Լանկաստերների պատերազմ[1], Հարյուրամյա պատերազմի երրորդ էտապ։ Սկսվել է 1415 թվականին՝ նորմանական Աֆֆլյոր[2] նավահանգստում Հենրիխ V Լանկաստերի գլխավորությամբ անգլիական զորքի ափ հանումով և ավարտվել 1428 թվականին՝ Ժաննա դ՚Արկի հանդես գալով և ֆրանսիական բանակի հակահարձակման անցնելով։

Հարյուրամյա պատերազմ
Օռլեանի պաշարումը
Թվական 1415—1428 (13 տարի)
Վայր Հիմնականում Ֆրանսիա
Արդյունք Ֆրանսիական բանակի հակագրոհի անցնելը
Հակառակորդներ
Ֆրանսիայի թագավորություն

Շոտլանդիայի թագավորություն

Անգլիայի թագավորություն

Ուելսի իշխանություն

Բուրգունդայի դքսություն

Հրամանատարներ

Նախապատմություն խմբագրել

14-րդ դարի վերջին Ֆրանսիայում թագավոր Կառլ VI Խելահեղի զարմիկ Ժան Բուրգունդացի Անվախի և վերջինիս եղբայր Լյուդովիկոս Օռլեանացու միջև նոր կոնֆլիկտ է սկսվել։ Լյուդովիկոս Արմանյակի սպանությունից հետո Ժան Անվախի հակառակորդները գրավել են իշխանությունը[2][3]։ Երկու կողմերն էլ ցանկացել են օգնության կանչել անգլիական զորքերին։ Սակայն անգլիական զորքերը չէին կարող օգնել կողմերից ոչ մեկին, քանի որ ապստամբություններ բռնկվել էին հենց Անգլիայում, ինչպես նաև՝ Իռլանդիայում և Ուելսում։ Անգլիայի թագավոր Ռիչարդ II-ը իր կառավարման մեծ մասն անցկացրել է Իռլանդիայի դեմ պայքարի մեջ։ Հենրիխ IV-ի իշխանության գալու ժամանակ Իռլանդիայի հիմնախնդիրը դեռևս լուծված չի եղել[4]։ Այդ ժամանակ Օուայն Գլինդուրի ղեկավարությամբ բռնկվել է նաև Ուելսի ապստամբությունը։ Մի քանի տարի Ուելսը փաստացի ինքնուրույն պետություն է եղել։ Այդ ապստամբությունը վերջնականապես ճնշվել է 1415 թվականին։ Անգլիայի թագավորների փոխվելուց օգտվելով՝ շոտլանդացիները ներխուժել են նրա տարածք։ Սակայն անգլիական զորքերը արագ անցել են հակահարձակման և 1402 թվականին Հոմիլդան-Հիլի մոտ ջախջախել են շոտլանդացիներին։ Այս իրադարձություններից հետո կոմս Հենրի Պերսին ապստամբություն է բարձրացրել թագավորի դեմ, որը վերածվել է երկարատև և արյունահեղ պայքարի և ավարտվել միայն 1408 թվականին։ Ապստամբություններին զուգահեռ՝ Անգլիան ապրում էր ֆրանսիական զորքերի և սկանդինավյան ծովահենների արշավանքների ժամանակաշրջան, որը ծանր հարված է հասցրել անգլիական նավատորմին և տնտեսությանը։ Այս հիմնախնդիրների պատճառով Ֆրանսիայի գործերին խառնվելը հետաձգվել է մինչև 1415 թվականը[5]։

Պատերազմ խմբագրել

Պատերազմի սկիզբ խմբագրել

 
Ազենկուրի ճակատամարտը: Մանրանկար Անգերրան դը Մոնստրելի ձեռագրից (1495 թվական)

