Ժորժ Շառլ Դանտես

ֆրանսիացի միապետական

Ժորժ Շառլ Դանտես (դ’Անտես), որդեգրումից հետո կրել է Հեկկերն ազգանունը (ֆր.՝ Georges Charles de Heeckeren d'Anthès, ռուսական փաստաթղթերում՝ Գեորգ[Ն 1] Կարլ դե Գեկկերեն[8], փետրվարի 5, 1812(1812-02-05)[1][2][3][…], Կոլմար[4] - նոյեմբերի 2, 1895(1895-11-02)[1][5][3][…], Soultz-Haut-Rhin), ֆրանսիացի միապետական, հեծյալ գվարդիական սպա, ըստ դավանանքի՝ կաթոլիկ[9]։ 1830-ական թվականներին Ռուսաստանում ծառայել է Հեծյալ գվարդիական (կավալերգարդ) գնդում։ Դիվանագետ Լուի Հեկկերնի որդեգրյալը։ Ամուսնացած է եղել Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովայի քրոջ՝ Եկատերինա Գոնչարովայի հետ։ Հայտնի է նրանով, որ մենամարտի ժամանակ մահացու վիրավորել է Ալեքսանդր Պուշկինին։ Մենամարտից հետո զրկվել է զինվորական աստիճանից և արտաքսվել Ռուսաստանից։ Հետագայում զբաղվել է քաղաքականությամբ, եղել է Երկրորդ կայսրության սենատոր։

Ժորժ Շառլ Դանտես
ֆր.՝ Georges-Charles de Heeckeren d'Anthès
Դրոշ
Դրոշ
Երկրորդ կայսրության ցմահ սենատոր
27 մարտի, 1852 - 4 սեպտեմբերի, 1870
Դրոշ
Դրոշ
Երկրորդ հանրապետության Ազգային օրենսդիր ժողովի պատգամավոր Վերին Ռեյնից
13 մայիսի, 1849 - 2 դեկտեմբերի, 1851
Դրոշ
Դրոշ
Երկրորդ հանրապետության Ազգային օրենսդիր ժողովի պատգամավոր Վերին Ռեյնից
23 ապրիլի, 1848 - 26 մայիսի, 1849
 
Կուսակցություն՝ Լեգիտիմիզմ
Կրթություն՝ Կոնդորսե լիցեյ և Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, ռազմական գործիչ և bretteur
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր փետրվարի 5, 1812(1812-02-05)[1][2][3][…]
Ծննդավայր Կոլմար[4]
Վախճանի օր նոյեմբերի 2, 1895(1895-11-02)[1][5][3][…] (83 տարեկան)
Վախճանի վայր Soultz-Haut-Rhin
Թաղված Soultz-Haut-Rhin
Դինաստիա d'Anthès family?
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Georges Charles d’Anthès
Հայր Ժոզեֆ Կոնրադ դ’Անտես
Մայր կոմսուհի Մարիա Աննա Հացֆելդ
Ամուսին Եկատերինա Գոնչարովա[6][7]
Զավակներ չորս
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Ընտանիք, վաղ տարիներ խմբագրել

Դանտեսների ընտանիքը, ըստ Ժորժ Շառլի թոռան՝ Լուի Մետմանի[Ն 2], ծագումով եղել է Գոթլանդ կղզուց։ Դանտեսների մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1529 թվականին, երբ նրանք արդեն բնակություն էին հաստատել Վայնհայմում, որտեղ ընտանիքի անդամներից մի քանիսը կատարում էին բուրգոմիստրի պարտականություններ[11]։ Սուլսում գտնվող կալվածքը ձեռք է բերել Ժան Անրի Դանտեսը (ֆր.՝ Jean-Henri d'Anthès, 1670-1733), որ եղել է ֆաբրիկայի, դոմնային վառարանների և արծաթի հանքերի տեր, և 1731 թվականին ստացել է ազնվականի կոչում[10]։

Ժորժ Շառլ Դանտեսը ծնվել է Սուլսում․ նա եղել է երրորդ երեխան բարոն Ժոզեֆ Կոնրադ Դանտեսի (ֆր.՝ Joseph-Conrad d'Anthès) և նրա կնոջ՝ կոմսուհի Մարիա Աննա Հացֆելդի ընտանիքում։ Ժորժի հայրը, որ Գերմանական թագավորական գնդի նախկին սպա էր, 1823-1829 թվականներին եղել է պատգամավորների պալատի անդամ և ունեցել է լեգիտիմական հայացքներ[12]։

Նախնական կրթությունը Ժորժ Շառլ Դանտեսն ստացել է Էլզասում, հետագայում սովորել է Փարիզի Բուրբոնյան լիցեյում (սակայն հայտնի չէ, թե արդյոք ավարտել է այն)։ Մի որոշ ժամանակ Ժորժ Շառլը սովորել է Սեն Սիրի ռազմական դպրոցում[Ն 3], որտեղից հեռացվել է Հուլիսյան հեղափոխությունից հետո Բուրբոնների նկատմամբ իր հավատարմության պատճառով[13] (ըստ այլ տվյալների՝ ուսումն սկսելուց տասը ամիս անց, չցանկանալով ծառայել Լուի Ֆիլիպին-ին, Ժորժ Շառլն իր կամքով հեռացել է դպրոցից[14]

Ըստ Լուի Մետմանի՝ Ժորժ Շառլ Դանտեսը մի որոշ ժամանակ համարվել է այն պարտիզանների թվում, որոնք Վանդեայում հավաքվել էին հերցոգուհի դե Բերիի շուրջը, սակայն ապստամբությանն իր պապի մասնակցության վերաբերյալ ստույգ ոչինչ չի հայտնում։ Մի քանի տարի Դանտեսն ապրել է Սուլսում՝ հոր մոտ, սակայն վերջինիս ֆինանսական դրությունը Հուլիսյան հեղափոխությունից հետո վատացել էր, և Դանտեսը որոշում է ընդունվել զինվորական ծառայության[15]։

Ծառայության սկիզբ, տեղափոխություն Ռուսաստան խմբագրել

Նախապես Դանտեսը զինվորական ծառայության է ընդունվել Պրուսիայում և վայելել է արքայազն Վիլհելմ Պրուսացու հովանավորությունը, սակայն ստացել է միայն ենթասպայի աստիճան։ Արքայազնի խորհրդով և նրա երաշխավորական նամակով, որ ուղղված էր գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ֆեոդորովիչ Ադլերբերգին, Դանտեսը մեկնել է Ռուսաստան[16]։ Այլ տվյալներով՝ նա ունեցել է հերցոգուհի դե Բերիի երաշխավորությունը՝ ուղղված Նիկոլայ I-ին[13]։ Երբ Դանտեսը ժամանել է Ռուսաստան, նա իր մասին հորինել է լեգենդ, իբր ինքը Ֆրանսիայում Բուրբոնների տապալման ժամանակ (1830) մասնակցել է Վանդեայի ապստամբությանը (ֆր.՝ Guerre de Vendée et Chouannerie de 1832), որ բարձրացրել էր հերցոգուհի դե Բիրրին։ Այդ պատմության կեղծ լինելու մասին պատմել է Ալեքսանդր Տուրգենևը 1837 թվականի օգոստոսի 14-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 26) Պյոտր Վյազեմսկուն գրած իր նամակում[17]։ Ադլերբերգն Իվան Սուխոզանետի միջոցով գտել է պրոֆեսորներ, որոնք Դանտեսին նախապատրաստել են սպայական քննության համար։ Դանտեսն ընդունվել է գվարդիա՝ հանձնելով բոլոր քննությունները, բացի ռուս բանահյուսությունից, կանոնադրություններից և ռազմական դատավարությունից[18]։ 1834 թվականի փետրվարի 8-ի բարձրագույն հրամանով դարձել է Կավալերգարդյան գնդի կոռնետ։ Ըստ Ալեքսանդր Ամմոսովի՝ «կայսրուհուն օգտակար էր, որ Դանտեսը ծառայի իր գնդում» և «նկատի առնելով նրա աղքատությունը՝ թագավորն իր կողմից նրան նշանակել է ամենամյա գաղտնի դրամական օգնություն»[19]։ 1836 թվականին Դանտեսը եղել է Կավալերգրադյան գնդի պորուչիկ։ Պետերբուրգի բարձրաշխարհիկ հասարակությունում նրան ներկայացրել է բարոն Լուի Հեկկերնը, որ Պետերբուրգում գտնվում էր որպես նիդերլանդական պալատի պատգամավոր։ Դանտեսն ու Հեկկերնը Պետերբուրգ են ժամանել միաժամանակ, նրանց ծանոթության պայմաններն անհայտ են։ Ալեքսանդրա Արապովան գրում է, թե Դանտեսը հիվանդացել է Ռուսաստան գնալու ճանապարհին, և Հեկկերնը, որ կանգ էր առել նույն հյուրանոցում, «զգացվել է տառապող պատանու տեսքից» և չէր հեռանում նրանից։ Սակայն թե որքանով է ստույգ այդ պատմությունը, ճշտել անհնար է։ Մետմանը ոչինչ չի հայտնում Դանտեսի ու Հեկկերնի առաջին հանդիպման մասին[20][18]։ Իրեն պահելու ձևի, հանդգնության, որի համար ներվում էր «որպես օտարերկրացի» (Ալեքսանդր Տրուբեցկոյ), կատակների ու բառախաղերի շնորհիվ Դանտեսը համբավ է ձեռք բերել բարձրաշխարհիկ հասարակության շրջանում։ Սկզբում, ինչպես վկայում է Սերգեյ Սոբոլևսկին, Դանտեսը դուր է եկել նաև Պուշկինին[21]։

 
Ժորժ Շառլ Դանտես, անհայտ նկարչի աշխատանք, շուրջ 1830

1836 թվականին բարոն Հեկկերնը որդեգրել է Դանտեսին։ Վերջինիս մայրը մահացել էր 1832 թվականին, սակայն հայրը կենդանի էր, և «երախտագիտությամբ է ընդունել նրա բոլորովին արտասովոր առաջարկը»[22]։ 1836 թվականի հունիսի 15-ին ստացվել է գերագույն հրաման «պորուչիկ բարոն Դանտեսին բարոն Հեկկերն կոչվելու» թույլտվության մասին։ Որգեդրումը պաշտոնապես ճանաչվել է Ռուսաստանում։ Նիդերլանդների թագավորի և ավագանու բարձրագույն խորհրդի թույլտվությամբ 1836 թվականի մայիսին Դանտեսին տրվել է Հոլանդիայի քաղաքացիություն, նա համալրել է հոլանդացի ազնվականների շարքը և ստացել է հնարավորություն կրելու Հեկկերնի ազգանունը։ Հետագայում պարզվել է, որ պաշտոնական հիմունքներով նա հոլանդական քաղաքացիություն չի ստացել, սակայն մնացել է հոլանդական ազնվական[23][24]։ Հեկկերնը՝ որպես որդեգրող, չի համապատասխանել երկրի օրենքների պահանջներին․ նա եղել է 50 տարեկանից փոքր, Դանտեսի հետ ծանոթ է եղել ընդամենը երեք տարի։ Միևնույն ժամանակ, որդեգրվողը պետք է լիներ անչափահաս։ Սակայն եթե որդեգրումը նույնիսկ տեղի ունենար, այն պետք է հայտարարվեր մեկ տարուց ոչ շուտ, այսինքն՝ 1837 թվականի մայիսի 5-ին[25]։ Այդ որդեգրումը զարմանքի տեղիք է տվել Պետերբուրգի հասարակության շրջանում, շատերը Դանտեսին համարել են Հեկկերնի հեռավոր ազգական կամ նրա ապօրինի որդի։ Պավել Շչյոգոլևը, ուսումնասիրելով Դանտեսի տոհմագրությունը, ապացուցել է, որ նրանց միջև ազգակցական կապ չի եղել։ Բացակայում են նաև Դանտեսի՝ Հեկկերնի ապօրինի որդին լինելու վերաբերյալ փաստերը, ինչպես ենթադրում էր հասարակությունը[26]։ Որոշ ուսումնասիրողներ ապացուցում են (այդ թվում նաև հիմնվելով Դանտեսի ընկերների խոսքերի վրա, ինչպիսին է կոմս Ա․ Տրուբեցկոյը), որ բարոնի ու Դանտեսի միջև եղել է միասեռական կապ[27]։

 
Լուի դե Հեկկերն, դիմանկարը՝ Յ․ Կրիխուբերի

«Դանտեսին հատուկ էին չարաճճիությունները, սակայն բոլորովին անմեղ ու երիտասարդությանը հատուկ, բացի մեկից, որի մասին մենք, սակայն, իմացանք շատ ավելի ուշ։ Չգիտեմ, թե ինչպես ասեմ` նա էր ապրում Հեկկերնի հետ, թե Հեկկերնն էր ապրում նրա հետ․․․ Դատելով ամեն ինչից՝ Հեկկերնի հետ հարաբերություններում նա խաղում էր միայն պասիվ դեր»[28]։ Դանտեսի ու Հեկկերնի նամակագրության հրատարակիչ Ս․ Վիտալեն կարծում է, որ Հեկկերնը եղել է համասեռամոլ, սակայն Դանտեսի նկատմամբ նրա վերաբերմունքը եղել է հայրական[29]։

Այնուամենայնիվ, Դանտեսի արտաքինն ապահովել է հաջողություն կանանց շրջանում․ նրանք «բառացիորեն խլում էին նրան մեկը մյուսից», երկար ժամանակ նա եղել է պետերբուրգյան տիկիններից մեկի սիրեկանը, որը Դանտեսի ու Հեկկերնի նամակներում կոչվում է Կողակից։ Դանտեսի ու այդ կնոջ հարաբերությունները դադարեցվել են մինչ 1836 թվականի սկիզբը[30]։

