Ժակերիա (ֆր.՝ Jacquerie, Ֆրանսիայում տարածված Ժակ անունից), գյուղացիական պատերազմ Ֆրանսիայում, որն ավարտվում է գյուղացիների պարտությամբ, այսինքն՝ Ժակերիային բաժին է ընկնում ֆեոդալիզմի դարաշրջանի գյուղացիական ապստամբությունների սովորական ճակատագիրը։ Ապստամբություններ, որոնք անխուսափելիորեն պարտությամբ էին վերջանում։ Սա խոշորագույն ապստամբություններից մեկն էր Եվրոպայի պատմության մեջ։ Ապստամբները գերազանցապես գյուղացիներն էին։ Նրանց էին հարում գյուղական համայնքի արհեստավորները, մանր առևտրականները, գյուղական քահանաները։ Նրանց անվանում էին «Ժակեր» (այն ժամանակ գյուղացու՝ սովորական «ժակ-պարզամիտ» մականունից), այստեղից է առաջացել և հետագայում հանդես եկել «Ժակերիա» անվանումը։

Ապստամբության օրերից մեկի (1385 թվականի հունիսի 9) նկարագրություն:

Ապստամբության նախադրյալները խմբագրել

Ապստամբությունը նախապատրաստված էր Հյուսիսային Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական զարգացման ամբողջ ընթացքով։ Ֆեոդալները ուժեղացրել էին գյուղացիության շահագործումը։ Մեծացել էին պետական հարկերը։ Ֆրանսիայում բռնկված համաճարակի (ժանտախտ) հետևանքով առաջացել էր աշխատավարձի ավելացում։ Հրապարակվում են օրենքներ աշխատավարձի աճման դեմ։ Դրանք անդրադառնում էին գյուղական ու քաղաքային բնակչության վրա։ Նրանց թալանում էին ոչ միայն անգլիացիները, այլև բոլոր վարձկան ջոկատները, այդ թվում ֆրանսիական ավազակախմբերը, որոնք ավար որոնելու համար թափառում էին երկրով մեկ։ Գյուղացիները պաշտպանվում էին՝ ինչպես կարողանում էին։ Զինվում էին և համառ դիմադրություն էին ցույց տալիս կողոպտիչներին։ Տեղ-տեղ այդ դիմադրությունը պարտիզանական կռվի ձև էր ընդունում։

Ապստամբության սկիզբը և ընթացքը խմբագրել

Հենց սկզբից ապստամբությունն ընդունում է արմատական բնույթ։ Ժակերը հրկիզում և ավերում էին ազնվականների ամրոցներն ու տները, սպանում էին ֆեոդալներին՝ ձգտելով դառնալ «տերեր»։ Նրանք ամրոցներում հափշտակում էին ռազմական հանդերձանքը և ոչնչացնում ֆեոդալական պարհակների ցուցակները։ Բոլոր մարզերի ապստամբների թիվը միասին վերցված, ժամանակակիցների տեղեկությունների համաձայն, կազմում էր մոտավորապես 100 հազար։ Որոշ քաղաքացիներ բացահայտորեն անցնում էին գյուղացիների կողմը։ Փարիզցիները, մի քանի ջոկատներ ուղարկվելով, Ժակերին օգնում էին շատ ամրոցներ խորտակել Փարիզի շրջակայքում։ Սակայն այդ օգնությունը աննշան էր, և քաղաքացիների և գյուղացիների դաշինքը այնպես էլ չէր կայանում։ Ապստամբությունը առավել մեծ թափ է ստանում Բովեզիում։ Գյուղացիների միավորված ջոկատները գլխավորում էր Հիլյոմ Կայլը` փորձված ու ռազմական գործին ծանոթ մի մարդ։ Ապստամբները նաև ունեին դրոշակ` թագավորական զինանշանով, և հանդես էին գալիս ֆեոդալների դեմ, բայց հանուն «բարի թագավորի»։ Նավառայի թագավոր Կառլոս Չարը, որ իր նավառական ու անգլիական ասպետների հետ շտապում էր Փարիզ` նպատակ ունենալով զավթել ֆրանսիական գահը, ֆրանսիական ազնվականների խնդրանքով դուրս է գալիս գյուղացիական ջոկատների դեմ։ Ասպետական ու գյուղացիական ջոկատները երկու օր լրիվ մարտական պատրաստականությամբ իրար դիմաց կանգնած էին։ Կառլոս Չարը խաբում է Հիլյոմ Կայլին` առաջարկելով զինադադար և համագործակցություն, ապա ուխտադրժորեն կալանավորում բանակցությունների համար իրեն ներկայացած Հիլյոմ Կայլին։ Ասպետները նետվում են զորահրամանատարից զրկված ջոկատների վրա և դաժանորեն ջախջախում նրանց։ Հիլյոմ Կայլը և նրա ընկերները տանջալից մահապատժի են ենթարկվում, և դրանով ավարտվում է ապստամբությունը Բովեզիում։ Մյուս մարզերում, որտեղ անջատ-անջատ գործում էին գյուղացիական ջոկատներ, հուզումները շարունակվում էին մինչև 1358 թվականի օգոստոսը, երբ այստեղ ևս ջախջախվում են գյուղացիները։ Ապստամբությունը ճնշելուց հետո ազնվականությունը արտակարգ դաժանությամբ դատաստան է տեսնում գյուղացիության հետ[1]։

Ապստամբության պարտության պատճառները խմբագրել

Գյուղացիները 14-րդ դարում արդեն կարող էին միավորվել առանձին պրովինցիաների սահմաններում և իրենց տեղական ֆեոդալների դեմ հանդես էին գալիս համախմբված շարքերով, զենքը ձեռքին, բայց ապստամբությունն ընդգրկած ամբողջ տարածքում լիովին միավորվելը նրանց ուժից վեր էր գյուղացիության դասակարգային առանձնահատկությունների հետևանքով։ Մանր, ինքնուրույն արտադրող գյուղացիները, որոնք գամված էին իրենց տնտեսությանը, իրենց մի կտոր հողին, ինքնին ընդունակ չէին տևականորեն համախմբվելու և բարձր կազմակերպվածության հասնելու, որոնք անհրաժեշտ էին ապստամբության հաղթանակի համար։ Ուստի և նրանց ելույթները, այդ թվում Ժակերիան, տարերային բնույթ էին կրում։ Ժակերին դիմակայում էր ոչ թե առանձին պրովինցիաների ազնվականությունը, այլ ֆեոդալական պետության մեծ զորքը, որը կազմված էր մեծ թվով պրոֆեսիոնալ ռազմիկներից՝ ասպետներից։ Գյուղացիների սոցիալ-քաղաքական իղձերը հանգում էին «առանց տերերի», «բարի թագավորի» գլխավորությամբ ազատ կյանքի պատրանքին, որը նույնպես նպաստում էր նրանց պարտությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Դ. Սկազկին (1975). Միջին դարերի պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 412.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 271