Անգլիայի թագավոր Հենրիխ IV-ը գահ բարձրանալուց հետո Ֆրանսիա ներխուժելու և նոր տարածքներ նվաճելու պլաններ է կազմել։ Այդ պլանները կյանքի է կոչել նրա որդի Հենրիխ V-ը։ 1414 թվականին նա հրաժարվել է դաշինք կնքել արմանյակների հետ։ Նրա պլանների մեջ են մտել Հենրիխ II-ի օրոք Անգլիային պատկանած տարածքների վերադարձնելը։ 1415 թվականի օգոստոսին անգլիական բանակը իջել է Արֆլյորի մոտ և գրավել քաղաքը։ Այդպես սկսվել է Հարյուրամյա պատերազմի երրորդ փուլը[4]։

Ցանկանալով երթարշավով գնալ Փարիզ՝ թագավորը զգուշաբար ընտրել է այլ ուղի, որը մոտ էր անգլիացիների կողմից օկուպացված Կալեին։ Սակայն անգլիական բանակի պարենամթերքը բավարար չի եղել, որի պատճառով նա հետագայում հարձակումից անցել է պաշտպանության։ Չնայած արշավի անհաջող սկզբին՝ 1415 թվականի հոկտեմբերի 25-ին, Ազենկուրի ճակատամարտում անգլիացիները վճռական հաղթանակ են տարել ֆրանսիացիների գերազանցող ուժերի դեմ[6]։

Անգլիական բանակի հարձակում խմբագրել

Հարյուրամյա պատերազմի երրորդ փուլի ընթացքում անգլիական բանակը գրավել է Նորմանդիայի մեծ մասը, ներառյալ՝ Կանը (1417 թվական) և Ռուանը (1419 թվական)։ Ժան Խիզախի սպանությունից հետո Փարիզը գրաված Բուրգունդական դուքսի հետ դաշինք կնքելով՝ Անգլիայի թագավորը հինգ տարվա ընթացքում իրեն է ենթարկել Ֆրանսիայի տարածքի գրեթե կեսը[7]։ 1420 թվականին Հենրիխը բանակցությունների ժամանակ հանդիպել է Կառլ VI Խելահեղին, որի հետ կնքել է Տրուայի պայմանագիրը։ Ըստ այդ պայամանագրի՝ Հենրիխ V-ը հայտարարվել է Կառլ VI Խելահեղի գահաժառանգ՝ շրջանցելով օրինական ժառանգ դեռահաս Կառլ VII-ին։ Պայմանագրի կնքումից հետո՝ ընդհուպ մինչև 1801 թվականը, Անգլիայի թագավորները կրել են Ֆրանսիայի թագավորների տիտղոսը ևս։

Սակայն շուտով Ֆրանսիայում ափ է իջել նրա նկատմամբ բարեկամաբար տրամադրված շոտլանդական բանակը, որն օգնել է Ֆրանսիային հետ նվաճելու տարածքի որոշ մասը։ 1421 թվականին Բյուկենի կոմս Ջոն Ստյուարտը Բոժեի ճակատամարտում ջախջախել է թվային գերազանցություն ունեցող անգլիական բանակին[7]։ Անգլիական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը և բարձրաստիճան հրամանատարների մեծ մասը զոհվել են այդ ճակատամարտում։ Այդ պարտությունից հետո՝ 1422 թվականին, Մոում մահացել է Հենրիխ V-ը։ Նրա միակ, մեկ տարեկան որդին արագ թագադրվել է Անգլիայի թագավոր, բայց արմանյակները բարեկամ են մնացել Կառլ VI Խելահեղի որդուն, ինչի պատճառով էլ պատերազմը շարունակվել է[7]։

1423 թվականին Կրավանի ճակատամարտում ֆրանկո-շոտլանդական բանակները ծանր կորուստներ են կրել։ Այդ ճակատամարտում անգլիացիները կարողացել են հաղթանակ տանել տասներկու հազարանոց ֆրանկո-շոտլանդական բանակի նկատմամբ։ Ֆրանսիական զորքերի պարտության հետևանքով կապերը խզվել են Պիկարդիայի և Ֆրանսիայի հարավի միջև։ Նախկինի նման օրինական գահակալին աջակցող տարածքը բաժանվել է։ Կրավանի պարտությունն իր հետ բերել է մի քանի պարտություններ ևս[6][8]։

