Ինտրոյեկցիա (հոգեբանություն)

Ինտրոյեկցիա (լատին․՝ intro - ներս և լատին․՝ jacio - նետում եմ), անգիտակցական հոգեբանական գործընթաց, դասվում է հոգեբանական պաշտպանական մեխանիզմների շարքին։ Անձը իր ներաշխարհ է տեղափոխում ուրիշների կողմից ընկալած տեսակետները, դրդապատճառները, դիրքորոշումները (ինտրոյեկտներ)։ Հասկացությունն առաջ է քաշվել 1909 թվականին հունգարացի հոգեվերլուծող Շանդոր Ֆերենցու կողմից։

Նկարագրություն խմբագրել

Այս գործընթացի արդյունքում այն, ինչը կատարվում է անձից դուրս, նրա կողմից ընկալվում է որպես իրենից եկող։ Ինտրոյեկցիան հանդիսանում է իդենտիֆիկացիայի պարզագույն ձև, սակայն, ի տարբերություն իդենտիֆիկացիայի, այն չի գիտակցվում։ Ինտրոյեկցիան սերտորեն կապված է նաև պրոյեկցիա և պրոյեկտիվ նույնականացում հոգեբանական մեխանիզմների հետ[1]։

Հարմարվողական նշանակություն խմբագրել

Ինտրոյեկցիան մեծ դեր է խաղում «Գեր-ես»-ի, խղճի, կապվածության ձևավորման գործընթացում հատկապես մանկության տարիներին։ Երեխաները յուրացնում են իրենց համար կարևոր մարդկանց տեսակետները, դրդապատճառները և վարքագծի ու հուզական արձագանքների առանձնահատկությունները շատ ավելի վաղ, քան որոշում են «դառնալ (կամ չդառնալ) նրանց նման»[1]։

Պաշտպանական գործառույթ խմբագրել

Ինտրոյեկցիան երեխային թույլ է տալիս իրեն գիտակցել որպես ամենակարող (չնայած իր փաստացի անօգնականությանը)՝ ի հաշիվ նշանակալի անձանց հնարավորությունների և որակների յուրացման։ Մեծանալուն զուգընթաց այս մեխանիզմը կարող է պահպանվել՝ անձին պաշտպանելով ինքնահարգանքի կորստից, թեև սովորաբար մեծահասակները սկսում են գիտակցել ինտրոյեկցիան, և այն վերածվում է նույնականացման[1]։

Քայքայիչ ազդեցություն խմբագրել

Ինչպես և ցանկացած պաշտպանական մեխանիզմ, ինտրոյեկցիան ևս աղճատում է անձի կողմից իրականության ընկալումը, նրան դրդում ինչ-որ արտաքին բան ընկալել որպես ներքին։ Արդյունքում արտաքինի կորուստը կարող է ընկալվել որպես ներքինի կորուստ և հանգեցնել դեպրեսիայի։ Փորձելով պահպանել ներքին ամբողջականությունը՝ անձը կարող է անգիտակցաբար երևակայել, որ կորստի պատճառն ինքն է և կարող է իր մեղքը քավել՝ վերադարձնելով այն, ինչն իրեն պակասում է[2][3]։

Նույնականացում ագրեսորի հետ խմբագրել

Զիգմունդ Ֆրոյդն առաջինն էր, ով ուշադրություն դարձրեց գործընթացի պաշտպանական գործառույթներին՝ առանձնացնելով «ագրեսորի հետ նույնականացումը» որպես ինքնուրույն գործընթաց։ Դա անգիտակցական նույնականացումն է այն մարդու հետ, ով վնասում է անձի անվտանգությանը։ Եթե անձին դուր չի գալիս ագրեսիայի ենթարկվելը, նա կարող է փորձել գրավել ագրեսորի դիրք՝ ինտրոյեկցնելով նրան բնորոշ գծերը։

Ֆրոյդը տարբերություններ առաջ չէր քաշում իդենտիֆիկացիայի և ինտրոյեկցիայի միջև (այդ տարանջատումը հոգեվերլուծության մեջ ի հայտ եկավ ավելի ուշ) և դիտարկում էր դրանք ՝ որպես Էդիպյան բարդույթի հիմք[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ненси Мак-Вильямс, «Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе Արխիվացված 2010-05-02 Wayback Machine», изд. «Класс», 1998.
  2. Фрейд, Зигмунд. Траур и меланхолия = Trauer und Melancholie. — 1916.
  3. Голдсмит, Гари. Лекция «Развитие психоаналитических концепций депрессии» 27-28 июня 2009 на семинаре в Москве.
  4. Зигмунд Фрейд, «„Я“ и „Оно“», 1923

Գրականություն խմբագրել

  • Мак-Вильямс, Нэнси. Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе = Psychoanalytic diagnosis: Understanding personality structure in the clinical process. — Москва: Класс, 1998. — 480 с. — ISBN 5-86375-098-7.
  • Фрейд, Зигмунд. «Я» и «Оно» = Das Ich und das Es (1923). — Азбука, 2008. — 288 с. — 7000 экз. — ISBN 978-5-91181-292-8.
  • Фрейд, Зигмунд. Скорбь и меланхолия = Trauer und Melancholie. — 1916.