Իսպանական մշակույթ, եվրոպական ինքնատիպ և հնագույն մշակույթներից մեկը՝ բազմաթիվ գործոնների ազդեցությամբ ձևավորված։ Իսպանիայի մշակութային հնագույն հուշարձանները քարանձավային որմնանկարներ և ժայռապատկերներ են՝ Քարե դարաշրջանից հայտնի։ Մեզ հասած կելտո-իբերական դարաշրջանի հուշարձանները պահպանում են կելտական և հունական մշակույթի բազմազան ազդեցության հետքերը։ Իսպանիայի մշակույթի ձևավորման գործում իրենց ներդրումն են ունեցել հին հռոմեացիները, արաբական տիրապետության շրջանը (7-15-րդ դար) նույնպես զգալի հետք է թողել հատկապես իսպաներենի վրա։ Ռեկոնկիստայից հետո Իսպանիան դավանեց կաթոլիկություն, ինչը նույնպես դեր է խաղացել ազգային մշակույթի կայացմանը։ Այսպիսով՝ Իսպանիայի մշակույթը եզակի խառնուրդ է եվրոպական և միջերկրածովյան մշակույթների՝ ըստ էության դառնալով թանգարան բաց երկնքի տակ։ Իսպանիան աշխարհում թվով զբաղեցնում է երրորդ տեղը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[1]։

Իսպանական քարանձավային նկարչություն

Ճարտարապետություն խմբագրել

 
Սագրադա Ֆամիլիա, Անտոնիո Գաուդի, Բարսելոնա

Իսպանիան աշխարհում երրորդ երկիրն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության հայտարարած օբյեկտների թվում՝ այս վարկանիշում զիջելով միայն Իտալիային և Չինաստանին։ Իսպանիայի մի շարք քաղաքներում պատմական թաղամասերը դարձել են Համաշխարհային ժառանգություն։ Ճարտարապետության զարգացումը սկսվել է հռոմեացիների՝ Պիրենեյան թերակղզի ժամանելով, որոնք թողել են որոշ առավել տպավորիչ կառույցներ Հռոմեական Իսպանիայում։ Հռոմեական կայսրության անկմանը հաջորդած վանդալների, սվեների և վեստգոտթների ներխուժումը հանգեցրել է տեխնոլոգիաների օգտագործման խորը անկման։ Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումների ժամանակ՝ 711 թվականին, մուսուլմանների հայտնվելը արմատապես որոշել է դարերի ընթացքում ճարտարապետության զարգացման ուղենիշը և զգալի մշակութային առաջընթաց է բերել՝ այդ թվում ճարտարապետության մեջ։ Միաժամանակ, քրիստոնեական թագավորություններում աստիճանաբար սկսել են ի հայտ գալ և զարգանալ ճարտարապետական ինքնատիպ ձևեր՝ սկզբում եվրոպական ազդեցության չենթարկված, բայց եվրոպական ճարտարապետական խոշոր հոսանքներին համապատասխան՝ ռոմանական և գոթական՝ հասնելով արտասովոր ծաղկման և թողնելով բազմաթիվ օրինակներ կրոնական և քաղաքացիական շենքերի։ Միաժամանակ, 12-ից մինչև 16-րդ դարերում զարգացել է ինչ-որ սինթետիկ ոճ՝ մուդեխար, որը համատեղում էր եվրոպական և արաբական դեկորատիվ արվեստը։ 15-դարավերջում Իսպանիայում Վերածննդի ճարտարապետության գործեր են ի հայտ գալիս՝ Խուան դե Էռերա։ Իսպանական բարոկկո ոճը չենթարկվեց որևէ արտաքին ազդեցության։ Այս ոճի հուշարձանները հիմնականում պահպանվել են իսպանական կայսրության ամերիկյան գաղութներում՝ տաճարներ և պետական հաստատություններ։ Դարերի ընթացքում գերակշռող գաղութային ոճը դեռևս զգալի ազդեցություն է ունենում Մեքսիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ամերիկայի և խաղաղօվկիանոսյան ափիերի երկրների ճարտարապետության վրա։ Գաղութային ոճի ճարտարապետական լավագույն աշխատանքներն են Խուան դե Վիլյանեեվայի և նրա հաջորդների գործերը։ 19-րդ դարում իսպանական ճարտարապետությունը ձևավորվել է երկու միտումով։ Մի կողմից՝ կառուցողական առաջընթացի խթանումը նոր նյութերի կիրառմամբ՝ երկաթ ու ապակի, մյուս կողմից՝ ակադեմիական հոսանքները, որոնք ի սկզբանե հետևել են պատմականությանն ու էկլեկտիզմին, իսկ ավելի ուշ՝ ռեգիոնալիզմին։ Ակադեմիական շրջանակներում մոդեռն ոճի տարածումը նպաստել է 20-րդ դարում այնպիսի ականավոր վարպետների հայտնվելուն, ինչպիսիք են Անտոնիո Գաուդին։ Իսպանական ժամանակակից ճարտարապետության մեջ տեղի է ունեցել տեխնոլոգիական հեղաշրջում։ Ամենահայտնի ներկայացուցիչներն են Ռաֆայել Մոնեոն, Սանտյագո Կալատրավան, Ռիկարդո Բոֆիլը։ Վերջիններս մասնագիտական միջազգային հանրույթներում ճանաչում վայելող անձինք են։

Գրականություն խմբագրել

Մինչև 12-րդ դարը Իսպանիայում, ըստ էության, գոյություն ուներ երկու տիպի գրականություն՝ իսպանա-արաբական և իսպանա-հրեական։ Գրականության լեզուն կաստիլերեն բարբառն էր։ Իսպանական գրական առաջին գործը պատկանում է Ռեկոնկիստայի ժամանակաշրջանին։ Իսպանական գրականության պատմության մեջ առանձնանում է չորս խոշոր ժամանակաշրջան.

Վաղ շրջան (12-ից 15-րդ դարեր) խմբագրել

Իսպանական գրականության ամենահին ստեղծագործությունը «Երգ իմ Սիդի մասին» բանահյուսական ասքն է, որի գլխավոր կերպարը իսպանական ազգայի հերոս Էլ Սիդն է, ով արաբական պատմության մեջ հայտնի էր «Սիդ» մականունով։ Անհայտ հեղինակի այս պոեմը գրվել է ոչ ուշ։ Այս ժամանակաշրջանի իսպանական գրականության ժանրերն էին պատմական վեպերը, պատմական քրոնիկները, պալատական գրականությունը և ասպետական վեպերը։ Իսպանիայի և Իտալիայի քաղաքական, ռազմական, կրոնական և գրական կյանքը ակտիվացել էր 15-րդ դարի երկրորդ կեսին, որը նպաստել է երկու երկրների միջև մշակութային փոխանակումների ավելացմանը, որի շրջանակներում Իտալիայում սկսել են թարգմանել և հրատարակել իսպանացի գրողների ստեղծագործությունները, իսկ Իսպանիայում՝ իտալացի գրողների գործեր։

20-րդ դարի իսպանական գրականություն խմբագրել

 
Ռաֆայել Ալբերտի

19-20-րդ դարերի սահմանագծին Իսպանիայի մտավոր և գրական կյանքը լուրջ փոփոխությունների է ենթարկվում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո իսպանական մոդեռնիզմը մտավ այսպես կոչված ուլտրամոդեռնիզմի շրջան, որի ներկայացուցիչները գրական նախորդ ավանդույթից կտրուկ հեռանում են՝ սյուռեալիզմից, դադաիզմից, Հեգելի փիլիսոփայությունից և Ֆրոյդի «անգիտակցականի» տեսությունից։ Պոետ Ռաֆայել Ալբերտին սկզբում սկսում է հետաքրքրվել սյուռեալիզմով, սակայն հետո հեռացել է մոդեռնիստական ուղղություններից՝ անդրադառնալով իսպանական դասական պոեզիայի ավանդույթին և ժողովրդական պոեզիայի ձևերին։ Իսպանական պոեզիայի դասական ավանդույթներին հետևեց Միգել Հերնանդեսը, ով ֆաշիզմի դեմ տարած պատերազմի ժամանակ դարձավ հեղափոխական բանաստեղծ և հակաֆաշիստական շարժման հերոս։ Ի թիվս այլ բանաստեղծական ձևերի՝ լայնորեն կիրառվում էին ժողովրդական ձևերը՝ ռոմանսներ։ Նոբելյան մրցանակակիր Վիսենտե Ալեյքսանդրեն Իսպանիայի պարտությունից հետո չլքեց երկիրը, այլ նա հավաքեց երիտասարդ բանաստեղծների խմբի, ովքեր ընդդիմադիր էին ֆրանկամետ ռեժիմին։ «Տարածություն» (1928) վերնագրով բանաստեղծությունների առաջին գիրքը նախանշել է նրա ստեղծագործության գլխավոր թեման՝ շրջակա իրականությունից հիասթափություն և վերադարձ դեպի բնություն։ Գրող և քննադատ Լուիս Սերնուդան շարունակում է գրել սյուռեալիստական բանաստեղծություններ, իսկ Գիլիեն Խորխեն՝ սիմվոլիստական բանաստեղծություններ։

