Լեոնարդո դա Վինչիի մի վաղ հիշողություն

«Լեոնարդո դա Վինչիի մի վաղ հիշողություն» (գերմ.՝ Eine Kindheitserinnerung des Leonardo da Vinci), 1910 թվականին Զիգմունդ Ֆրոյդի գրած ակնարկը իտալացի մեծանուն նկարիչ, քանդակագործ և գիտնական Լեոնարդո դա Վինչիի մանկության մասին։ Այն Լեոնարդոյի նկարների հոգեվերլուծական հետազոտության հիման վրա արված կյանքի ուսումնասիրումն է։

Լեոնարդո դա Վինչի և մանկական հիշողություններ
գերմ.՝ Eine Kindheitserinnerung des Leonardo da Vinci
ՀեղինակԶիգմունդ Ֆրոյդ
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՀոգեբանություն
ԹեմաԼեոնարդո դա Վինչի
Բնօրինակ լեզուԳերմաներեն
Ստեղծման տարեթիվ1910
Էջեր130
Հրատարակման տարեթիվ1910 և 1911[1]
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/freud/leonardo/leonardo.html
Լեոնարդո դա Վինչի

Մանկական հիշողություն խմբագրել

Ֆրոյդի հոգեվերլուծությունը սկսվում է Դա Վինչիի մի մանկական հիշողությունից։ Դա Վինչին իր օրագրում գրում էր, որ հիշում է մի դեպք, երբ նա դեռ նորածին երեխա էր, պատուհանից ներս է մտնում մի ուրուր և պոչով մի քանի անգամ դիպչում է նրա բերանին։ Ըստ Ֆրոյդի այս հիշողությունը չունի լրիվ իրական հիմքեր։ Ժամանակի ընթացքում հիշողությունները ենթարկվում են մեր պատկերացումների, երևակայության ճնշմանը և աղավաղվում են՝ կորցնելով իրենց առաջնային տեսքը։ Ֆրոյդը վերլուծելով Դա Վինչի մանկական հիշողությունը գալիս է այն եզրահանգման, որ այն ունի էրոտիկ բնույթի բովանդակություն։ Պոչը սիմվոլ է և արական սեռական օրգանի պատկերումն է։ Տվյալ հիշողությունը իրենից ներկայացնում է սեռական ակտի պատկերում։ Ֆրոյդը, հիմնվելով իր այցելուների տվյալների վրա, եզրահանգում է, որ այս կոնտեքստի երազներ և ֆանտազիաներ ունենում են կանայք և պասիվ համասեռամոլները։ Մյուս կարևոր սիմվոլն այստեղ թռչնի տեսակն է։ Ուրուրը հին եգիպտական հիերոգլիֆներում խորհրդանշում է մոր կերպարը։ Այն մայրության խորհրդանիշն է, քանի որ այս կենդանին չունի իր արու տեսակը։ Հայտնի է, որ Դա Վինչին մինչ 5 տարեկանը ապրել է մոր հետ։ Սա ցույց է տալիս այն, որ երեխան զգում էր հոր բացակայությունը և ենթագիտակցորեն նա ընտել էր այնպիսի կենդանի, որը չի կարող լինել արական սեռի։

