Լաուրա (լատին․՝ laurus «դափնի» բառից, հնարավոր է՝ կեղծանուն է, լրիվ անվան հնարավոր տարբերակներից մեկը՝ Լաուրա դե Նով (ֆր.՝ Laura de Noves; Laure de Noves, 1310[1][2], Ավինյոն - 1348[3][2], Ավինյոն), նշանավոր բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկայի սիրելին, ում նա գովերգել է իր բազմաթիվ բանաստեղծություններում, որոնք համարվում են իտալական սոնետի զարգացման գագաթնակետը[4]։

Լաուրա
Դիմանկար
Ծնվել է1310[1][2]
ԾննդավայրԱվինյոն
Մահացել է1348[3][2]
Մահվան վայրԱվինյոն
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
ԱմուսինHugues II. de Sade?
 Laura de Noves Վիքիպահեստում

Պետրարկայի սիրո պատմությունը խմբագրել

 
Լաուրա, XV դարի (?) նկար, Լուրենցիանա գրադարան

Ըստ Պետրարկայի ստեղծագործությունների՝ 22-ամյա բանաստեղծն առաջին անգամ Լաուրային տեսել է 1327 թվականի ապրիլի 6-ին (Ավագ ՈւրբաթԱվինյոնի՝ ներկայում չպահպանված Սուրբ Կլարա եկեղեցում կատարվող պատարագի ժամանակ։ Պետրարկան հայտնում է, որ իրենց առաջին հանդիպումից ուղիղ 21 տարի անց Լաուրան մահացել է, ինչից հետո բանաստեղծը շարունակել է գրել նրա մասին։ Լաուրայի մասին հիմնական տեղեկությունները հայտնի են Վիրգիլիոսի ձեռագրի միլանյան օրինակի վրա Պետրարկայի ձեռքով արված նշումներից[Ն․ 1]։

 

Լաուրան, որ հայտնի է իր առաքինություններով և երկար ժամանակ փառաբանվել է իմ երգերում, առաջին անգամ իմ աչքերի առջև հայտնվել է իմ երիտասարդության արշալույսին՝ 1327 թվականի Տիրոջ տոնին՝ ապրիլի 6-ի առավոտյան Սուրբ Կլարայի տաճարում՝ Ավինյոնում։ Եվ նույն քաղաքում, նույնպես ապրիլին և նույնպես այդ ամսի վեցերորդ օրը, նույն առավոտյան ժամերին 1348 թվականին լքեց այս աշխարհը լույսի շողը, երբ ես պատահաբար Վերոնայում էի, ցավոք իմ բախտից անտեղյակ։ Ցավալի լուրն իմ ըկներ Լյուդովիկոսի նամակի միջոցով ինձ հասավ Պարմայում նույն թվականի մայիսի 19-ի առավոտյան։ Այդ անարատ ու գեղեցիկ մարմինը թաղվել է ֆրանցիսկյանների գերեզանատանը նույն օրվա երեկոյան։ Նրա հոգին, ինչպես Սկիպիոն Աֆրիկացու մասին ասում է Սենեկան, վերադարձել է, ինչում ես համոզված եմ, երկինք, որտեղից և նա եկել էր։ Ի հիշատակ ողբերգական իրադարձության, ինչ-որ դառը նախազգացողությամբ, թե այլևս չպետք է լինի ոչինչ, որ կուրախացնի ինձ այս կյանքում, և այն բանից հետո, ինչ պատռվել է այս հզոր ցանցը, ժամանակն է փախչել այս Բաբելոնից, գրում եմ այս մասին հենց այն վայրում, որ հաճախ կանգնած է իմ աչքերի առաջ։ Երբ ես նայեմ այս բառերին և հիշեմ արագ անցած տարիները, ինձ համար հեշտ կլինի, Աստծո օգնությամբ, քաջ ու արի մտքով ձեռք քաշել անցյալի ապարդյուն հոգսերից, ցնորական հույսերից ու նրանց անսպասելի վախճանից[5]։

 
 
Մերի Սպարտելի Ստիլման, «Պետրարկայի ու Լաուրայի առաջին հանդիպումը»