 
Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկան (1899-1936) դարձել է 20-րդ դարի իսպանական գրականության պատմության մեջ այն միակ հեղինակը, որը փորձել է վերականգնել Իսպանական դասական դրամատուրգիայի ավանդույթները։ Լորկայի պիեսները պայմանականորեն բաժանվում են երեք խմբի՝ պիեսներ, որոնք այս կամ այն չափով կապված են ռոմանտիզմին, ֆարս, դրամաներ, որոնք ունենում են ողբերգական ավարտ։ «Առաջին երգեր» (1922) և «Երգեր» (1921-1924) ժողովածուներում Լորկան գտնում է իր ոճը՝ հիմնված մոդեռնիստական պոեզիայի սկզբունքների և ժողովրդական ստեղծագործության ակունքների վրա։ Նրա ամենահայտնի ժողովածուն է «Գնչուական ռոմանսերը» (1928)։ Արևմտաեվրոպական փիլիսոփայության և գրականության մեջ մեծ տեղ է զբաղեցնում Խոսե Օրտեգա ի Գասետոն (1883-1955), ում տեսակետները առավել լիարժեք արտահայտված են «Իսպանիան բեկված լեռնաշղթայով» (1921) և «Զանգվածների ապստամբությունը» (1930) գրքերում։ Ստեղծագործության և ոճի խնդիրների հետ է կապվում նրա «Մտքեր սիրավեպի մասին» գիրքը։ 1939 թվականին՝ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետական կարգերի հաստատումից հետո, Իսպանացի գրողների մեծ մասը արտագաղթում է։ Ֆրանկիստական գրաքննությամբ արգելվել են ոչ միայն ժամանակակից հայտնի գրողներից շատերը, այլև՝ Դեկարտը, Դիդրոն, Ռուսոն։ Իսպանական գրականության մեջ ձևավորվում է նատուրալիզմը, որի նշանավոր ներկայացուցիչն է Կամիլո Խոսե Սելան։ 1989 թվականին նա ստանում է Նոբելյան մրցանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրական բեմ է բարձրացել իսպանացի գրողների նոր սերունդը։ Անա Մարիա Մատուտեն (1925-2014) հակաֆաշիստական պայքարի խնդիրները մեկնաբանում է մոդեռնիստական փիլիսոփայության ոգով։ Նրա վեպերը, օրինակ, «Աբելի ընտանիքը» (1954), «Մահացած որդիները» (1959) բավականին հոռետեսական տրամադրություններ են արտահայտում։ Միգել Դելիբեսը (1920-2010) 20-րդ դարի ամենահայտնի իսպանացի գրողներից մեկն է։ Նրա վեպերի աշխարհը դաժան և անհույս է։ Արդեն նրա առաջին վեպը՝ «Կիպարիսը երկար ստվեր է գցում» (1948), ստացել է Նադալի մրցանակ։ Այնուհետև հաջորդեցին մի շարք ստեղծագործություններ, որոնց հիմքում ընկած են բնության և քաղաքակրթության հակադրումը, ինչպես նաև ժամանակակից աշխարհում մարդու դժվարին վիճակը՝ անկախ կացությունից։ Իսպանացի գրողներին հուզում են ժամանակակից մարդու ներաշխարհը, երիտասարդության թեման և հոռետեսական տրամադրվածությունը շարունակում է նկատվել բազմաթիվ հեղինակների ստեղծագործություններում։ Դետեկտիվ ժանրում ստեղծագործել է Մանուել Վասկես Մոնտալբան (1939-2003)՝ օգտագործելով դետեկտիվ սյուժեներ սոցիալական և քաղաքական խնդիրների մշակման համար։ Դրամատուրգ Ալեխանդրո Կասոնան (1903—1965) իր ստեղծագործության մեջ կարծես կամուրջ է նետում Լորկայի դասական դրամայից դեպի ժամանակակից պիեսներ, իսկ Կալդերոնի «Կյանքը երազ է» պիեսի մոտիվը կարմիր թելով անցնում է նրա բոլոր ստեղծագործություններում։ Անտոնիո Բուերո Վալեխոն (1916-2000) յուրովի շարունակում է պատրանքի և իրականության թեմայի արդիականությունը պիեսներում, ինչպես նաև՝ պատմական և դիցաբանական թեմաները։ Ալֆորնո Սաստրեն ստեղծագործում է էքզիստենցիալիզմով։ 1950 թվականին ռեժիսոր Խոսե Մարիա դե Կինտոյի հետ նա ստեղծեց «սոցիալական քարոզչության թատրոն» և մանիֆեստով հատուկ պահանջում էր թատրոնի նոր ձևաչափ։ 20-րդ դարում իսպանալեզու գրականությունը թարգմանվում է ռուսերենով։ ԽՍՀՄ-ում հրատարակվել են ոչ միայն բոլոր իսպանացի դասականները և XX դարի առաջին կեսի խոշորագույն հեղինակները, այլև թարգմանվել են 20-րդ դարի երկրորդ կեսի գրեթե բոլոր իսպանացի գրողների ստեղծագործությունները։ 1989 թվականին գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել հետևյալ հեղինակները՝ Կամիլո Խոսե Սելա, Անա Մարիա Մատուտե, Էդուարդո Մենդոսա, Ֆրանցիսկո Այալա։