Պուշկինի մարտավկա Կոնստանտին Դանզասի՝ 1863 թվականին հրատարակված հուշերի համաձայն, որ գրի էր առել Ամմոսովը, Դանտեսն ուներ «բոլորին առաջին հայացքից դուր գալու ինչ-որ ի ծնե ընդունակություն․․․․ ուներ շատ լավ համբավ և լիովին արժանի էր դրան, եթե հաշվի չառնենք պճնամոլությունն ու կանանց մոտ իր հաջողություններով պարծենալու թուլությունը»[31]։ Դանզասը նաև պնդում էր, որ Ռուսաստանում եղած սկզբնական շրջանում իր ունեցած հաջողությունների համար Դանտեսը պարտական էր կոմսուհի Դարյա Ֆիկելմոնին, որին ուղղված երաշխավորական նամակ նույնպես ունեցել է[Ն 4]։ Ըստ Դանզասի՝ Ֆիկելմոնը ներկայացրել է նրան կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[33][Ն 5]։ Ֆիկելմոնի օրագրի պետերբուրգյան բաժնի (1829-1837) հրատարակիչ Ս․ Մրոչկովսկայա-Բալաշովան նշում է, որ Հեկկերնի անունը կոմսուհու գրություններում հանդիպում է ոչ մեկ անգամ, սակայն Դանտեսի մասին նա հիշատակում է միայն Պուշկինի մենամարտի հետ կապված[34]։ Վլադիմիր Ֆրիդկինը, որ այցելել էր Սուլսում գտնվող Դանտեսների ընտանեկան տուն 1978 թվականին, տեղի պատմությունը սիրողների միությունից ստացել է տեղեկանք, որում նշված է, թե Պետերբուրգում կարիերա սկսել Ժորժ Դանտեսին օգնել է նրա քեռին՝ կոմս ֆոն Հատցֆելդը[35]։

Մենամարտը Պուշկինի հետ, արտաքսում Ռուսաստանից խմբագրել

 
Եկատերինա Գոնչարովա, անհայտ նկարչի աշխատանք, 1830-ական թվականներ

1835 թվականին Անիչկովյան պալատում Դանտեսը ծանոթացել է Ալեքսանդր Պուշկինի կնոջ՝ Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովայի հետ։ 1836 թվականի նոյեմբերի 4-ին (նոր տոմարով՝ նոյեմվերի 16) քաղաքային փոստով Պուշկինն ու նրա մի քանի ընկերներն ստացել են անանուն ծանակագիր, որով Պուշկինին շնորհվում էր «եղջյուրակրի դիպլոմ»։ Դիպլոմում կողմանկիորեն ակնարկված էր, որ Նատալյա Պուշկինայի նկատմամբ ուշադրություն է ցուցաբերում ոչ միայն Դանտեսը, այլև թագավորը։ Ալեքսանդր Պուշկինը նամակը համարել է ուղարկված Հեկկերն հոր կողմից (մինչ այժմ հայտնի չէ, թե իրավացի է եղել նա արդյոք, սակայն ապացուցված է, որ պահպանված օրինակները գրված են ոչ Հեկկերնի, ոչ էլ Դանտեսի կողմից։ Գոյություն ունի նաև ենթադրություն, որ «դիպլոմը» Դանտեսի թշնամիների ձեռքի գործն է[36]) և անմիջապես Դանտեսին ուղարկել է մենամարտի չպատճառաբանված հրավեր։ Հեկկերնը, որ ստացել է հրավերը (Դանտեսը հերթապահ էր զորանոցում), խնդրել է մեկ օր ժամանակ, ապա հետաձգել երկու շաբաթով, ինչին Պուշկինը համաձայնել է։ Նատալյա Գոնչարովան, իմանալով մենամարտի հրավերի մասին, կապվել է Վասիլի Ժուկովսկու հետ, իսկ վերջինս նրա մորաքրոջ՝ Եկատերինա Զագրյաժսկայայի հետ միասին բանակցություններ է սկսել Պուշկինի ու Հեկկերնի հետ։ Ժուկովսկին փորձել է բանաստեղծին համոզել հրաժարվել մենամարտից, սակայն վերջինս մերժել է։ Սակայն մենամարտի հրավերն ստանալուց մեկ շաբաթ անց Դանտեսն ամուսնության առաջարկություն է արել Եկատերինա Գոնչարովային՝ Նատալյա Գոնչարովայի քրոջը և Պուշկինի քենուն։ Քանի որ Դանտեսը դարձել է Եկատերինայի փեսացուն, Պուշկինն ստիպված է եղել հետ վերցնել մենամարտի կոչը։ 1837 թվականի հունվարի 10-ին Եկատերինա Գոնչարովան դարձել է Հեկկերն-Դանտեսի կինը։ Հետագայում նա Դանտեսից ունեցել է չորս երեխա և մահացել է 1843 թվականին՝ ծննդաբերությունից հետո[37]։

Սակայն Պուշկինի ու Հեկկերնների կոնֆլիկտը չի վերջացել, և Դանտեսի ու Եկատերինայի ամուսնությունից շատ չանցած հասարակության շրջանում տարածվել են լուրեր ու կատարկներ («զորանոցային բառախաղեր») Պուշկինի ու նրա ընտանիքի վերաբերյալ։ Հավանական է, որ 1836/1837 աշնանը կամ ձմռանը Նատալյա Նիկոլաևնան հանդիպել է Դանտեսին Իդալիա Պոլետիկայի բնակարանում։ Դրա մասին հիշատակվում է Վերա Վյազեմսկայայի պատմածից Պյոտր Բարտենևի գրության մեջ և Ալեքսանդրա Նիկոլաևնա Գոնչարովայի ամուսնու՝ Գուստավ Ֆրիզենգոֆի նամակում, որ վերջինս գրել է Ալեքսանդրա Արապովային 1887 թվականին[38]։ Նատալյա Պուշկինան գնացել է Պոլիտեկայի մոտ գնացել է նրա հրավերով, այնուհետև Պոլիտեկան հեռացել է տնից՝ Պուշկինային թողնելով Դանտեսի հետ մենակ։ Վերջինս հանել է ատրճանակն ու սպառնացել ինքնասպան լինել, եթե նա անձնատուր չլինի իրեն։ Դրությունը փրկել է տանտիրուհու դուստրը, որ ներս է մտել սենյակ, և Նատալյա Նիկոլաևնան անմիջապես հեռացել է Պոլիտեկայի տնից[39]։

1837 թվականի հունվարի 26-ին (նոր տոմարով՝ փետրվարի 7) Պուշկինը նամակ է ուղարկել ավագ Հեկկերնին (իր հիմքում այն գրված էր դեռ նոյեմբերին տեղի ունեցած առաջին կոնֆլիկտի ժամանակ), որում, չափազանց խիստ բնութագրելով ինչպես հորը, այնպես էլ որդեգրյալին, հայտնել է, որ այլև չի ընդունում նրանց իր տանը։ Նամակում Պուշկինն ի թիվս այլոց պնդում է, որ երիտասարդ Հեկկերնը «malade de vérole» («հիվանդ էր սիֆիլիսով»)[40], ինչը մենամարտի մասին ռազմադատական գործում նշված է որպես «վեներական հիվանդություն»[41]։

Նույն օրը Հեկկերնը հայտարարել է Պուշկինի, որ նրա հրավերն ուժի մեջ է, և Դանտեսը պատրաստ է ընդունել այն։ Հունվարի 27-ին (նոր տոմարով՝ փետրվարի 8) Պետերբուրգի մոտ տեսի է ունեցել մենամարտ, որում Պուշկինը մահացու վիրավորվել է որովայնից (մահացել է հունվարի 29-ին)։ Պատասխան կրակոցով Պուշկինը թեթև վիրավորել է Դանտեսին աջ թևից[42]։

Տեղի ունեցած մենամարտի մասին (ըստ օրենքի՝ ծանր հանցագործություն) զեկուցվել է զինվորական ղեկավարությանը։ 1837 թվականի հունվարի 29-ին Գվարդիական առանձին կորպուսի (կորպուսի կազմում ներառված էր Նորին Մեծության կավալերգրադյան գունդը, որի կազմում էր պորուչիկ Դանտես-Հեկկերնը) հրամանատար գեներալ-ադյուտանտ Կարլ Բիստրոմը, իմանալով մենամարտի մասին, այդ մասին հայտնել է կայսրին։ Նիկոլայ I-ը հրամայել է ռազմական դատարանով դատել ինչպես Հեկկերնին ու Պուշկինին, այնպես էլ այդ գործի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց[43]։

Առաջին ատյանի (գնդի) ռազմական դատարանը նախնական կարգով Դանտեսին ու Պուշկինի մարտավկա Կ․ Դանզասին դատապարտել է մահապատժի կախաղանի միջոցով՝ ըստ Պետրոս Առաջինի ժամանակների օրենքի։ Դատավճիռը հայտնվել է ղեկավարությանը, և արդյունքում գեներալ-աուդիտոր Ադամ Իվանովիչ Նոինսկու՝ 1837 թվականի մարտի 17-ի որոշմամբ առաջարկվել է Դանտեսին զրկել զինվորական աստիճաններից ու ռուսական ազնվականական կոչումից և իջեցնել շարքայինի աստիճանի[44]։

Դանզասի դեպքում, հաշվի առնելով նրա ռազմական ծառայությունները և նրա հանցանքը մեղմացնող այլ հանգամանքներ, որոշվել է բավարարվել նրա կալանքը ևս երկու ամիս երկարաձգելով (նա արդեն բանտարկված էր), ինչից հետո նա կվերադառնար իր ծառայության նախկին վայրը։ Պուշկինի գործը փակվել է նրա մահվան պատճառով[45]։ Մարտի 18-ին Նոինսկու զեկույցը վավերացվել է կայսեր կողմից՝ հետևյալ նշումով․ «շարքային Հեկկերնին՝ որպես ոչ Ռուսաստանի քաղաքացու, ժանդարմի հետ ուղարկել արտասահման՝ վերցնելով սպայական վկայագրերը»[46]։ Դանտեսի մարտավկան՝ նրա ազգական և ընկեր վիկոնտ Լորան դ’Արշիակը, նույնպես շուտով հեռացել է Ռուսաստանից[47]։

Պուշկինի մահն արձագանք է գտել գրողների բազմաթիվ ստեղծագործություններում․ առաջիններին ու ամենահայտնիներից մեկը Միխայիլ Լերմոնտովի «Պոետի մահը» բանսստեղծությունն է, որում Դանտեսը պատկերված է որպես «եկվոր արկածախնդիր» (ռուս.՝ «заезжий авантюрист», Վադիմ Վացուրո)[48]։

1930-ական թվականներին խորհրդային պուշկինագետների շրջանում տարածվել է այն ենթադրություն, թե մենամարտից առաջ Դանտեսն իր համազգեստի տակից հագել էր օղազրահ կամ լանջապանակ։ Պուշկինի մարտավկա Դանզասը մեղադրվել է նրանում, որ նա մենամարտից առաջ չի զննել Դանտեսին։ Ինչպես հետագայում նշել է Յանինա Լևկովիչը, չի պահպանվել ոչ մի վկայություն մենամարտերից առաջ մասնակիցների զննության մասին, և նույնիսկ այդպիսի փորձը կարող էր ծիծաղելի վիճակի մեջ դնել այդ մարդուն կամ հանգեցնել կոնֆլիկտի և նոր մենամարտի տեղիք տալ։ Մենամարտի մասնակիցը չէր կարող այդպիսի վտանգի ենթարկել իր դիրքը հասարակության մեջ, ցանկացած պատահականություն (օրինակ՝ վիրավորում) կարող էր հանգեցնել դրա բացահայտմանը, և խարդախության հեղինակը հավետ դառնում էր մերժված հասարակության մեջ[49]։

Սուլս, Փարիզ, քաղաքական կարիերայի սկիզբ խմբագրել

 
Ժորժ Շառլ դե Հեկկերն Դանտեսը Սուլսի քաղաքապետ, շուրջ 1855

Ռուսաստանից հեռանալուն հաջորդած մի քանի տարիների ընթացքում Ժորժ Շառլ Դանտեսը կնոջ հետ ապրել է Սուլսում՝ հոր տանը։ 1842 թվականին Հեկկերնը, որ հինգ տարի շնորհազրկված էր, հավատարմագրվել է վիեննական արքունիքում։ Վիեննայի հասարակությունը սառն ընդունելություն է ցույց տվել նրան (Ավստրիայի կառավարությունն այդ ժամանակ գլխավորում էր Կարլ-Լյուդվիգ Ֆիկելմոնը, որի ընտանիքը մտերիմ էր եղել Պուշկինի հետ։ Այդ ժամանակ նաև Վիեննայում բնակվում էին նաև պետերբուրգյան դեպքերի ականատեսներից)։ Այնուամենայնիվ Հեկկերնը 1842/43 ձմռանն իր մոտ է հրավիրել Դանտեսին իր ընտանիքի հետ[50]։ Հավանաբար նա հույս ուներ, որ Դանտեսը կարիերա կսկսի Վիեննայի արքունիքում, սակայն նրանց սպասում էր անհաջողություն[Ն 6], և Դանտեսները վերադառնում են Սուլս[52]։ 1843 թվականի սեպտեմբերի 22-ին ծնվում է Եկատերինա Գոնարովայի ու Դանտեսի երկար սպասված որդին՝ Լուի Ժոզեֆը։ Երեք շաբաթ անց՝ հոկտեմբերի 15-ին, Եկատերինա Գոնչարովան մահանում է հետծննդաբերական տենդից։ Դանտեսը հետագայում չի ամուսնացել[53]։

Ամուսնության ողջ ընթացքում Դանտեսն ու Հեկկերնը փորձել են ստանալ Եկատերինա Գոնչարովայի տարեկան ծախսերի ողջ գումարը (5000 ռուբլի), որ պարտավորվում էր վճարել Գոնչարովների մայորատ Դմիտրի Նիկոլաևիչը՝ Եկատերինա Նիկոլաևնայի ավագ եղբայրը։ Եկատերինա Նիկոլաևնան իր նամակներում մշտապես խնդրում էր վճարել այդ գումարը, իսկ երբեմն նամակին կցվում էին պարտքերի մանրամասն հաշվարկներ[54]։ Սակայն Դանտեսներն այդ գումարի կարիքը չունեին, քանի որ Ժորժ Շառլի հարազատ հայրն ունևոր էր և մշտապես նյութական օգնություն էր ցուցաբերում նրանց ու Հեկկերնին[55]։ 1848 թվականին Դանտեսն սկսել է դատական գործ ընդդեմ Գոնչարովների (և ի վնաս Պուշկինների ընտանիքի շահերի)՝ ցանկանալով ստանալ իր հանգուցյալ կնոջ ժառանգությունը։ Մի քանի անգամ նա այդ գործի վերաբերյալ նամակներով դիմել է Նիկոլայ I-ին։ 1851 թվականին կայսրը Դանտեսի դիմումներից մեկը փոխանցել է ժանդարմների ղեկավար Ալեքսեյ Օռլովին՝ նպատակ ունենալով Գոնչարով եղբայրներին հաշտեցնել Դանտեսի հետ։ 1858 թվականին Ալեքսանդր Պուշկինի երեխաների խնամակալությունը որոշել է մերժել Դանտեսի պահանջները[56]։

1843 թվականին Դանտեսն ընտրվել է Վերին Ռեյն դեպարտամենտի գլխավոր խորհրդի անդամ։ Հետագայում նա եղել է Գլխավոր խորհրդի նախագահ և քաղաքապետ[55]։ 1848 թվականի ապրիլին Լուի Ֆիլիպ I-ի տապալումից հետո Դանտեսն ընտրվել է պատգամավոր Վերին Ռեյն-Կոլմար շրջանից․ ընտրված տասներկու անձանցից նա հավաքել էր նվազագույն քանակի ձայներ։ Հեղափոխական գործողությունների սկզբում հարել է Ադոլֆ Տիերին։ Ըստ տիկին Դոնի (ֆր.՝ Euridyce Dosne)՝ Դանտեսը հաճախ էր հյուրընկալվում Տիերի տանը։ 1848 թվականի հոկտեմբերին Տիերը պատգամավոր Ժակ Ալեքսանդր Բիքսիոյի (ֆր.՝ Jacques Alexandre Bixio) հետ վեճի ժամանակ նրա մոտ է ուղարկել երկու մարտավկաների՝ Պիսկատորիին և Դանտեսին, իսկ 1849 թվականի հունվարին, պատրաստվելով Ուլիս Տրելայի (ֆր.՝ Ulysse Trélat, 1795-1879)[Ն 7] հետ մենամարտին՝ նա կրկին Դանտեսին է ընտրել որպես իր մարտավկաներից մեկը (մենամարտը չի կայացել)։ Տիկին Դոնն իր օրագրում Բիքսիոյի հետ մենամարտի հետ կապված նշել է, թե Դանտեսը «շատ վճռական մարդ է»[57]։

1849 թվականին Դանտեսը վերընտրվել է Սահմանադիր ժողովում։ 1851 թվականի դեկտեմբերի 2-ի նախօրեին Դանտեսը ներկայացել է արքայազն-նախագահ Նապոլեոն III-ին Ալֆրեդ Պիեռ Ֆալլուի կողմից և հայտնել, որ Ֆալլուն հնարավոր է համարում հեղաշրջում անցկացնելը և Նապոլեոնին առաջարկում է իր օգնությունը։ Նապոլեոնը սիրալիր ընդունելություն է ցույց տվել Դանտեսին և նույնիսկ նրան պահել ճաշելու, սակայն չի հայտնել իր հյուրին, որ հեղաշրջումը տեղի է ունենալու մի քանի ժամ անց։ Նապոլեոնի զինակիցներից մեկի վկայության համաձայն՝ Դանտեսը «սաստիկ զայրացել է», երբ իմացել է, որ Նապոլեոնը հարկ չի համարել իրեն հայտնել հեղաշրջման մասին[58]։

Երկրորդ կայսրություն, վերջին տարիներ խմբագրել

1852 թվականի մայիսին Նապոլեոն III-ը, որ ցանկանում էր ավելի մոտ հարաբերություններ հաստատել Եվրոպայի միապետների հետ, Դանտեսին ոչ պաշտոնական հանձնարարությամբ ուղարկել է եվրոպական երեք միապետների՝ Ռուսաստանի և Ավստրիայի կայսրերի ու Պրուսիայի թագավորի մոտ։ Նիկոլայ I-ի ու Դանտեսի հանդիպումը կայացել է Պոտսդամում։ Համաձայնելով հանդիպել Դանտեսի հետ՝ կայսրը հրամայել է նրան տեղյակ պահել, որ ինքը չի կարող նրան ընդունել որպես պաշտոնական ներկայացուցիչ, քանի որ նա ռազմական դատարանի որոշմամբ հեռացվել է կայսերական ծառայությունից, սակայն կխոսի նրա հետ որպես գվարդիայի նախկին սպա, որ դատապարտվել է ու ներվել (կանցլեր Կարլ Նեսելռոդեի հեռագիրը Փարիզում հյուպատոս Նիկոլայ Կիսելյովին, 15 (27) մայիսի, 1852 թվական)[59]։ Ալդանովը «Դանտեսի ֆրանսիական կարիերան» ակնարկում, նկատի ունենալով Դանտեսի հանդիպումը Նիկոլայ I-ի հետ, գրում է, թե «առաքելությունն այնքան էլ չհաջողվեց»[60]։ Սակայն Ն․ Ռաևսկու կարծիքով՝ Դանտեսը հաջողությամբ է կատարել Նապոլեոնի հանձնարարությունը։ Նույն կարծիքին են նաև Օբոդովսկայան ու Դեմենտևը[61][62]։

 
Ժորժ Շառլ դե Հեկկերն Դանտես, դիմանկարը՝ Կարոլյուս-Դյուրանի, շուրջ 1878

Նկատի առնելով Դանտեսի ծառայությունները՝ Նապոլեոն III-ը նրան նշանակել է ցմահ սենատոր[63]։ 1863 թվականի օգոստոսի 12-ին Դանտեսն ստացել է Պատվե լեգեոնի սպայի, 1868 թվականի օգոստոսի 14-ին՝ կոմանդորի կոչում[64]։ 1870 թվականի սեպտեմբերի 14-ի հեղափոխության արդյունքում Երկրորդ հանրապետությունը լուծարվել է, և Դանտեսն ստիպված է եղել վերադառնալ մասնավոր կյանքի։ Ֆրանս-պրուսական պատերազմից հետո, համաձայն Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագրի, ընտրել է Ֆրանսիայի քաղաքացիությունը։ Հետագայում ապրել է Փարզիում, Սուլսում և Շիմելում (Վոգեզների մոտ)՝ այն տանը, որ նրան նվիրել էր Լուի Հեկկերնը. Սուլսն ու Շիմելը պատերազմից հետո անցել են Գերմանիային[65]։

Ավարտելով իր ծառայությունը՝ 1875 թվականին Փարիզ է ժամանել Լուի Հեկկերնը։ Ժորժ Դանտեսի որդին պատմել է, որ Դանտեսի երեխաների ու Հեկկերնի հարաբերությունները եղել են շատ լարված, իսկ «նա ինձ [Լուի Ժոզեֆին] այնքան էր ատում, որ նույնիսկ զրկեց ժառանգությունից»[Ն 8][67]։ Հեկկերնը մահացել է Փարիզում 93 տարեկանում և թաղվել է Սուլսում[68][69]։

Երկար տարիներ Դանտեսը կապ է ունեցել Փարիզում Ռուսաստանի դեսպանատան հետ և եղել է նրա իրազեկիչը․ այսպես, դեսպան Կիսելյովը 1852 թվականի մայիսի 28-ին կանցլեր Նեսելրոդեին գրել է․ «Պարոն Դանտեսը մտածում է, և ես համակարծիք եմ, որ Նախագահը (Լուի Նապոլեոն) կավարտի նրանով, որ կհռչակի հանրապետություն»[70]։ Գրեթե երեսուն տարի անց՝ 1881 թվականի մարտի 1-ին (նոր տոմարով՝ մարտի 13), իշխան Նիկոլայ Օռլովը արտաքին գործերի նախարարին ուղղված ծածկագրված նամակում հայտնել է․ «Բարոն Հեկկերն-դ’Անտեսը հայտնում է տեղեկություն, որ ինքն ստացել է Ժնևից, ինչպես ինքն է ենթադրում, վստահելի աղբյուրից․ ժնևյան նիհիլիստները պնդում են, որ մեծ հարվածը կհասցվի երկուշաբթի»։ Խոսքը վերաբերում է Ալեքսանդր II-ի նկատմամբ իրականացվելիք մահափորձին[70]։

Դանտեսի թոռան՝ Լուի Մետմանի պատմածի համաձայն՝ նրա պապը «լիովին գոհ էր իր ճակատագրից և հետագայում բազմիցս ասել է, որ միայն մենամարտի պատճառով Ռուսաստանից ստիպողական հեռացմանն է ինքը պարտական իր քաղաքական փայլուն կարիերայի համար, որ, եթե չլիներ այդ դժբախտ մենամարտը, իրեն սպասում էր գնդի հրամանատարի աննախանձելի ապագա ինչ-որ տեղ ռուսական գավառում մեծ ընտանիքով ու անբավարար միջոցներով»[71]։

 
Ժորժ Դանտեսի շիրիմը

Մահվանից տասը տարի առաջ Դանտեսը տեղափոխվել է Սուլս։ Նա մահացել է իր կալվածքում երկարատև հիվանդությունից հետո, հարազատներով շրջապատված[69]։ Թաղվել է Սուլսում՝ տեղի գերեզմանատան իրենց ընտանեկան հատվածում՝ կնոջ կողքին։ Նրա մահվան մասին հիշատակվել է «Journal des débats» պարբերականում, ավելի մանրամասն դամբանականներ են հրապարակվել «Le Figaro» և «Le Temps» թերթերում, ընդ որում հիշատակվել է, որ Դանտեսը մենամարտում սպանել է ռուս բանաստեղծ Պուշկինին և ընդհանրապես չի լուսաբանվել նրա քաղաքական կարիերան[72][73]։

1909-1910 թվականներին Փարիզում լույս է տեսել «Նապոլեոն III-ի չհրապարակված հուշերը» (Mémoires inédits sur Napoléon III) եռահատորյակը Բարոն դ’Ամբես (Baron d’Ambés) կեղծանունով։ Հեղինակը համարվում է[74] Դանտեսը։ Այնուամենայնիվ, Ն․ Ա․ Ռաևսկին նշում է, որ Դանտեսը երբեք հետաքրքրություն չի ցուցաբերել գրական աշխատանքի նկատմամբ և չի ընթերցել․ հնարավոր է, սակայն, որ նա հուշերը թելադրել է իր քարտուղարներին, որոնք կատարել են դրանց գրական մշակումը[70]։

Ընտանիք խմբագրել

 
Լեոնի, Մաթիլդա և Բերտա Դանտեսները, Լեոպոլդ Ֆիշերի ջրանկարը, 1843

Եկատերինա Նիկոլաևնա Գոնչարովայի հետ ամուսնությունից (1837) Դանտեսն ունեցել է երեք դուստր և մեկ որդի[75][76]

  • Մաթիլդա Եվգենյա (19 հոկտեմբերի, 1837 – 29 հունվարի, 1893), 1861 թվականին ամուսնացելէ գեներալ Ժան Լուի Մետմանի հետ,
  • Բերտա Ժոզեֆինա (5 ապրիլի, 1839 – 17 ապրիլի, 1908), 1864 թվականին ամուսնացել է Էդուարդի՝ կոմս Վանդալի (1813-1889) հետ,
  • Լեոնի Շառլոտա (3 ապրիլի, 1840 – 30 հունիսի, 1888), չի ամուսնացել,
  • Լուի Ժոզեֆ (22 սեպտեմբերի, 1843 – 27 սեպտեմբերի, 1902), 1883 թվականին ամուսնացել է Մարիա Լուիզա Վիկտորիա Էմիլի Շաուենբուրգ Լյուքսեմբուրգի հետ։

Մոր մահից հետո (1843) երեխաներին դաստիարակել է Ժորժ Դանտեսի չամուսնացած քույրը՝ Ադելը։ Դանտեսների երրորդ դուստրը՝ Լեոնին, ըստ եղբոր, եղել է «մինչև ոսկորները ռուս» (ռուս.՝ «до мозга костей русской»)։ Նա ինքնուրույն սովորել է ռուսերեն այնպես, «ռուսերեն խոսում և գրում եր շատ ռուսներից ավելի լավ»։ Լեոնին սիրում էր Ռուսաստանն ու Պուշկինին, անգիր գիտեր վերջինիս բազմաթիվ ստեղծագործություններ։ Նա տանն անցել է Պոլիտեխնիկական դպրոցի դասընթաց, և «իր պրոֆեսորների խոսքով՝ առաջինն էր»։ Հայտնի պուշկինագետ Ալեքսանդր Օնեգինը, որ ճանաչել է Լեոնիին, նրան համարել է արտասովոր աղջիկ։ Հոր հետ վեճերից մեկի ժամանակ նա Դանտեսին մեղադրել է Պուշկինին սպանելու համար։ Հնարավոր է, որ ընտանեկան հարաբերությունները ազդել են Դանտեսի կրտսեր դստեր հոգեկան առողջության վրա, նա հիվանդացել է և մահացել հոգեբուժարանում[67]։

Նամակների հրապարակում Դանտես-Հեկկերնների արխիվից խմբագրել

Դանտես-Հեկկերնների արխիվը երկար տարիներ հասանելի չի եղել պուշկինագետների համար։ Հրապարակվել են միայն մի քանի՝ մանրամասն ընտրված փաստաթղթեր[77]։

1946 թվականին Անրի Թրուայան հրապարակել է[78] երկու հատված Դանտեսի արխիվի նամակներից, որ փոխանցվել էին նրա թոռան կողմից։ Դրանք Դանտեսի կողմից գրվել են 1836 թվականին հունվարի 20-ին և փետրվարի 14-ին Լուի Հեկկերնին, որն այդ ժամանակ գտնվում էր արտասահմանում բուժվելու նպատակով։ Դրանցում Դանտեսը հայտնում է իր նոր հրապուրանքի մասին։ Նրա հրապուրանքի առարկան եղել է «ամենասքանչելի արարածը Պետերբուրգում» (կնոջ անունը նշված չէ), որի ամուսինը «սաստիկ խանդոտ է», սակայն նա սիրում է Դանտեսին։ Նամակների ռուսերեն թարգմանությունները, որ կատարել է Մստիսլավ Ցյավլովսկին, առաջին անգամ հրապարակվել են 1951 թվականին[79]։

1990-ական թվականներին իտալացի ուսումնասիրող Սերենա Վիտալեն թույլտվություն է ստացել ուսումնասիրել Դանտեսի ծոռան՝ բարոն Կլոդ դե Հեկկերնի արխիվը, որտեղ պահվում էին նաև 1830-1840-ական թվականների փաստաթղթեր, այդ թվում՝ Ժորժ Դանտեսի, նրա կնոջ՝ Եկատերինա Նիկոլաևնայի, նրան որդեգրած Լուի Հեկկերնի նամակները (ավելի վաղ շրջանի վերաբերող թղթերը պահվել են ընտանիքի ուրիշ անդամի մոտ, որ հրաժարվել է դրանք ներկայացնել ուսումնասիրության)։ Սերենա Վիտալեն Դանտեսի նամակները (որ լի են կետադրական ու քերականական սխալներով) թարգմանել է իտալերեն և դրանցից հատվածներ հրապարակել իր «Պուշկինի կոճակը» գրքում։ Վիտալեի ներկայացրած թղթերի շարքում չկա Պուշկինի նամակը, որին հետևել է մենամարտի հրավերը (հայտնի է Պուշկինի արած պատճենից)։ Կլոդ դե Հեկկերնն ու իր կինը պնդել են, որ նամակը պահվել է իրենց մոտ, հետո կորել է[80]։ Սերենա Վիտալեն նամակների մեծ մասը փոխանցել է «Звезда» ամսագրին, որում ժամանակագրական կարգով տպագրվել են Դանտեսի՝ Հեկկերնին ուղղված 25 հայտնի նամակներից քսանմեկը։ Հնարավոր է, որ ռուսերեն թարգմանվելուց առաջ այդ նամակներն խմբագրվել են Վիտալեի կողմից, քանի որ դրանց հեղինակը վատ էր տիրապետում գրական ֆրանսերենին[81]։

Նշումներ խմբագրել

  1. Ռուսական որոշ փաստաթղթերում նրա անունը նշված է որպես «Եգոր» (տես Дуэль Пушкина с Дантесом-Геккереном. Подлинное военно-судное дело 1837 г. — СПб., 1900.)
  2. Լուի Մետմանը գրել է ընտանեկան հուշեր։ Պավել Շչեգլյովի խնդրանքով նա գրել է տեղեկություններ իր պապի մասին, որոնք գրողն օգտագործել է իր «Պուշկինի մենամարտն ու մահը» (ռուս.՝ «Дуэль и смерть Пушкина») գրքի երկրորդ մասում[10]։
  3. Հոր պնդմամբ՝ նա դպրոց ընդունվել է որպես չորրորդն իր առաջադիմությամբ, սակայն, հնարավոր է, որ ընդունվածների ցուցակը կազմվել է այբբենական կարգով։
  4. Ըստ Ն․ Ռաևսկու ենթադրության՝ նամակը գրված է եղել արքայազն Վիլհելմ Պրուսացուց․ Խիտրովո-Տիզենհաուզեն ընտանիքը մոտ է եղել Ֆրիդրիխ Վիլհելմ III-ի հետ[32]։
  5. Տես Вацуро В. и др. Пушкин в воспоминаниях современников. — 3-е изд., доп. — СПб. : Академический проект, 1998. — Т. 2. — С. 493.․ «Չնայած դեպքերի վերաբերյալ հիանալի տեղեկացվածությանը՝ Դ․ Ֆ․-ն շատ բաների մասին լռում է, իսկ շատ փաստեր փոխանցում է ոչ ճիշտ․ ոչ մի բառով չի հիշատակում, որ իրեն էր Դանտեսը պարտական Ռուսաստանում իր հաջողության համար» (ռուս.՝ «Несмотря на прекрасную осведомлённость о событиях, Д. Ф. о многом умалчивает, а многие факты передает неверно: ни слова не упоминает, что ей отчасти был обязан Дантес своим успехом в России»
  6. Դատելով Եկատերիա Նիկոլաևնայի՝ իր ավագ եղբորն ուղղված նամակներից՝ Դանտեսները եղել են միայն Ֆրիզենգոֆների մոտ․ Գուստավ Ֆրիզենգոֆի առաջին կինը՝ Նատալյա Իվանովնան, եղել է Եկատերինա Նիկոլաևնայի մորաքրոջ՝ Սոֆյա Իվանովնա դե Մեստրի սանուհին։ «Ես ընդհանրապես եմ լինում բարձր հասարակությունում, ամուսինս ու ես դա համարում են ձանձրալի» (1843 թվականի հունվարի 5-ին Դ․ Ն․ Գոնչարովին գրած նամակից)[51]։
  7. Le National թերթի խմբագիր, այդ ժամանակ եղել է Ֆրանսիայի հասարակական աշխատանքների նախարար (ֆր.՝ Liste des ministres français des Travaux publics
  8. Լուի Ժոզեֆի՝ «Новое время» թերթին տված հարցազրույցից (12 հունիսի, 1899 թվական)[66]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-2nd-empire/heeckeren_georges_charles_d_anthes0104e2.html
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 http://www.visit-france.com/colmar/
  5. 5,0 5,1 5,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  6. Pushkin in Life (ռուս.)М.: Московский рабочий, 1984.
  7. Kindred Britain
  8. Дело, 1900, էջ 34
  9. Ободовская И., Дементьев М. Наталья Николаевна Пушкина. — М. : Советская Россия, 1985. — С. 193.
  10. 10,0 10,1 Щёголев, 1987, էջ 27
  11. Metman, 1916, էջ 290
  12. Щёголев, 1987, էջ 27—28
  13. 13,0 13,1 НЭС. — СПб.. — Т. 15.
  14. Раевский, 1978, էջ 285
  15. Щёголев, 1987, էջ 28—29
  16. Раевский, 1978, էջ 295
  17. «ФЭБ: Тургенев — Вяземскому П. А., 4/16 августа 1837. — 1952 (текст)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  18. 18,0 18,1 Щёголев, 1987, էջ 35
  19. Аммосов, 1863, էջ 7
  20. Раевский, 1978, էջ 487
  21. Раевский, 1978, էջ 287
  22. Раевский, 1978, էջ 297
  23. См. Baak J., Gruyis P. Les deux barons de Heeckeren // Revue des études siaves. — 1937. — № XVII.
  24. Раевский, 1978, էջ 297—298
  25. Вацуро В. и др. Пушкин в воспоминаниях современников. — 3-е изд., доп. — СПб. : Академический проект, 1998. — Т. 2. — С. 585—586.
  26. Раевский, 1978, էջ 298
  27. Щёголев, 1987, էջ 34
  28. Вересаев В. В. Пушкин в жизни : систематический свод подлинных свидетельств современников. — СПб. : Лениздат, 1995. — Т. 2, кн. 2. — С. 280.
  29. Фридкин, 1996
  30. Дневник 1837. Комментарии // Долли Фикельмон. Дневник 1829–1837. Весь пушкинский Петербург / публ. и комм. С. Мрочковской–Балашовой. — М. : Минувшее, 2009. — С. 715. — ISBN 978-5-902073-66-6.
  31. Аммосов, 1863
  32. Раевский, 1978, էջ 315
  33. Аммосов, 1863, էջ 5—6
  34. Нет, не возлюбленной была… // Долли Фикельмон. Дневник 1829–1837. Весь пушкинский Петербург / публ. и комм. С. Мрочковской–Балашовой. — М. : Минувшее, 2009. — С. 31—32. — ISBN 978-5-902073-66-6.
  35. Фридкин В. М. Один день в Сульце // Пропавший дневник Пушкина. Рассказы о поисках в зарубежных архивах / Рецензент: Овчинникова С. Т., ст. науч. сотр. Гос. музея А. С. Пушкина. — М. : Знание, 1987. — С. 32—33.
  36. Прожогин, 1997, էջ 298—330
  37. Ободовская, Дементьев, 1980, էջ 252—253, 322, 347
  38. Раевский, 1978, էջ 222
  39. Бартенев, П. Рассказ В. Ф. Вяземской // Русский архив : журнал. — 1888. — № 7. — С. 310.
  40. Дело, 1900, էջ 52
  41. Дело, 1900, էջ 120
  42. Дело, 1900, էջ 90
  43. Дело, 1900, էջ 117
  44. Пушкинская юбилейная литература (1899-1900 гг.) / Составил В. В. Сиповский. — Москва : Новости, 2013. — С. 48.
  45. Дело, 1900, էջ 144—145
  46. Дело, 1900, էջ 140
  47. Ободовская, Дементьев, 1980, էջ 342
  48. Вацуро В. Э. Лермонтов // История всемирной литературы: В 9 т.. — М.: Наука, 1989. — Т. 6. — С. 364.
  49. Левкович, 1999, էջ 272—273
  50. Ободовская, Дементьев, 1981, էջ 312—313
  51. Ободовская, Дементьев, 1980, էջ 314—315
  52. Ободовская, Дементьев, 1980, էջ 316—318
  53. Ободовская, Дементьев, 1980, էջ 322—324
  54. Ободовская, Дементьев, 1980, էջ 279
  55. 55,0 55,1 Ободовская, Дементьев, 1980, էջ 334
  56. Раевский, 1978, էջ 290—291
  57. Алданов, 1995, էջ 334—336
  58. Алданов, 1995, էջ 336—337
  59. Зайончковский А. М. Восточная война 1853—1856 гг.. — СПб., 1908. — Т. I. Приложения. — С. 228.
  60. Алданов, 1995, էջ 337
  61. Ободовская, Дементьев, 1980, էջ 335
  62. Раевский, 1978, էջ 293
  63. Раевский, 1978, էջ 292—293
  64. «Georges Charles, Baron de Heeckeren d'Anthès». Léonore[fr]. Վերցված է 20 ноября 2017-ին.
  65. Metman, 1916, էջ 306
  66. Ободовская, Дементьев, 1980, էջ 336—337
  67. 67,0 67,1 Ободовская, Дементьев, 1980, էջ 337
  68. Ободовская, Дементьев, 1980, էջ 336
  69. 69,0 69,1 Metman, 1916, էջ 307
  70. 70,0 70,1 70,2 Раевский, 1978, էջ 486
  71. Раевский, 1978, էջ 288
  72. Алданов, 1995, էջ 332
  73. Седова, Г. М. В поисках «бедной Кати»: эльзасские впечатления // Нева : журнал. — 2013. — № 2.
  74. Roger Lawrence Williams The Mortal Napoleon III. — Princeton University Press, 1971. — С. 198. — ISBN 0691051925
  75. Metman, 1916, էջ 304–305
  76. Ободовская, Дементьев, 1980, էջ 267–268, 322
  77. Прожогин, 1997, էջ 298—299
  78. Troyat H. Pouchkine. — Paris : Albin Michel, 1946. — Vol. II. — P. 356—357, 359—360.
  79. Цявловский М. Новые материалы биографии Пушкина // Звенья. — М. : Госкультпросветиздат, 1951. — Т. IX.
  80. Прожогин, 1997, էջ 298, 301—302
  81. Прожогин, 1997, էջ 304

Գրականություն խմբագրել

  • Алданов М. А. Французская карьера Дантеса // Очерки. — Москва : Новости, 1995. — ISBN 5-7020-0524-4.
  • Аммосов А. Н. Последние дни жизни и кончина Александра Сергеевича Пушкина. Со слов бывшего его лицейского товарища и секунданта Константина Карловича Данзаса. — СПб., 1863.
  • Витале С. Тайна Дантеса. Пуговица Пушкина / Пер. с англ. Е. М. Емельяновой. — М. : Алгоритм, 2015. — 381 с. — ISBN 978-5-4438-0997-7.
  • Левкович Я. Л. Кольчуга Дантеса // Легенды и мифы о Пушкине. — СПб. : Академ. проект, 1999. — ISBN 5-7331-0164-4.
  • Наумов А. В. Военно-судное дело о последней дуэли Пушкина : Уточнение оценок // Московский пушкинист : ежегод. сб. / Рос. АН, ИМЛИ им. А. М. Горького, Пушкин. комис. — М. : Наследие, 1996. — Вып. II. — С. 265—291.
  • Левкович Я. Л. Из нидерландских архивов // The Pushkin journal. — 1994—1995. — № 2—3. — С. 19—32.
  • Ободовская, И.; Дементьев, М. После смерти Пушкина : Неизвестные письма / ред. и автор вступ. статьи Д. Д. Благой. — М. : Советская Россия, 1980. — 384 с.
  • Прожогин Н. П. Письма Дантеса : История дуэли в интерпретации итальянской исследовательницы // Московский пушкинист : ежегод. сб. / Рос. АН, ИМЛИ им. А. М. Горького, Пушкин. комис. — М. : Наследие, 1997. — Вып. IV. — С. 298—330.
  • Раевский Н. А. Избранное. — М. : Художественная литература, 1978.
  • Фридкин В. М. Чемодан Клода Дантеса, или Пять вопросов Серене Витале // Наука и жизнь. — 1996. — № 10. — С. 145.
  • Щёголев П. Е. Дуэль и смерть Пушкина. — Москва : Книга, 1987.
  • Дуэль Пушкина с Дантесом-Геккереном. : Подлинное военно-судное дело 1837 г. — СПб., 1900. Արխիվացված 2017-12-28 Wayback Machine
  • Metman L. Georges Charles d'Anthes // Пушкин и его современники: Материалы и исследования. Вып. 25/27. / Комис. для изд. соч. Пушкина при Отд-нии рус. яз. и словесности Имп. акад. наук.. — Կաղապար:Пг., 1916. — С. 290—307.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Շառլ Դանտես» հոդվածին։