Իմպուլսիվություն (լատին․՝ Impulsus - հարված, դրդում), հակում իմպուլսիվ գործողությունների նկատմամբ, որոնք հաճախ ագրեսիվ բնույթ են ունենում։ Իմպուլսիվության որոշման համար օգտագործվում են հատուկ մասնագիտական հոգեբանական թեստեր և մեթոդ-հարցարաններ, ինչպես օրինակ՝ Ժերոմ Կագանի Matching Familiar Figure թեստը, Հանս Այզենկի իմպոլսիվության հարցարանը, Բարատտայի՝ իմպուլսիվության ինքնաշտորոշման թեստը (BIS-11): Բարատտի սանդղակի առաջին տարբերակը մշակվել է դեռևս 1959 թվականին, իսկ դրանից հետո այն անընդհատ ենթարկվել է փոփոխությունների։ BIS-11-ը թեստի տասնմեկերորդ տարբերակն է և ամենատարածվածը, թեև գիտական աշխատանքներում և կլինիկական պրակտիկայում երբեմն կիրառվում են իմպուլսիվության սանդղակի փոփոխված տարատեսակներ։ Այս մասնագիտացված հարցարանն ստեղծվել է հոգեբան Էռնեստ Բարրատի և Գալվեսթոնում Տեխասի համալսարանի իր գործընկերների կողմից[1]։

Իմպուլսիվությունը ինքնակառավարման գլխավոր խնդիրներից մեկն է[2]։ Իմպուլսիվության ամենակարևոր վարքագծային առանձնահատկությունն այն է, որ կյանքի գրեթե բոլոր ոլորտներում գործնականում մեծացնում է ինքնակառավարման խնդիրների հավանականությունը[3]։

Լաբորատոր թեստավորումների ընթացքում առավել իմպուլսիվ կամավոր-փորձարկվողները հաճախ կատարում են այն գործողությունը, որն այդ պահին փոքրիկ մրցանակ է տալիս, բայց կարևորը առանց հետաձգելու և մերժում են այն առաջարկը, որն ապահովում է ավելի մեծ մրցանակ, բայց ապագայում[4]։

Իմպուլսիվության որոշում խմբագրել

Իմպուլսիվության աստիճանը որոշելու համար գիտնականներն օգտագործում են մի քանի եղանակներ։ Իմպուլսիվությունը կարելի է պայմանականորեն բաժանել հետևյալ 4 բաղկացուցիչների՝

  • շտապողականություն — հակվածություն գործել չափից դուրս արագ և անսպասելիորեն, հատկապես սթրեսի և գայթակղության ազդեցության տակ։ Օրինակ՝ վատնել գումարը՝ ցուցափեղկի վրա գեղեցիկ հագուստ տեսնելիս։
  • սեփական գործողությունների մասին ոչ բավարար չափով մտածելու հակվածություն — մարդը որոշում է կայացնում որևէ քայլի համար՝ անտեսելով հնարավոր հետևանքները։ Օրինակ՝ վերցնում է վարկ բարձր տոկոսադրույքով, որովհետև հենց այդ պահին ցանկանում է մեքենա գնել։
  • հաստատակամության անբավարարություն — մարդն ի վիճակի չէ երկար մտածել որևէ խնդրի լուծման համար, նա հաճախ շեղվում է։ Զբաղվում է տարատեսակ գործողություններով, միայն թե չաշխատի տվյալ նախագծի վրա։
  • սուր զգացողությունների մշտական փնտրտուք տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ սպորտի էքստրեմալ տիպեր, պատահական կապեր, էկզոտիկ ուտեստների նկատմամբ սեր, դավաճանություններ, վտանգավոր մասնագիտություններ, թմրադեղեր, ալկոհոլ[2]։

Իմպուլսիվ գործողություններ խմբագրել

Մարդու այնպիսի գործողությունները, որոնք կատարվում են անսպասելի ու չգիտակցված մղումների կամ աֆեկտների ազդեցության տակ։

Պսիխոմոտորիկայի (հոգեշարժողության) տեսակներից մեկն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Patton J. H., Stanford M. S., Barratt E. S. Factor structure of the Barratt impulsiveness scale // Journal of Clinical Psychology. 1995 Nov; 51 (6):768–74.
  2. 2,0 2,1 Իմպուլսիվության թեստ և բնութագիր
  3. Moeller F. G., Barratt E. S., Dougherty D. M., Schmitz J. M., Swann A. C. Psychiatric aspects of impulsivity // The American Journal of Psychiatry. 2001 Nov; 158 (11): 1783–93.
  4. Chamorro J., Bernardi S., Potenza M. N., Grant J. E., Marsh R., Wang S., Blanco C. Impulsivity in the general population. a national study // Journal of Psychiatric Research. 2012 Aug; 46 (8): 994–1001.

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240 էջ.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել