Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լեոնիդ Գևորգի Ենգիբարյան (մարտի 15, 1935(1935-03-15)[1][2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2][3] - հուլիսի 25, 1972(1972-07-25)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]), ծաղրածու, հայ ծաղրածու մնջկատակ, կրկեսի դերասան, գրող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971

Լեոնիդ Ենգիբարյան
Ծնվել էմարտի 15, 1935(1935-03-15)[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2][3]
Մահացել էհուլիսի 25, 1972(1972-07-25)[2][3] (37 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2][3]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունԿրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկրկեսի դերասան, կինոդերասան, ծաղրածու, միմոս, բռնցքամարտիկ, գրող, թատերական ռեժիսոր, սցենարիստ և դերասան
Ակտիվ շրջան1952-1972
ԸնտրանիՃանապարհ դեպի կրկես
Ամուսին(ներ)Յարմիլա Գալամկովա
Երեխա(ներ)Բարբարա Ենգիբարյան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում, հայազգի խոհարար Գեորգի Ենգիբարովի (եղել է «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարը) և ռուս Անտոնինա Անդրիանովնայի ընտանիքում։ Դա եղել է Գեորգի Ենգիբարովի երրորդ ամուսնությունը․ Լեոնիդը ունեցել է երկու ավագ եղբայր (հոր նախորդ երկու ամուսնություններից)՝ Միխայիլը, որը հայտնի քանդակագործ է դարձել Օդեսայում, և Հրաչյան (Ղափլանյան), որը հետագայում դարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր[4]։ Գրեթե ամբողջ կյանքում Լեոնիդ Ենգիբարյանն ապրել է Մարյինա Ռոշչայում գտնվող մեկհարկանի հին փայտե տանը։

Մանկուց սիրել է Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունները, Անդերսենի հեքիաթները և տիկնիկային թատրոն։ Դպրոցական տարիներին սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։

1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։

Գործունեությունը կրկեսում և կինոյում խմբագրել

1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։

1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։ Այդ նույն ժամանակ էլ նկարահանվել են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։

Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971), «Վերջին ռաունդ» (1984) գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։

1971 թվականին Ենգիբարյանը հեռացել է «Սոյուզգոսցիրկից» այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրել իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։

 
Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը Երևանում

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։

Մահ խմբագրել

1972 թվականի հուլիսին Ենգիբարովը, պաշտոնապես գտնվելով արձակուրդում, ժամանել է Մոսկվա՝ նոր ներկայացման աշխատանքները սկսելու համար։ Մերձմոսկվայում տիրում էր աննախադեպ շոգ ու երաշտ, այրվում էին տորֆային ճահճներ, և առանձին օրերին օդն այնպիսին էր, որ մի քանի մետր հեռավորության վրա անհնար էր տեսնել մարդուն։ Հուլիսի 24-ին Ենգիբարովը տուն է վերադարձել Կանաչ թատրոնում անցկացված համերգից հետո։ Անգինայի պատճառով, որը Ենգիբարովը տարել է ոտքի վրա, նա իրեն վատ է զգացել։ Նրա մայրը՝ Անտոնինա Անդրիանովնան, որդու համար ընթրիք է պատրաստել և գնացել է ընկերուհու մոտ, որպեսզի չխանգարի։ Երբ հաջորդ առավոտյան նա վերադարձել է, Ենգիբարովը դեռ պառկած է եղել մահճակալին, և մայրը նրան չի անհանգստացրել իր հարցերով։ Երեկոյան մոտ Ենգիբարովը հանկարծակի վատացել է, և նա մորը խնդրել է «շտապօգնություն» կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն Անտոնինա Անդրիանովնային հարցրել են, թե ինչ հիվանդություններով է հիվանդ եղել իր որդին և ինչպես է իրեն զգացել նախօրեին։ Ենգիբարյանը շտապօգնության ժամանելու պահին իրեն ավելի լավ է զգացել և սկսել է բուժքրոջը հաճոյախոսություններ ասել։ Բժիշկները հեռացել են, իսկ երկու ժամ անց Ենգիբարյանը կրկին վատացել է։ Մայրը կրկին շտապօգնություն է կանչել, իսկ Ենգիբարյանը խնդրել է իրեն սառը շամպայնի բաժակ տալ։ Սակայն շամպայնը նեղացրել է անոթները, և Ենգիբարովն ավելի է վատացել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները Ենգիբարյանին օգնություն են ցույց տվել, բայց արդեն ուշ էր․ նրա սիրտը կանգ է առել։ Մահվան վկայականում գրված է. «սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդություն»։ Արտիստի մայրը բացատրել է, որ մահվան պատճառը թրոմբն է եղել, որն առաջացել է այն պատճառով, որ որդին հյուրախաղերից վերադարձել է հիվանդ և շարունակել է փորձեր անել։