Պարտիզանական պատերազմի սկիզբ խմբագրել

1428 թվականի հոկտեմբերին անգլիական բանակը պաշարել է Օռլեանը[7][8]։ Օռլեանի մերձակա Ռուվրե գյուղի մոտ անգլիական բանակի պարենի պաշարի վրա ֆրանսիացիների հարձակումը վերածվել է ճակատամարտի, որը պատմության մեջ մտել է «Ծովատառեխի ճակատամարտ» անունով և ավարտվել ասպետ Ջոն Ֆաստոլֆի գլխավորած անգլիացիների հաղթանակով։ Այդ ամրոցը կարևոր ռազմավարական օբյեկտ էր Ֆրանսիայում, որը կարող էր կարևոր դեր խաղալ երկրի ճակատագրում։ Այդ պատճառով Օռլեանի պաշարումից հետո զանգվածային պարտիզանական պատերազմ է սկսվել երկրի հյուսիսային որոշ մարզերում՝ Նորմանդիայում, Պիկարդիայում, Մենում։ Ջոկատների կազմում մտել են գյուղացիներ, քաղաքացիներ, ասպետներ[7]։ Անգլիական բանակը չի կարողացել ճնշել այդ ապստամբությունները։

Այդ պատերազմի գլխավոր անձը Ժաննա դ՚Արկն էր՝ Շամպանի և Լոթարինգիայի սահմանում գտնվող Դոմրեմի գյուղից մի գեղջկուհի[8]։ Նրան թվացել է, թե հենց ինքն է նախընտրված՝ երկիրը թշնամուց փրկելու համար (այդ ժամանակ ժողովրդի մեջ լուրեր են պտտվել, թե այդպիսի կույս աղջիկ-հերոսուհի պիտի հայտնվի)։ Երբ լուրը է տարածվել, որ անգլիացիները պաշարել են Օռլեանը, Ժաննա դ՚Արկը մեկնել է Կառլ VII թագավորի մոտ՝ պաշարված քաղաքը ազատագրելու։ Մեծ ջանքերով աղջկան հաջողվել է համոզել թագավորին՝ ձի տալ իրեն և ուղեկցող ջոկատ՝ Բուրժով անցնելու համար (այդ տարածքը գրավված է եղել բուրգունդացիների և անգլիացիների կողմից)։ Թագավորը նրան անվստահությամբ է ընդունել, սակայն ի վերջո որոշել է բավարարել նրա խնդրանքը, քանզի Օռլեանում լուր էր տարածվել կույս-հերոսուհու մասին[5]։

Հենց Ժաննա դ՚Արկի հայտնվելը դարձել է պատերազմի շրջադարձային պահը։ Զանգվածային պարտիզանական պատերազմի հետևանքով ֆրանսիական բանակը պաշտպանությունից անցել է հակահարձակման և գրեթե ամբողջությամբ հետ նվաճել պատերազմի ընթացքում անգլիացիների գրաված բոլոր տարածքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Средство от бессонницы. — Gennady Esin. — 26 с.
  2. 2,0 2,1 Юлия Школьник Рыцари. Полная энциклопедия. — Litres, 2017-09-05. — 177 с. — ISBN 9785457439801
  3. «Столетняя война». hrono.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 «Столетняя война. [Военно-исторический словарь]». www.medieval-wars.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 «СТОЛЕТНЯЯ ВОЙНА (1337 - 1453 г.г.). История Франции». www.france.promotour.info. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 «СТОЛЕТНЯЯ ВОЙНА (1337-1453 годы)». bibliotekar.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Столетняя война. - Войны Англии». londonmania.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Столетняя война: причины, ход и последствия». История мира. История России и мировая история (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.