Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լավա (այլ կիրառումներ)

Լավա (լատին․՝ labes թափվել, փլուզվել), հրաբխային ժայթքումների ժամանակ մագմայական օջախներից Երկրի մակերևույթ արտավիժած սիլիկատային հրահեղուկ զանգված, որը սառչելուց հետո վերածվում է մագմայի։

Լավա
10 մետր բարձրություն ունեցող լավա
Հավայի, ԱՄՆ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բաղադրիչներ խմբագրել

Հիմնական բաղադրիչներն են Si-ի, Al-ի, Fe-ի, Mg-ի, Mn-ի, Ca-ի, Na-ի և K-ի օքսիդները։ Պարունակում է նաև գազեր ու ջրային գոլորշիներ, որոնք լավայի սառչելու ժամանակ ցնդում կամ գոլորշանում են։ Լավան շարժվում է ռելիեֆի ցածրադիր մասերով՝ 1, 5-2, 5 կմ/ժ, բազալտայինը՝ 20-25 կմ/ժ արագությամբ։ Լրիվ սառեցումը տևում է երկար տարիներ։ Լավան սառչելով՝ շրջափակվում է կարծր կեղևով, որն աստիճանաբար հաստանում է։

Քիմիական կազմ խմբագրել

 
Արենալ հրաբուխը, Կոստա Ռիկա

Ըստ քիմիական կազմի՝ առանձնացնում են

  • թթվային (մածուցիկ, դժվարահոս, արագ սառչող, սիլիկահողի 70-75% պարունակությամբ),
  • հիմնային (արագահոս, ուշ սառչող, սիլիկահողի 44-52% պարունակությամբ) լավաներ։

Թթվային լավաներ են ռիոլիտը, վանակատը, պեռլիտը, դացիտը և այլն։

Հիմնային լավաների ամենատարածված տեսակը բազալտն է, որն առաջացրել է մի քանի տասնյակ կմ² երկարության հոսքեր և, հաճախ, հարյուրավոր կմ2 տարածքով լավային ծածկոցներ։ Սառած լավաների մակերևույթները լինում են զանգվածաբեկորային, սյունաձև, ալիքաձև, ճոպանաձև, ժապավենաձև, գնդաձև և այլն։

Հայկական լեռնաշխարհում խմբագրել

Հայկական լեռնաշխարհի ավելի քան 1/3-ը ծածկված է տարբեր կազմերի ու հասակների լավային հոսքերով ու ծածկոցներով։ Առանձնապես լավ են պահպանված վերին պլիոցեն-անթրոպոգենի լավաները։ Բազալտային կազմի հիմնային լավաներով են ծածկված Կարսի, Ախալքալաքի, Աշոցքի, Քանաքեռի, Եռաբլրի և այլ սարահարթեր։ Ալիքաձև լավային ծածկոցներն ու դրանցից սկսվող լավաները տարածված են Ախուրյանի, Ձորագետի, Հրազդանի, Ազատի հովիտներում։ Անդեզիտային, դացիտային կազմի թթվային լավաները բնորոշ են Հայկական Պար, Գեղամա, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաներին, Սիփան, Արարատ, Արագած լեռնազանգվածներին։

Լավաներն օգտագործվում են արդյունաբերության տարբեր բնագավառներում և որպես շինանյութ, իսկ բնական վիճակում մթնոլորտային տեղումների ամբարման շտեմարաններ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 492