 
Կամիլո Խոսե Սելա

1975 թվականի սկզբին ԽՍՀՄ գրողների միության հիմքի վրա ստեղծվեց գրական կապերի հարցերով խորհրդա-իսպանական խառը հանձնաժողով, որը երկու երկրների գրական գործիչների ամենամյա հանդիպումներ է կազմակերպել Իսպանիայում և Խորհրդային Միությունում։ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակաշրջանում Ռուսաստանում իսպանական թարգմանված գրականության հանդեպ հետաքրքրությունը փոքր-ինչ նվազել է։ Վերջին տարիներին ռուսերեն են թարգմանվում Դոլորես Մեդիոն, Խուան դե լա Կրուսը, Լաուրա Էսկիվելը։ Իսպանիայում առավել ճանաչված երիտասարդ հեղինակներից մեկի՝ Լորենսո Սիլվայի «Բոլշևիկի թուլությունը» վեպն առաջին անգամ իր հայրենիքից դուրս թարգմանվել է հենց Ռուսաստանում, դրանից հետո այն սկսել են թարգմանել այլ լեզուներով։ Իսպանական գրականությունը շարունակում է աչքի ընկնել իր նրբաճաշակությամբ և էլիտարիզմով, ազնվականությամբ և նրբաճաշակությամբ։ Մեծ ժողովրդականություն են վայելում Արթուրո Պերես-Ռևերտե։ Այնպիսի ուղղություն, ինչպիսին ֆանտաստիկան է, ժամանակակից իսպանական գրականությունում թույլ է զարգացած։ 2003-ին Ռուսաստանում բացվել է Սերվանտեսի ինստիտուտի մասնաճյուղը, որի խնդիրը, ինչպես Գյոթեի ինստիտուտի դերը Գերմանիայում, Իսպանիայի և Ռուսաստանի միջև մշակութային կապերի զարգացումն է։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Անդալուզյան շուն ֆիմի ազդագիրը, 1929

Իսպանիայում առաջին կինոցուցադրությունն անցկացվել է 1895 թվականի մայիսի 5-ին Բարսելոնայում։ Իսպանական առաջին ֆիլմն է համարվում «12-ժամյա պատարագի ելքը Սարագոսայի Փիլար եկեղեցուց»։ Համր կինոյի դարաշրջանի սկզբում (1900-1920) Իսպանիայի կինոարտադրության կենտրոնը սկզբում գտնվում էր Բարսելոնայում, իսկ 1920-ականների վերջին տեղափոխվեց Մադրիդ։ Ֆրանկո դիկտատուրայի հաստատմամբ կինեմատոգրաֆիան հայտնվել է խիստ վարչական ճնշման տակ։ Պարտադիր է դարձել կաստիլերեն բարբառով բոլոր ֆիլմերի հնչեցումը, որոնք ցուցադրվում են երկրում։ 1950-ականներին Իսպանիայում սկսել են երկու կարևոր կինեմատոգրաֆիական փառատոներ անցկացնել։ 1953 թվականի սեպտեմբերի 21-ին առաջին անգամ Սան Սեբաստիանում տեղի ունեցավ կինոյի փառատոնը, որն այդ ժամանակից ի վեր ոչ մի տարի չի ընդհատվել։ Ֆրանկիստական ռեժիմի ժամանակ իսպանացի ռեժիսորներից շատերը արտագաղթել են երկրից։ Օրինակ՝ Լուիս Բունյուելի լավագույն ֆիլմերն են՝ Վիրիդիանա և Տրիստանա։ Հետֆրանկիստական դարաշրջանի ընթացքում իսպանացի կինոռեժիսորների յուրաքանչյուր նոր սերունդ վերանայել է երկրի պատմությունը՝ այլ լույսի ներքո։ Ֆանտաստիկ կինոյի ժանրում համաշխարհային քննադատություն ճանաչված առավել հայտնի ռեժիսորների թվում է բեմադրող Ժաումե Բալագերոն, ով մշտապես մրցանակներ է ստանում կինոֆանտաստիկայի հեղինակավոր կինոդիտումներում։ Այսօրվա դրությամբ իսպանական արտադրության ֆիլմերը կազմում են Իսպանիայի կինովարձույթի միայն 10-20 տոկոսը, ինչը խոսում է ազգային կինոյի ճգնաժամի մասին։ Ժամանակակից իսպանական կինոն կախված է էպիզոդիկ հաջողություններից և դրամարկղային հավաքներից, այսպես կոչված՝ «Մադրիդյան կատակերգություններից»՝ Ֆեռնանդո Կոլոմոն և Ֆեռնանդո Տրուեբան։ 1987 թվականին Իսպանիայում ստեղծվել է «Գոյա» կինեմատոգրաֆիական մրցանակը՝ Օսկարի անալոգը իսպանական կինոյի համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել