Իսահակ Շվարց

ռուս և խորհրդային կոմպոզիտոր

Իսահակ Իոսիֆովիչ Շվարց (ռուս.՝ Исаа́к Ио́сифович Шварц, մայիսի 13, 1923(1923-05-13)[1][2][3], Ռոմնի, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2009(2009-12-27)[4][1][2][…], Սիվերսկի, Գատչինսկի շրջան, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), խորհրդային ռուս կոմպոզիտոր։ ՌԴ ժողովրդական արտիստ (1996), Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, «Նիկա» կինոմրցանակի եռակի դափնեկիր[5][6]։

Իսահակ Շվարց
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Исаак Шварц
Ծնվել էմայիսի 13, 1923(1923-05-13)[1][2][3]
Ռոմնի, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 2009(2009-12-27)[4][1][2][…] (86 տարեկան)
Սիվերսկի, Գատչինսկի շրջան, Լենինգրադի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
 Isaac Schwartz Վիքիպահեստում

Հեղինակել է երաժշտություն 35 ներկայացումների և 125 ֆիլմերի[7], ինչպես նաև սիմֆոնիկ ստեղծագործությունների, 2 բալետի, 2 կվարտետի, ջութակի կոնցերտի, կանտատի, ռոմանսների համար։ Հանրաճանաչություն է ձեռք բերել որպես կինոկոմպոզիտոր, ում ռոմանտիկ մելոդրամաներում հնչած մեղեդիները հանդիսատեսին հաճախ ավելի լավ էին հիշվում, քան հենց ֆիլմերը։ Շվարցին ավելի մեծ ճանաչում է բերել Սերգեյ Սոլովյովի և Վլադիմիր Մոտիլի ֆիլմերում հնչած երաժշտությունը։ Շվարցի ստեղծագործությունների գագաթնակետն էին «Անապատի սպիտակ արևը», «Կարամազով եղբայրներ», «Կայարանային հսկիչը», «Հարյուր օր մանկությունից հետո», «Դյութիչ երջանկության աստղը», «Դերսու Ուզալա», «Սպիտակ գիշերվա մեղեդիները», «Օրինական ամուսնություն» ֆիլմերի երաժշտությունները[8][9][10][11][12][13]։

Կենսագրություն և ստեղծագործություններ խմբագրել

Մանկություն և ստեղծագործական ուղու սկիզբ խմբագրել

Իսահակ Շվարցը ծնվել է 1923 թվականի մայիսի 13-ին Ռոմնիում (այժմ՝ Սումիի մարզ, Ուկրաինա) մտավորական հրեաների ընտանիքում, որտեղ նրան և ավագ քույրերին՝ Սոֆյային և Մարիային մանկուց սեր էին սերմանել ընթերցանության և երաժշտության հանդեպ։ Հորական կողմի պապը հոգևորական էր, 20-րդ դարի սկզբին Մերձբալթիկայից տեղափոխվեց Պոլտավայի նահանգ։ 1930 թվականին Շվարցի ընտանիքը տեղափոխվեց Լենինգրադ, որտեղ ապրում էր քաղաքի կենտրոնում՝ Նևայի պողոտայի մոտ։ Տղան, ում ընտանիքում չէին համարում օժտված Սոֆյայի և հատկապես Մարիայի հետ համեմատած, սկսեց դաշնամուրի դասերի հաճախել Գեղարվեստական դաստիարակության տանը՝ Ալեքսեյ Զամկովի մոտ։ Որոշ ժամանակ անց սկսեց պարապել պրոֆեսոր Լեոնիդ Նիկոլաևի մոտ։ 1935 թվականին Շվարցը, 12 տարեկան հասակում, հաղթեց Լենինգրադի ֆիլհարմոնիայի Մեծ սրահում կայացած երիտասարդ օժտվածների մրցույթում։ Սակայն նախնական ակադեմիական երաժշտական կրթություն, ինչպես նշել է Շվարցը, մանուկ ժամանակ չի ստացել[14]։

1936 թվականի գարնանը 13-ամյա Իսահակը նկարահանվում է «Բեթհովենի համերգը» ֆիլմում, մասնակցել է ընկերոջը՝ Լենինգրադի Մոսկվայի կայարանում երաժշտական մրցույթի ճանապարհելու տեսարանին․ անունը նշված է տիտրերում[15]։

Շվարցի ընտանիքի գլխավերևում սև ամպեր կուտակվեցին Կիրովի սպանությունից հետո, որն ազդարարեց Լենինգրադում բռնաճնշումների սկիզբը։ 1936 թվականի դեկտեմբերին հայրը, ում Իսահակը շատ էր սիրում, լեզվաբան-արաբագետ, Լենինգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետի պրոֆեսոր Իոսիֆ Շվարցը (1889-1938), որը գեղեցիկ, ուժեղ բարիտոն ուներ, ձերբակալվեց ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից։ Ինչպես հասուն տարիքում հիշում էր Շվարցը, «նա ամիսներ շարունակ ամեն գիշեր լացում էր վշտից»[16]։ Այնուհետև Իոսիֆ Եվսեևիչը դատապարտվում է ՌԽՖՍՀ ՔՕ 58-րդ հոդվածով և աքսորվում ճամբար, որտեղ 1938 թվականի ապրիլի 4-ին կրկին դատապարտվում է եռյակի կողմից և ապրիլի 11-ին գնդակահարվում Մագադանում։ Ամբողջ կյանքում Շվարցը հիշել է հոր հետ վերջին հանդիպման մասին Լենինգրադի աքսորական բանտում[14][17][18][19]։

1937 թվականի ամռանը Շվարցի ընտանիքը, զրկվելով ամբողջ ունեցվածքից, այդ թվում՝ դաշնամուրից և գրադարանից, Լենինգրադից աքսորվեց Ղրղզստան։ Այնտեղ նրանք բնակություն հաստատեցին սամանե տանիք ունեցող մի խրճիթում։ Իսահակի մայրը՝ Ռախիլ Բերգերը (1891֊1970), Կիևի կոմերցիոն ինստիտուտի շրջանավարտ էր, որը ժամանակին դպրոցում մաթեմատիկա, գրականություն և ռուսերեն էր դասավանդում, այժմ աշխատանքի է տեղավորվում Ֆրունզեի կարի ֆաբրիկայում։ Տասնչորսամյա Իսահակը սկսում է դաշնամուրի մասնավոր դասեր տալ տեղի պետական պաշտոնյաների երեխաներին։ Ավագ քույրը՝ Սոֆյան, կոնսերվատորիայի ուսանողուհի, հետագայում ընդունակ դաշնակահարուհի, Իսահակին ծանոթացնում է Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բիզեի և այլ դասականների ստեղծագործությունների հետ։ Մանուկ հասակից Շվարցը երաժշտական ստեղծագործության մեջ շատ է գնահատել մեղեդին՝ գեղեցիկ, վառ և հիշվող[14]։

