Իշտարի դարպասներ (արաբ․՝ بوابة عشتار‎‎), Բաբելոնի ներքին քաղաքի ութերորդ դարպասը։ Կառուցվել է քաղաքի հյուսիսային մասում Ք. ա. 575 թվականին Նաբուգոդոնոսոր արքայի հրամանով։

Իշտարի վերականգնված դարպասները Բեռլինի Պերգամոն թանգարանում

Արտաքին տեսք խմբագրել

Իշտարի դարպասները կիսաշրջանաձև կամար են՝ սահմանափակված հսկայական պատերով, որոնք ձգվել են Արարողությունների փողոցի երկայնքով։ Դարպասները նվիրված են եղել Իշտար աստվածուհուն։ Կառուցված են եղել վառ կապույտ, դեղին, սպիտակ և սև ջնարակով պատված աղյուսից։ Դարպասի պատերը և ճանապարհը պատված են եղել արտակարգ գեղեցիկ խորաքանդակներով. միայն առյուծի 120 խորաքանդակ կա։ Ցլերի և սիրուշների (օձի կոտոշավոր գլխով, առյուծի առաջամասով, արծվի ոտքերով առասպելական կենդանի) պատկերները հաջորդում են իրար. սիրուշը խորհրդանշում է Մարդուկին, ցուլը՝ կայծակի, քամու աստված Ադադին[1]։ Ընդհանուր առմամբ դարպասներին կենդանիների 575 պատկեր կա։

 
Արարողությունների փողոցի պատի` առյուծի խորաքանդակ

Դարպասների տանիքը և դռները պատրաստված են մայրու փայտից։ Իշտարի դարպասներով, Արարողությունների փողոցով Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ բերել են աստվածների արձանները։ Երբ դարպասների կառուցման աշխատանքներն ավարտվել են, Նաբուգոդոնոսորը կազմել է սեպագիր արձանագրություն՝ ի ցույց ամենքի։ Արձանագրությունը սկսվում է հետևյալ կերպ.

  Ես` Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորս, Մարդուկի օրհնությամբ կառավարում եմ երկիրը, քաղաքի բարձրագույն տիրակալն եմ, երկնքի սիրելին, հնարամտությամբ անխոնջ մտածում եմ Բաբելոնի բարգավաճման մասին, Բաբելոնի արքա իմաստուն Նաբոպոլասարի որդին եմ...  

Այս արձանագրությունn այժմ պահվում է Բեռլինի Պերգամոն թանգարանում։ Դարպասների փոքրացված տարբերակը, որ կառուցել էր տվել Սադդամ Հուսեյնը, ոչնչացվել է պատերազմական գործողությունների հետևանքով։

Վերակառուցում խմբագրել

 
Ցուլի խորաքանդակ

Իշտարի դարպասների և արարողությունների փողոցի վերակառուցումը տեղի է ունեցել 1930-ական թվականներին Բեռլինի Պերգամոնի թանգարանում այն նյութի հիման վրա, որ հայտնաբերել է հնագետ Ռոբերտ Կոլդևեյը։ Պրոցեսիումի փողոցը զարդարող պատերի և դարպասների տարբեր հատվածներ պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում։ Այսպես՝ Ստամբուլի հնագիտական թանգարանում պահում են առյուծների, վիշապների և ցլերի խորաքանդակներ, Դետրոյտի արվեստի թանգարանում պահվում է սիրուշի խորաքանդակ։ Առյուծների խորաքանդակներ կան Լուվրում, Մետրոպոլիտեն թանգարանում, Չիկագոյի արևելյան ինստիտուտում, Բոստոնի գեղարվեստի թանգարանում։

Իշտարի դարպասների կրկնօրինակը պատրաստվել է Իրաքում թանգարանի մուտքի համար, սակայն կառուցումը վերջնականապես չի ավարտվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kleiner, Fred (2005). Gardner's Art Through the Ages. Belmont, CA: Thompson Learning, Inc. p. 49. ISBN 0-15-505090-7.

Արտաքին հղումներ խմբագրել