Լազարյան ճեմարան, հայագիտական և արևելագիտկան ուսումնական ու գիտական խոշոր կենտրոն էր։

Լազարյան ճեմարան
Տեսակհամալսարան, դպրոց, մեծ առանձնատուն և ճարտարապետական հուշարձան
Նախկին անվանումներПереднеазиатскнй институт, Центральный институт живых восточных языков
Հիմնադրված է1815
Լուծարված է1921
ՏնօրենՕլեգ Եսայան
Երկիր Ռուսաստան և  Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Հասցե2 Armyansky Lane, 2 Армянский переулок
Ռուսաստան, Ռուսական կայսրություն դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
 Lazarev Institute Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։ Սովորել են միայն Լազարյան որդեգիրները։ 1820-ական թվականներին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին։ Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան հասակով երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ։ Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։

1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը։ 1830-ական թվականներից ստացել է 2-րդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ։ 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով։ 1848 թվականի կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը դասվել է պետական առաջին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը, ութամյա ուսուցմամբ՝ գիմնազական ութ և լիցեյական երկու դասարաններով։ Վերջին երկու դասարաններում դասավանդվել են արևելյան լեզուներ։ Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ։ Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լեզուների դասատուներ։ 1851 թվականին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին։ Ուսումնական ծրագրի մեջ մտնող մեկ արևելյան լեզվից բացի, հայերը և Կովկասի այլ ազգությունների պատկանող սաները սովորել են նաև իրենց մայրենի լեզուն։ 1872 թվականի նոր կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը կազմվել է երկու ուսումնական հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա։ Արևելյան լեզուների ֆակուլտետը իր ուսումնական մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատություններին։

Ճեմարանի հայկական դեմքը խմբագրել

 
Լազարյան ճեմարանի շենքը ՀՀ փոստային նամականիշի վրա

Լազարյան ճեմարանը իր գոյության ընթացքում պահպանել է իր հայկական դիմագիծը՝ հայերեն դասավանդել են հայագիտական առարկաները, ուսուցչական-դասախոսական կազմի և սաների մեծ մասը եղել են հայեր, ղեկավարությունը (տնօրինություն և հոգաբարձություն) հիմնականում գտնվել է հայերի ձեռքում։ 1844 թվականին Լազարյան ճեմարանում սովորել է 105 սան, որից 73-ը՝ հայ, 30-ը՝ ռուս, 2-ը՝ այլազգի։ Ճեմարանը իրավամբ մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնացան հայոց դպրոցաց» անուններով։ Լազարյան ճեմարանի շնորհիվ հայ դպրոցները, հայ կրթական գործիչները հաղորդակցվել են ռուսական և Եվրոպական առաջավոր մտքին։ Ճեմարանի շուրջ համախմբված հայ մտավորականների՝ Մ. Նալբանդյանի, Ս. Նազարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով է դրվել Մոսկվայի հայ մամուլի հիմքը։ Ճեմարանը ուներ տպարան, որը լույս է ընծայել 13 լեզուներով գրականություն։ Ճեմարանի գրադարանի հավաքածուն (1913 թվականին՝ 40 հազար գիրք) հետագայում դարձել է Հայաստանի ազգային գրադարանի հիմնարար ֆոնդերից մեկը։ Լազարյան ճեմարանը ուներ նաև իր թատրոնը։

1919 թվականին, ՌՍՖՍՀ կառավարության դեկրետով, Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտը վերածվել է Հայկական, այնուհետև՝ վերանվանվել է Արևելյան կենդանի լեզուների, ապա՝ Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի։ ՀԿԳԿ-ի 1921 թվականի որոշմամբ՝ ճեմարանի շենքում ստեղծվել է Խորհրդային Հայաստանի մշակույթի տուն, և շենքը իր ողջ ունեցվածքով հանձնվել է հայ ժողովրդին։ Այսօր Մոսկվայի Հայկական նրբանցք կոչվող փողոցում գտնվող Լազարյան ճեմարանի շենքը Հայաստանի սեփականությունն է, և այնտեղ է գտնվում Ռուսաստանի ՀՀ դեսպանատունը։

Ճեմարանի հետ կապված հայտնի մարդիկ խմբագրել

Տարբեր ժամանակներում դասավանդել են

Ճեմարանում սովորել են բանաստեղծներ Ռ.Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Տերյանը, մանկավարժներ Գ. Աբովյանը, Ս. Մանդինյանը, Ա. Բահաթրյանը, նկարիչներ Վ. Սուրենյանցը, Ե. Թադևոսյանը, Հ. Պատկանյանը, թատերական գործիչներից Մամիկոն Գևորգյան, Ս. Տիգրանյանը, Ռ. Սիմոնովը, Է. Տեր-Գրիգորյանը, Գ. Պետրոսյանը, Գ. Չուբարը, հեղափոխական գործիչ Ա. Մյասնիկյանը, գիտնականներ ու գրականագետներ՝ Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը, Մ. Բարխուդարյանը, Կ. Մելիք-Օհանջանյանը։ Ճեմարանում են սովորել նաև ռուսական մշակույթի ներկայացուցիչներ Իվան Տուրգենևը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Ս. Գլինկան, Յու. Վեսելովսկին։

Լազարյան ճեմարանն այն հազվագյուտ ուսումնական հաստատություններից էր, որտեղ առանց ազգային ու դավանանքի խտրականության ուսանում էին հայեր, ռուսներ, վրացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Դասավանդվել են հանրակրթական առարկաներ, լեզուներ (ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն և այլն)։ Պատրաստվել են դիմորդներ համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազարյան ճեմարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 470