1938 թվականին Շվարցը Ղրղզստանի մայրաքաղաքում սկսում է կոմպոզիցիայի դասեր վերցնել մանկավարժ Վլադիմիր Ֆերեից։ Մինչպատերազմյան Ֆրունզեի ամառային կինոթատրոնում Իսահակը որպես իմպրովիզ դաշնակահար նվագակցում էր համր ֆիլմերին։ Այնտեղ «Քառասունմեկերորդը» ֆիլմի ցուցադրությունից հետո օժտված երիտասարդի վրա ուշադրություն դարձրեց և մեծ ապագա կանխագուշակեց կինոդերասան Իվան Կովալ-Սամբորսկին։ Երիտասարդ տարիների այս աշխատանքի հետ են կապում մասնագետները Շվարցի կինեմատոգրաֆիայի հանդեպ հատուկ զգացմունքը, որն ի հայտ եկավ հասուն տարիքում։ Պատերազմից առաջ Շվարցը կոնցերտմեյստեր էր աշխատում Ղրղզստանի պետական թատրոնում[11][20]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Շվարցը ղեկավարում էր Ֆրունզեի ռազմական շրջանի Կարմիր բանակի երգի և պարի համույթի երգչախումբն ու նվագախումբը[6][14]։

Ռազմաճակատում եղել է սակրավոր[21]։ 1942 թվականի գարնանը Խարկովի մոտ հրետանային գնդակակոծության արդյունքում կոնտուզիայի է ենթարկվել։ Վերականգնվել է Ալմա Աթայի հոսպիտալում։ 1943 թվականին 20-ամյա Շվարցն ամուսնանում է մանկության և երիտասարդության ընկերուհու՝ Սոնա Պոլոնսկայայի հետ․ շուտով ծնվում է նրանց միակ դուստրը՝ Գալինան[15]։

Լենինգրադի կոնսերվատորիա և մասնագիտական կայացում խմբագրել

 
Օրեդեժի ափը, որտեղ գրվել են կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները։ Շվարցն առաջին անգամ այստեղ է ժամանել 23 տարեկանում՝ ուսանող ժամանակ։

1945 թվականին 22-ամյա Շվարցը, բանակից զորացրվելով, վերադառնում է Լենինգրադ և Դմիտրի Շոստակովիչի աջակցությամբ ընդունվում Լենինգրադի Ն․ Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիա։ Դեկանը, լսելով սկսնակ հորինողին, խորհում է և ասում․ «Գիտե՞ք, այնքան էլ վատ չէ, որքան թվում է»[22]։ Շվարցն ընկնում է Բորիս Արապովի դասարան, սակայն հաճախում էր նաև Շոստակովիչի դասերին, որն առաջիններից մեկն էր, ով արժանվույնս գնահատեց նրա կոմպոզիտորական ձիրքը։ Այդ տարիներին կոնսերվատորիայում ուսանելը վճարովի էր, սակայն տաղանդավոր ուսանողը՝ ծանրաբեռնված ընտանիքով և երեխայով, իրեն անհայտ պատճառներով ազատվել էր վճարից։ Միայն 1960 թվականին՝ Շվարցի «Նախօրեին» բալետի պրեմիերային, ռեկտոր Պավել Սերեբրյակովը վկայեց, որ Շոստակովիչն է գաղտնի վճարել Շվարցի ուսման վարձը։ Ուսանողական տարիներին Շվարցը, ինչպես նաև Շոստակովիչը կուսակցական մարմինների կողմից մեղադրվել են «երաժշտության ձևապաշտության մեջ», սակայն կտրուկ հրաժարվել է, ինչպես պահանջում էին, հրապարակայնորեն դատապարտել իր ուսուցչին[10]։

Ուսման տարիներին Շվարցը ջութակի և դաշնամուրի համար սոլ մինոր սոնատ, լարային կվարտետ, ռոմանսներ է գրել Պուշկինի, Տյուտչևի, Ֆետի, Պոլոնսկու, Հայնեի բանաստեղծությունների հիման վրա, գրել է նաև դաշնամուրի համար վարիացիաներ, արիա՝ ջութակի և դաշնամուրի համար։ Շվարցի ստեղծագործություններն առաջին անգամ գրավեցին երաժշտագետների ուշադրությունը․ երիտասարդ հեղինակի մոտ նշեցին քնարական և ժանրային երաժշտական կերպարների հյութեղ կոնտրաստներ, մեղեդայնության բնական թարմություն և ներդաշնակ լեզու։ Շվարցի ռոմանսները՝ գրված ուսանողական տարիներին, կատարում էին Լենինգրադի հայտնի երգիչներն իրենց համերգների ժամանակ՝ Սերգեյ Շապոշնիկովը, Նադեժդա Վելտերը և այլք։ Կոնսերվատորիայում սովորելու վերջին 2 տարիներին Շվարցը սովորում էր Օրեստ Եվլախովի մոտ։ Նրա ժամանակ Շվարցը Ալեքսանդր Չեպուրովի խոսքերի հիման վրա գրեց «Խորհ Հայրենիքի մասին» 3 մասանոց կանտատը բասի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, Միխայիլ Սվետլովի խոսքերի հիման վրա՝ «Զինվորը և բուքը» բալլադը նվագախմբի բարիտոնի համար, Վլադիմիր Օռլովի, Ստեպան Շչիպաչյովի խոսքերի հիման վրա՝ ռոմանսներ[20]։

1946 թվականի ամռանը Շվարցը սովորեց ակորդեոն նվագել և կոնսերվատորիայի առաջին կուրսն ավարտելուց հետո սկսեց յուրաքանչյուր տարի արձակուրդներն անց կացնել Օրեդեժի ափին՝ Լենինգրադի հեռավոր հարավային քաղաքամերձ Սիվերսկի բնակավայրում[23]։ Այնտեղ նա նվագում էր հանգստի տներում, մանկական ճամբարներում և պարահրապարակներում, ինչպես նաև երաժշտություն էր սովորեցնում երեխաներին։ Սակայն երաժշտության ուսուցիչ Շվարցն այդպես էլ չդարձավ, իր կոմպոզիցիոն դպրոցն այդպես էլ չբացեց, չունեցավ հայտնի սաներ, իսկ կինոկոմպոզիտորի յուրօրինակ մեղեդայնական ձիրքը, Սերգեյ Սոլովյովի բնորոշմամբ, այդպես էլ մնաց յուրօրինակ, իր տեսակի մեջ եզակի[15][24]։

1954 թվականին Շվարցը գրեց իր առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Ֆա մինոր սիմֆոնիա»-ն՝ չորս մասանոց քնարաէպիկական պատումը՝ մի երիտասարդ ժամանակակցի մասին։ Սիմֆոնիան հուսախաբ անող կոմպոզիտորին բերեց առաջին հաջողությունը։ Սիմֆոնիայի մեղեդայնությունը սահմանափակորեն կապված է խորհրդային զանգվածային երգերի և ժողովրդական երաժշտության պաթոսի հետ։ Պրեմիերան կայացավ 1954 թվականի նոյեմբերի 6-ին․ այդ օրվանից ստեղծագործությունը բազմիցս հնչել է Լենինգրադի ֆիլհարմոնիայի մեծ սրահում։ 1955 թվականին սիմֆոնիան կատարվել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության 8-րդ համամիութենական պլենումին, որի ժամանակ Շվարցին ընդունեցին իրենց շարքերը[14]։

