2]։ Տան սեփականատիրոջ անունը հավերժացնելու համար Մոնտաները շենքը ձևավորում է զարդապատկերով, ուր պատկերված էին առյուծներ (Lleó) ու թթենիներ (Morera):

Լեո Մորերայի տան կորացված ճակատը աչքի է ընկնում շքեղությամբ ու ձևերի բարդությամբ, քանդակային զարդապատկերներով ու զինանշանային ու բուսական մոտիվներով։ Ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը անկյունային ապակեպատ ռոտոնդան է և նրա ձևերն ընդգծող շքեղ աշտարակը տան անկյունում։ Շենքի առաջին հարկը գոտևորված է վարդագույն մարմարյա սյունաշարով։ Ուշադրություն են գրավում պատշգամբները, որոնք եզրագծված են քարե ցանցկեն տարաձև բազրիքներով, մեծ կլորավուն պատուհանները, որոնք բաժանված են որմնասյուներով, հինգերորդ հարկի բաց շքապատշգամբները։

Լեո Մորերայի տան ճակատի և ինտերիերի քանդակային ձևավորման աշխատանքները կատարել է քանդակագործ Էուսեբի Արնաուն[3]։ Առաջին հարկի պատուհանները զարդարել են ծաղիկներով երկու կանանց կերպարները, որոնք, սակայն, չեն պահպանվել։ Երրորդ հարկի լայն պատշգամբների եզրերին Արնաուն տեղադրել է չորս աղջիկների քանդակներ, որոնք խորհրդանշում են տեխնիկական առաջընթացը, ինչպես այն պատկերացնում էին 20-րդ դարի սկզբին։ Նրանցից յուրաքանչյուրը ձեռքերում բռնել է տեխնիկայի նորագույն ձեռքբերումների արդյունք հանդիսացող առարկաներ` լուսանկարչական ապարատ, հեռախոս, ֆոնոգրաֆ և շիկացման լամպ[4]։

Պակաս շքեղ չէ տան ներքին հարդարումը` աստիճաններ, նախշազարդ առաստաղներ, վիտրաժային ձևավորում, խճանկարային պաննո։ Սակայն այդ ճոխ ինտերիերը տեսնել չի կարելի. տունը Նունես ի Նավարո ընտանիքի մասնավոր սեփականությունն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. (Lahuerta 2001, p. 9.) Other buildings such as Casa Calvet and Casa Trinxet were awarded the same prize between 1899 and 1906
  3. Illustration of the entrance.
  4. Permanyer, Lluís (2006). Gaudí y el modernismo. Barcelona: La Vanguardia. ISBN 978-84-931284-3-2.

Արտաքին հղումներ խմբագրել