Դա Վինչիի առաջին փորձերը արվեստի ոլորտում եղել են 2 տիպի օբյեկտների պատկերումներով՝ ժպտացող կնոջ և փոքրիկի գլուխներով։ Վերջիններս հիշեցնում են ուրուրի հետ կապված հիշողության սեքսուալ բնույթի 2 օբյեկտները։ Երեխայի գլուխը սեփական մանկական անձի կրկնումն էր, իսկ կանանց գլուխները մոր կերպարի կրկնումն էր։ Այս օբյեկտները ներկայացնում էին Լեոնարդոյի 2 բնույթները։ Կանանց դիմանկարների պատկերումով նա անգիտակցորեն արտահայտում էր սեփական կանացիությունը։ Հետազոտողները նույնիսկ գտնում են, որ Լեոնարդոյի կանացի դիմանկարներում երևում են հենց իր դիմագծերը։ Կա կարծիք, որ Մոնա Լիզան Դա Վինչիի ինքնադիմանկարն է։ Իսկ ի՞նչ ճանապարհով էր Դա Վինչին իրեն նույնականացնում մոր հետ։ Մնացած հոգեբանների հետազոտությունները նույնպես վկայում էին նույն արդյունքների մասին. համասեռամոլ բոլոր այցելուների մոտ վաղ մանկության տարիքում եղել էր ինտենսիվ հակում կանանց նկատմամբ՝ մասնավորապես մոր։ Հոգեսեռական զարգացման Էդիպյան բարդույթի փուլում մանուկ Լեոնարդոն արտամղում է մոր հանդեպ ունեցած մեծ սերը և նույնականանում է մոր հետ, քանի որ բացակայում է նույնականացման համար մյուս օբյեկտը՝ հայրը։ Նա իրեն դնում է մոր տեղը և ընտրում է սիրո նույն օբյկետները, որոնք ուներ մայրը։ Բայց միևնույն է, այս ճանապարհով հոմոսեքսուալ դարձած տղամարդկանց մոտ ենթագիտակցականում ակտիվ ապրում է մոր հանդեպ արտամղված սերը։ Նա հավատարիմ է մնում այդ սիրուն ամբողջ կյանքում, և գուցե դա է պատճառը, որ հարաբերություններ չի ունենում կանանց հետ, որպեսզի չդավաճանի մորը։ Այն, ինչ պրակտիկայում կոչում են համասեռամոլություն, զարգանում է տարբեր ճանապարհներով։ Եվ Ֆրոյդի կողմից նկարագրված այս մոդելը այդ ճանապարհներից միայն մեկն է։

 
Մոնա Լիզա

Լեոնարդոյի կենսագիրների մեծ մասը նշում էր, որ արդեն վարպետ դարձած ժամանակ, նա իրեն շրջապատում էր գեղեցիկ պատանիներով։ Վերջիններս համարվում էին նրա աշակերտները։ Չնայած որ չենք կարող վստահ ասել նրանց միջև եղած սեռական կապի մասին, բայց այստեղ նորից տեսնում ենք Լեոնարդոյի համար այդքան կարևոր դարձած երկու օբյեկտներից մեկը։ Այդ օբյեկտները իրենց հետքն են թողնում Լեոնարդոյի հետագա ամբողջ կյանքի և գործունեության վրա։ Դա Վինչին ուներ մի օրագիր, որտեղ նա գրանցում էր իր համար ամենակարևոր դեպքերը և հիմնականում դրանք գրում էր մի քանի բառով, լակոնիկ ոճով։ Չենք կարող ասել, որ Լեոնարդոն հետաքրքրվում էր տնային տնտեսությամբ և նմանատիպ գործերով, բայց այնուամենայնիվ իր օրագրում նա գրում էր 2 տեսակի ծախսերի մասին։ Ծախսերը, որ նա կատարում էր իր աշակերտների վրա և մոր՝ Կատարինայի։ Օրինակ, նա գրում էր աշակերտներից մեկի համար գնած հագուստի, այլ իրերի մասին, իսկ մյուս գրանցումը վերաբերում էր մոր թաղման համար կատարած ծախսերին։ Այստեղ Ֆրոյդը նորից մատնանշում է այդ ճակատագրական 2 օբեկտների առկայությունը և դրանց կապը։

«Մոնա Լիզա» և «Սուրբ Աննան, Մարիամը և մանուկ Հիսուսը» խմբագրել

 
Սուրբ Աննան, Մարիամը և մանուկ Հիսուսը

Լեոնարդոյի անձի հետազոտությունը Ֆրոյդը շարունակում է նկարների, ստեղծագործությունների վերլուծությամբ։ Նրա նկարները հիշելիս չենք կարող չհիշել այն առեղծվածային ժպիտը, որով նա օժտում էր իր գրեթե բոլոր հերոսուհիներին։ Այսօր լեոնարդոյական այդ ժպիտը դարձել է նրա բնութագրիչներից մեկը։ Առեղծվածային ժպիտի ամենահայտնի օրինակը, իհարկե, ֆլորենցուհի Ջոկոնդան է։ Այս ժպիտը բացատրության կարիք ուներ և բացատրվում է շատ տարբեր ձևերով։ Մեկնաբանություններից համարյա բոլորն էլ այս ժպիտի մեջ տեսնում են հակադրությունը, սատանայական բնույթը մի կողմից , մյուս կողմից՝ նրբությունն ու մեղմությունը։ Այն գրավում էր հանդիսատեսներին, հետազոտողներին և հենց իրեն՝ Լեոնարդոյին։ Հայտնի է, որ Մոնա Լիզան նկարելիս Դա Վինչին ցանկացավ այն պահել իրեն և չտալ պատվիրատուին։ Այդ կապվածությունը այս ժպիտին բացատրվում էր նրանով, որ այն նրա մեջ արթնացնում էր երկար ժամանակ քնած մի բան։ Ըստ Ֆրոյդի սա Կատարինայի պատկերումն էր, նրա կերպարի արտացոլումը։ Նույն ժամանակահատվածում Դա Վինչին նկարում է «Սուրբ Աննան, Մարիամը և մանուկ Հիսուսը» կտավը։ Լեոնարդոյական ժպիտը պատկերված է նաև այստեղ։ Ըստ Ֆրոյդի հենց Մոնա Լիզայի խորությունը և իմաստը ստիպեց Դա Վինչիին ստեղծել Սուրբ Աննային, ով խորհրդանշում էր մայրությունը։ Լեոնարդոյի մոտ Մարիամը նստած է Աննայի գրկում, ձեռքերը դեպի նորածին Հիսուսը ուղղված։ Տատիկը ժպիտով նայում է այդ տեսարանին։ Այս նկարը Դա Վինչիի մանկության սինթեզն է, այս նկարի դետալները կարող են մեկնաբանվել Լեոնարդոյի կյանքի ապրումներով։ 6 տարեկանում նա տեղափոխվում է հոր տուն, որտեղ հանդիպում է նրա նոր կնոջը։ Խորթ մայրը Լեոնարդոյին սիրում էր հարազատ մոր սիրով և նրանց հարաբերությունները շատ ջերմ էին։ Ըստ Ֆրոյդի Սուրբ Աննան և Մարիամը պատկերում էին նրա խորթ մորը և Կատարինային։ Ֆրոյդը սա բացատրում է այն փաստով, որ այստեղ 2 կանայք էլ՝ Աննան՝ տատիկը և Մարիամը՝ մայրը, պատկերված են միևնույն տարիքի։ Այսինքն Աննան պատկերված չէ տատիկի կերպարով, չունի կնճիռներ և դիմագծերով, տարիքով չի տարբերվում Մարիամից։ Լեոնարդոյի համար այս 2 կանայք նրա 2 մայրերի խորհրդանիշն էին։ Մարիամը պատկերված է երեխայից հեռու, ձեռքերը նրան մեկնած։ Սա Դա Վինչիի կյանքի այն դրվագն է, որ նրան հեռացրել են մորից[2]։

Ամփոփում խմբագրել

Այս աշխատանքում Ֆրոյդը ներկայացնում է Դա Վինչիի արտամղված ապրումները, որոնք հետագայում սուբլիմացիայի մեխանիզմով արտահայտվում են նրա ստեղծագործություններում։ Կյանքի առաջին տարիներին հոր բացակայությունը, մոր հանդեպ տածած ջերմ սերը որոշիչ ազդեցություն ունեցան նրա բնավորության ձևավորման և ճակատագրի վրա այնքանով, որ արտամղված այդ ապրումները, լիբիդոն հետագայում սուբլիմացվեցին հետազոտելու, ստեղծագործելու մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #4559026-6 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Фрейд З., Леонардо Да Винчи:Воспоминание Детства.