Ներկայացումներ և բալետներ խմբագրել

1956 թվականին Գեորգի Տովստոնոգովը Շվարցին առաջարկեց երաժշտություն գրել «Ապուշը» ներկայացման համար։ Կոմպոզիտորի առաջ խնդիր դրվեց երաժշտությունը կապել Դոստոևսկու դրամատուրգիայի հետ։ Առաջին հաջող փորձից հետո Շվարցը Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության հիման վրա բեմադրած համանուն ներկայացման համար երաժշտություն գրեց, իսկ ընդհանուր առմամբ Մեծ դրամատիկական թատրոնում 6 ներկայացման համար երաժշտություն հեղինակեց, այդ թվում՝ Տովստոնոգովի բեմադրությամբ «Չխոնարհած գլուխները» և «Ամեն մի իմաստունին բավական է պարզություն», Ռաֆայիլ Սուսլովիչի «Եկամտաբեր պաշտոն»-ը։ Կոմպոզիտորը հատուկ նշել է թատերական ռեժիսորներ Գեորգի Տովստոնոգովի և Լեոնիդ Յակոբսոնի՝ իր ստեղծագործությունների վրա թողած ազդեցությունը։ Ընդհանուր առմամբ երաժշտություն է գրել 35 ներկայացման համար[9][25]։

1950-ական թվականներին Շվարցը սիմֆոնիկ նվագախմբի համար կոլորիտային գործիքավորմամբ երիտասարդական ուվերտյուրա, 2 բալետ՝ «Նախօրեին» (1960) և «Հրաշքների երկրում» (196և) գրեց՝ բեմադրված Լ․ Յակոբսոնի կողմից Կիրովի օպերայի և բալետի թատրոնում[6][9]։

Կինոկոմպոզիտոր խմբագրել

«Ես կարող եմ ցանկացած խճճված գործիքավորում անել, հյուսել ցանկացած ամենաբազմանշանակ աններդաշնակ պիրուետներ․․․ Սակայն իրականում ամենադժվարը և ամենամեծ երջանկությունը յուրաքանչյուր կոմպոզիտորի համար, բոլորն են այդ ուզում, թող չստեն, որ իրենց համար միևնույնն է․․․ ուղղակի գրեթե ոչ ոքի դա չի հաջողվում, որովհետև դա չի հորինվում, այլ ընկնում է երկնքից, լուսավորում է․․․ - հորինել թարմ, ուժեղ, հիշվող մեղեդի։ Մնացածը տեխնիկայի հարց է»։

Իսահակ Շվարց[24]

1958 թվականին սկսվեց Շվարցի արգասաբեր գործունեությունը կինեմատոգրաֆիայում։ Նրա երաժշտությամբ առաջին ֆիլմերն են «Չվճարված պարտք», «Մեր թղթակիցը», «Բալթյան երկինք»։ Կոմպոզիտորը հաջողությամբ համագործակցել է տարբեր դպրոցների, ոճերի և սերունդների կինոռեժիսորներ Իվան Պիրևի, Միխայիլ Ռոմի, Իոսիֆ Խեյֆիցի, Վլադիմիր Վենգերովի, Միխայիլ Շվեյցերի, Յուլի Կարասիկի, Վլադիմիր Մոտիլի, Սերգեյ Սոլովյովի, Նիկոլայ Գուբենկոյի, Գրիգորի Արոնովի, Ալեքսեյ Գերմանի, Պյոտր Տոդորովսկու, Ռոդիոն Նահապետովի, Սերգեյ Բոդրով ավագի, Պավել Լունգինի, Վլադիմիր Բորտկոյի, Եվգենի Տատարսկու և այլոց հետ։ Տիրապետելով կոմպոզիտորական տեխնիկայի բազմաբնույթ ձևերի՝ Շվարցը կարողանում էր երաժշտություն գտնել ցանկացած, նույնիսկ ամենադժվար սցենարի համար, ամենից շատ երաժշտության մեջ գնահատում է մելոդիկ բնականությունը, պարզությունը և անկեղծությունը։ Ըստ քննադատների՝ կինոյի նրա երաժշտությունը հագեցած է կարեկցությամբ, էկրանի կերպարներին և հանդիսատեսին ապրումակցելու հազվագյուտ ձիրքով, բարությամբ և մարդասիրությամբ։ Ինքը Շվարցն իր երաժշտության և կոմպոզիտորական գործունեության առանձնահատկություններն էր համարում բարձր զգայունությունը և սենտիմենտալությունը․ այս հատկանիշները նա համարում էր անհրաժեշտ արվեստի մեջ, սակայն չափի մեջ` «ճաշակի սահմաններում»[14]։

Շվարցը երաժշտություն է գրել ավելի քան 125 ֆիլմերի համար, որոնց թվում կան ռուսական և համաշխարհային կինեմատոգրաֆիայի հայտնի գլուխգործոցներ։ Ավելի մեծ հաջողություն է կոմպոզիտորն ունեցել Մոտիլի և Սոլովյովի ֆիլմերում։ Շվարցի սիրելի ժանրը ռոմանտիկ մելոդրամաներն էին[15]։

Բորիս Կուշների գնահատմամբ Շվարցի և Բուլատ Օկուջավայի տաղանդները միանգամայն ներդաշնակ էին։ Վարպետները ոչ միայն նույն գեղարվեստական ճաշակն ունեին, այլև ճակատագիրը․ գրեթե հասակակիցներ Շվարցը և Օկուջավան «ժողովրդի թշնամու» որդիներ էին, նրանց հայրերը բռնաճնշվել և գնդակահարվել էին 1937-1938 թվականներին․ երկուսն էլ ստիպված էին ապրել հարազատ վայրերից հեռու, այնուհետև պատերազմել են, վիրավորվել ռազմաճակատում, երկուսին էլ ստեղծագործական ուղու սկզբում հանդիմանել են «ֆորմալիզմի» մեջ։ Մինչև Շվարցը Օկուջավայի տեքստերը երաժշտայնորեն մշակելու փորձեր կատարել է Մատվեյ Բլանտերը, սակայն նրա փորձերն անհաջողության մատնվեցին․ խորհրդային երգի դասականը չզգաց բարդի «պոեզիայի շունչը»։ Իսկ Շվարցի և Օկուջավայի համագործակցությունը 32 երգ ու ռոմանս ծնեց, որոնցից առավել հայտնիներն են Վերեշչագինի «Ваше благородие…» («Անապատի սպիտակ արևը»), «Песенка кавалергарда» («Դյութիչ երջանկության աստղը»), «Эта женщина в окне» («Օրինական ամուսնություն»), «Любовь и разлука» («Մեզ պսակել են ոչ եկեղեցում») ռոմանսները, ինչպես նաև «Ծղոտե գլխարկը» ֆիլմի երգերը[10]։ Սերտ համագործակցությունը երբեմն հանգեցնում էր Օկուջավայի պատմողական ստեղծագործությունների մեջ Շվարցի երաժշտության աննկատ ներթափանցմանը։ Վալերի Բալայանի փաստագրական ֆիլմում (2002) կոմպոզիտորը հիշատակել է, որ Օկաջավայի «После дождичка небеса просторней…» ռոմանսի մեղեդին, որը Բուլատն անկեղծորեն իրենն էր համարում, փաստացի համարվում է Շվարցի՝ «Սպիտակ գիշերվա մեղեդիները» ֆիլմի համար գրած սյուիտի քնարական թեմայի վարիացիան[16][26]։

