Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմ (1859)

Իտալա-Ֆրանս-Ավստրական պատերազմ, Իտալիայի անկախության երկրորդ պատերազմ (իտալ.՝ Seconda guerra d'indipendenza italiana; ֆր.՝ Campagne d'Italie[1]), Պիեմոնտի (Սարդինիայի թագավորություն) և Ֆրանսիական երկրորդ կայսրության պատերազմն ընդդեմ Ավստրիայի, որն իր տիրապետության տակ էր պահում Լոմբարդա-Վենետիկյան մարզը։ Ուղղված է եղել միացյալ իտալական պետության ստեղծմանը։

Սոլֆերինոյի ճակատամարտը (նկարիչ՝ Էռնեստ Մեյսոնիե)

Պատերազմից մեկ տարի առաջ՝ 1858 թվականի հուլիսին, Պլոմբիերյան համաձայնագրով, Ֆրանսիան համաձայնեց աջակցել Սարդինիայի ջանքերին ՝ Ավստրիան Իտալիայից վտարելու համար՝ Սավոյայի դքսության և Նիսի շրջանի տեսքով տարածքային փոխհատուցման դիմաց։ Նապոլեոն III-ը ձգտում էր ամրապնդել ֆրանսիական ազդեցությունը Հյուսիսային Իտալիայում։

Պատերազմն սկսվեց ապրիլի 29-ին։ Ավստրիական զորքերը (զորահրամանատար Ֆերենց Դյուլայի) պարտություն կրեցին Մոնտերելլայի (մայիսի 20) և Մաշենտայի (հունիսի 4) մոտ, որից հետո ավստրիական զորքերի հրամանատարությունը ստանձնեց Ֆրանց Յոզեֆ I կայսրը։ Հունիսի 25-ին Սոլֆերինո գյուղի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում դաշնակիցները (120 հազար մարդ) պարտության մատնեցին ավստրիացիներին (122 հազար մարդ)։ Սակայն Նապոլեոն III-ը, որին անցանկալի էր Իտալիայի վերածվելը ուժեղ միացյալ պետության և անհանգստացած էր Իտալիայում ազգային-ազատագրական պայքարի թափից ու Պրուսիայի սպառնալիքից, հանկարծակի ընդհատեց ռազմական գործողությունները։ Հուլիսի 11-ին նա Ավստրիայի հետ կնքեց այսպես կոչված Վիլլաֆրանկյան զինադադարը, որի համաձայն Ավստրիան հրաժարվեց միայն Լոմբարդիայից, Վենետիկը մնաց նրա տիրապետության տակ։ 1860 թվականին Պիեմոնտի հետ կնքած Թուրինի պայմանագրով Ֆրանսիան ստացավ Պիեմոնտին պատկանող Սավոյը և Նիցցան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Arnold Blumberg, A Carefully Planned Accident: The Italian War of 1859 (Cranbury, NJ: Associated University Presses, 1990); Arnold Blumberg, "Russian Policy and the Franco-Austrian War of 1859", The Journal of Modern History, 26, 2 (1954): 137–53; Arnold Blumberg, The Diplomacy of the Austro-Sardinian War of 1859, Ph.D. diss. (Graduate School of Arts and Sciences, University of Pennsylvania, 1952).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 426