Ժոզեֆ Պուլիտցեր (անգլ.՝ Joseph Pulitzer, ապրիլի 10, 1847(1847-04-10)[1][2][3][…], Մակո, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 29, 1911(1911-10-29)[1][2][3][…], Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4]), ամերիկացի հրատարակիչ, լրագրող, «Դեղին մամուլի» հիմնադիրներից մեկը։

Ժոզեֆ Պուլիցեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1847(1847-04-10)[1][2][3][…]
ԾննդավայրՄակո, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 29, 1911(1911-10-29)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրՉարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՎուդլոն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հունգարիա
Կրոնհուդայականություն
ԵրկերPulitzer Trophy? և Պուլիցերյան մրցանակ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, հրատարակիչ, լրագրող և newspaper proprietor
ԱշխատավայրNew York World?
ԱմուսինKate Davis?
Ծնողներհայր՝ Philip Pulitzer?
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ և member of the Missouri House of Representatives?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներRalph Pulitzer?, Herbert Pulitzer?, Joseph Pulitzer? և Edith Pulitzer?
Ստորագրություն
Изображение автографа
 Joseph Pulitzer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժոզեֆ Պուլիտցերը ծնվել է 1847թվականի ապրիլի 10-ին հունգարական փոքրիկ Մակո քաղաքում՝ ապահովված ընտանիքում։ Հայրը հարուստ հրեա հացավաճառ էր, մայրը՝ կաթոլիկ գերմանուհի։ Սակայն շուտով նրա ընտանիքը տեղափոխվում է Բուդապեշտ, և ապագա ժուռնալիստը կրթություն է ստանում մասնավոր դպրոցում։ 17 տարեկան հասակում Պուլիտցերը երազում էր զինվորական կարիերայի մասին։ Նա միանգամից դիմել էր ավստրիական, ֆրանսիական և բրիտանական բանակին՝ զինվորագրվելու համար։ Պատանին տեսողության խնդիրներ ուներ, ինչի պատճառով էլ նրան երեք տեղում էլ մերժում են։ Երեք ձախողումները գուցե հիասթափեցնեին բոլորին և սպանեին բանակում ծառայելու ցանկությունը, սակայն ոչ Ջոզեֆ Պուլիտցերին։ Հետագայում նրան հաջողվեց ԱՄՆ-ում զինվորական ծառայության ընդունվել, և 1864 թվականին նա նավով Ամերիկա մեկնեց։ Ընդամենը մի քանի ամիս նավի վրա և երիտասարդ Պուլիտցերը հրաժարվում է իր բոլոր պատրանքներից։ Ասում են, որ նրա՝ ԱՄՆ-ի բանակում ծառայելուց հրաժարվելու ցանկությունը այնքան մեծ է եղել, որ այն ժամանակ, երբ նավը նոր էր հասնում Ամերիկայի ափերին, նա ցատկել է ջուրը և սկսել արագ լողալ դեպի ափ։ Այնուամենայնիվ նա ստիպված է լինում կռվել։ Նա ծառայում էր Նյու Յորքի առաջին հեծելազորային գնդում, որի հրամանատարը Կառլ Շուրցն էր, սակայն դա երկար չի տևում։ 1865 թվականին ավարտվեց քաղաքացիական պատերազմը, և նրան պարզապես հեռացրին ծառայությունից։

Պատերազմից հետո խմբագրել

Ժոզեֆ Պուլիցերը սկսում է թափառել ԱՄՆ-ի նահանգներով, այդ ընթացքում աշխատելով թե´ հովիվ, թե´ մատուցող, թե´ բեռնակիր, թե´ փաստաբանի օգնական։ 18-ամյա Պուլիտցերը չգիտեր, թե ինչով պիտի զբաղվի։ Իսկ Սենթ Լուիսում, որտեղ նա բնակություն էր հաստատել պատերազմից հետո, Եվրոպայից եկած էմիգրանտին դժվար ժամանակներ էին սպասվում։ Պուլիտցերը գերազանց տիրապետում էր գերմաներենին և ֆրանսերենին, բայց շատ քիչ անգլերեն գիտեր, իսկ առանց դրա աշխատանք գտնելը հեշտ չէր։ Սակայն Պուլիտցերը չի հուսահատվում և աշխատանքից հետո ազատ ժամանակը անցկացնում է քաղաքային գրադարանում՝ կատարելոգործելով իր անգլերենի իմացությունը, ինչպես նաև ուսումնասիրելով Ամերիկայի օրենքները։ Մի անգամ Սենտ Լուիսում նա պատահական հանդիպում է իր հրամանատար Կառլ Շուրցին, ով այդ ժամանակ «Westlche Post» գերմանական թերթի խմբագիրն էր, ով էլ Պուլիտցերին աշխատանքի է վերցնում որպես լրագրող։ Ահա հենց այստեղից էլ սկսվեց Ժոզեֆ Պուլիտցերի լրագրողական գործունեությունը։ 1867 թվականին Պուլիտցերը ամերիկյան քաղաքացիություն ստացավ, որից հետո շատ արագորեն դարձավ նշանավոր գործիչ՝ ինչպես տեղական քաղաքական ասպարեզում, այնպես էլ լրագրության մեջ։ 1869 թվականին նա ընտրվել է Միսսուրի նահանգի Օրենսդիր ժողովում, միևնույն ժամանակ աշխատել է որպես «Westliche Post» թերթի հատուկ թղթակից՝ նահանգի կոնգրեսում։ Նա հետագայում դարձավ Սենտ–Լուիսի ոստիկանության կոմիսար և լիբերալ- հանրապետական շարժման կողմնակից։ 1872 թ.-ին նշանակվել է քարտուղար լիբերալ-հանրապետական համագումարում, որտեղ Հորաս Գրիլը ընտրվել էր որպես նախագահի թեկնածու։ Ընտրություններին կուսակցության ձախողումից հետո, Պուլիտցերը միացավ դեմոկրատական կուսակցությանը։

Լրագրողական կարիերան խմբագրել

 

1871 թվականին Պուլիտցերը դարձավ «Westliche Post» թերթի համասեփականատերը, բայց 1873 թվականին վաճառեց իր մասնաբաժինը։ 1875 թ․ նա դարձավ Սահմանադրական ասամբլեայի անդամ։ Պուլիտցերը առաջարկ է ստանում աշխատել Վաշինգտոնում որպես իրավաբան, սակայն նա չի էլ սկսում այնտեղ աշխատել, քանի որ թերթի բիզնեսը լիովին կլանել էր նրան։ 1878 թ. Պուլիտցերը գնեց «St. Louis Dispatch» թերթը և սկսեց ձևափոխել թերթի բիզնես մոդելը։ Թերթը նա գնեց բավականին էժան գնով, բայց այդտեղ նա ներդրեց իր ամբողջ կարողությունը, որը բավականին համեստ գումար էր։ Այնուհետև նա գնեց նաև «St. Louis Post» թերթը և երկու թերթերը միավորեց «St. Louis Post Dispatch» անվան տակ։ Նա կրկնապատկեց թերթի տպաքանակը, ինչը եկամուտը հասցրեց 45 միլիոն դոլարի։ Հենց այս թերթում էլ նա առաջին անգամ փորձեց օգտագործել նոր ժուռնալիստիկայի տարրեր՝ ընթերցողների ավելի լայն շրջանակ ձեռք բերելու համար։ Նրա ամենակարևոր նորություններից էին թերթերի կանոնավոր արշավները տարբեր առիթներով՝ քաղաքական բացահայտումների և ճչուն վերնագրերի միջոցով։ Այդ արշավները բարձրացնում էին թերթերի շրջանառությունը, այն դարձնում ավելի մասսայական և զգալի եկամուտ բերում հրատարակչին։ Նա Սենտ Լուիսում պայքար էր սկսել կոռուպցիայի դեմ և այդ պատճառով շատ թշնամիներ էր ձեռք բերել։. Օրինակ, 1882 թվականին նա մի հոդված հրապարակեց, որում մեղադրել էր հայտնի դատախազին կաշառակերության մեջ։ Լուրջ վեճ ծագեց, իսկ արդյունքում Պուլիտցերը սպանեց դատախազին։ Նոր սկանդալ բռնկվեց, և նա ստիպված եղավ հեռանալ քաղաքից։ Պուլիտցերը առողջական խնդիրներ ուներ և որոշեց որոշ ժամանակով տեղափոխվել Եվրոպա՝ հանգստանալ թերթային պատերազմներից։ Սակայն, երբ 1883 թվականին նա կարճ ժամանակով կանգ առավ Նյու Յորքում, նրան այցելեց ֆինանսիստ Ջեյ Գուլդը, ով էլ առաջարկեց նրան գնել «World» օրաթերթը 346 հազար ԱՄՆ դոլարով։ Պուլիտցերը համաձայնեց և շատ շուտով թերթը դարձավ քաղաքում առաջատարներից մեկը։ Ի դեպ, Ժոզեֆ Պուլիտցերը դարձավ այն լրագրության հիմնադիրներից մեկը, որը նախատեսված էր բոլորի համար։ Երբ Պուլիտցերը գնեց «The New York world» թերթը, տպաքանակը չէր գերազանցում 15000–ը, իսկ արդեն 15 տարի անց՝ 1898 թվականին, տպաքանակը հասավ 1 մլն։ «The New York world» և «St. Louis Post Dispatch» թերթերը 20 միլիոն դոլարի եկամուտ բերեցին (համապատասխանում է ներկայիս 3 միլիարդ դոլարին)։

1885 թվականին Պուլիտցերը ընտրվեց Ներկայացուցիչների պալատում։ Հասնելով լիակատար հաջողությունների, Պուլիտցերը չհասցրեց ուրախանալ իր թերթերի հաղթանակներով։ 1887 թվականին, նա գրեթե կույր էր, և հրաժարվեց «The New York world» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Իսկ 1890 թվականին հրատարակիչը սկսեց նյարդային նոպաներ ունենալ և ընդհանրապես հեռացավ իր գործերից։ Հիվանդությունը արագընթաց զարգանում էր, և շուտով Պուլիտցերը չի կարողանում քայլել առանց օգնության։ Բացի այդ, նա զգայուն էր դարձել աղմուկի նկատմամբ։ Նա բուժվում էր երկրի լավագույն հիվանդանոցներում, բայց ոչինչ չէր օգնում։ Կյանքի վերջին տարիները նա ստիպված էր անցկացնել ձայնամեկուսիչ սենյակում կամ իր Նյու Յորքի առանձնատանը կամ «Ազատություն» անունով զբոսանավի վրա։ Պուլիտցերը մահացավ 1911 թվականի հոկտեմբերի 29-ին՝ իր զբոսանավի վրա՝ Չառլստոնում։

Ժոզեֆ Պուլիտցերը նորարար խմբագրել

Պուլիտցերը ընդգծում էր, որ իր թերթերը ուղղված են «բավարարելու հասարակ մարդկանց պահանջները, այլ ոչ թե հաստափոր դրամապանակներ ունենցողներինը»։ Շեշտադրում կատարվում էր մասսայական լսարան ձեռք բերելու համար։ Մեթոդները, որոնցով Պուլիտցերը հետաքրքրություն առաջացրեց իր թերթի հանդեպ պարզ էին ու կիրառական։ Նա թերթի էջերում համատեղում էր հոդվածներ քաղաքական կոռուպցիայի մասին, լրագրողական հետաքննություններ, կյանքի տարբեր բնագավառներից սենսացիաներ, մի քիչ հումոր և բավարար քանակությամբ գովազդ։ Ավելի ուշ նա սկսեց ավելացնել սպորտային նորություններ, կանաց նվիրված սյունակներ, վառ նկարազարդարումներ։ Նա սկսեց համագործակցել հայտնի նկարիչների հետ և դարձավ առաջին թերթը, որն սկսեց առաջին էջում տեղադրել քաղաքական ծաղրանկարներ։

Ս․ Միխայելովը նկարագրելով ամերիկյան մամուլը, մատնանշում է, որ Պուլիտցերը Ամերիկյան դեղին մամուլի հիմնադիրն է։ Գունային հատկանիշը ի սկզբանե ունեցել է բառացի իմաստ։ Դեղին իսկապես առաջին գույնը էր սև ու սպիտակ թերթի մեջ։ "New York World" դարձավ առաջին ամերիկյան թերթը, որ օգտագործեց գունավոր հատվածներ և կոմիքսներ գույներով։ «Դեղին լրագրությունը» տերմինը, իր ծագումը պարտական է Պուլիտցերյան նորարարություններին։ 1889 թվականից «The New York World" թերթի «Զվարճությունների» բաժնում տպագրվում էին նկարաշարեր։ Ամերիկացի նկարիչ Ռիչարդ Օուտկոլտը թերթի մի քանի համարներում տեղադրեց ազատ ոճի նկարներ տարբեր հումորային տեքստերով։ Այդ նկարների մեջ էր մի փոքրիկ տղա դեղին վերնաշապիկով։ Այս նկարները մեծ աղմուկ բարձրացրեցին Նյու Յորքում։ Քանի որ այդ տղայի նկարը տարբերվում էր մյուսներից իր արտաքինով, այս նկարը սկսեցին անվանել «դեղին տղա»։ Շուտով ազատ ոճի այդ նկարների ամբողջ շարքը սկսեց անվանվել «դեղին տղա»։ Հաջողությունից ոգևորված՝ շատ թերթեր սկսում են մտցնել հումորային նկարների շարք, որտեղ գլխավոր հերոսը դեղին երեխան էր։ 1896 թվականին «New-York Press»-ի խմբագիրը քննադատական մի հոդված է հրապարակում, որտեղ այս թերթերին անվանում է «դեղին մամուլ», որոնք չեն ամաչում այն միջոցներից, որոնք օգտագործում են ընթերցողներ ապահովելու համար։ Ահա հենց այստեղից էլ սկսեց շրջանառվել «դեղին մամուլ» արտահայտությունը։

Պուլիտցերն իր լրագրողներից պահանջում էր ոչ այնքան սենսացիա հայթայթելու ունակություն, որքան դա փոխանցելու կարողություն։ «Մահվան ստվերները», «Ահաբեկչություն Ուոլ Սթրիթում», «Փոքրիկ Լիզայի սիրեկանները», և նմանատիպ այլ վերնագրերով նա ուշադրություն էր գրավում։ Այս ամենը միասին դարձավ պուլիտցերյան նոր թերթային ոճ, ինչն էլ իր հերթին ավելի ուշ կոչվեց «նոր լրագրություն»։ Նա համարում էր, որ անիմաստ է անցել այն օրը, երբ իր թերթում չի հայտնվել որևէ սենսացիա։ Բայց ամենից վեր Պուլիտցերը դնում էր այսպես կոչված «խաչակրաց արշավանքի» մեթոդը (խմբագրական ուղղումներ, որոնք գրված էին ռեպորտաժի ձևով )։ «Բոլոր հանցագործությունները ապրում են ոչ այլ ձևով, քան գաղտնի, ջրի երես հանեք դրանք, նկարագրեք, տպեք այն թերթում և հասարակական կարծիքը վաղ թե ուշ իր մաքրող հատկությունը կդրսևորի»,- ասում էր Պուլիտցերը «խաչակրաց արշավանքների» մասին։ Այսպիսի փայլուն հոդված էր Նելլի Բլայի հոդվածը՝ Նյու Յորքի հոգեբուժական կլինիկաներից մեկի մասին։ Այնտեղ հայտնվելու համար լրագրողը շատ հաջող կերպով հոգեկան հիվանդ է ձևացել, և բժիշկը նրան «շիզոֆրենիա» էր ախտորոշել։ Իսկ մի քանի շաբաթ անց, երբ Նելլին «ապաքինվեց», նա գրեց մի հոդված, որտեղ բացահայտում էր, թե ինչպես են վերաբերվում հոգեկան հիվանդներին՝ պահում են ցուրտ տեղում, քաղցած և դաժան վերաբերմունք են ցուցաբերում։ Նրա թերթը ուղղված էր զանգվածային լսարանին։ Նա աշխատանքի էր հրավիրում մուլտիպլիկատորների, ովքեր պատրաստում էին քաղաքական բովանդակությամբ ծաղրանկարներ, և դրանք տեղադրում առաջին էջում, որպես յուրօրինակ պատկերային խմբագրական։

Հավանաբար քչերը գիտեն, Պուլիտցերի շնորհիվ է Նյու Յորքի հանրահայտ խորհրդանիշ Ազատության արձանը հայտնվել Նյու Յորքում։ Ֆրանսիայի ժողովուրդը արձանը նվիրել էր ամերիկյան ժողովրդին ի նշան բարեկամության։ Տարիների ընթացքում ազատության արձանը դարձավ ոչ միայն երկու ժողովուրդների բարեկամության նշան, այլև ազատության խորհրդանիշ։ Բայց արձանը ԱՄՆ տեղափոխելու գաղափարը ոգևորությամբ չընդունվեց և կառավարությունը հրաժարվեց ֆինանսավորել նախագիծը։ 1885 թ. Պուլիտցերը հերթական արշավը սկսեց՝ գումար հավաքել Ազատության արձանը Ֆրանսիայից Նյու Յորք տեղափոխելու համար։ Արդյունքում հավաքվեց 100.000 դոլար։ Եվ ազատության արձանը հայտնվեց Նյու Յորքում։

Նրա նորարարություններից էր նաև այսպես կոչված դինամիկ ռեպորտաժի հայտնվելը թերթում, որը լրագրողից պահանջում էր որևէ հաջողված արարք թերթում հայտնվելու համար։ 1889 թվականին Պուլիտցերը լրագրողական աշխարհին ցուցադրեց էֆեկտիվ լրագրության օրինակ։ Նա այս անգամ Նելլի Բլային ուղարկեց կրկնելու Ժյուլ Վեռնի հայտնի վեպի հերոսի արարքը, բայց ավելի արագ։ Նելլին շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարեց 72 օր 6 ժամ 11 րոպեում։ Ընդ որում նա մեկ օր կորցրեց հենց Ժյուլ Վեռնից հարցազրույց վերցնելու համար։ Սա ևս շատ կարևոր էր, քանի որ ուշադրության կենտրոնը փաստից տեղափոխվում էր դեպի սյուժե։ Ինֆորմացիայի և զվարճանքի համատեղումը նոր ժուռնալիստիկայի կարևոր ասպեկտներից էր։

Սոցիոլոգիական հետազոտությունները պարզում են, որ Նյու Յորքում յուրաքանչյուր երկրորդը գնում էր թերթի կիրակնօրյա համարը։ Հաշվի առնելով այս փաստը՝ Պուլիտցերը թերթն առավել հետաքրքիր է դարձնում։ Նրա մեջ ներառում է ժամանցային տեղեկատվություն, գրական նյութեր, ծաղրանկարներ և իլյուստրացիաներ։ 1893-ին նա կիրակնօրյա համարի հետ հրատարակում է նաև գունավոր ներդիր, որը տպագրության լուրջ աճին է նպաստում։ Նրա հաշվարկները կապված ներդիրի հետ ճիշտ են լինում։ Արդեն առաջին երեք ամիսներում տպաքանակը երեք անգամ ավելանում է և հասնում 250 հազարի։ Տպագրվում էր նաև երեկոյան համարներ։ Կապված թերթի տպագրության հետ առաջ է գալիս նոր մասնագիտություն՝ ղեկավար-մենեջեր։ Նրա պարտականության մեջ էր մտնում միայն թերթի հրատարակման հարցերով զբաղվելը։

Նոր ժուռնալիստիկայի սկզբունքները արագորեն յուրացվում է ամերիկյան մամուլի կողմից։ Պուլիտցերի հաջողությունը շատերին է գրավում։ 1898-ին The New York World-ի տպաքանակը հասնումէ 1 միլիոնի։ Լրագրության նոր սկզբունքները օգտագործվում են Դետրոյիթի, Չիկագոյի և ԱՄՆ-ի շատ այլ քաղաքների հրատարակիչների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118597086 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Պուլիցեր» հոդվածին։