Կինեմատոգրաֆիստներից ամենաշատը Շվարցն աշխատել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովի հետ։ Կոմպոզիտորը երաժշտություն է գրել նրա «Ոչինչ չանելուց», «Առաջարկ», «Եգոր Բուլիչով», «Կայարանային հսկիչը», «Հարյուր օր մանկությունից հետո», «Սպիտակ գիշերվա մեղեդիները», «Փրկիչը», «Ուղղակի ժառանգորդուհի», «Ընտրյալները», Փոքր թատրոնի «Քեռի Վանյան» ներկայացման համար[24]։

Շվարցը երաժշտություն է գրել նաև խորհրդաճապոնական «Դերսու Ուզալա» ֆիլմի համար, որն արժանացել է Օսկարի (1976, ռեժիսոր՝ Ակիրա Կուրոսավա)։ Ժամանելով ԽՍՀՄ՝ ճապոնացի կինոռեժիսորն ուսումնասիրեց տարբեր խորհրդային կոմպոզիտորների՝ ֆիլմերի համար գրած երաժշտությունը և կանգնեց Շվարցի թեկնածության վրա․ Կուրոսավային գերեց նրա էլեգիան «Կայարանային հսկիչը» ֆիլմի համար[9]։

Շվարցի հայտնի ֆիլմերից են, որոնք ճանաչում են գտել նաև նրա քնարական երաժշտության շնորհիվ, «Կայարանային հսկիչը», «Օրինական ամուսնությունը» (1985 թվականի լավագույն խորհրդային ֆիլմ), «Կանաչ շղթաներ», «Հարյուր օր մանկությունից հետո», «Կարամազով եղբայրներ», «Դինգո վայրի շունը» (1962), «Ընտանեկան երջանկություն», «Միսթեր ՄակՔինլիի փախուստը», «Եգոր Բուլիչով», «Կենդանի դիակ», «Կարուսել», «Հանգստացողների կյանքից», «Մեզ պսակել են ոչ եկեղեցում», «Զառիթափը», «Շիկահերն անկյունում», «Ստուգում ճանապարհներին», «Կրոշի արձակուրդները», «Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա», «Վերջին զոհը»։ Այս ֆիլմերի երաժշտությունը ձայնագրվել է նվագախմբով դիրիժորներ Յուրի Տեմիրկանովի, Էմին Խաչատուրյանի, Ալեքսանդր Լազարևի, Վլադիմիր Պոնկինի, Եվգենի Կոլոբովի, Մարկ Էրմլերի, Վախթանգ Ժորդանիայի գլխավորությամբ[20]։

Շվարցի ընտանեկան դրամայի հետ է կապված ռեժիսոր Արկադի Կորդոնի «Դատապարտվածը» ֆիլմում նրա մասնակցությունը։ 1988 թվականին՝ վերակառուցման ընթացքում և ստալինիզմի հանցագործությունները գիտակցելու ժամանակ էկրան բարձրացած այս ողբերգության համար կոմպոզիտորը ստեղծեց սիմֆոնիկ երաժշտության հզոր գործ։ Ինչպես նշել է ռեժիսոր Ա․ Կորդոնը, Շվարցի սիմֆոնիայի առեղծվածային գունախաղում արտացոլվել է Կոլիմայի երկրամասի սառը կերպարը, միլիոնավոր տանջահարների հառաչանքները՝ «կոմպոզիտորի ստեղծած հնչյունների քաոսում լսվում էին նրանց մարող շնչառությունը»։ 1990-ական թվականների սկզբին թեման շարունակվեց «Անիծվի՛ր, Կոլիմա՛» փաստագրական ֆիլմում, որտեղ Շվարցը զարգացրեց նախկին երաժշտությունը վիրտուոզ իմպրովիզի՝ սինթեզատորի վրա[11]։

Շվարցը երեք անգամ արժանացել է ռուսական «Նիկա» կինոմրցանակի։ Առաջին անգամ կոմպոզիտորն այն ստացել է 1993 թվականին «Սպիտակ թագավոր, կարմիր թագուհի» և «Լունա պարկ» ֆիլմերի երաժշտության համար։ Երկրորդ անգամ՝ 2001 թվականին Տիմուր Զուլֆիկարովի խոսքերի հիման վրա գրած ռոմանսի համար «Լսի՛ր, թե արդյոք չի անձրևում» ֆիլմում։ Երրորդ անգամը՝ 2002 թվականին «Վայրենին» ֆիլմի երաժշտության համար, որն Ալեքսանդր Օստրովսկու պիեսի էկրանավորումն է[6]։

Շվարցը չէր սիրում հեռուստասերիալներ և ինքն էլ սովորաբար չէր դիտում։ Այդուհանդերձ ճակատագրի հեգնանքով նրա վերջին աշխատանքները կապված են նորաձևության մեջ մտած հենց այս կինոֆորմատի հետ․ կոմպոզիտորը երաժշտություն գրեց 12 սերիանոց «Շախմատիստը» (2004) հեռուստաֆիլմի և Յուրի Տրիֆոնովի արձակի հիման վրա նկարահանված 4 սերիանոց «Տունը ծովափին» սագայի համար (2007)[6]։

Շվարցն իր սիրելի աշխատանքներն է համարել «Կայարանային հսկիչը» և «Դյութիչ երջանկության աստղը» ֆիլմերի համար գրած երաժշտությունը[9]։

«Դեղին աստղեր» կոնցերտ խմբագրել

Կոմպոզիտորի վերջին մեծ սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ «նվագախմբի համար գրված 7 մասանոց «Դեղին աստղեր» կոնցերտն էր»՝ նվիրված Պաուլ Վալենբերգի հիշատակին։ Լայնածավալ ստեղծագործության գաղափարը Շվարցի միտքը ծագեց Կաունաս առանձնաթաղի մի կալանավորի փաստագրական գրառումներից, որոնք ցնցեցին կոմպոզիտորին Պիրումի տոնման իրենց նկարագրությամբ, որը հրեական ուրախ տոն է մահվան ճամբարում, որը նշվում է նախքան մահապատիժը։ «Դեղին աստղեր»-ը գրախոսականներում անվանվում է որպես տղամարդկության, իմաստության, սեփական արժանապատվության զգացումի և անխուսափելի մահվան սարսափը հաղթահարած, դատապարտված մարդկանց միասնության քնարական հիմն։ Մոսկովյան պրեմիերան կայացավ 2000 թվականի սեպտեմբերի 29-ին Չայկովսկու անվան համերգային դահլիճում և նվիրվեց կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 60-ամյակին (Ռուսաստանի ազգային նվագախումբ, դիրիժոր՝ Պավել Սորոկին)․ կա նաև համերգի հեռուստատեսային տարբերակը (ТВЦ, ռեժիսոր՝ Օլգա Տրեգուբովա)։ 2002 թվականին կոնցերտը ձայնագրեց Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ և թողարկվեց 2005 թվականին «Capriccio Records» ստուդիայի կողմից CD-ով և DVD-ով[10][27]։