Ամենայն հավանականությամբ Լաուրան ունեցել է մեծ ընտանիք, եղել է արժանավոր կին ու վաղ է մահացել։ Բանստեղծություններում նրա անունով կատարված բառախաղերից (օրինակ՝ Laura — l’aurea, այսինքն՝ «ոսկի») հայտնի է, որ նա ունեցել է ոսկեգույն խոպոպներ։

 
Պետրարկան նայում է իր կողքով անցնող Լաուրային

Լուրայի հետ առաջին հանդիպմանը հաջորդած երեք տարիները Պետրարկան անցկացրել է Ավինյոնում՝ գովերգելով իր պլատոնական սերը նրա հանդեպ և փորձելով որսալ նրա հայացքը եկեղեցում կամ այլ վայրերում, ուր լինում էր նա։ Ապա 1330 թվականին նա հեռացել է Ավինյոնից ու մեկնել Լոմբե (Ֆրանսիա), որտեղ գտնվում էր Բենեդիկտոս XII-ի կողմից նրան հանձնված կանոնիկոսությունը։ 1337 թվականին Պետրարկան վերադարձել է և ձեռք բերել ոչ մեծ կալվածք Վոկլյուզում, որպեսզի մոտ լինի Լաուրային։ Պետրարկան ընդունել է հոգևոր աստիճան և չէր կարող ամուսնանալ, սակայն կանանց հետ հարաբերություններից չի խուսափել և ունեցել է երկու երեխա տարբեր կանանցից։ Ավանդությունը հայտնում է, որ վերջին անգամ Պետրարկան Լաուրային տեսել է 1347 թվականի սեպտեմբերի 27-ին։

Լաուրայի մահվան պատճառը ճշտել դժվար է․ շատ պատմաբաններ ենթադրում են, թե դա եղել է ժանտախտը, քանի որ այդ թվականին Ավինյոնը շատ է տուժել այդ հիվանդությունից։ Սակայն Լաուրայի մահվան ժամանակ ներկա եղածներից ոչ ոք չի հիշատակում ժանտախտին բնորոշ ախտանիշներ։ Հնարավոր է, որ նա մահացած լինի տուբերկուլոզից կամ հաճախակի ծննդաբերությունների պատճառով առաջացած հյուծվածությունից (համարվում է 11 երեխայի մայր)։ Նա եղել է 38 տարեկան։ Պետրարկան իր մահվան նախօրեին՝ Լաուրայի մահվանից շատ տարիներ անց, գրել է․ «Արդեն ոչնչի մասին չեմ մտածում ես, բացի նրանից»։

Այն հարցը, թե իսկապես իրական է եղել Պետրարկայի գովերգած Լաուրան, երբեք պատասխան չի գտնի։ Ընդ որում, Լաուրան, որ մշտապես ներկա է Պետրարկայի բանաստեղծություններում, երբեք չի հիշատակվում նրա նամակներում։ Նամակներից մեկում Պետրարկան խոսում է իր անցած սիրո մասին (Սերունդներին)[6], իսկ մյուսում հերքում է այն մեղադրանքները, թե Լաուրան անիրական է (Familiares II, IX)[Ն․ 2]։ Լաուրայի իրական լինելուն կասկածել են նաև Պետրարկայի ընկերները։ Եթե նա գոյություն է ունեցել, ապա անհայտ է, թե խոսել է Պետրարկան նրա հետ գոնե մի անգամ, և արդյոք Լաուրան իմացել է բանաստեղծի զգացմունքների մասին․ իրադրությունը գրեթե կրկնում է Դանթեի ու Բեատրիչեի պատմությունը։ Վիրգիլիոսի ձեռագրի նշումներում նա հիշատակվում է որպես Լաուրեա, մյուս բոլոր գրություններում՝ Լաուրա, սոնետներում նրա անունը հանդիպում է բազմաթիվ բառախաղերում այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են՝ ոսկի, դափնի, օդ․ l’aureo crine – «ոսկի մազեր», lauro – «դափնի», l’aura soave – «հաճելի սյուք»[5], l’ora – «ժամ»։ Իր կյանքի վերաբերյալ Պետրարկան գրել է, թե ինքն ունեցել է երկու հիմնական ցանկություն՝ Լաուրա և դափնի, այսինքն՝ սեր և փառք։ Լաուրայի մակդիրներից է նաև Պետրարկայի հորինած[7] «dolce nemiса» (սիրելի թշնամի) օքսիմորոնը։

Սոնետ LXI


Թող օրհնվի օրը, ամիսը, տարին,
Ժամը, վայրկյանը, պահը անմոռաց,
Եվ այն երկիրը, ուր մի օր հանկարծ
Մի զույգ հուր աչքեր ինձ թախիծ բերին։

Օրհնանք թող լինի քաղցր հույզերին,
Երբ ես սիրեցի այնպես կախարդված,
Եվ թող օրհնվի նիզակը նետված,
Ու մինչ սիրտ հասնող իմ վերքը խորին։

Թող ձայնն օրհնվի, որով ամեն օր,
Դոննա, ես ձեզ եմ կանչում ու լսում,
Թող օրհնվի իմ հառաչանքը խոր.
Իմ արցունքավորված երգերն այս բազում,
Ձեր փառքը, Դոննա, խոհերս բոլոր,
Սիրտս ուրիշին զիջել չի ուզում։

Թարգմանությունը՝ Էդ. Ավագյանի

Լաուրան Պետրարկայի արվեստում խմբագրել

Ընդհուպ մինչև 1356 թվականը Պետրարկան ամեն տարի Լաուրայի հետ ծանոթության տարեդարձը նշել է սոնետ գրելով։ Լաուրայի մահվանից հետո Պետրարկան նրան գովերգել է ևս տասը տարի։ Լաուրային նվիրված սոնետների ու կանցոնների («Canzoniere») ժողովածուն հրատարակիչների կողմից բաժանվել են երկու մասի՝

  • Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի կենդանության ժամանակ (Rime in vita Laura), 263 սոնետ,
  • Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի մահից հետո ( Rime in morte Laura), 103 սոնետ։
 
Ալտիկերո դա Ձևիո, Պետրարկայի դիմանկարը

Պետրարկայի ստեղծագործությունները ռուսերեն թարգմանած Ա․ Բերդնիկովը գրում է․

  Պետրարկայի մոտ՝ վերջին ձեռագրում դրանք (բաժանումներ) չկան, այնտեղ պարզապես ներկարված են մաքուր թղթեր, ինչպես ջրաբաժան այս կյանքի Լաուրայի ու մյուս կյանքի Լաուրայի միջև․․․ Նա շփվում էր երկուսի հետ էլ, մեծ տարբերություն մեկի ու մյուսի միջև աշխատում էր չնկատել։ Երևում է, որ մեռած Լաուրա նրա համար չկար, չէր կարող լինել։ Ուղղակի կար ինչ-որ ուրիշը, բայց էլի կենդանի։
 

Երկու մասերը կրում են երկու տարբեր լեյտմոտիվներ․ «առաջինում Լաուրա-Դափնեի (դափնու հավերժահարս) թեման է, երկրորդում Լաուրան բանաստեղծի առաջնորդն է երկնային ոլորտներում, Լաուրան պահապան հրեշտակ է, որ բանաստեղծի մտքերն ուղղում է դեպի բարձրագույն նպատակներ»[9]։

Canzoniere-ն բանաստեղծություն է տրուբադուրների ու կիրթ սիրո ավանդույթներով։ Սակայն, ինչպես նշում են հետազոտողները, Պետրարկայի մոտ նորը, ուշ Միջնադարի պալատական գրականության համեմատությամբ, սերը բանաստեղծական պայմանական հնարքից հենց կյանքի ու զգացմունքի սկզբունքի վերափոխելն է»[10]։ Ինչպես նշում է Վ․ Բիբիխինը, «նորացող սերը, որը պրովանսցիների մոտ դեռևս համարվում էր (թեև արդեն այսպիսին չէր) մարդու ու բանաստեղծի համար բազմաթիվ հնարավոր թեմաներից միայն մեկը․ գիշերային հանդիպումներ, նախարշալույսային բաժանումներ, հավատարության երդումներ, լքվածության տառապանքները ենթադրում են, որ ինչ-որ կյանք գնում է իր հունով։ ․․․․Նա (Պետրարկան) իր համար չի թողնում գրեթե ոչ մի ինտիմ կայնք բացի ծառայելը դոննային, ծառայելը փառքին, ծառայելը բառին, որը բառացիորեն կլանել էր նրան տարիների ընթացքում ավելի շատ՝ ընդհուպ մինչև վերջին րոպեն, որ նրան գտել է, համաձայն կայուն լեգենդի, գրքերի ու թղթերի մոտ։ Նա ոչնչի մեջ պատրաստի հետարան չունի․ սերը, ոչ թե ողջամիտն «սերն առ Աստված» կամ անկիրք «սերն առ մարդը», այլ կլանող սիրահարվածությունը, միակ հանգույցն է, որի վրա ամրացած է նրա հոգին»[11]։

Այստեղ «խոսքկ չկա սիրային հարաբերությունների մասին։ Կա միայն սեր՝ որպես պաշտամունք, որ ծագել է վայրկենական ու ընդմիշտ։ Բանաստեղծը մշտապես տատանվում է հույսի ու հուսահատության միջև։ Այս ներքին հակասությունը ծնում է լավագույն սոնետները, որտեղ ուրախությունն անբաժան է տառապանքից, իսկ սերը՝ պոեզիայից, որ ներշնչված է նրանով։ Բանաստեղծն ի վիճակի չէ փոխել ինչ-որ բան։ Փոփոխությունը գալիս է միայն Լաուրայի մահվան հետ։ Բանաստեղծություններն արտահայտում են հուսահատություն, ապա հետզհետե լուսավոր տխրություն նրա մասին, ում համար բացվել են երկնային երանելի սրահները։ Լաուրան ժողովածուի երկրորդ մասում դադարում է լինել երկրային անհասանելի աստվածություն և վերածվում է բանաստեղծի երկնային մխիթարչի»[12]։

Պետրարկայի սոնետները մեծ ազդեցություն են ունեցել իտալերենի՝ որպես գրականության լեզվի նշանակության մեծացման գործում։ Դրանց շնորհիվ նաև ժողովրդականության է արժանացել սոնետի ձևը, որ կոչվել է պետրարկյան սոնետ։

Բանաստեղծների հետագա բազմաթիվ սերունդների կողմից ընդունված պետրարկյան սոնետի կանոնը ներառում է․ սիրո արտահայտման a la Պետրարկա բոլոր ձևերը․ սիրելիի կատարելությունների (ոսկի մազեր, աստղ-աչքեր և այլն) արդեն կանոնիկ դարձած բազմակի նկարագրությունները, նրա անմեղությունը, առաջին հայացքից ծնված սիրո ճակատագրականությունը, անպատասխան զգացմունքներից տառապելու օրհնված լինելը, բնության գիրկը փախչելը (անտառներ, ժայռեր, քարայրներ), որտեղ սիրահարվածի աչքին երևում են մեկ համապատասխանություններ, մեկ հակադրություններ իր հոգեվիճակին, տառապանքերի, արցունքների, խանդի, բաժանման, անքուն գիշերների կամ սփոփիչ երազների, մահ խնդրելու, հույսից հուսահատության անցման պարտադիր առկայությունը և այլն»[13]։

Ինչպես dolce stil nuovo բանաստեղծները, Պետրարկան իդեալականացնում է Լաուրային, նրան դարձնում բոլոր կատարելությունների կենտրոն, ներկայացնում նրա գեղեցկության դրական ազդեցությունն իր հեգականի վրա։ Սակայն Լաուրան չի կորցնում իր իրական նկարագիրը, չի դառնում ալեգորիկ կերպար, ճշմարտության ու առաքինության անմարմին խորհրդանիշ։ Նա մնում է իրական գեղեցիկ կին, որով հիանում է բանաստեղծը՝ գտնոլեով նորանոր գույներ նրա գեղեցկությունը նկարագրելու համար, նկատելով այն առանձնահատուկն ու անկրկնելին, որ կա տվյալ դեպքում, դվյալ իրավիճակում։

