Իրինա (բյուզանդական կայսրուհի)

Իրինա (հուն․՝ Ειρήνη, մոտ 752[1][2][3][…], Աթենք - օգոստոսի 9, 803(0803-08-09)[1][3][4], Լեսբոս[5]), Իսավրյան դինաստիայի բյուզանդական կայսրուհի՝ 797-802 թվականներին։ Բյուզանդիայի պատմության մեջ միանձնյա իշխող առաջին կին տիրակալը։ 768 թվականին դարձել է Լևոն IV Խազար կայսեր կինը, նրա մահից հետո՝ 780 թվականին, իշխել է որպես ռեգենտ իր մանկահասակ որդու՝ Կոստանդին VI-ի օրոք։ Երբ որդին մեծացել է և սկսել պահանջել ինքնուրույն իշխանություն, Իրինան կուրացրել է նրան՝ գրավելով ինքնակալ իշխանությունը։ Այնուհանդերձ, դասվել է ուղղափառ եկեղեցու սրբերի շարքը՝ Նիկիայի երկրորդ ժողովում պատկերապաշտությունը վերականգնելու համար (բյուզանդական և հունական տարբեր օրացույցներով նրա հիշատակության օրը նշվում է օգոստոսի 7-ին և 9-ին)։

Իրինա
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մոտ 752[1][2][3][…]
Ծննդավայր Աթենք
Վախճանի օր օգոստոսի 9, 803(0803-08-09)[1][3][4]
Վախճանի վայր Լեսբոս[5]
Թաղված Սուրբ Առաքյալների եկեղեցի
Դինաստիա Իսավրյան դինաստիա
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Ամուսին Leo IV the Khazar?[5][6]
Զավակներ Konstantinos VI?

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

Ծնվել է մոտ 752 թվականին Աթենքում։ Լինելով որբ՝ դաստիարակվել է հորեղբոր՝ Կոստանդին Սարանտապեկոսայի ընտանիքում, որը հավանաբար տարածաշրջանի ստրատեգոսն էր։ Թեև ապագա կայսրուհին ծագումով հույն ազնվական տոհմից էր, պատմաբանները կարծում են, որ նրա արտաքինն է ավելի շատ է նպաստել բյուզանդական կայսեր որոշման վրա ընտրել նրան որպես գահաժառանգի հարսնացու։ Միևնույն ժամանակ կարծում են, որ ամուսնությունը հույն կնոջ հետ կարող էր ամրապնդել Իսավրյան դինաստիայի դիրքերը երկրում[7]։ Մեծանալով Աթենքում՝ Իրինան, ինչպես նշում է Շառլ Դիլը, բարեպաշտ էր և աչքի էր ընկնում ծայրահեղ խանդավառությամբ[8]։

Ամուսնությունը Լևոն IV-ի հետ խմբագրել

768 թվականին Բյուզանդիայի կայսր Կոստանդին V-ն իր գահաաժառանգ որդու՝ Լևոնի համար կին է ընտրում Իրինային։

Սեպտեմբերի 1-ին ինդիկտիոնի 8-ին Իրինան ուղևորվում է Աթենքից մետաքսով զարդարված արագաշարժ նավերով, և նրան դիմավորում էին ճանաչված քաղաքացիներն իրենց կանանց հետ։ Սեպտեմբերի 3-ին Ֆարի տաճարում պալատ ժամանած պատրիարքի կողմից տեղի ունեցավ Իրինայի և Լևոնի նշանադրությունը, իսկ դեկտեմբերի 17-ին պալատական դահլիճում նա պսակվում է որպես թագուհի և գալով Սուրբ Ստեփանոսի աղոթատեղի` ամուսնանում է Լևոնի՝ Կոստանդինի որդու հետ: Ֆեոֆանի ժամանակագրությունը 6261 / 761 (768) թվական

 
Լևոն IV և Կոստանդին VI կայսրեր(Իրինայի ամուսինն ու որդին)

Իրինան, լինելով պատկերապաշտ, պատկերամարտ սկեսրայրի իշխանության տարիներին թաքցնում էր իր համոզմունքները։ Ամուսնությունից առաջ Կոստանդինի պահանջով երդվում է չպաշտել սրբապատկերները, ինչպես ընդունված էր Աթենքում[9]։

Լևոնի հետ ամուսնությունից 771 թվականի հունվարի 14-ին ծնվում է նրա միակ որդին՝ Կոստանդինը` Իսավրյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը։

775 թվականին Կոստանդին կայսեր մահից հետո իշխում է Լևոն IV-ը։ Իրինան սկսում է ազդել ամուսնու վրա պատկերամարտության քաղաքականությունը մեղմելու համար։ Ֆեոֆանը նշում է, որ Լևոնն իր թագավորության սկզբնական շրջանում «թվում էր բարեպաշտ և Աստվածածնին երկրպագող և մետրոպոլիտ էր ընտրում վանահայրերից»[10]։

Այդ ժամանակ Լևոնը կրում էր նախկինում հալածված պատկերապաշտների համակրանքը։ 776 թվականին ժողովուրդը, գոհ լինելով ոչ միայն կայսեր կրոնական քաղաքականությունից, այլ նաև հարկայի բեռի թուլացումից, պահանջեց Լևոնից թագադրել իր մանկահասակ որդուն՝ Կոստանդինին[11]։ Կայսրը համաձայնվեց, և Զատկի տոնին տեղի ունեցավ արարողությունը, որին մասնակից դարձավ նաև Իրինան։

Զատկի կիրակի օրը ինդիկտիոնի 14-ին արշալույսին արքան պատրիարքի հետ դուրս եկավ հիպոդրոմ, բերեցին անտիմինսը և ժողովրդի ներկայությամբ պատրիարքը աղոթք կատարեց, իսկ արքան թագադրեց որդուն, հետո երկու արքաներ երկու կեսարների և երեք սրբազանների հետ ուղևորվեցին մեծ եկեղեցի։ Արքաներից հետո գնում էր նաև Իրինա թագուհին, նրա առջևից տանում էին գայիսոնները։ Ֆեոֆանի ժամանակագրությունը 6261 / 761 (768) թվական

Պատմաբան Ա. Վ. Քարտաշյովի կարծիքով դա Իրինայի հաղթական երթն էր. նա իր որդուն ապահովել էր կայսերական տիտղոսով։ Սակայն Լևոնի եղբայրների նախանձի հետևանքով վատանում են հարաբերություներն ամուսնու հետ, որը կրկին անցնում է պատկերամարտների կողմը[12]։ Իրինան վերջնականապես շնորհազրկվեց 780 թվականին, երբ Լևոնը նրա ննջասենյակում գտավ երկու սրբապատկեր, որոնք թաքցրել էր բարձի տակ[13]։ Բյուզանդացի պատմիչ Գեորգի Կեդրինը այս պատմությունը պատմել է 300 տարի անց, երբ սրբապատկերների պաշտամունքը վերականգնվել էր արդեն, ուստի պատմության հավաստիությունը կասկածելի է[7]։ Շնորհազրկումից Իրինային փրկում է ամուսնու մահը։ 780 թվականի սեպտեմբերի 8-ին Լևոն IV կայսրը մահանում է։ Նրա մահվան մասին առասպել է հյուսվում. «Լինելով թանկարժեք քարերի սիրահար՝ նա եկեղեցուց գողանում է պսակ և կրում։ Թարախուռուցքը պատում է նրա գլուխը, նա ծանր հիվանդանում է և մահանում իր թագավորության հինգերորդ տարում»[14]։

Մի տեսակետի համաձայն մահվան պատճառը եղել է դիաթույնը Հերակլ կայսեր թագից, որը Լևոնի հրամանով հանվել էր գերեզմանից։ Բայց շատ պատմաբաններ այն տեսակետին են, որ Լևոնին թունավորել է Իրինան[15]։

Ռեգենտության ժամանակաշրջան խմբագրել

 
Կայսրուհի Իրինայի ենթադրյալ պատկերը (փղոսկր, VIII դար, Բարջելլո)

Ամուսնու մահից հետո Իրինան հայտարարվում է 9-ամյա որդու՝ Կոստանդին VI-ի ռեգենտը։ Խնամակալության 40-րդ օրը պատկերամարտների կողմնակիցները Լևոն կայսեր հինգ եղբայրների գլխավորությամբ հեղաշրջում էին կազմակերպել՝ նպատակ ունենալով գահ բարձրացնել Նիկիֆորին՝ եղբայրներից ավագին[16]։ Դավադրությունը բացահայտվեց, հիմնական մասնակիցները ձերբակալվեցին և աքսորվեցին։ Լևոնի եղբայրները կուսակրոնություն ընդունեցին և ձեռնադրվեցին հոգևորականներ։ 780 թվականի դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան տոնին, Իրիան ստիպեց նրան ծիսակարգ կատարել Սուրբ Սոֆիայի տաճարում ժողովրդի առջև, որպեսզի զրկի գահի նկատմամաբ հավակնություններից։ Ըստ Ֆեոֆանի՝ այդ օրը Իրինան տաճար է վերադարձնում թագը, որը դուրս էր բերել ամուսինը[17]։ Սիցիլիայում դավադիրներին է հարում նաև ստրատեգ Ելպիդիոսը, որին ճնշելու համար Իրինան ստիպված է լինում 781 թվականին նավատորմ ուղարկել[18]։

Իրինան սկսում է բացահայտ պաշտպանել պատկերապաշտներին. աքսորից վերադառնում են վանականները, հանդիսավորությամբ Քաղկեդոն են վերադարձվում Սուրբ Եվֆիմեի մասունքները։ Սակայն Իրինայի կրոնական քաղաքականությունը չափավոր էր, քանզի նա վախենում էր, որ արաբների և բալկանյան սլավոնների հետ մղվող պատերազմի պայմաններում բանակն իր դեմ դուրս կգա, որի մեծամասնությունը պատկերամարտության կողմանկիցներն էին[19]։

781 թվականին Իրինան արաբների հետ կնքում է հաշտության պայմանագիր, հաջորդ տարի հաղթում է սլավոններին, իսկ 783 թվականին իր անչափահաս որդուն նշանում է Կարլոս Մեծի 8-ամյա դստեր՝ Ռոտրուդայի հետ[20]։ Ա. Վ. Քարտաշյովի կարծիքով այդ քայլն ուղղված էր Արևմուտքի հետ կրոնական խաղաղության հասնելուն։ Ռոտրուդան պետք է սովորեր հունարեն և ծանոթանար բյուզանդական սովորույթներին[7]։ Ամրապնդելով իր իշխանությունը՝ Իրինան սկսեց ավարտին հասցնել պատկերապաշտությունը վերականգնելու իր գործը։ 784 թվականին Կոստանդնուպոլսի պատրիարք Պետրոսը հեռացավ Սուրբ Ֆլորայի վանք և հրաժարվեց պատրիարքությունից։ Իրինայի դեսպաններին նա հայտնում է եկեղեցական ժողով գումարելու ցանկություն. «Եթե չլինի տիեզերական ժողով և չշտկվի սխալմունքը, դուք փրկություն չեք ունենա»[21]։ Պետրոսի մահից հետո սրբապատկերների երկրպագության հարցը սկսվեց բացահայտ քննարկվել, և որոշվեց հրավիրել տիեզերական ժողով։

Յոթերորդ տիեզերական ժողով խմբագրել

 
Իրինան և Կոստանդինը վերականգնում են պատկերապաշտությունը և զարդարում են եկեղեցին: Իվան Ահեղի դիմերեսային կամարի մանրանկարչություն (XVI դար)

Տիեզերական ժողով կազմակերպելու նպատակով Իրինան 784 թվականին անց է կացնում Կոստանդնուպոլսի նոր պատրիարքի ընտրություն։ Կոստանդնուպոլսի Մանգավարյան պալատում թեկնածուների քննարկման ժամանակ պաշտպանվեց Տարասիոսը, որը սակայն հոգևորական չէր և զբաղեցնում էր կայսերական քարտուղարի պաշտոնը։ Իրինան որպես պատրիարք ցանկանում էր տեսնել Տարասիոսին, վերջինս էլ պաշտպանում էր Տիեզերական ժողով գումարելու միտքը։ Ընդդիմությունը դեմ էր տիեզերական ժողովի գումարմանը, քանզի 754 թվականի ժողովն արդեն ընդունել էր պատկերապաշտությունը քննադատող որոշում, սակայն պատկերամարտների ձայնը լսելի չեղավ մեծամասնության կողմից[22]։

Տարասիոսն արագ ստացավ նվիրապետական բոլոր աստիճանները և 784 թվականի դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան տոնին օծվեց Կոստանդնուպոլսի պատրիարք՝ իշխելով 22 տարի[23]։ Նորանշանակ պատրիարքը եկեղեցու բոլոր ներկայացուցիչներին ուղարկեց իր դավանանքը և հրավեր` մասնակցելու Տիեզերական ժողովին[24]։ Հրավեր ուղարկվեց նաև Իրինայի և որդու՝ Կոստանդին կայսեր անունից։ Հռոմ՝ Ադրիանոս պապի մոտ դեսպաններ ուղարկվեցին կայսեր և պատրիարքի կողմից՝ հրավիրելով նրան անձամբ մասնակցել սպասվելիք ժողովին։

 
Տարասիոս պատրիարք

Հռոմ ուղարկեց իր ուղերձը և դավանանքի գիրքը, որն ընդունվեց Ադրիանոս պապի կողմից։ Գրել էր նաև թագուհին այդ նույն պապին և խնդրել ուղարկել իր այրերին ներկա լինելու ժողովին: Ֆեոֆանի Ժամանակագրություն, թվական 6277 / 777 (785)

785 թվականի հոկտեմբերի 27-ին ստացվեց Ադրիանոս պապի պատասխանը, որը կրճատումներով ընթերցվեց Ժողովի ժամանակ։ Պոնտիֆիկը հայտարարեց, որ Ադրիանոսը համաձայն է ժողով անցկացնել մի շարք պայմաններով.

  • 754 թվականի պատկերամարտ ժողովի որոշումների հանդիսավոր ժխտում պապի պատվիրակի ներկայությամբ
  • Կայսրուհու, պատրիարքի և Սենատի կողմից տրված՝ պապական ներկայացուցչի անձեռնմխելիության գրավոր երաշխիք
  • Հարավային Իտալիայի վերադարձը Հռոմի եկեղեցու իշխանության ներքո, որը տրվել էր Կոստանդնուպոլսի պատրիարքությանը Լևոն III կայսեր կողմից։
  • Կոստանդնուպոլսի պատրիարքի հրաժարումը «տիեզերական» տիտղոսից։

Իր նամակում պապը հաստատեց երկու պատվիրակ՝ Պետրոս քահանային և Պետրոս վանահորը, իսկ Իրինային և որդուն անվանեց նոր Կոստանդին և նոր Ելենա[25]։

Ժողովի բացումը նշանակված էր Կոստանդնուպոլսում 786 թվականի օգոստոսի 7-ին[26]։ Մայրաքաղաք ժամանած պատկերամարտ-եպիսկոպոսները սկսեցին բանակցել իրենց համակրող զինվորականների հետ՝ նրանց աջակցությունը ստանալու նպատակով։ Օգոստոսի 6-ին Սուրբ Սոֆիայի տաճարի առջև ելույթ տեղի ունեցավ՝ պահանջով թույլ չտալ Ժողովի բացումը[26]։ Իրինան չփոխեց նշանակված օրը, և օգոստոսի 7-ին Սուրբ Առաքյալների տաճարում Ժողովը տեղի ունեցավ։ Երբ սկսել էին կարդալ սուրբ գրությունները, տաճար ներխուժեցին պատկերամարտների կողմնակից զինվորականները. «Թույլ չենք տա, որ դուք մերժեք Կոստանդին արքայի դավանանքը, թող հաստատուն լինի այն, ինչ նա սահմանել է իր իր ժողովում, մենք թույլ չենք տա, որ Աստծո տուն կուռքեր (այդպես նրանք անվանում էին սրբապատկերներին) դնեք։ Իսկ եթե մեկը համարձակվի չենթարկվել Կոստանդինի ժողովի որոշումներին և մերժի նրա օրենքները, կմտցնի կուռքերը, ապա այս հողը կներկվի եպիսկոպոսների արյունով»։

 
Ադրիանոս I պապ

Իրինային պաշտպանող եպիսկոպոսները, այլ ելք չունենալով, ցրվեցին[27]։ Անհաջողության մատնվելով՝ Իրինան ձեռնամուխ եղավ նոր ժողովի հրավիրմանը։ Արաբների դեմ մղվող պատերազմի պատրվակով արքունիքը տեղափոխվեց Թրակիա, իսկ պատկերամարտների կողմնակից զինվորականներն ուղարկվեցին Փոքր Ասիայի խորքերը (իբրև՝ արաբների դեմ), որտեղ վետերանները պաշտոնաթող արվեցին՝ առատորեն վարձատրվելով[28]։ Կոստանդնուպոլիսը հանձնվեց նոր զորաջոկատների պաշտպանությանը՝ բերված Թրակիայից և Բյութանիայից, որտեղ պատկերամարտական գաղափարները լայն տարածում չէին գտել[7]։ Ավարտելով նախապատրաստությունը՝ Իրինան չհամարձակվեց ժողովն անցկացնել մայրաքաղաքում և ընտրեց Նիկիան, որտեղ 325 թվականին տեղի էր ունեցել Առաջին տիեզերաժողովը։

787թվականին Իրինան կրկին հրավեր ուղարկեց՝ խնդրելով մասնակցել Նիկիայի ժողովին։ Պատվիրակության կազմը գրեթե անփոփոխ էր։ Հռոմից եկել էին նույն պատվիրակները, Արևելքի երեք պատրիարքները, որոնք չէին կարողացել գալ արաբների դեմ մղվող պատերազմի պատճառով, ուղարկել էին իրենց ներկայացուցիչներին[29]։ Մասնակիցների ընդհանուր թիվը 257-339 էր, իսկ ստորագրողներինը՝ 308: Յոթերորդ տիեզերական ժողովը բացվեց սեպտեմբերի 24-ին և տևեց մեկ ամիս։

Իրինա կայսրուհին անձամբ չի եղել ժողովում, նրան ներկայացրել են Պետրոնան և շտաբի ղեկավար Հովհանը[30]։ Անց է կացվել 8 նստաշրջան, որից միայն վերջինը տեղի է ունեցել 787 թվականի հոկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում` Իրինայի և որդու ներկայությամբ[31]։ Ժողովն իր աշխատանքը սկսեց՝ պատկերամարտ-եպիսկոպոսների նկատմամաբ որոշում կայացնելով. նրանցից շատերին թույլատրվեց մասնակցել ժողովին՝ ստանալով նրանց հանրային զղջումը։ Եվ միայն չորրորդ նստաշրջանի ժամանակ պապական պատվիրակի առաջարկով տաճար բերվեց սրբապատկերը[32]։

Ժողովի աշխատանքի արդյունքում որոշում ընդունվեց վերականգնել սրբապատկերների պաշտամունքը։

Կերպարին տրվող պատիվը բխում է նախակերպարից և սրբապատկերին երկրպագողը երկրպագում է նրա վրա պատկերված Երրորդությանը։ Այդպիսին է սուրբ հայրերի ուսմունքը, այն է կաթոլիկ եկեղեցու ավանդույթը[33]:

 
Յոթերորդ տիեզերական ժողով (սրբապատկեր, XVII դար)

Ժողովի փակումից հետո եպիսկոպոսները, Իրինայի կողմից մեծ նվերներ ստանալով, ցրվեցին[31]։ Կայսրուհին հրամայեց տեղադրել Հիսուս Քրիստոսի պատկերը Քաղկոպրատիայի դարպասների վրա, Լևոն III Իսավրացու կողմից՝ 60 տարի առաջ կործանվածի փոխարեն[7]։ Պատկերի վրա գրություն էր արված. «պատկեր, որը երբևէ տապալել էր Լևոն տիրակալը, կրկին դրել է այստեղ Իրինան »։

Պայքար իշխանության համար խմբագրել

 
Կայսրուհի Իրինան որդու հետ Յոթերորդ տիեզերաժողովում(որմնանկարի հատված, Դիոնիսիա, XV դար)

Իրինան, որը հարմարվել էր միանձնյա ղեկավարմանը խնամակալության շրջանում, չէր ցանկանում փոխանցել իշխանությունը չափահաս դարձած որդուն։ Նա շարունակում էր վարվել նրա հետ ինչպես երեխայի։ Որդին ապրում էր արքունի պալատից հեռու և չէր մասնակցում պետական գործերին[34]։

788 թվականին Կոստանդինի հարսանիքը Կարլոս Մեծի դստեր հետ ձախողվում է, թեև, ըստ Ֆեոֆանի, նա համակրում էր հարսնացուին[35]։ Հարսանիքի հետաձգման պատճառը հայտնի չէ։ Ֆեոֆանը հայտնում է, որ նույն թվականին Իրինան զորք է ուղարկում Իտալիայի հյուսիս՝ ֆրանկների դեմ կռվելու, սակայն բյուզանդական բանակը պարտվում է։

788 թվականին, ցանկանալով ամուսնացնել որդուն, Իրինան կազմակերպում է հարսանացուների ընտրություն։ Վստահելի պաշտոնյաներ ուղարկվեցին երկրով մեկ կատարյալ հարսնացու գտնելու համար, որը պիտի համապատասխաներ որոշակի չափանիշների,ինչպիսիք էին հասակը, գլխի չափը, վերաբերմունքը սրբապատկերի նկատմամբ։ 13 թեկնածուներից Իրինան ընտրեց Պաֆլագոնիայում բնակվող մի հայուհու՝ Մարիա Ամնիացուն` սուրբ Փիլարետոս Ողորմածի թոռնուհուն։

Թագուհին, խախտելով համաձայնությունը Ֆրանսիայի հետ, ուղարկեց Ֆեոֆանին և հարսնացու ընտրեց հայուհիների միջից Մարիա անունով Ամնիոսների տոհմից և ամուսնացրեց որդու՝ Կոստանդինի հետ, որը շատ տխուր էր, քանզի կապված էր Կարլոսի դստեր հետ, որի հետ նշանված էր, և նրա ամուսնությունը տեղի ունեցավ նոյեմբերին՝ ինդիկտիոնի 12-ին: Ֆեոֆանի Ժամանակագրություն, թվական 6281 / 781 (788)

789 թվականին Իրինայի դեմ դավադրություն կազմակերպվեց՝ իշխանությունը Կոստանտինին փոխանցելու նպատակով։ Ըստ Ֆեոֆանի Կոստանդինը «խորհրդակցելով իր փոքրաթիվ համախոհների հետ, որոշում է ձերբակալել և աքսորել մորը Սիցիլիա և գրավել գահը»[36]։ Դավադրությունը բացահայտվեց և Իրինան նախազգուշացնող դաժան միջոցների դիմեց. «Ձերբակալված դավադիրները ենթարկվեցին մամնական տանջանքների, ինքը՝ կայսրը նույնպես ենթարկվեց կտտանքների և որպես անհնազանդ զավակ` խստորեն պատժվեց մոր կողմից, մի քանի օր բանտարկվեց իր սենյակում»[37]։ 790 թվականին Իրինան փորձեց հեռացնել որդուն իշխանությունից՝ ստիպելով զինվորներին երդվել, որ քանի նա ողջ է, նրանք թույլ չեն տա Կոստանդինին թագավորել։ Բանակում դժգոհություն էր տիրում՝ պայմանավորված արաբների հետ անհաջող պատերազմներով։ Երբ ստիպեցին երդվել Հայկական լեգեոնին 790 թվականի սեպտեմբերին, ծագեց խռովություն։

Զինվորները չհամաձայնվեցին երդվել, որ «չենք ճանաչում քո որդուն արքա, քանի դու ողջ ես», այլ պատասխանեցին. « մենք չենք դնի Իրինայի անունը Կոստանդինից առաջ, բայց Կոստանտինինը կդնենք Իրինայից առաջ»։ Նա ուղարկեց զինակիր Ալեքսեյին և պահակախմբի հրամանատար Մուսելեմին ձերբակալել նրանց, սակայն նրանք ձերբակալեցին նրան և առաջարկեցին լինել իրենց հրամանատարը, իսկ Նիկիֆորին բանտարկեցին ՝ Կոստանդինին հռչակելով միակ թագավոր: Ֆեոֆանի ժամանակագրություն, թվական 6283 / 783 (790)

Իրինան, զրկվելով օգոստոսի տիտղոսից, ամրանում է Կոստանդնուպոլսի Էլևֆերյան պալատում 790 թվականի դեկտեմբերին[38]։ Նրա անկումը երկար չիտևում։ Կոստանդինը բուլղարների և արաբների դեմ մղած մի շարք անհաջողություններից հետո ազնվականների ազդեցությամբ որոշում է վերադարձնել մորը Օգոստոս տիտղոսը և թույլ է տալիս ապրել կայսերական պալատում 792 թվականին[39]։ Վերականգնելով իր դիքերը՝ Իրինան ձգտում էր նախկին միանձնյա իշխանությանը և առաջիկա հինգ տարվա ընթացքում նա նախապատրաստում էր որդու անկումը, ժողովրդի, բանակի և եկեղեցու առջև նրա հեղինակազրկումը[40]։

792 թվականին բյուզանդական բանակը Կոստանտինի գլխավորությամբ պարտություն է կրում բուլղարներից Թրակիայի մոտ[41]։ Ժողովուրդը և բանակը անհրաժեշտ էին համարում կայսր ընտրել Նիկիֆորին՝ Կոստանդինի հորեղբորը։ Որպես նախազգուշացում՝ Կոստանդինը կուրացնում է Նիկիֆորին և հրամայում կտրել նրա եղբայների լեզուները[42]։ Իրինայի առաջարկով կուրացվում է նաև Ալեքսեյ Մոսելեյոսը, որը 790 թվականին հեղաշրջում էր իրականացրել և շնորհազրկված էր Հայկական լեգիոնի հերթական խռովության պատճառով[7]։ Իր դաժանության արդյունքում՝ Կոստանդինը վերջնականապես զիկվեց բանակի աջակցությունից։ Բացի դրանից հայկական զորաջոկատները ապստամբություն են բարձրացնում, որը ճնշվում է զենքի ուժով[42]։ Օգտվելով առիթից՝ արաբները առանց մարտի գրավում են մի շարք ամրոցներ։

Ֆեոֆանի կարծիքով Իրինայի՝ ոդուն հեղինակազրկելու գլխավոր քայլերից էր նրա սիրային կապի աջակցումը։ Կոստանտինը, չսիրելով կնոջը, 795 թվականին ստիպում է Մարիային կուսանոց մտնել, իսկ ինքն ամուսնանում է Ֆեդոտայի հետ և, նույնիսկ,թագադրում է նրան (ինչին Մարիան չի արժանանում)[43]։ Իրավիճակն առաջացրեց քիստոնյաների դժգոհությունը, Կոստանդինն աքսորեց վանականներին՝ առաջացնելով հասարկության դժգոհությունը[44]։

796 թվականին ծնվում է Կոստանդինի որդին, սակայն մահանում է։ 797 թվականի հունիսի 17-ին մայրաքաղաքի ջոկատի հրամանատարները դուրս են գալիս արքայի դեմ, որին հաջողվում է փախուստի դիմել։ Իրինան դիմում է կայսեր շրջապատի իր համախոհներին և ստիպում հանձնել որդուն։ Դավադիրները օգոստոսի 15-ի վաղ առավոտյան բռնում են Կոստանդինին և տանում մայրաքաղաք, որտեղ Սրբազան պալատի ննջասենյակում, որտեղ ծնվել էր, դաժանորեն հանում են նրա աչքերը մոր հրամանով։ Այսպիսով նրա մայրը դառնում է միանձնյա տիրակալ։ Տապալված կայսեր հետագա ճակատագրի մասին տեղեկությունները հակասական են՝ կամ նա մահացել ՝ խռովության ժամանակ, կամ՝ մնացել է տնային կալանքի մեջ և մահացել 802 թվականին[45]։ Նրա կնոջը՝ Ֆեդոտային ուղարկում են վանք, որտեղ ծնվում է նրա որդին՝ Իրինայի թոռը[46]։