«Սիվերսկյան ճգնավորը» խմբագրել

Կոմպոզիտորը 1964 թվականից մինչև կյանքի վերջը՝ ավելի քան 45 տարի, ապրել և աշխատել է Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանի Կեզևո ամառանոցային միկրոշրջանի Սիվերսկի գյուղի իր սեփական տանը (երկաթգծի կայարան Սիվերսկայա, Սանկտ Պետերբուրգից 70 կմ հեռավորության վրա)։ Այստեղ Շվարցին (ում դեռ կենդանության օրոք անվանում էին «սիվերսկյան ճգնավոր»)[27] այցելում էին Վլադիմիր Վիսոցկին, Անդրեյ Միրոնովը, Ակիրա Կուրոսավան, Զինովի Գերդտը, Ինոկենտի Սմոկտունովսկին, Սերգեյ Սոլովյովը, Իոսիֆ Բրոդսկին, Բուլատ Օկուջավան, Վլադիմիր Մոտիլը, Ալեքսեյ Բատալովը, Օլեգ Բասիլաշվիլին և շատ այլ ստեղծագործական ընկերներ և գործիչներ։ 1964 թվականին Շվարցը Լենֆիլմում աշխատանքի անցնելու համար բարեխոսել է աքսորից նոր վերադարձած, գործազուրկ պոետ, հետագայում Նոբելյան մրցանակի դափնեկիր Բրոդսկու համար[20][28]։ Շվարցը հիանալի կոմպոզիտորներ էր համարում Ռոդիոն Շչեդրինին, Անդրեյ Էշպային, Անդրեյ Պետրովին, Միքայել Թարիվերդիևին, Նադեժդա Սիմոնյանին, Գենադի Գլադկովին և բարձր էր գնահատում վերջիններիս մեղեդայնության առատությունը և ստեղծագործական անհատականությունը[20]։

Լենինգրադի իր բնակարանում Շվարցը հազվադեպ էր լինում, ստեղծագործական երեկոները սովորաբար կազմակերպում էր Սիվերսկիի Ա․ Մայկովի անվան գրադարանում[29]։ 1979 թվականին 56-ամյա կոմպոզիտորն ամուսնացավ իր տաղանդի 20-ամյա երկրպագու Անտոնինա Նագորնայայի հետ, ում հետ երջանիկ ապրեց 30 տարի[15]։

Հյուսիսային մայրաքաղաքից բացի Շվարցը հազվադեպ Սիվերսկիից այցելում էր Կիևի, Օդեսայի իր հարազատներին, ինչպես նաև պարբերաբար լինում էր Մոսկվայում, որտեղ ոչ միայն աշխատում էր կինեմատոգրաֆների հետ, այլև հանգստանում և բուժվում էր Կինոյի վետերանների տանը, որը գտնվում էր Կունցևոյի Ստալինի ամառանոցի հարևանությամբ։ Գրականագետ Բ․ Գորզևի վկայությամբ՝ երբեմնի հզոր առաջնորդի «կալվածքը» Շվարցին տխուր հիշողությունների և մտորումների առիթ էր տալիս[9][14]։

Իսահակ Շվարցը մահացել է 2009 թվականին դեկտեմբերի 27-ի երեկոյան, երբ դաշնամուրի առջև աշխատանքից հետո պառկեց նիրհելու[11][12][30]։ Թաղվել է դեկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանոցում[31]։ Կոմպոզիտորի ցանկությամբ նրա թաղումն իրականացվել է հրեական թաղման ծիսակարգերի համաձայն։ Շվարցի մահախոսականը կարդացել է Սանկտ Պետերբուրգի հրեական կրոնական համայնքի ռաբբիներից մեկը[27][32]։

Ընտանիք և անձնական կյանք խմբագրել

Շվարցն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը (1943 թվականից մինչև 1960-ականների կեսեր)՝ դաշնակահարուհի Սոնյա Պոլոնսկայան է։ Դուստրը՝ Գալինա Լապշովան է (ծնվ․՝ 1944)։ Տեղափոխվել է Իսրայել 1989 թվականին։ Թոռները՝ Կիրիլ և Մագդա, ծոռներն ապրում են Իսրայելում[15][33]։

1979 թվականին ամուսնացել է Անտոնինա Նագորնայայի հետ (ծնվ՝ 1959), մասնագիտությամբ տնտեսագետ է, 2011 թվականից՝ Սևերսկիի Ի․ Շվարցի տուն-թանգարանի տնօրենն է[20]։

Ռեժիսորների հետ համագործակցման մեթոդը, հայացքները և սկզբունքները խմբագրել

«Մի անգամ «Ժենյաներ, Ժենեչկաներ և Կատյուշաներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Շվարցին ցույց տվեցի դրվագի նյութը, որտեղ կանացի հագուստ հագած զինվորները հրթիռներ են փոխադրում մանկական սայլակներում։ Դրվագը մոնտաժվեց Շվարցի բացակայության ժամանակ, սակայն երբ երաժշտությունը գրվեց և դրվեց մոնտաժի սեղանին, մենք շշմեցինք։ Հերոսները վազում էին մեղեդու տակտով։ Մոնտաժն էլ կարծես հենց թելադրված էր այդ երաժշտությամբ։ Դիպուկահարի ճշգրտությամբ այդ երաժշտությունը տվյալ դրվագն իրականությունից տեղափոխեց պայմանականություն։ Տեսարանը դարձավ չարաճճի, արժանահավատությունը խառնեց կատակերգության հետ։ Ավելի ուշ Շվարցը մեկ անգամ չէ, որ զարմացրել է ինձ իր ունակությամբ երաժշտության մեջ հաղորդել այն, ինչ ես միայն զգացել եմ աղոտ կերպով, և նույնիսկ կարողացել է փրկել դրվագները, որոնք, թվում էին, թե անհույս ձախողվել են։ Նա ներդաշնակություն էր գտնում այնտեղ, որտեղ քաոս էր տիրում․․․ Շվարցը միշտ հավատարիմ է մնում իր երաժշտական տարերքին, որտեղ քնքուշ մեղեդայնությունը, տխուր ժպիտը և դրամատիզմը միահյուսված են բարությամբ, հերոսների հանդեպ սիրով, նրանց տխրությամբ և ուրախությամբ միասին խորհելու ձգտմամբ։ Եվ այս ամենը յուրահատուկ նրբագեղությամբ և տակտով։»

