Ինքնիշխանություն (ֆրանսերեն souverainete՝ գերագույն իշխանություն, գերակայություն, տիրապետում) պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում։ Գերակայություն և անկախություն հասկացություններն արտահայտում են ցանկացած պետության որակական առանձնահատկությունները. պետությունը գոյություն ունի որպես իրական ուժ, որն ունակ է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում և միջազգային հարաբերություններում հանդես գալ որպես ինքնիշխան անկախ կազմակերպություն[1]։ Պետական ինքնիշխանության հարգումն արդի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից է և ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության մեջ և միջազգային իրավական այլ ակտերում։

Հայեցակարգի պատմություն խմբագրել

Ինքնիշխանություն հասկացությունն իր աշխատություններում առաջին անգամ դիտարկել է 16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և իրավունքի տեսաբան Ժան Բոդենը (1530-1596 թվականներ)։ Նրա կողմից այս հայեցակարգի մշակումը պայմանավորված էր այդ ժամանակվա արդիական պահանջներով. կրոնական անվերջանալի պատերազմները Ֆրանսիայի համար լիակատար քաոս էին ստեղծել։ Բոդենը փորձում էր գտնել հասարակական կարգի և քաղաքական կայուն վարչակարգի հիմքերը։ Այսպիսի հիմք նա տեսավ ինքնիշխանություն հասկացության մեջ։ Նրա կողմից առաջարկված գաղափարները դարձան Նոր ժամանակների եվրոպական քաղաքական վերափոխումների հիմքը։ Մայրցամաքում սկսեց ձևավորվել ինքնիշխան ազգային պետությունների համակարգ, որն իր վերջնական ամրագրումն ստացավ 1648 թ. Վեստֆալյան դաշնագրում։ Բոդենի «Վեց տրակտատ պետության մասին» դասական աշխատության մեջ ինքնիշխանությունը սահմանված է որպես պետության մշտական և բացարձակ իշխանությունն իր քաղաքացիների և ենթակաների նկատմամբ։ Ինքնիշխանությունը մշտական է, անբաժան, բացարձակ և ինքնաբավ[2]։ Պրակտիկ ընկալմամբ ինքնիշխանությունը ենթադրում էր արտաքին ազդեցություններից (Հռոմի պապ, Հռոմեական սրբազան կայսրություն) պետության անկախ լինելը։ Վեստֆալյան պայմանագրի արդյունքում Եվրոպայում հաստատվեց տարածքային քաղաքակական այնպիսի կարգ, որի հիմքում ինքնիշխան պետություններն էին։ Սակայն Եվրոպայում այդ ժամանակ (17-րդ դար) անկախ պետությունները տարածքային միակ մոդելը չէին, գոյություն ունեին նաև համադաշնություններ, կոմսություններ, հերցոգություններ և այլն։ Սակայն աստիճանաբար հենց ինքնիշխան տարածքային մոդելը դարձավ քաղաքական կյանքի կազմակերպման միակ հնարավոր ձևը։

Ինքնիշխանության հիմնական հայեցակարգեր խմբագրել

Իրավական ինքնիշխանություն խմբագրել

Բոդենի գաղափարները հետագա մշակում ստացան 19-րդ դարի անգլիացի հայտնի իրավագետ Ջոն Օսթինի կողմից՝ իրավական ինքնիշխանության հայեցակարգի տեսքով։ Ըստ նրա, բոլոր օրենքները հաստատված են սուվերենի կողմից և պարտադիր են կատարման համար, հակառակ դեպքում սուվերենը կարող է ուժ կիրառել։ Ոչ մի արտաքին ուժ չի կարող ազդել ինքնիշխանության վրա, հետևապես միջազգային օրենքները հնարավոր չեն, քանի որ չկա սուվերեն, որը կապահովեր դրանց կատարումը[3]։ Այս հայեցակարգը, սակայն, քննադատության ենթարկվեց, քանի որ ներառում էր աբսոլյուտիզմի տարրեր։

Ժողովրդական ինքնիշխանություն խմբագրել

Ինքնիշխանության նկատմամբ առավել դեմոկրատական հայացքներ ի հայտ եկան Ջոն Լոկի աշխատություններում։ Ըստ նրա ինքնիշխանության աղբյուրը ոչ թե պետությունն է, այլ ժողովուրդը[2]։ Փաստորեն, պետական և իրավական ինքնիշխանությունից զատ կարելի է խոսել նաև ժողովրդական ինքնիշխանության մասին, որը հետագայում զարգացավ ֆրանսիացի լուսավորիչ Ժան-Ժակ Ռուսոյի աշխատություններում։ Ժողովուրդը հանդիսանում է գերագույն իշխանության միակ և իրավասու կրողը։

Ինքնիշխանության ավանդական հայեցակարգի արդի խնդիրներ խմբագրել

Ինքնիշխանության ավանդական ընկալման համար լուրջ մարտահրավեր են հանդիսանում արդի գլոբալ խնդիրները, որոնք անհնար է լուծել՝ մնալով ազգային պետության շրջանակներում։ Այս խնդիրներից են՝ պատերազմի կանխում, խաղաղության պահպանում, հումքի և ֆինանասական շուկայի կայունության պահպանում, փախստականների թվի աճ, ահաբեկչության կանխում և այլն։ Բոլոր այս խնդիրները ստիպում են վերանայել ինքնիշխանության ավանդական մեկնաբանությունը։ Գլոբալացումը պայմանավորում է, որ վերանայվեն ինքնիշխանության տեսական դրույթները. այն այլևս չի դիտարկվում վերջնական, ամբողջական, կայուն։ Ինքնիշխանության համար լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային ինտեգրացիան, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ ինտեգրացիոն գործընթացներն ամուր հիմքեր ունեն, օրինակ, Եվրոպական Միությունը։ Եթե ինքնիշխանություն ասելով հասկանանք որոշակի տարածքում վերջնական իշխանություն, ապա պարզ է, որ նման իշխանությունը մնում է անդամ-պետությունների մոտ, քանի որ Միությունը լեգիտիմ բռնության իրավունք չունի, բացի այդ, վերջնական որոշումներ ընդունելու իրավունքը ևս մնում է անդամներին (օրինակ, Միությունից դուրս գալը)։ ԵՄ ինքը չի տիրապետում ավանդական ինքնիշխանության ոչ մի բնութագրիչ։ Որոշ ոլորտներում որոշումները կայացվում են վերպետական սկզբունքով, սակայն պետության համար առավել կարևոր ոլորտներում (օրինակ, Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության) ոլորտում տիրապետող է միջկառավարական սկզբունքը[4]։ Նույնիսկ տարածքը, որն ինքնիշխանության համար առավել կարևոր բնորոշիչ է համարվում, ԵՄ-ի համար վիճելի է։ ԵՄ անդամ-պետությունների թիվը 28 է, սակայն Տնտեսական և արժութային միությունն աշխարհագրորեն ավելի փոքր է։ ԵՄ-ը պիտի խուսափի ունիվերսալությունից, այստեղ կարևոր է ճկուն ինտեգրման սկզբունքը։ Ինքնիշխանության ավանդական եվրոպական հայեցակարգն ունիտար է, այսինքն՝ անբաժանելի, հետևապես կիրառելի չէ ԵՄ-ի նկատմամբ որպես բազմամակարդակ համակարգ։ ԵՄ-ի շրջանակներում ինքնիշխանության խնդիրը դիտարկելիս շատ մտածողներ[5] նպատակահարմար են համարում խոսել ինքնիշխանության մի մասի վերազգային համակարգին զիջման կամ փոխանցման մասին։ Փաստացի մենք գործ ունենք ազգային և վերազգային մակարդակների միջև ինքնիշխանության բաժանելիության հետ։ Շնորհիվ սրա, ԵՄ-ը հանդիսանում է արդի հասարակության տարածքային-քաղաքական կառուցվածքի էվոլյուցիայի նոր փուլ, որի նկատմամբ ինքնշխանության նախկին հայեցակարգը (տարածքային պետական ինքնիշխանություն) պիտի խիստ վերապահումով կիրառվի[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քոչարյան Վ., Միջազգային իրավունք։ Ուսումնական ձեռնարկ-Եր.: ԵՊՀ հրատարակչություն, 2002,
  2. 2,0 2,1 История политических и правовых учений, под общ. ред. В.С. Нерсесянц, М., 2006
  3. Бусыгина И., Захаров А., Sum ergo cogito: Политический мини-лексикон, М., 2006
  4. Мещерякова О. М., Наднациональность как метод сотрудничества суверенных государств в эпоху глобализации, // Государство и право: вызовы ХХI века: Материалы международной научно-практической конференции «Государство и право: вызовы ХХI века (Кутафинские чтения). – М.: Изд. МГЮА, 2010
  5. La souverainete cooperative en Europe, ou comment la Suisse pourrait être à la fois européenne et souveraine / Samantha Besson, La Suisse saisie par l'Union européenne. 2003,
  6. Бусыгина И. М., Европейский Союз: новые измерения концепции суверенитета, http://www.mgimo.ru/uploads/files/Busygina%20Sovereignty.doc