Ինքնակալ կայսրուհին խմբագրել

Իրինան դարձավ բյուզանդական գահի առաջին միահեծան կայսրուհին։ Իր նովելներում նա իրեն մեծարում էր տղամարդու նման. «Իրինա՝ մեծ բասիլևս և հռոմեացիների միապետ», դրամների և դիմանկարների վրա պատկերվում էր կայսերական շքեղ հանդերձով[47]։ Արևմուտքում չէին ճանաչում Իրինայի իրավունքը գահի նկատմամբ։ Անանուն հեղինակը Բյուզանդիան անվանում է «կանացի կայսրություն»[48]։

Շքեղ հանդիսությունների հակված լինելով՝ Իրինան 799 թվականին կազմակերպում է հանդիսավոր շքերթ ժողովրդի առջև։

Սուրբ Զատկի երկրորդ օրը թագուհին վերադառնում էր Սուրբ Առաքյալների տաճարից ոսկեզօծ կառքի վրա, որը տանում էին չորս սպիտակ ձիերի վրա հեծած պատրիկերը։ Թագուհին առատորեն դրամ էր բաժանում ժողովրդին:

Ֆեոֆանի ժամանակագրություն, թվական 6291 / 791 (799)

Իշխանության գալով՝ Իրինան առատ ընծաներ է տալիս վանքերին, կրճատում է հարկերը, մաքսային տուրքերը, բացում է բարեգործական հաստատություններ աղքատների համար՝ դրանով վայելելով հպատակների սերը[49]։ Թեոդոր Ստուդիտիոսը գովեստով էր գրում Իրինայի այս քաղաքականության մասին. «Աղքատները այլևս տանը չեն թաքնվում՝ վախենալով ծանր հարկերց»։ Շատ միջոցներ էր հատկացվում վանքերին. կառուցվում էին նորերը, վերանորոգվում քանդվածները[50]։

Պալատականները, հասկանալով, որ Իրինայի մահից հետո գահի անմիջական ժառանգորդ չկա, սկսեցին իշխանության համար դավեր լարել. «Թագուհու մտերիմ երկու պատրիկներ՝ Ստավրակիոսը և Աեցիոսը, իրար դեմ դուրս եկան՝ երկուսն էլ նպատակ ունենալով թագուհու մահից հետո իշխանություըն տալ իրենց մերձավորնեին»[51]։ Պալատականների պայքարը սրվեց 799 թվականին, երբ Իրինան հիվանդացավ, «գրեթե մահամերձ էր»[52] և հետո երկար ապաքինվում էր[53]։

 
Մետաղադրամ Իրինայի պատկերով
 
Կայսրուհի Իրինան և Կարլոս կայսրը (գունավոր փորագրություն, 1474 թվական)

Հռոմեական եկեղեցին որոշում է չընդունել Իրինային որպես կայսրության օրինական տիրակալ, և հնարավոր եղավ կայսերական տիտղոսը փոխանցել Արևմուտք։ 800 թվականին Կարլոս Մեծը Սուրբ Պետրոսի տաճարում թագադրվեց Լևոն III պապի կողմից և հռչակվեց կայսր։ Կարլոսն իրեն համարում էր միասնական Հռոմեական կայսրության կայսր[54]։

Արևելքում Կարլոսի տիտղոսը չընդունեցին մինչև 811 թվականը, նրա թագադրումը համարվում էր օրինական տիրակալի դեմ ըմբոստության դրսևորում[55]։ Արևմուտքում էլ չէին ընդունում Բյուզանդիայի տիրակալների կայսերական տիտղոսը։ Իրինայի ժամանակակից ֆրանկ Թեգանը իր աշխատության մեջ բյուզանդական կայսրին անվանում է Կոստանդնուպոլսի իշխան, որն արտացոլում էր Արևմուտքի վերաբերմունքը կայսերական տիտղոսի նկատմամբ[56]։

Կարլոսը, ձգտելով հասնել իր տիտղոսի ճանաչմանը Բյուզանդիայի կողմից, որոշեց իր կարգավիճակն ամրապնդել Իրինայի հետ ամուսնությամբ՝ հասկանալով, որ կայսրուհու մահից հետո Արևելքում իր իրավունքներն անվիճելի կլինեն[57]։ Կոստանդնուպոլիս ուղարկվեցին Պարլոսի և պապի դեսպանները՝ խնդրելու Իրինային «ամուսնանալ Կարլոսի հետ և դրանով միավորել արևելքն ու արևմուտքը»[58]։ Ֆեոֆանի խոսքերով այդ միության դեմ դուրս եկավ Աեցիոսը, որը վարում էր կայսրության գործերը Ստավրակիոսի մահից հետո։ Նա մտադիր էր Իրինայի մահից հետո կայսր հռչակել իր եղբորը[58]։ Իրինան դեմ չէր այդ ամուսնությանը, սակայն Կարլոսի ծրագրերը չիրականացան պետական հեղաշրջման հետևանքով, որի արդյունքում Իրինան գահընկեց արվեց հենց այն ժամանակ, երբ ֆրանկ դեսպանները Կոստանդնուպոլսում էին[59]։

Թագազրկում և մահ խմբագրել

 
Նիկիփոր I

Իրինան գահընկեց արվեց 802 թվականի հոկտեմբերի 31-ին Նիկիֆորի կազմակերպած դավադրության արդյունքում, որը պատասխանատու էր կայսրության ֆինանսների համար։ Նա իր կողմը գրավեց զորահրամանատարներին ՝ լուր տարածելով այն մասին, որ Աեցիոսը ցանկանում է գրավել իշխանությունը, որին Իրինան դարձրել էր պետության երկրորդ դեմքը և որին չէին սիրում իր բռնապետության պատճառով[59]։ Այնուհետև շրջապատելով պալատը՝ դավադիրները կայսր հռչակեցին Նիկիֆորին։ Հաջորդ օրը Տարասիոս պատրիարքը Սուրբ Սոֆիայի տաճարում թագադրեց Նիկիֆորին։

Ֆեոֆանը փոխանցում է Իրինայի խոսքերն՝ ուղղված բռնապետին. «Հաճախ էին ինձ լուրեր հասնում քո նպատակների մասին, և իրադարձությունները ցույց տվեցին, որ դրանք ճիշտ էին։ Դու գիտես, որ եթե ես դրանց հավատայի, քեզ կարող էի անարգել սպանել։ Բայց հավատալով քո երդումներին և խնայելով քո համախոհներին, ես մեղք գործեցի Աստծո առջև...»[60]:

 

Նոր կայսր Նիկիֆորը խոստանում է պահպանել Իրինայի արտոնություններն ու Էլևֆերյան պալատը, բայց ավելի ուշ, ստանալով կայսերական գանձարանը, որոշեց աքսորել կայսրուհուն մայրաքաղաքից Մարմարա ծովի կղզիներից մեկը։ Հետո վախենալով, որ ժողովուրդը նրան հետ կբերի՝ Իրինային ուղարկեցին ավելի հեռու՝ Լեսբոս կղզի հսկողության ներքո։ Աքսորի մեջ գտնվելով՝ Իրինան զղջում է իր մեղքերի համար և իր որդու հիշատակին ծառ է տնկում և ջրում իր արցունքներով։ Իրինային է վերագրվում նաևԱստվածամոր վանքի հիմնումը Լեսբոս կղզում։

Նիկիֆորը, լինելով չափավոր պատկերամարտ, չէր վարում Իրինայի վերականգնած պատկերապաշտության դեմ ուղղված քաղաքականություն։ Այդ հարցի վերաբերյալ համեմատական հանգստությունը պահպանվեց մինչև Լևոն V Հայի իշխանության տարիները։ 803 թվականի օգոստոսի 9-ին Իրինան մահացավ։ Նրա մարմինը տեղափոխվեց Իշխանաց կղզի իր հիմնած Սուրբ Նիկոլայի վանք[61]։ 861-864 թվականներին մարմինը տեղափոխվեց Կոստանդնուպոլիս և թաղվեց մարմարե սարկոֆագում Սուրբ Առաքյալների եկեղեցում։ Իրինա կայսրուհու մահից հետո 807 թվականին, ինչպես հաղորդում է Ֆեոֆանը, նրա բարեկամուհի Ֆեոֆանոն ընտրվում է Նիկիֆոր I կայսեր որդու հարսնացու[62]։

Սկզբնաղբյուրներ և անձի գնահատում խմբագրել

Իրինա կայսրուհու կյանքի մասին հիմնական սկզբնաղբյուրը համարվում է «Ժամանակագրությունը»՝ գրված նրա ժամանակակից վանահայր Ֆեոֆանի կողմից։ Հեղինակը, մասնակցելով Յոթերորդ տիեզերաժողովին և կիսելով Իրինայի հայացքները, հիմնականում դրական է արտահայտվել նրա մասին, կամ արդարացրել նրա դաժանությունը։ Որդու հետ հակամարտությունը նա դիտարկում է որպես «չար մարդկանց» նախանձի արդյունք, որոնք տրամադրել են մորը որդու դեմ։ Միայն Կոստանդինի կուրացման մասին հաղորդելիս Ֆեոֆանը դատապարտում է Իրինային և հայտնում, որ կայրին կուրացրել են մոր հրամանով և նույնիսկ «արևն է կորցրել իր ճառահգայթները թագավորին կուրացնելու համար»[63].

Բյուզանդական պատմիչները ավանում են Իրինային նոր Ելենա, որը պայքարել է հանուն ճշմարիտ հավատի[64]։ Յուրահատուկ գովեստով է նրա մասին գրել Թեոդոր Ստուդիտիոսը՝ գովերգելով նրան՝ որպես ճշմարտության ջատագով[65]։ Վանահայր Գեորգին (IX դար) հաղորդում է Իրինայի որդու կուրացման մասին՝ չհիշատակելով նրա մասնակցության մասին՝ դրանով պաշտպանելով այն ժամանակագիրներին, որոնք ձգտում էին մեղմել Իրինայի հանցանքը կատարվածում[66]։ Սակայն, պատմիչները ընդգծում էին Իրինայի բնավորության հակադրությունները։ Այսպես, Դորոփեյոս Մոնեմվասիյսկին գրում է. «Օ, հրաշք, մի կին երեխայի հետ վերականգնեց բարեպաշտությունը։ Բայց ինքն էլ դարձավ մանկասպան»[67]։ Միևնույն ժամանակ Ֆրիդրիխ Շլոսսերը գտնում է, որ Իրինան թեև կրոնապաշտ էր, բայց նրա համար«կրոնը ավելի շուտ միջոց էր, քան նպատակ»[67]։

Մահից հետո Իրինան դասվել է Ուղղափառ եկեղեցու սրբերի շարքը։ Հայտնի է նաև XI դարի միակ ձեռագիրը Իրինայի վարքագրության տեքստով, Փիլարետ Ողորմածի վարքագրությունը։ Իրինայի կենսագրությունը տեղ է գտել նաև սրբազան Տարասիոսի՝ Կոստանդնուպոլսի պատրիարքի վարքագրության մեջ, որը ռուսաստանում հայտնի է Դմիտրի Ռոստովսկու շարադրմամբ։ Վարքագրության մեջ Իրինան ներկայացված է որպես բարեպաշտության և ուղղափառության ջատագով, որն «ավելի սիրելով Աստծուն և Նրա ճշմարիտը, քան սեփական որդուն... հրամայում է կուրացնել նրան», իսկ գալով միանձնյա իշխանության «շտկեց այն ամենն, ինչ եղել էր որդու իշխանության ժամանակ»[68]։

Բոկկաչչոն նկարագրել է նրա կենսագրությունը իր «De mulieribus claris» ժողովածուի մեջ։ Իրինան միակ բյուզանդացին է այնտեղ նկարագրված 106 կանանցից։

XX դարի պատմաբաններից Իրինայի մասին գրել է Ֆրանսիացի հեղինակ Շառլ Դիլը՝ Բյուզանդիայի պատմությանը նվիրված աշխատությունների շարքում։ Նրա գործունեությունը Յոթերորդ տիեզերական ժողովի ժամանակ դիտարկվել է եկեղեցու պատմաբան Քարտաշյովի կողմից «Տիեզերական ժողովներ» աշխատության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ирина (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIII. — С. 317.
  6. Лев, византийские императоры (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVII. — С. 449—450.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Garland
  8. Диль, 2011, էջ 102-103
  9. Диль, 2011, էջ 104
  10. Феофан Исповедник, 1884, год 6261 / 768 (772)
  11. Величко, 2010, էջ 101
  12. Карташёв, 2004, էջ 610
  13. Диль, 2011, էջ 105
  14. Феофан Исповедник, 1884, год 6272 / 772 (780)
  15. Карташёв, 2004, էջ 611
  16. Величко, 2010, էջ 108
  17. Феофан Исповедник, 1884, год 6273 / 773 (780)
  18. Величко, 2010, էջ 109
  19. Карташёв, 2004, էջ 612
  20. Величко, 2010, էջ 132
  21. Феофан Исповедник, 1884, год 6276 / 776 (784)
  22. Карташёв, 2004, էջ 613
  23. Величко, 2010, էջ 113
  24. Карташёв, 2004, էջ 614
  25. Карташёв, 2004, էջ 615-617
  26. 26,0 26,1 Карташёв, 2004, էջ 621
  27. Величко, 2010, էջ 116
  28. Карташёв, 2004, էջ 622
  29. Карташёв, 2004, էջ 619
  30. Карташёв, 2004, էջ 623
  31. 31,0 31,1 Величко, 2010, էջ 127
  32. Карташёв, 2004, էջ 624
  33. Карташёв, 2004, էջ 632
  34. Диль, 2011, էջ 116-117
  35. Диль, 2011, էջ 117
  36. Феофан Исповедник, 1884, год 6282 / 782 (789)
  37. Диль, 2011, էջ 118
  38. Величко, 2010, էջ 146
  39. Диль, 2011, էջ 119
  40. Диль, 2011, էջ 119-121
  41. Величко, 2010, էջ 147
  42. 42,0 42,1 Величко, 2010, էջ 148
  43. Карташёв, 2004, էջ 636
  44. Диль, 2011, էջ 124
  45. Величко, 2010, էջ 152
  46. Garland, сноска 61
  47. Диль, 2011, էջ 127
  48. Annales Laureshamenses / Hrsg. von H.G. Pertz // MGH SS. Bd. 1. Berlin, 1826. s. 19-39. Русск. перевод: см. 801 г. [1] Արխիվացված 2007-12-28 Wayback Machine
  49. Феофан Исповедник, 1884, год 6293 / 793 (800)
  50. Диль, 2011, էջ 127-128
  51. Феофан Исповедник, 1884, год 6290 / 790 (798)
  52. Феофан Исповедник, 1884, год 6291 / 791 (799)
  53. Величко, 2010, էջ 155
  54. Васильев, 2016, էջ 212
  55. Васильев, 2016, էջ 213
  56. Деяния императора Людовика. — СПб.: Алетея, 2003. — ISBN 5-89329-603-6
  57. Васильев, 2016, էջ 214
  58. 58,0 58,1 Феофан Исповедник, 1884, год 6294 / 794 (802)
  59. 59,0 59,1 Величко, 2010, էջ 156
  60. Феофан Исповедник, 1884, год 6295 / 795 (802)
  61. Феофан Исповедник, 1884, год 6295 / 795 (803)
  62. Феофан Исповедник, 1884, год 6300 / 800 (807)
  63. Феофан Исповедник, 1884, год 6289 / 789 (797)
  64. Диль, 2011, էջ 132
  65. Величко, 2010, էջ 158-159
  66. Карташёв, 2004, էջ 639
  67. 67,0 67,1 Карташёв, 2004, էջ 640
  68. . Житие святого отца Тарасия, архиепископа Константинопольского

Գրականություն և սկզբնաղբյուրներ խմբագրել

Սկզբնաղբյուրներ խմբագրել

  • Феофан Исповедник Летопись от Диоклетиана до царей Михаила и сына его Феофилакта. — М., 1884. — 1296 с.

Գրականություն խմբագրել

  • Васильев А. А. История Византии от основания Константинополя до эпохи Крестовых походов. 324-1081 годы. — М.: ЛомоносовЪ, 2016. — 320 с. — ISBN 978-5-91678-310-0
  • Величко А. М. История Византийских императоров. — М.: ФИВ, 2010. — Т. 3. — С. 101. — ISBN 978-5-91399-019-8
  • Диль Ш. Византийские портреты. — М.: Издательство Сретенского монастыря, 2011. — С. 100-133. — ISBN 978-5-7533-0194-9
  • Карташёв А. В. Вселенские соборы. — Клин: АТЛАС-ПРЕСС, 2004. — С. 609—633.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Garland L. «Constantine VI (780—797 A.D.) and Irene (797—802 A.D.)». An Online Encyclopedia of Roman Emperors (անգլերեն). 2002.