Ժպտացող հրեշտակ (ֆր.՝ L'Ange au Sourire), Ռեյմսի տաճարի ճակատային մասում գտնվող արձան (13-րդ դար)։ Զգալիորեն վնասվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց հենց դրա շնորհիվ էլ դարձել է Ռեյմս քաղաքի խորհրդանիշներից մեկը։

Ժպտացող հրեշտակ
ֆր.՝ L'Ange au Sourire
տեսակքանդակ
տարիմոտ 1240
ստեղծման երկիր Ֆրանսիա
նյութքար
գտնվում էՌեյմսի տաճար
 Ange au sourire Վիքիպահեստում

Պատմություն և սիմվոլիկա խմբագրել

Ռեյմսի տաճարի ճակատները բավականաչափ հարուստ են արձաններով. ընդհանուր առմամբ դրանց թիվը հաշվվում է 2303[1][2]։ Դրանց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հրեշտակները, որոնցից առավել հայտնի է այսպես կոչված «ժպտացող հրեշտակը»։ Այն տեղադրված է արևմտյան ճակատի հյուսիսային ճակատամուտքում և, հավանաբար, ստեղծվել է 1236-1245 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[3]։

 
Հյուսիսային մասի հրեշտակները։ Աջից ժպտացող հրեշտակն է:
 
Ավետման հրեշտակ, որն իսկզբանե մտածված էր որպես ժպտացող հրեշտակի զուգակից

Հրեշտակների քանդակապատկերներն առանձնացվում էին տարբեր սիմվոլիկ նշանակությամբ։ Հրեշտակի առավել տարածված պատկերագիտության տեսակ էր բաց, տարածված թևերով հրեշտակի քանդակումը։ 13-րդ դարում նմանատիպ հրեշտակները սովորաբար զետեղվում էին կոնտրֆորսերի մեջ, ինչը տաճարին երկնային արքայության զորականությամբ պաշտպանվող ամրոցի տեսք էր հաղորդում[4]։ Սակայն հյուսիսային ճակատամուտքի հրեշտակներին, անկասկած, այլ դեր է վերագրված. հոգեբանների, հոգիների ուղեկիցների դեր, որոնք հայտնվում են՝ գլխատված տառապյալին Երկնային արքայություն ուղեկցելու համար[5]։ Ինչ վերաբերում է երկրորդ հրեշտակին, ապա դատելով նրա տեղում պահպանված կամ ռեստավրացիայի ժամանակ հայտնաբերված նշագրումներից՝ ի սկզբանե ենթադրվում էր այլ արձան՝ այժմ հայտնի որպես Ավետման հրեշտակ (ֆր.՝ L'Ange de l'Annonciation)[6]: Ավետման հրեշտակն ակնհայտորեն համաչափ է ժպտացող հրեշտակի հետ, և նրա շուրթերին էլ նմանատիպ ժպիտ է։ Հավանաբար, դեռևս 13-րդ դարում հաշվի առնելով նրա գեղեցկությունը և արտահայտչականությունը, այդ արձանը տեղափոխել են կենտրոնական ճակատամուտք, իսկ նրա տեղում տեղադրել են այլ հրեշտակ, որը քանդակած էր ավելի հնամենի ոճով[7]։

Ժպտացող հրեշտակն ուշագրավ է մասնավորապես նրանով, որ սա քանդակագործության մեջ ժպիտի պատկերման առաջին դեպքերից է այն բանից հետո, երբ 5-րդ դարից ի վեր՝ այն կորել էր արևմտյան մշակույթից[8]։ Սրա հետ մեկտեղ, այն չի համարվում բացառիկ, քանի որ ժպտացող հրեշտակների քանդակներ կան նաև 13-րդ դարի այլ տաճարներում[9]։ Քանի որ դրանց ստեղծման ամսաթվերը հայտնի չեն, հնարավոր չէ ասել՝ Ռեյմսի տաճարի հրեշտակը նմանատիպ այլ քանդակներից ավելի վաղ, թե ավելի ուշ է ստեղծվել։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Արձանները՝ 1914 թվականի հրդեհից հետո. ժպտացող հրեշտակի գլուխը բացակայում է

Չնայած Ռեյմսի տաճարի քանդակները միշտ էլ հետաքրքիր են եղել մշակույթի պատմաբանների համար, ժպտացող հրեշտակը ոչ մի կերպ հատուկ ուշադրության չէր արժանանում՝ ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը[10]։ 1914 թվականի սեպտեմբերի 19-ին՝ գերմանական ռումբի ընկնելուց հետո, այրվեցին այն անտառները, որոնցով շրջապատված էր տաճարի ճակատամուտքը։ Հրդեհի պատճառով լրջորեն վնասվեցին ճակատամուտքի քանդակները. ժպտացող հրեշտակը կարող էր ամբողջական մնալ, բայց վերջինիս վրա հրդեհի ժամանակ հեծան ընկավ և վնասեց արձանը՝ գլխատելով այն։ Բարձրությունից ընկնելով՝ գլուխը բաժանվեց 10 տարբեր մասերի[11]։