Լաուրայի մահվանից մի քանի տարի անց Պետրարկան գրել է I Trionfi-ը՝ կրոնական ալեգորիան, որում իդեալականացրել է նրան։

Ալեքսեյ Ջիվելեգովը կարծում է, որ Լաուրան եղել է իրական անձնավորություն, և նրանց միջև հարաբերությունները եղել են ոչ պլատոնական։ Լաուրան չի իմացել լատիներեն, և ավանդույթ էլ չկար սրտի տիրուհուն գովերգել Ցիցերոնի լեզվով։ Ենթարկվելով այդ ավանդույթին՝ Պետրարկան թաքցրել է իր սիրո իրական բնույթը, թաքցրել է, որ այն եղել է զգացմունքային կիրք, և Պրովանսի ու Ֆլորենցիայի քնարերգակների օրինակով իրեն ներկայացրել է որպես պլատոնական սիրահար, որը, ինչպես Դանթեն իր Բեատրիչեին, որոնում է միայն ողջունող ու սիրալիր հայացք։ Գիտնականի կարծիքով՝ իտալերեն բանաստեղծությունները եղել են բոլորովին անլուրջ․ Պետրարկան դրանք կոչել է չնչին (nugellae) և դրանք համարել անավարտ ու անհաս (rerum vulgarium fragmenta)։ Բայց այդ չնչին ստեղծագործությունները նրա համար շատ թանկ են․ նա հավաքել է դրանք ու արտագրված ձեռագիրը պահել գրեթե նույնքան խնամքով, որքան իր լատիներեն բանաստեղծությունները։ Հետագայում, երբ Պետրարկայի լատիներեն ստեղծագործությունները սկսել են մոռացվել, իսկ դա եղել է 15-րդ դարի վերջին, սկսել են նմանակել նրա սոնետներին ու կանցոններին։ Ներկայում նրա լատիներեն ստեղծագործությունները վաղուց մոռացվել են, իսկ սոնետներն ընդգրկված են դպրոցական ծրագրերում[14]։

Լաուրայի նկարները խմբագրել

 
Լաուրան (Վեներայի կերպարով) ու Պետրարկան, շուրջ 1444 թ․

Պետրարկայի ստեղծագործություններից հայտնի է, որ Լաուրայի դիմանկարն իր համար ստեղծել է հայտնի գեղանկարիչ Սիմոնե Մարտինին, որ այդ ժամանակ աշխատում էր Ավինյոնում՝ պապական պալատում։ Դա եղել է ոչ թե գեղանկար, այլ ուրվանկար, գուցե գունավորված[15]։ Այդ դիմանկարի ու նկարչի հանդեպ երախտագիտության մասին բանաստեղծը հիշատակում է առնվազն երկու սոնետում։

Դատելով «Աշխարհի հանդեպ արհամարհանքի մասին» երկխոսություններից[16]՝ Պետրարկան այդ դիմանկարը միշտ պահել է իր մոտ, ինչպես իր ժամանակակիցները պահում էին ծալվող սրբապատկերներ, ինչը նորություն էր այդ ժամանակ։ Այդ դիմանկարը, որ չի պահպանվել, եղել է Նոր ժամանակների առաջին ինքնուրույն դիմանկարներից մեկը։

Հիշատակվում է նաև, որ մի քանի տասնամյակ անց Ջովաննա I Նեապոլիտանացի թագուհին պատվիրել է որմնանկարներ Սանտա Մարիա Ինկորոնատա մատուռի համար, որ կառուցվել է 1360-73 թվականներին։ Կամարներին պատկերված են 7 խորհուրդներն ու Եկեղեցու հաղթանակը։ Այդ նկարներն արվել են Ամբրոջո Լորենցետիի աշակերտներից մեկի կողից։ Ասվում է, որ այդ պատկերների մեջ կարելի էր տեսնել Ռոբերտ Անժույցի թագավորին, նրա թոռնուհի Ջովաննա թագուհուն, ինչպես նաև Պետրարկային ու Լաուրային, որը բանաստեղծին օգնում է նրա որդու՝ Ջովաննիի մկրտության ժամանակ։ Հաջորդ դարում Ջովաննի դի Սեր Ջովաննին (1406-1486) Պետրարկայի «Հաղթանակներ» (« I Trionfi») ստեղծագործության հիման վրա ստեղծել է «Սիրո հաղթանակ» տեմպերան փայտի վրա, որում ներկայացրել է Լաուրային ու Պետրարկային (Ֆլորենցիա, Museo di Palazzo Davanzati)։ Ֆրանչեսկո Լաուրանան (1430-1502) պատրաստել է Լաուրայի հետմահու դիմակը (Գրանե թանգարան, Էքս ա Պրովանս)։ Լաուրայի ամենահայտնի դիմանկարը պատկանում է դե Սադ ընտանիքին։

