Լամարկիզմ, առաջին էվոլյուցիոն ամբողջական տեսությունը, որի հիմնական գաղափարները շարադրված են Ժ. Լամարկի «Կենդանաբանության փիլիսոփայություն» աշխատությունում։ Ըստ Լամարկիզմի, էվոլյուցիայի ընթացքում բնությունն ստեղծել է կառուցվածքային բարդացման աստիճաններ՝ գրադացիաներ։ Վերջիններս ընդունելով որպես բնության զարգացման հիմնական տենդենցների արտահայտություն՝ Լամարկը ձգտում էր այդ պրոցեսին տալ մատերիալիստական բացատրություն և օրգանիզմի կազմակերպվածության բարդացումը երբեմն կապում էր արտաքին միջավայրից թափանցող ֆլյուիդների հետ։ Էվոլյուցիայի մյուս գործոնը Լամարկը համարում էր արտաքին միջավայրի մշտական ազդեցությունը, որը տանում է գրադացիայի խանգարման և պայմանավորում շրջապատող միջավայրին օրգանիզմների հարմարվողականության ամբողջ բազմազանությունը։ Անտեսելով բնական ընտրության գործոնը՝ Լամարկը նույնացրեց փոփոխականություն և հարմարվողականություն հասկացությունները։ Էվոլյուցիոն պրոցեսները մեկնաբանելիս ընդունելով իրարից անկախ երկու գործոններ՝ դրանցից յուրաքանչյուրին նա պատասխանատու էր համարում որոշակի խումբ երևույթների համար։ Պարզից բարդն ընթացող պատմական զարգացումը բացատրում էր «ընդհանուր օրենքներով» (ներքին ձգտում), մասնավոր փոփոխությունները՝ գրադացիաների սահմաններում շեղումների «մասնավոր օրենքներով» (արտաքին միջավայրի ազդեցություն)։ Համաձայն այս ուսմունքի, միջավայրի յուրաքանչյուր փոփոխություն ազդում է օրգանիզմի որևէ օրգանի կառուցվածքի կամ ֆունկցիայի վրա և առաջացած բոլոր փոփոխությունները հարմարվողական բնույթ են կրում։ Լամարկիզմն ունի ընդհանուր կենսաբանական մեծ նշանակություն, սակայն այն չի համարվում հետևողական մատերիալիստական տեսություն։ Բնության հիմքում տեսնելով մատերիան՝ Լամարկը չնկատեց նրա ինքնաշարժման հատկությունը, ժխտեց տեսակների մահացումը, հետևապես նաև նրանց ռեալ գոյությունը։

Գրականություն խմբագրել

  • Полянов, И.М.,Ж.Б. Ламарк и учение об эволюци органического мира, М.,1962
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 478