Շվարցն սկսում էր աշխատանքը ֆիլմի հիմքից՝ մտահղացումից և սցենարից՝ ռեժիսորի հետ քննարկելով ֆիլմի բարոյական և փիլիսոփայական իմաստի խոր կատեգորիաները։ Նշելով, որ իրեն և՛ մասնագիտապես, և՛ հոգեպես հարստացնում էր Կուրոսավայի հետ համագործակցությունը՝ Իսահակ Իոսիֆովիչը 1970-ականների կեսերին այդ միության փորձի հիման վրա ձևավորեց կինոկոմպոզիտորի ավելի վաղ գիտակցված ինտուիտիվ ստեղծագործական կրեդոն․ «Նրա հետ շփվելիս ես համոզվեցի իմ սկզբունքի ճշտության մեջ,- հիշում էր Շվարցը 2000-ական թվականներին։ - Կոմպոզիտորը կինոյում պետք է լիովին ենթարկվի ռեժիսորին։ Ոչ ոք ֆիլմն ավելի լավ չգիտի, քան ռեժիսորը։ Նա ապրում է նրանով։ Հաճախ չի կարող բառերով արտահայտել, թե ինչ է անհրաժեշտ, սակայն միշտ հստակ գիտի, թե ինչ պետք չէ երաժշտության մեջ։ Սակայն ռեժիսորը ևս պետք է հավատա կոմպոզիտորին, վստահի նրան և չխանգարի»[9]։

Հնարավոր է՝ Շվարցը մասնակցել է մոնտաժին, սակայն վերջնականապես ձայնագրում էր երաժշտությունը, երբ արդեն կար մոնտաժված պատկերը և էկրանին տեմպ կար։ Իսահակ Իոսիֆովիչը ենթադրում էր, որ երաժշտությունը ուժեղ միջոց է և այն պետք է զգույշ օգտագործել, միայն այն դեպքում, եթե պատկերի հետ միաձուլված երաժշտությունը նոր որակ է ստեղծում․ անհաջող ձուլման ժամանակ այն կարող է դրվագը և ամբողջ ֆիլմը զրկել ներքին ռիթմից։ Ինտիուտիվ Շվարցը խուսափում էր սովորական պատկերավորումից՝ խույս տալով շինծու «բարդություններից» (որը բնորոշ է, օրինակ Պրոկոֆևին), ստեղծում էր հիշվող մեղեդի։ Շվարցի համոզմամբ՝ «կինոն վատ է համաձայնեցվում բարդ երաժշտական ձևերի հետ, էկրանի համար շատ կարևոր է գրել մելոդիկ, պարզ, սակայն ոչ մի դեպքում ճղճիմ»։ Ֆիլմում գերիշխող մեղեդին՝ գլխավոր թեման, Շվարցն անվանում էր մոնոթեմա, որը, ձևափոխվելով, դրամատուրգիական գործառույթ է կատարում, ընդ որում կոմպոզիտորը զգալի ուշադրություն էր դարձնում գործիքավորմանը[9]։

Այս տեսական-փիլիսոփայական հայեցակետերը վառ դրսևորվեցին «Դյութիչ երջանկության աստղը» և «Սպիտակ գիշերվա մեղեդիները» ֆիլմերի երաժշտության մեջ։ Քննադատների գնահատմամբ՝ 1975-1976 թվականների այս 2 մելոդրամաների երաժշտությունը կոմպոզիտորի լավագույն գործերից են։ Սխրագործության և դեկաբրիստների դրամատիկական ճակատագրի մասին պատմող ֆիլմում Շվարցի երաժշտությունը, ինչպես գրում է Դմիտրի Բիկովը, «սկսվելով փայլուն և տոնական նվագախմբային նախաբանով, յուրաքանչյուր քառյակի հետ դառնում էր ավելի թախծոտ և կամերային, իսկ ավարտին՝ նաև տագնապալի։ Հիմնական թեման արդեն չէր հնչում տոնական ջութակի գործիքավորմամբ, այլ հնչում էր էլեկտրական կիթառով, հեռվից լսվում էին փողերը, երկրորդ քառյակում՝ մելանխոլիկ փողավորները, և այս ամենը՝ ռիթմ կիթառի ֆոնին, որն աննահանջ հնչում էր հետին պլանում»[34]։

Հանրաճանաչություն և միլիոնավոր հանդիսատեսների սերը գրավեց «Սպիտակ գիշերվա մեղեդիները» ֆիլմի (1976) գերող երաժշտությունը՝ Յուրի Սոլոմինի և Կուրիխարա Կոմակիի սիրո տանդեմով[15]։ Հենց այս ֆիլմից հետո Շվարցին սկսեցին անվանել դասական՝ մի կոմպոզիտոր, որն այդպիսի երաժշտություն է գրել, ենթադրում էր ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը, արդեն չպետք է անհանգստանա պատմության մեջ տեղ գտնելու համար։ Վերջին հեռուստահարցազրույցին տարեց Շվարցը հիշել է, որ «Զբոսանք գիշերային քաղաքով» ֆիլմի երաժշտության մեջ արտացոլվել են Լենինգրադում անցկացրած իր մանկության հայրենաբաղձ և ռոմանտիկ հուշերը[14]։ Գրախոսականներում նշվում էր, որ տպավորված ունկնդրի մոտ ակամա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Շվարցի խորաթափանց տխուր, քնքուծ ր մտախոհ երաժշտությունը գիտի ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ տղամարդն ու կինն էկրանին ամենաինտիմ ակնթարթներին չեն համարձակվում ասել միմյանց բարձրաձայն։ Խորհրդաճապոնական մելոդրամայի սաունդթրեքը վաղուց է ապրում ինքնուրույն կյանքով, օգտագործվում է բալետային և պարային շոու ծրագրերում, հեռուստահաղորդումներում, փաստագրական ֆիլմերում, սյուժեներում, որոնց թողարկման հետ Շվարցը որևէ կապ չուներ։ ԸՍտ կոմպոզիտոր Անդրեյ Մակարովի՝ Շվարցի ամենաչգնահատված, քնարական առումով, խորությամբ և զգայականությամբ անգերազանցելի երաժշտությունը 1985 թվականի «Օրինական ամուսնություն» ֆիլմում հնչող երաժշտությունն է, որտեղ հնչում է տանգո, դաշնամուրային սոլո՝ սիրո և վալսի թեմայով․ պահպանվել է նրա միակ նվագախմբային ձայնագրությունը[15][33][35]։

Բորիս Կուշների դիտարկումներով՝ «Շվարցի մեղեդային և ներդաշնակ լեզվի ճշգրտությունն ու յուրահատկությունը հրաշալի են, իսկ նրա ստեղծագործական ձեռագիրը սովորաբար ճանաչելի է առաջին իսկ տակտից»։ Շարքային հանդիսատեսները կոմպոզիտորին ուղղված բազում նամակներում խոստովանել են, որ նույնիսկ երբ ֆիլմը կեսից են սկսել դիտել, անսխալ գուշակել են երաժշտության հեղինակին։ Հենց այս ֆիրմային «որակի նշանը» Սերգեյ Սոլովյովն անվանել է «վարպետի ճանաչելի ձեռք»։ Որոշ երաժշտագետներ և ուշադիր ունկնդիրներ Շվարցի մի ստեղծագործության մեջ նկատել են մյուսին, ինչը գիտակցելով Շվարցն իր «Հատընտիր» ձայնասկավառակի մեջ չի ներառել «Հարյուր օր մանկությունից հետո» ֆիլմի երաժշտությունը[9][10]։

