Ժարկո Դոլինար

սեղանի թենիսի հարավսլավացի մարզիկ

Ժարկո Դոլինար (խորվ.՝ Žarko Dolinar, 3 հուլիսի, 1920, Կոպրիվնիցա9 մարտի, 2003, Բազել), սեղանի թենիսի հարավսլավացի մարզիկ (սեղանի թենիս), 1930-ական թվականների վերջերից մինչև 1950-ական թվականների կեսերը հանդես է եկել Հարավսլավիայի հավաքականի կազմում։ Աշխարհի չեմպիոն, միջազգային ու ազգային առաջնությունների բազմակի մրցանակակիր։ Հայտնի է նաև որպես գիտնական-կենսաբան, համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր։ Աշխարհի ժողովուրդների արդարակյաց։

Ժարկո Դոլինար
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Բնօրինակ անուն՝Žarko Dolinar
Մասնագիտացում՝կենսաբան, սեղանի թենիսիստ և համալսարանի դասախոս
Երկիր՝ Խորվաթիա,  ՀՍՖՀ,  Հարավսլավիայի Թագավորություն և  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 3, 1920(1920-07-03)[2][3][4]
Ծննդավայր՝Կոպրիվնիցա, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
Մահվան ամսաթիվ՝մարտի 9, 2003(2003-03-09)[3][4] (82 տարեկան)
Մահվան վայր՝Բազել, Շվեյցարիա

Կենսագրություն խմբագրել

Ժարկո Դոլինարը ծնվել է 1920 թվականի հուլիսի 3-ին Կոպրիվնիցա քաղաքում. նրա ընտանիքը Խորվաթիա էր գաղթել Սլովենիայից[5]։ Մանկության տարիներին ֆուտբոլ է խաղացել Նովի Սադ քաղաքի թիմի կազմում, սակայն 14 տարեկան հասակում կոտրել է ոտքը. այդ վնասվածքի պատճառով նա սկսել է զբաղվել սեղանի թենիսով։ 1935-1936 թվականներին մարզվել է Լյուբլյանայում, ապա մշտական բնակություն է հաստատել Զագրեբում[6]։

Մեծահասակների միջազգային մակարդակում առաջին լուրջ հաջողությանը Ժարկո Դոլինարը հասել է 1939 թվականին, երբ 18 տարեկան հասակում առաջին անգամ դարձել է սեղանի թենիսի Հարավսլավիայի չեմպիոն, ընդգրկվել Հարավսլավիայի ազգային հավաքականի հիմնական կազմում, մասնակցել Կահիրեում անցկացված աշխարհի առաջնությանը, որտեղ արժանացել է բրոնզե և արծաթե մեդալների անհատական ու թիմային առաջնություններում համապատասխանաբար։ Դրանք եղել են սեղանի թենիսի աշխարհի առաջնության մեջ հարավսլավացի մարզիկների նվաճած առաջին մեդալները[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Ժարկո Դոլինարն ստիպված է եղել ընդհատել իր մարզական կարիերան միջազգային մակարդակում, թեև նախկինի պես մասնակցել է սեղանի թենիսի տեղական առաջնություններին. մասնավորապես նա բազմիցս դարձել է այսպես կոչված Խորվաթիայի անկախ պետության չեմպիոն։ Պատերազմի ժամանակ հայտնի է դարձել, որ Ժարկո Դոլինարն իր եղբոր՝ Բորիսի հետ կեղծել է ավելի քան 360 հրեաների անցագրեր ու փաստաթղթեր՝ դրանով իսկ նրանց փրկելով համակենտրոնացման ճամբարներում հայտնվելուց և այնտեղ նրանց սպասող անխուսափելի մահվանից։ Ի վերջո գերմանաֆաշիստական ռեժիմի դրածոները իմացել են նրանց այդ գործունեության մասին, սակայն հասարակության մեջ ունեցած իրենց ազդեցության շնորհիվ եղբայրները կարողացել են խուսափել պատժից (որոշ պատժամիջոցներ են կիրառվել միայն նրանց հոր նկատմամբ, ով զրկվել է դատավորի իր պաշտոնից)։ Բազմաթիվ հրեաների փրկելու համար 1993 թվականին Ժարկո Դոլինարն ընդգրկվել է Աշխարհի ժողովուրդների արդարակյացների ցանկում[8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ժարկո Դոլինարը վերադարձել է մեծ սպորտ և շարունակել մասնակցել միջազգային մեծ մրցույթների։ 1951 թվականին նա մասնակցել է Վիեննայում անցկացված աշխարհի առաջնությանը, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ թիմային առաջնությունում։ Երկու տարի անց Բուխարեստում նա աշխարհի առաջնությունում նա արժանացել է արծաթե մեդալի միքստում։ Ամենամեծ հաջողությանը Ժարկո Դոլինարը հասել է 1954 թվականի մրցաշրջանում, երբ Լոնդոնի Ուեմբլիում անցկացված աշխարհի առաջնությունում Վիլիմ Խարանգոզոյի հետ հաղթել է զույգերի առաջնությունում, ինչպես նաև բրոնզե մեդալ է նվաճել միքստում. մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել է Հարավսլավիայի լավագույն մարզիկ։ Միջազգային մակարդակում Ժարկո Դոլինարը վերջին անգամ նշանակալի արդյունք է ցույց տվել 1955 թվականին, երբ Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում արծաթե մեդալների է արժանացել անհատական ու զույգով առաջնություններում[9]։

Ժարկո Դոլինարը հայտնի է եղել նաև որպես կենսաբան. 1949 թվականին նա ավարտել է Զագրեբի համալսարանը, որտեղ սովորել է անասնաբուժության ֆակուլտետում։ 1959 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1963 թվականին սկսել է աշխատել Բազելի համալսարանում. 25 տարի նա դասավանդել է բժշկության ֆակուլտետում, հեղինակել է բազմաթիվ հոդվածներ ու գիտական հրատարակություններ՝ նվիրված գենետիկայի, բջջաբանության, հյուսվածաբանության, սաղմնաբանության, ախտաբանության և այլ թեմաներով[10][11]։

Իր կյանքի վերջին տարիներին մի որոշ ժամանակ աշխատել է որպես սեղանի թենիսի մարզիչ, գլխավորել է Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիային կից Մարզական գիտական կոմիտեն։

Ժարկո Դոլինարը մահացել է 2003 թվականի մարտի 9-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Թաղված է Միրոգոյ գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Righteous Among the Nations Database
  2. Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  5. Vera Krzisnik Bukic (2006). «Znameniti Slovenci na Hrvaškem skozi zgodovino». CEEOL Migration and Ethnic Themes. 22 (4): 421–445. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  6. Povijest hrvatskog stolnog tenisa (History of Croatian Table Tennis). hsts.hr
  7. «ŽARKO DOLINAR. 1920 – 2003» (PDF). društvene obavijesti. 93/94: 11. 2003.
  8. Darko Zubrinic (1997) "Cardinal Alojzije Stepinac and saving the Jews in Croatia during the WW2". www.hr
  9. "DOLINAR Zarko (YUG) " Արխիվացված 2012-10-16 Wayback Machine. ITTF Database
  10. "Sports in Croatia", by Darko Žubrinić, 1995
  11. "U 83. godini umro Žarko Dolinar, slavni stolnotenisač i znanstvenik". index.hr

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժարկո Դոլինար» հոդվածին։