Ժամագիրք կամ Աղոթամատույց, քրիստոնեական եկեղեցու հնագույն ծիսական մատյաններից, եկեղեցական արարողակարգին և տոներին պատշաճեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների ժողովածու։

Ժամագիրք
Ժանրliturgical book?
 Books of Hours Վիքիպահեստում

Կազմում խմբագրել

Հայոց ժամագրքի կազմավորումը վերագրվում է հինգերորդ դարի սուրբ հայրերին՝ Սահակ Ա Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին, Գյուտ Ա Արահեզացուն, Հովհաննես Ա Մանդակունուն, հետագա դարերի հեղինակներից՝ Ներսես Շնորհալուն։

Ժամագրքի որոշ հատվածներ պատկանում կամ վերագրվում են նաև Թովմա առաքյալին, Գրիգոր Ա Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն, Հովհաննես Սարկավագին, Գրիգոր Տաթևացուն, Թովմա Մեծոփեցուն և այլոց։

Հայոց ժամագիրք խմբագրել

Հայոց ժամագիրքը, չնայած քրիստոնեական այլ եկեղեցիներում կիրառվող համանման մատյանների՝ հատկապես հունականի հետ ունեցած ընդհանրություններին, մի շարք առումներով խիստ ինքնատիպ նկարագիր ունի։ Դրանում առանձնապես մեծ դեր ունեն հայ հեղինակներին պատկանող հատվածները։ Հայ Եկեղեցին կիրառել է ժամագրքի երկու դրսևորում՝ ժամագիրք և Մայր ժամագիրք (Ատենի). վերջինս ներառում է նաև Սաղմոսարան և Տոնացույց։

Բովանդակություն խմբագրել

Ժամագրքի մեջ ընդգրկված են հոգևոր բանարվեստի և երաժշտաբանաստեղծական արվեստի մի շարք ժանրեր՝ աղոթք, քարոզ, մաղթանք, ընթերցվածք (Ավետարանից), սաղմոս, փոխ, ալելուիա, կանոն, թագավոր, մեսեդի, օրհնություն, երգ և այլն։ Վերջիններիս թվին են պատկանում համաքրիստոնեական երկու երգերը՝ «Փառք ի բարձունս» և «Լոյս զուարթ», ապա Ներսես Շնորհալու մի շարք երգերը, որոնցից հանրածանոթ են «Յիշեսցուք ի գիշերի», «Առաւօտ լուսոյ» , արևագալի չորս երգերը ևն։

Ժամագրքի կարևորագույն մաս են կազմում ութ սաղմոսականոնները (կամ Ժամագրքի կանոնները), որոնք երաժշտական առումով դասակարգված են ութ ձայնեղանակներին համապատասխան։ Յուրաքանչյուր կանոն բաղկացած է յոթ գուբղայից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին՝ երկուսից վեց սաղմոսներից (քանակը՝ կախված սաղմոսների ծավալից)։ Վերջին գուբղան կոչվում է «Կանոնագլուխ», որն իր երաժշտական լեզվաոճով առավել զարգացած է կանոնի մյուս մասերի համեմատ։ Հետագայում հենց սաղմոսներին են կցվել հայոց հոգևոր առաջին ինքնուրույն երգերը, որի հետևանքով էլ կոչվել են «կցուրդ»։ Ժամագրքի երգասացությունները տարաբնույթ են նաև երաժշտական լեզվաոճի առումով՝ բնութագրվելով ինչպես պարզ, զուսպասերգայնությամբ, այնպես էլ ծանր, հանդիսավոր մեղեդիականությամբ։

Հրատարակում խմբագրել

Ժամագիրքը առաջին անգամ հրատարակել է Աբգար Դպիրը (1568, Կ. Պոլիս), իսկ Մայր ժամագիրքը՝ Խաչատուր Կեսարացին (1642 Նոր Ջուղա)[1]։ 1877 թվականին Նիկողայոս Թաշճյանը Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հովանավորությամբ Վաղարշապատում տպագրել է հայկական ձայնանիշներով գրանցված Ժամագիրք («Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ»)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ժամագիրք, Նոր Ջուղա, 1642։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. Երգ ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ, Ի տպարանի Սրբոյն Կաթուղիկէ Էջմիածնի, 1877։

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամագիրք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 272