Հուլիսի 28-ին Լեոնիդ Ենգիբարյանը թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը։ Նրա շիրմին տեղադրված հուշարձանը հեղինակել է Նիկոլայ Նիկողոսյան։

Չեխ երգիչ Կարել Գոտը, որը մտերիմ է եղել Լեոնիդ Ենգիբարյանի հետ, 1974 թվականին ձայնագրել է «Byl jak já» երգը, որը նվիրված է ծաղրածուի հիշատակին։

1972 թվականին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995 թվական), քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Լեոնիդ Ենգիբարյանի անվան փառատոն խմբագրել

 
Լեոնիդ Ենգիբարյանի արձանը Ծաղկաձորում

Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ Հայաստանի Մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ 2010 թվականին Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ Իսկ արդեն 2012 թվականին, երբ Ծաղկաձորում անցկացվեց հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։

2008, 2010 և 2012 թվականներին անցկացված փառատոների շրջանակներում մասնակցել են թատերախմբեր և անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, ինչպես նաև հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոուներ, երիտասարդական խմբեր։ 7-րդ փառատոնը տեղի ունեցել է 2019 թվականի օգոտստոսին։

Պարգևներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Խաղարկային կինո
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1957 ֆ Կոմունիստը Коммунист ավազակ
1963 ֆ Ճանապարհ դեպի կրկես Путь на арену Լյոնյա Ենգիբարյան, ծաղրածու (կամեո)
1964 ֆ Մոռացված նախնիների ստվերները Тени забытых предков Միքո, հովիվ
1965 ֆ Եկե՛ք ծանոթանանք․ մայիս ամիս Давайте знакомиться: месяц Май մնջկատակ
1965 ֆ Голубой огонёк: «Новогодний календарь», «В первый час» հեռուստաօպերատոր
1966 ֆ Այբոլիտ-66 Айболит-66 ուրախ ծաղրածու
1968 ֆ Հարվա՛ծ։ Էլի՛ հարված Удар! Ещё удар! թղթակից
1969 ֆ Պատանեկության ափը Берег юности ծաղրածու
1969 ֆ Երազներ, երազներ Мечты, мечты (կարճամետրաժ) ծաղրածու
1970 ֆ 2-Լեոնիդ-2 2-Леонид-2 Լյոնյա (կամեո)
1971 ֆ Վզնոց իմ սիրելիի համար Ожерелье для моей любимой Սուգուրի, ակրոբատ
1972 ֆ Դիմակահանդես Карнавал ծաղրածու
1972 ֆ Վառարան-նստարաններ Печки-лавочки ծաղրածու, հյուր պրոֆեսորի մոտ (կամեո)
Վավերագրական կինո
  1. 1966 - Մեծ ծաղրածուները (ռուս.՝ Великие клоуны)
    1. Սա շատ, շատ կարևոր է (ռուս.՝ Это очень, очень серьёзно…, կարճամետրաժ)
    2. Լեոնիդ Ենգիբարով, ծանոթացե՛ք (ռուս.՝ Леонид Енгибаров, знакомьтесь!, կարճամետրաժ)

Հիշատակ խմբագրել

  • Լեոնիդ Ենգիբարյանի անունն է կրում Ենգիբարովի անվան «Սոֆիտ» մշակույթի կենտրոնը Մոսկվայում։
  • 2011 թվականից Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում պարբերաբար անցկացվում է Լ. Ենգիբարովի անվան արվեստների փառատոն[5], իսկ Ծաղկաձորում անցկացվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը[6]։

Ֆիլմեր Ենգիբարյանի մասին խմբագրել

  • «Վառարան-նստարաններ», ռեժիսոր՝ Վասիլի Շուկշին, 1975
  • «Մեր մանկության կրկեսը», ռեժիսոր՝ Ալեքսեյ Գաբրիլովիչ, 1983
  • «Լեոնիդ Ենգիբարով», ռեժիսոր՝ Լիլիան Ստեփանյան,1984
  • «Մարդը՝ դեղին մոլորակից», թողարկում Իգոր Կիոյի «Բոլորը ծաղրածու են։ 4-րդ եթերաշրջան։ Լեոնիդ Ենգիբարով»,1986
  • «Լեոնիդ Ենգիբարյան։ Հեռուստամեմուարներ։ Նա արևոտ ծաղրածու էր...» Ռոլան Բիկովը Լեոնիդ Ենգիբարյանի մասին
  • «Լեոնիդ Ենգիբարյան-բոլոր ռեպրիզները», Մարիետա Ռուդինա, 1993
  • «Լեոնիդ Ենգիբարյան», Վլադիմիր Օրենով, 1997
  • «Գրպանահատների արքան»։ Լեոնիդ Ենգիբարյան
  • «Լյոնյա, մեզ մի բան ցույց տուր», ռեժիսոր՝ Տատյանա Վիլկինա
  • «Աստղային ծաղրածուն», անիմացիոն կինոնկար, ռեժիսոր՝ Կսենիա Կռատովա, սցենարի հեղինակ՝ Մարիա Ռոմանուշկո, 2003
  • «Ծիծաղի արքաները։ Ենգիբարյան», ռեժիսոր՝ Դմիտրի Լյուտիկով, 2003
  • «Լեոնիդ Ենգիբարյան(Ինչպես գնացին կուռքերը)» 2006
  • «Սիրտը՝ ափի մեջ», նվիրվել է Լեոնիդ Ենգիբարյանի 70 ամյակին, 2005
  • «Լեոնիդ Ենգիբարյան. ժպիտ՝ արցունքների միջից», ռեժիսոր՝ Սերգեյ Խալոդնիյ, 2005
  • «Պոետն ու ծաղրածուն», ռեժիսոր՝ Օլեգ Վասին, 2008
  • «Ճանապարհ դեպի կրկես», ռեժիսորներ՝ Լևոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, 1963

Գրականություն խմբագրել

Լեոնիդ Ենգիբարյանին են նվիրված Վլադիմիր Վիսոցկու «Четыре четверти пути» (Канатоходец) երգը և 1972 թվականի «Ենգիբարովին՝ հանդիսատեսից» (ռուս.՝ «Енгибарову — от зрителей») բանաստեղծությունը[7]

«…Ну а он, как будто в воду канув,
Вдруг при свете, нагло, в две руки
Крал тоску из внутренних карманов
Наших душ, одетых в пиджаки…»

Ռուս գրականագետ-բանաստեղծ և արձակագիր Մարիա Ռոմանուշկոն գրել է Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հինգ գիրք՝ «Լեոնիդ Ենգիբարով։ Մնջկատակը, որը խոսում է հավերժության հետ» (ռուս.՝ «Леонид Енгибаров: Мим, говорящий с вечностью», 2010), «Լեոնիդ Ենգիբարով. բանաստեղծի աչքերով ծաղրածուն» (ռուս.՝ «Леонид Енгибаров: Клоун глазами поэта», գեղարվեստական կենսագրություն, 2008), «Քեզ հրաժեշտ չեմ տալիս» (ռուս.՝ «Не прощаюсь с тобой», վիպակ կրկեսի մասին, 1997), «Սուրոժյան տետր» (ռուս.՝ «Сурожская тетрадь», բանաստեղծություններ, 1996), «Ամենգիշերյա» (ռուս.՝ «Еженощное», բանաստեղծություններ, 1995)։

Նամականիշ խմբագրել

  • 2011 թվականին թողարկվել է Հայաստանի փոստային նամականիշ՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանին։

Հուշարձան խմբագրել

  • Երևանում և Ծաղկաձորում (քանդակագործ՝ Դավիթ Մինասյան) տեղադրվել են Լեոնիդ Ենգիբարյանի արձանները[8][9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Енгибаров Леонид Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  4. Сегодня День рождения Леонида Енгибарова — самого смешного и грустного армянина // Портал Armenia.IM. — 2018. — 15 Մարտի.
  5. «Фестивали искусств им. Л. Енгибарова». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  6. VI Международный фестиваль пантомимы имени Леонида Енгибаряна пройдет в курортном городе Цахкадзор с 22 по 26 июля // Новостное агентство Sputnik. — 2017. — 21 Հուլիսի.
  7. «Енгибарову — от зрителей (Шут был вор: он воровал минуты…)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  8. Достопримечательности Армении. Памятник Леониду Енгибаряну
  9. В армянском городе Цахкадзор установили памятник Леониду Енгибарову

Գրականություն խմբագրել

  • Լեոնիդ Ենգիբարյան, Մի նեղացրեք մարդուն, Երևան, «Վերնատուն», 2021 — 168 էջ, ISBN 978-9939-92-427-4։
  • Раззаков Ф. И. Самый добрый клоун: Юрий Никулин и другие… — М.: Эксмо, 2012. — 416 с., ил. — («Книги Ф. Раззакова о великих артистах»). — 3000 экз. — ISBN 978-5-699-53770-9. Клоун с осенью в душе — Леонид Енгибаров. — С. 161.
  • Аудиокнига «Одиночество в толпе». Составлена по новеллам Л. Енгибарова, автор проекта, режиссёр и продюсер Талгат Байгужинов, 2014.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 514