Ռեժիսորներին տպավորում էր, որ Շվարցը միշտ ճիշտ զգում է ֆիլմի այն դրվագը, որտեղ պետք է հնչի երաժշտությունը։ Ընդ որում երաժշտական շարքը ձայնակարգայնորեն դասավորվում էր էկրանի պատկերի համեմատ, որի արդյունքում առաջանում էր տեսարանի բազմապլանայնությունը։ Հազվադեպ չէր, որ նկարահանման հրապարակում շատերին թվում էր, թե կոմպոզիտորի առաջարկած երաժշտությունը բոլորովին տեղին չէ տվյալ դրվագում, սակայն ամեն անգամ այդ տպավորությունը խաբուսիկ էր։ Շվարցը միշտ ստեղծում էր «երաժշտական պաշար», որը հնարավորություն էր տալիս մոնտաժի ժամանակ երաժշտական արտահայտությունն առաջ տանել այնպես, որ պատկերի և երաժշտության միաձուլումն ավելի լիարժեք դառնար։ Այսպիսով, ռեժիսորներ Վլադիմիր Մոտիլը և Բորիս Տոկարևը տարբեր ժամանակաշրջաններում և միմյանցից առանձին նշել են, որ Շվարցի երաժշտությունը կուրորեն չի արձագանքում մոնտաժին, այլ հաճախ ճշգրտում և հուշում է մոնտաժի հերթականությունը՝ հասնելով առավել արտահայտչականության[9][10]։

Ոճ, բնավորություն, սովորույթներ խմբագրել

Ռեժիսորի և նկարահանող խմբի հետ ֆիլմի վրա աշխատելիս Շվարցը բացառապես համբերատար էր, բարեհամբույր, ուշադիր առարկությունների նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ աննկուն և համառ։ Ճշտելով բոլոր մանրամասները՝ լքում էր դահլիճը մեկուսանում հնչունային ռեժիսորի սենյակում, որը դահլիճից առանձնացած էր ձայնամեկուսիչ ապակիով։ Սենյակում Շվացը ինքն իրեն դիրիժորություն էր անում, նվագախմբի հետ երգում էր մեղեդին, որն ի դեպ իրեն չէր լսում։ Սիվերսկիում աշխատանքի մասին ռեժիսոր Վլադիմիր Մոտիլը հիշել է․ «Ես Շվարցին տեսել եմ շտապ աշխատանք կատարելիս։ Նա տնից դուրս էր հանում բոլոր կողմնակի անձանց, չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Քնում էր 4-5 ժամ։ Անդադար ծխում էր․․․»[9]։ Կոմպոզիտորի բազում զրուցակիցներ նշել են, որ ոչ մի դեպքում չէր կարելի ընդհատել տարված Շվարցի խոսքը։ Շվարցի մարդկային որակները, որոնք հատուկ նշում էին նրան մոտիկից ճանաչող մարդիկ, շփվող լինելն էր, ընկերակցության զգացումը, ընկերության մեծ տաղանդը, անհերքելի տղամարդկային ձգող գրավչությունը և գեղեցիկ սեռի նկատմամբ բուռն ցանկությունը, վեհանձնության բացակայությունը, խոսակցության մեջ ճարպկորեն և տեղին ամուր խոսք ասելը[9], իր երաժշտության անհրաժեշտությունն զգալը ոչ թե աբստրակտ «հավերժության» համար, այլ որպես սովորական մարդկանց համար ինչ-որ կոնկրետ, անհրաժեշտ բան։ Իրեն համարելով ռոմանտիկ սովորույթների կողմնակից՝ Շվարցն ընդգծել է, որ երբեք չի աշխատել երաժշտական մոդեռնիզմի ոճում և փորձարարական ժանրերում։ Եթե ֆիլմի բյուջեն թույլ էր տալիս, միշտ նախընտրում էր նվագախումբը, չէր սիրում կինեմատոգրաֆիա ներխուժած սինթեզատորը՝ այն համարելով երաժշտության «դագաղագործ»[11]։ Ցանկացած երաժշտագիտական աշխատանքներին, իր ստեղծագործությունների մասին հոդվածներին կոմպոզիտորը վերաբերվում էր «ծաղրական թախծոտությամբ»[14][24][27][36]։

Ստեղծագործությունների գնահատում խմբագրել

Երաժշտական և կինոքննադատները նշել են Շվարցի ստեղծագործությունների յուրօրինակությունը, որը հնարավորություն է տվել կոմպոզիտորին հատուկ տեղ գրավել խորհրդային կինեմատոգրաֆիայում։ Լինելով «հանճարի աստիճան պարզ»՝ նրա երաժշտությունը ֆիլմեր է մտնում որպես նրանց գեղարվեստական էության անքակտելի մաս, «վիդեոշարքի հետ պոլիֆոնիկ փոխգործակցության մեջ է մտնում՝ տպավորված կերպարների մեջ բացահայտելով նախկինում չերևակայած խորություններ»։ Կինոգետները նշել են, որ կինոկոմպոզիտորի կողմից ձևավորած մի քանի ֆիլմեր հանդիսատեսին հիշվել են ոչ այնքան իրենց բովանդակությամբ, այլ Շվարցի «աստվածային» երաժշտությամբ[14][37]։

  Շվարցը չտեսնված մարդ է, ինտելիգենտ, ճիշտ զգացող։ Նրա բարձր ինտելեկտն անքակտելիորեն կապված է նրա հոգևոր աշխարհի հետ, ուղղակի անբաժանելի է նրանից։ Աստված նրան բարձրագույն մեղեդիներ լսելու և դրանք պարզ ու հասանելի լեզվով՝ իր երաժշտության օգնությամբ արտահայտելու տաղանդ է շնորհել։ Իսկ երաժշտություն մեզ թռչուններն են սովորեցրել[9]։  

Վերլուծելով Մոտիլի «Դյութիչ երջանկության աստղը» ֆիլմը՝ գրականագետ Դմիտրի Բիկովը նշել է, որ գլխավոր հերոսուհին քիչ էր մնում «Օկուջավայի երգը լիներ՝ Շվարցի երաժշտության հիման վրա»[37]։

Բուլատ Օկուջավան բարձր էր գնահատում Շվարցի հազվագյուտ տաղանդը «բանաստեղծությունից երաժշտություն հանել, այնպիսին, որը միայն գոյություն ունի յուրաքանչյուր տողի համար»[20]։

Սերգեյ Սոլովյովը բնութագրում էր Շվարցին որպես «մեղեդու հազվագյուտ վարպետ», իսկ «Եգոր Բուլիչով» ֆիլմի նրա երաժշտությունը որպես «վիթխարի, ակնառու գեղեցկության, ուժեղ՝ գրեթե սվիրիդովյան հզորության ռիթմ, որը միևնույն ժամանակ թռչում է մոցարտյան թեթևությամբ՝ փողի ֆանտաստիկ և ճակատագրական թեմայով»[24]։