Լաուրա դե Նով խմբագրել

 
Լաուրայի դիմանկարը «Լաուրա Սադ Ավինյոնցի, Պետրարկայի հայտնի մուսան» մակագրությամբ

Թեև այն հարցը, թե իրական է եղել արդյոք Պետրարկայի գովերգած Լաուրան, դեռևս վերջնական լուծում չի ստացել, որպես այդպիսին ներկայացվող պատմականորեն հավաստի Լաուրաներից առավել ընդունված է Պետրարկայի սրտի տիրուհի համարել Լաուրա դե Նովին։ Լաուրա դե Նովը (անվան պրովանսական տարբերակը՝ Լոր[8]) եղել է մարքիզ դե Սադի նախնի կոմս Հյուգո II դե Սադի (ֆր.՝ Hugues II de Sade) կինը։ Սակայն վերջնականապես ապացուցված չէ, որ հենց այդ կինն է եղել Պետրարկայի սիրելին[17]։

 
Chapelle des Cordeliers

Լաուրա դե Նովին եղել է ասպետ Օդիբեր դե Նովի (Audibert de Noves) և Էրմեսենդա դե Ռեալի (Ermessenda de Réal) դուստրը։ Նա ունեցել է մեկ եղբայր՝ Ժանը, և մեկ կրտսեր քույր՝ Մարգարիտան։ Օդիբեր դե Նովը մահացել է շուրջ 1320 թվականին՝ Լաուրային թողնելով օժիտ 6000 տուրյան լիվրի չափով։ Լաուրան ամուսնացել է 15 տարեկան հասակում 1325 թվականի հունվարի 16-ին․ ամուսնական պայմանագիրը կնքել է նոտարիուս Ռայմոն Ֆոգասեն (Raymond Fogasse)։ Ունեցել է տասնմեկ երեխա։ Հայտնի է, որ Լաուրան իր բարեկամուհու՝ Էնենետա Գանտելմա դե Ռոմանիլի ազդեցությամբ հետաքրքրվել է գրականությամբ և եղել է Ավինյոնի «Սիրո պալատի» մասնակից։

Լինելովդե Սադի կինը՝ Լաուրան, ամենայն հավանականությամբ, թաղվել է այդ տոհմի ընտանեկան մատուռում՝ Chapelle des Cordeliers (rue des Teinturiers)՝ Սուրբ Խաչի մատուռում։ Հումանիստ և բանաստեղծ Մորիս Սևը նշել է, որ 1532 թվականին ինքը տեսել է շիրմաքար, որ զարդարված էր «խաչի վրա իահյուսված դափնու երկու ճյուղերով ու հերալդիկ վարդով» գերբով։ Բացելով գերեզմանը՝ նա գտել է կապարե տուփ, որի մեջ կար իր կուրծքը ծեծող կնոջ պատկերով մեդալ և Պետրարկայի սոնետը։ Մի քանի ամիս անց՝ 1533 թվականի օգոստոսին, թագավոր Ֆրանցիսկ I-ը նույնպես եղել է այդ գերեզմանի մոտ, գիշերը մնացել մատուռում և գրել մի սոնետ[18], որ մնացել է Լաուրայի գերեզմանի վրա[19]։

Լաուրայի մահվանից յոթ ամիս անց նրա ամուսինն ամուսնացել է Վերեն դե Տրանտլիվրի (Verdaine de Trentelivres) հետ, ով ունեցել է վեց երեխա։ Լաուրայի տասնմեկ երեխաների անուններն են՝ Paul, Audebert, Hugues III, Pierre, Jacques, Joannet, Philippe, Augière, Ermessende, Marguerite, Garsende։

 
դե Սադ ընտանիքի կալվածք Լա Կոստե ամրոցը

Դե Սադ ընտանիքը լրջորեն զբաղվել է Լաուրայի կերպարով, որին իրենց նախնիների շարքում ունենալը համարել է մեծ պատիվ, որոնել է նրա գերեզմանը և պատվիրել դիմանկարներ[5]։ Մարքիզ դե Սադի կենսագիրը գրում է, որ այն հարցը, թե արդյոք Լաուրա դե Սադը եղել է Պետրարկայի Լաուրան, չի մնացել առանց բանավեճերի, թեև Սադերի ընտանիքը երբեք չի կասկածել դրանում։ Մարքիզի հորեղբայր աբբա դե Սադը՝ Վոլտերիի ընկերը, զբաղվել է իր նախնու ու նրա երկրպագուի կյանքի ուսումնասիրությամբ։ Արդյունքում 1764-1767 հրատարակվել է «Մեմուարներ Ֆրանչեսկո Պետրարկայի կյանքից» աշխատությունը։ Մարքիզ դե Սադը, որի համար երկարամյա բանտարկությունների ընթացքում սփոփանք է եղել Լաուրայի հայտնվելը երազներում, նույնպես բարձր է գնահատել նրան։ 1792 թվականին, երբ ապստամբներն ավերել են Ավինյոնի եկեղեցին, մարքիզ դե Սադի հանձնարարությամբ Լաուրայի մնացորդները տեղափոխվել են Լա Կոստե ամրոցի մոտ»[20]։

Հիշատակ խմբագրել

  • Լաուրա Բատիֆերի, Ռենեսանսի բանաստեղծուհի, իրեն հայտարարել է Պետրարկայի ժառանգորդուհի։ Դիմանկարում պատկերված է Պետրարկայի բանաստեղծությունների հատորը ձեռքին՝ մատը Լաուրային նվիրված սոնետի վրա։
  • Անդրե Մորուայի պնդմամբ՝ Բայրոնն ասել է. «Մի՞թե դուք կարծում եք, որ եթե Լաուրան Պետրարկայի կինը լիներ, նա ամբողջ կյանքում սոնետներ կգրեր»[21]։ Այդ կարծիքը պաշտպանել է նաև Կարամզինը[22]։
  • Ալեքսանդր Օդոևսկին «Ա․ Մ․ Յանուշկևիչին, որ կիսեց ինձ հետ կիպարիսի ճյուղը Լաուրայի գերեզմանից» (ռուս.՝ «А. М. Янушкевичу, разделившему со мной ветку кипарисовую с могилы Лауры») բանաստեղծությունը գրել է սիբիրյան աքսորի տարիներին, երբ ստացել է դափնու ճյուղ Իտալիայում եղած Ադոլֆ Յանուշկևիչից։
  • Լաուրայի պատվին է կոչվել (467) աստերոիդը, որ հայտնաբերվել է 1901 թվականին։

Նշումներ խմբագրել

  1. Մագաղաթյա ձեռագիրը, որ տարբեր մանր աշխատանքներից բացի ներառում էր նաև Վիրգիլիոսի ստեղծագործությունները Սերվիոսի մեկնաբանություններով, 13-րդ դարի ձեռագիր է, Պետրարկայի ընտանեկան մասունքը։ Ըստ Պետրարկայի նշումների՝ ձեռագիրը գողացվել է 1326 թվականի նոյեմբերի 1-ին, սակայն տարիներ անց՝ 1338 ապրիլի 17-ին, ինչ-որ հրաշքով նա կրկին ձեռք է բերել այդ ձեռագիրը։ Պետրարկան երբեք չի բաժանվել այդ ձեռագրից և այն միշտ տարել է իր հետ։ Նրա լուսանցքներում նա նշումներ է կատարել, որոնք տարիների ընթացքում նմանվել են օրագրի։, որ ներառում էր նրա դիտողություններն ու մտքերը Վիրգիլիոսի, ձեռք բերված գիտելիքների, կարդացած գրքերի մասին։ Նրանում նշված են նաև որոշ փաստեր նրա կյանքից։ Դրանցից ամենակարևորը, որ վերաբերում է Լաուրային, գրված է Պետրարկայի կողմից կազմին ամրացված առաջին էջի հակառակ կողմում։ Մի այլ սոսնձված էջի վրա Սիմոնե Մարտինիի մանրանկարն է, որ պատկերում է Պետրարկային
  2. «Ի՞նչ ես դու ինձ ասում։ Իբր թե ես հորինել եմ Լաուրայի հաճելի անունը, որ կարողանամ խոսել մեկի մասին, և որ իմ մասին ամենուր խոսեն, թե իբր իրականում Լաուրան իմ հոգում միշտ եղել է միայն այն պոետական դափնին, որին ես կարոտում եմ, ինչի մասին է վկայում իմ բազմամյա անխոնջ աշխատանքը։ Դուրս է գալիս, թե այդ կենդանի Լաուրայի մեջ, ում կերպարը իբր թե այդպես գերել է ինձ, իրականում ամեն ինչ արհեստական է, այս ամենը միայն հորինված երգեր են ու կեղծ հառաչանքնե՞ր։ Եթե միայն այդքան հեռու գնար քո կատակը։ Եթե հարցը լիներ միայն կեղծավորությունը, ոչ թե խենթությունը։ Բայց հավատա ինձ․ ոչ ոք չի կարող երկար ժամանակ ձևացնել առանց մեծ ջանքերի, իսկ ջանք գործադրել միայն նրա համար, որ նմանվես խենթի, իսկապես խելագարության բարձրակետն է։ Ավելացրու դրան այն, որ լինելով քաջառողջ, կարելի է ձևանալ հիվանդ, սակայն իսկական գունատություն ձևացնել անհնար է։ Իսկ քեզ տեսանելի են իմ տառապանքներն ու իմ գունատությունը։ Տե՛ս, որ քո սոկրատեսյան կատակով չվիրավորես իմ հիվանդությունը» (Նամակ Լոմբեզի եպիսկոպոս Ջակոպո Կոլոնին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Collective Biographies of Women
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. У.Шекспир. Сонеты. Предисловие (В. Николаев, А. Шаракшанэ)
  5. 5,0 5,1 5,2 «Ян Парандовский. «Петрарка»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. Письмо к потомкам
  7. Филип Сидни. «Астрофил и Стелла». Примечания
  8. 8,0 8,1 А. Бердников. Заметки на полях переводов Петрарки
  9. Н. Томашевский. Франческо Петрарка
  10. В. П. Шестаков. Эрос и культура: Философия любви и европейское искусство
  11. Бибихин В. В. Слово Петрарки // Петрарка Ф. Эстетические фрагменты М, 1982. С. 26
  12. «Всемирная литература». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. П. Ю. Подгаецкая. Луиза Лабе, прекрасная канатчица
  14. А. К. Дживелегов. Начало итальянского Возрождения
  15. Гращенков В. Н. Портрет в итальянской живописи Раннего Возрождения. М., 1996. С. 36-37
  16. Petrarch's Secret; or, the Soul's Conflict with Passion by Francesco Petrarca
  17. New Standard Encyclopedia, 1992 by Standard Educational Corporation, Chicago, Illinois; p. P-240
  18. En petit lieu comprins vous pouvez veoir
    Ce qui comprend beaucoup par renommée.
    Plume, labeur, la langue et le sçavoir
    Furent vaincus par l’aymant de l’aymée
    O gentille âme ! estant tant estimée,
    Qui te pourra louer qu’en se taisant,
    Car la parole est toujours réprimée,
    Quand le sujet surmonte le disant.

  19. Laure de Noves // Marc Maynegre
  20. Томас Дональд. Маркиз де Сад
  21. А. Моруа. Нежная, как воспоминание
  22. Н. Карамзин. Юлия

Գրականություն խմբագրել