Անցյալի այս բացառիկ հուշակոթողի՝ Ռեյմսի տաճարի բարբարոսական փլուզումը, մամուլում և հանրության շրջանում համընդհանուր դժգոհության և զայրույթի ալիք բարձրացրեց։ Հրեշտակի այլանդակված գլուխը՝ գերմանացիների վանդալիզմի ակնհայտ վկայությունը, հակագերմանական պրոպագանդայի ամենացայտուն կերպարներից մեկը դարձավ, որը ժամանակակիցների կողմից հզոր քննադատական արձագանքի արժանացավ[12][13][14]։ Հենց այս շրջանում արձանն ստացավ իր անվանումը՝ ժպտացող հրեշտակ (ֆր.՝ L'Ange au Sourire, բառացի՝ «ժպիտով հրեշտակ») և դարձավ Ռեյմսի տաճարի, հետո նաև ողջ քաղաքի խորհրդանիշը[2]։ Ռեյմսյան հրեշտակը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1916 թվականին կազմակերպված ցուցահանդեսի շնորհիվ, որը նվիրված էր պատերազմի ժամանակ Ֆրանսիայի կորցրած մշակութային ժառանգությանը։ Ցուցահանդեսն անցկացվում էր ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում և Չիլիում. այստեղ այլ էքսպոնատների հետ մեկտեղ ներկայացվեց նաև հրեշտակի արձանի ծեփակերտ պատճենը[15]։

Ռեստավրացիա խմբագրել

 
Պիեռ Անտոնի Տուրեի լուսանկարը (1918 թվականի հոկտեմբեր): Դեմուղիղը՝ վնասումից հետո, կիսադեմը՝ մինչև 1914 թվականի հրդեհը:

Գլխի բեկորները հավաքել է վանահայր Ժյուլե Տինոն և տեղափոխել Ռեյմսի տաճարի մեջ ներառվող Թո պալատի նկուղներ[1]։ 1915 թվականի մարտին Տինո վանահայրը զոհվեց ռազմաճակատում, և քանի որ պահպանված բեկորների ցուցակագրում չէր անցկացվել, համարեցին, որ հրեշտակի գլուխը կորել է։ Սակայն նույն տարվա նոյեմբերին հրեշտակի գլուխը հայտնաբերեց ճարտարապետ Մաքս Սենսոլյեն[15]։ Սկզբում պատրաստվում էին անգլուխ արձանը տեղափոխել թանգարան, իսկ հետո որոշում կայացվեց՝ ռեստավրացիա իրականացնելու, քանի որ այդ ժամանակահատվածում ռեյմսյան հրեշտակը բավականին լայն հայտնիություն էր ձեռք բերել[16]։ Հրեշտակի գլխի մանրազնին վերականգնումն իրականացվեց ռեյմսյան ճարտարապետ Ռեմի Ավոյի կողմից 1926 թվականին, իսկ տաճարի վերականգնողական աշխատանքները ղեկավարում էր ճարտարապետ Անրի Դենյոն։

2010 թվականին՝ 1914 թվականից հետո առաջին անգամ, հյուսիսային ճակատամուտքն ամբողջությամբ ռեստավրացիայի ենթարկվեց։ Ռեստավրացիոն աշխատանքները ներառում էին քանդակների մաքրումը, այդ թվում՝ ժպտացող հրեշտակի արձանը[17]։

Կերպարի կիրառում խմբագրել

Ժպտացող հրեշտակի կերպարը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ հռչակ էր ձեռք բերել, մինչ օրս չի դադարել որպես բացիկների ձևավորման կերպար կիրառվել, որն օգտագործվում է հուշանվերների և փոստային նամականիշների արտադրության մեջ[18]։ Հրեշտակի պատկերով նամանականիշները թողարկվել են 1930, 1956 և 2007 թվականներին[2]։ Ժպտացող հրեշտակի կերպարը կիրառվում է նաև շամպայն-գինիների արտադրության մեջ՝ «Sourire de Reims» («Ռեյմսյան ժպիտ») անվամբ, որն արտադրում էր Անրի Աբելե գինեգործական կենտրոնը։ Ռեյմսի զբոսաշրջության կենտրոնն այդ կերպարն օգտագործում է իր հրապարակումներում և գովազդային ընկերություններում[18]։

Օլգա Սեդակովան ժպտացող հրեշտակի մասին բանաստեղծություն է գրել, որը վերնագրել է «Ռեյմսի հրեշտակ»[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Sculptures déposées de la cathédrale de Reims au Palais du Tau» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 Société des Amis de la Cathédrale
  3. Francis Salet Reinhardt (Hans). La cathédrale de Reims. Son histoire, son architecture, sa sculpture, ses vitraux(ֆր.) // Bulletin Monumental. — 1963. — С. 297.
  4. Demouy, 1959, էջ 1619
  5. Demouy, 1959, էջ 1610,1621
  6. Demouy, 1959, էջ 1623—1624
  7. Demouy, 1959, էջ 1624
  8. Demouy, 1959, էջ 1609
  9. Demouy, 1959, էջ 1626
  10. Demouy, 1959, էջ 1610
  11. Demouy, 1959, էջ 1613
  12. Demouy, 1959, էջ 1616
  13. Thomas W. Gaehtgens Reims on Fire: War and Reconciliation between France and Germany. — Getty Publications, 2018. — P. 181.
  14. Yann Harlaut Naissance d'un mythe : l'Ange au Sourire de Reims. — Éditions Dominique Guéniot, 2008.
  15. 15,0 15,1 Margot Giraud. «Quand le sourire d'un ange fédérait la France entière». Aleteia. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  16. Demouy, 1959, էջ 1618
  17. «Reims: La Cathédrale retrouve son sourire». Reflets Actuels. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  18. 18,0 18,1 «L'Ange au Sourire. Mythe du «Sourire de Reims»». Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  19. О.Седакова. «Ангел Реймса». Société des Amis de la Cathédrale. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Patrick Demouy Le sourire de Reims(ֆր.) // Comptes rendus des séances de l'Académie des Inscriptions et Belles-Lettres. — 1959. — С. 1609—1627.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «L'Ange au Sourire». Société des Amis de la Cathédrale. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.