Ռեժիսոր Արկադի Կորդոնը նշել է, որ Շվարցի ֆիլմերի մեծ մասը հրաշալի են երաժշտության բարձրորակությամբ, որտեղ մեղեդին համակարգ ստեղծող տարր է՝ «մի անգամ լսում ես և ընդմիշտ հիշում»[11]։

Ի․ Շվարցի տուն-թանգարան խմբագրել

Սիվերսկի ավանում երկրորդ՝ «հյուրատանը», որտեղ ապրել և ստեղծագործել է կոմպոզիտորը, 2011 թվականից բացվել է Իսահակ Շվարցի տուն-թանգարան։ 2012 թվականի սեպտեմբերի դրությամբ թանգարանն ունեցել է 5000 այցելու[15]։

Մրցանակներ խմբագրել

Ստեղծագործություններ խմբագրել

Սիմֆոնիկ երաժշտություն խմբագրել

  • Սիմֆոնիա ֆա մինոր (1954)
  • Երիտասարդական ուվերտյուրա սիմֆոնիկ նվագախմբի համար
  • 7 մասանոց կոնցերտ նվագախմբի համար «Դեղին աստղեր»՝ նվիրված Ռաուլ Վալենբերգի հիշատակին

Վոկալ-գործիքային ստեղծագործություններ խմբագրել

  • «Խոհեր Հայրենիքի մասին»՝ 3 մասանոց կանտատ Ա․ Չեպուրովի բանաստեղծությունների հիման վրա բասի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար
  • «Զինվորը և բուքը»՝ բալլադ բարիտոնի համար նվագախմբով՝ Մ․ Սվետլովի բանաստեղծությունների հիման վրա

Ստեղծագործություններ թատրոնի համար խմբագրել

  • «Նախօրեին» (բալետ, 1960)
  • «Հրաշքների աշխարհում» (բալետ, 1967)

Երաժշտություն թատերական ներկայացումների համար խմբագրել

Կինոֆիլմերի երաժշտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://echo.msk.ru/news/644542-echo.html
  5. «Указ Президента России № 116 от 29 января 1996 года». Банк документов. Официальный сайт Президента Российской Федерации. 1996 թ․ հունվարի 29. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Биография Исаака Шварца». Справки. РИА «Новости». 2013 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «90 лет со дня рождения Исаака Шварца». Телеканал «Культура». 2013 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «Коллеги Шварца: это невосполнимая потеря для музыкальной культуры». Вести.ru. 2009 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 Как рассказать словами о музыке кино?// Исаак Шварц. Избранное. Музыка кино. Диск 5. Сима Березанская. Издатель ООО «Бомба Мьюзик», 2010
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Борис Кушнер (Питтсбург) (2001 թ․ նոյեմբերի 20). «Концерт Шварца». Вестник on-line. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Аркадий Кордон. Невозвращённый звонок// Исаак Шварц. Избранное. Музыка кино. Диск 2. Издатель ООО «Бомба Мьюзик», 2010
  12. 12,0 12,1 «Умер композитор Исаак Шварц». Lenta.ru. 2009 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Шварц И. И.». В мире цирка и эстрады. 2009. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 Телеканал «Культура», 2006. Другие измерения. Документальный фильм с участием И. Шварца
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 И. Ленский (2012 թ․ սեպտեմբերի 29). «Мелодии станции Сиверская». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  16. 16,0 16,1 Валерий Балаян (2002 թ․ հունվարի 1). «Исаак Шварц». Документальный фильм. Россия 1. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  17. Шварц Иосиф Евсеевич. Родился в 1889 г. еврей; Проживал: Ленинград. Арестован в 1936 г. Приговорен: тройка при УНКВД по Дальстрою 4 апреля 1938 г., обв.: контрреволюционная троцкистская деятельность. Расстрелян 11 апреля 1938 г. Реабилитирован 11 октября 1957 г. Источник: Книга памяти Магаданской обл. Жертвы политического террора в СССР. Шварц Гавриил Иванович — Шварц Курт // Сайт общества «Мемориал»
  18. «Соломенная шляпка» на сайте Роскультура.ру
  19. «Гениальный отшельник. Вечная музыка Шварца. Россия 1. Документальный фильм». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Влюблённый мой собеседник // Исаак Шварц. Избранное. Музыка кино. Диск 6. Предисловие. Издатель ООО «Бомба Мьюзик», 2010
  21. Борис Горзев (2002 թ․ հունիսի 22). «С Исааком Шварцем на «ближней» даче Сталина». Вестник on-line. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  22. Алла Агранович (2003 թ․ հունվարի 1). «Ваше благородие, Исаак Шварц». Документальный фильм. Первый канал. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  23. Лучинский А. А. (2015 թ․ հունվարի 1). «Сиверская дачная местность по Варшавской железной дороге». Изд-во Голубева. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Сергей Соловьёв: связывала нас больше, чем дружба// Исаак Шварц. Избранное. Музыка кино. Диск 4. Издатель ООО «Бомба Мьюзик», 2010
  25. Старосельская Н. Товстоногов. — М.: Молодая гвардия, 2004. — С. 140. — ISBN 5-235-02680-2
  26. Фильм Валерия Балаяна об Исааке Шварце
  27. 27,0 27,1 27,2 27,3 Юлия Бедерова (2010 թ․ փետրվարի 1). «Исаак Шварц. «Сиверский отшельник»». Лехаим. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  28. Дмитрий Быков «Звезда пленительного счастья» // Булат Окуджава. — третье, исправленное. — М.: Молодая гвардия, 2009, 2011. — С. 568, 762. — 778 с. — (ЖЗЛ). — 5000 экз. — ISBN 978-5-235-03447-1
  29. pmos_nmos. «Прелюдия из фильма ,,Мелодии белой ночи,,. Видео. Исаак Шварц. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  30. Экспозиция Мемориального Дома-музея И. И. Шварца в Сиверском
  31. «Литераторские мостки .. Исаак Иосифович Шварц. Композитор». litmostki.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  32. Прощание с композитором Исааком Шварцом прошло по еврейской традиции // РИА Новости, 30 декабря 2009
  33. 33,0 33,1 Кто есть кто в современной культуре‎‎ // Шварц Исаак Иосифович.
  34. Дмитрий Быков «Звезда пленительного счастья» // Булат Окуджава. — третье, исправленное. — М.: Молодая гвардия, 2009, 2011. — С. 675. — 778 с. — (ЖЗЛ). — 5000 экз. — ISBN 978-5-235-03447-1
  35. Кто есть кто в культуре. Словарь, 2006—2007
  36. Кирилл Трембольский (2012 թ․ հունվարի 1). «Аватары. Исаак Шварц». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  37. 37,0 37,1 Дмитрий Быков «Звезда пленительного счастья» // Булат Окуджава. — третье, исправленное. — М.: Молодая гвардия, 2009, 2011. — С. 673. — 778 с. — (ЖЗЛ). — 5000 экз. — ISBN 978-5-235-03447-1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Շվարց» հոդվածին։