Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան

Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ Indianapolis Museum of Art, կրճատ՝ IMA), թանգարան ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում։ Զբաղեցնում է 152 ակրա (0,62կմ²) տարածք Ինդիանապոլիսի հյուսիս-արևմուտքում ընկած Կամպուս քաղաքի մոտակայքում և գտնվում է Crown Hill Cemetery գերեզմանատնից ոչ հեռու։

Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԻնդիանապոլիս
Ղեկավարության նստավայրԻնդիանապոլիս, ԱՄՆ
Հիմնադրվել է1883[1]
ՀիմնադիրMay Wright Sewall?[2] և Theodore Lovett Sewall?[2]
Այցելուներ428 213 մարդ
ՏնօրենCollette Pierce Burnette?[3]
Կայքdiscovernewfields.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Էերո Սաարինեն: Բազկաթոռ «Կակաչ», (1956 թվական): Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան

Հիմնադրվել է 1883 թվականին «Art Association of Indianapolis» ստեղծագործական միության կողմից, սկզբում բացվել է 1906 թվականին որպես John Herron Art-ի մաս։ 1969 թվականին տեղափոխվել է ներկայիս վայր՝ Ինդիանապոլիսի մոտ։ 2009 թվականին Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարանը արժանացել է «National Medal for Museum and Library Service» մրցանակի։

Թանգարանի հիմնական նպատակը հանրությանը վիզուալ արվեստի մասին տեղեկացնելն ու գեղարվեստական կրթություն տալն է եղել։ 1883 թվականի նոյեմբերի 7-ին «Art Association of Indianapolis » միությունը կազմակերպել է ցուցահանդես, որում ընդգրկված էին 137 նկարիչների 453 արվեստի գործեր։ 1895 թվականին Ինդիանապոլիսի ամենահարուստ բնակիչը՝ Ջոն Հերրոնը (անգլ.՝ John Herron), մահվանից հետո իր կտակի համաձայն՝ թանգարանին է թողել միջոցներ, որոնք պետք է օգտագործվեին թանգարանի և իր անունը[4] կրող դպրոցի համար։ Ջոն Հերրոնի անվան արվեստի ինստիտուտը բացվել է 1902 թվականին 16-րդ փողոցի և Փնսիլվանիայի փողոցի անկյունում, իսկ առաջին տնօրենը 1905 թվականին եղել է Ուիլյամ Հենրի Ֆոկսը (անգլ.՝ William Henry Fox):

Հետագա տարիներին թանգարանի հավաքածուն համալրվել է նոր գործերով՝ անընդհատ հարստանալով։ Շուտով թանգարանի տարածքն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել, և ինդիանապոլիսեցի «Lilly» ընտանիքի ժառանգները 1966 թվականին «Art Association of Indianapolis» ասոցացիային են փոխանցել իրենց Oldfields կալվածքը։ 1969 թվականին՝ նոր վայր տեղափոխվելուց հետո, Ինդիանապոլիսի արվեստի ասոցացիան պաշտոնապես փոխել է իր անունը և կոչվել Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան։

Այսօր այն Ամերիկայի Միացյալ Նահանգների իններորդ հնագույն և ութերորդ ամենամեծ գեղարվեստի թանգարանն է, որն ունի ավելի քան 54000 աշխատանքների մշտական հավաքածու ամբողջ աշխարհից։ 2010 թվականին նրա այցելուների թիվը կազմել է ավելի քան չորս հարյուր հազար մարդ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 https://discovernewfields.org/about/history
  3. ARTnewsNYC: 1902. — ISSN 0004-3273; 2327-1221
  4. Warkel, Harriet G. The Herron Chronicle. — Нп3, 2003.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել