Թուրք-պարսկական պատերազմ (1730-1736)

Թուրք-պարսկական պատերազմ 1730-1736 թվականներին, ռազմական գործողություններ Օսմանյան կայսրության և Նադիր շահի ուժերի միջև։

Թուրք-պարսկական պատերազմ
Թվական1730—1736
Մասն էԹուրք-պարսկական պատերազմներ
ՎայրԱնդրկովկաս, Քուրդիստան, Իրաք
Հակառակորդներ
Իրան Սեֆյան ՊարսկաստանՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Նախապատմություն խմբագրել

1721 թվականին արևելքից Պարսկաստան ներխուժեցին աֆղանական գիլզա ցեղերը, որոնք հաջորդ տարի գրավեցին պարսից մայրաքաղաք Սպահանը։ Աֆղանների առաջնորդ Միր Մահմուդը իրեն նոր շահ հռչակեց, սակայն պարսկական գավառների մեծ մասը չընդունեցին այդ փաստը։ Սուլթան Հուսեյնի որդին՝ Թահմասպը, փախավ հյուսիս և այստեղ իրեն շահ հռչակեց։ Նրա հենարանը դարձան Ադրբեջանը և մերձկասպյան շրջանները։

Թահմասպը օգնություն խնդրեց Ռուսաստանից՝ փոխարենը խոստանալով զիջել հյուսիսային գավառները։ Ռուսական զորքերը մտան Դաղստան և հյուսիսային Ադրբեջան։ Օսմանյան կայսրությունը օգտվեց իրավիճակից և նույնպես ներխուժեց Պարսկաստան։ 1725 թվականին Միր Մահմուդին փոխարինած Միր Աշրաֆը ստիպված եղավ 1727 թվականին կնքելու Համադանյան պայմանագիրը, ըստ որի իրեն փաստացի ճանաչում էր որպես սուլթանի վասալ, և Օսմանյան կայսրությանը զիջեց ողջ արևմտյան և հյուսիսային Իրանը՝ ներառյալ այն շրջանը, ուր այսօր գտնվում է Թեհրանը։

1726 թվականին Թահմասպ 2-րդի մոտ ծառայության անցավ ղզլբաշների ադշար ցեղերից Նադիրը, ով նշանակվեց Խորասանի կուսակալ։ Նադիրը ընդունեց Թահմասպ-կուլի խան («Խան՝ Թահմասպի ստրուկ») տիտղոսը՝ դրանով ի ցույց դնելով իր նվիրվածությունը սեֆյան շահին։ 1729 թվականին Նադիրը վճռական պարտության մատնեց Միր Աշրաֆին, չնայած որ վերջինիս օգնության էին շտապել օսմանյան ուժերը. Միր Աշրաֆը զոհվեց փախուստի ժամանակ։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

Գահի՝ աֆղանական թեկնածուների հետ հաշվեհարդար տեսնելով՝ Նադիրը շարժվեց օսմանների դեմ։ Ստեղծելով ուժեղ բանակ՝ նա շարժվեց հյուսիս-արևմուտք, գրավեց Թավրիզը և մի շարք լուրջ հաղթանակներ ունեցավ։ Սակայն, քանի դեռ Նադիրը մարտնչում էր Խորասանում, Թահմասպ 2-րդը նոր, ստորացուցիչ հաշտություն կնքեց թուրքերի հետ։ Այդժամ Նադիրը գահընկեց արեց Թահմասպին և շահ հռչակեց նրա ութ ամսական որդուն՝ Աբբաս 3-րդին։

Նադիրի նախաձեռնությամբ 1732 թվականին Ռաշթ քաղաքում պայմանագիր կնքվեց Ռուսաստանի հետ, որի համաձայն վերջինս պարտավորվեց չեզոքություն պահպանել պարսկա-թուրքական պատերազմի ժամանակ՝ չհարձակվել Պարսկաստանի վրա (Ռուսաստանը Պարսկաստանի վրա հարձակվելու պարտավորություն ուներ 1724թ․ հունիսի 12-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրով)։ Պարսկաստանը պարտավորվեց պաշտպանել ռուսական առևտրային և մշակութային շահերը պատերազմի ժամանակ (այդ պարտավորությունն իրացնելու համար պարսկական պատվիրակության անդամ Դիզակի Մելիք Եգանը Աննա կայսրուհու կողմից ստանում է ռուսական բանակի գեներալի կոչում)։ Ռուսաստանը Պարսկաստանին վերադարձրեց Մազանդարան, Աստրաբադ (ներկայում՝ Գոլեստան) և Գիլան մարզերը (Կասպից ծովի հարավային ափամերձ մարզերն են)։ Դրա դիմաց Ռուսաստանը Պարսկաստանի հետ անմաքս առևտուր անելու իրավունք ստացավ։ Այդպիսով, Նադիր շահը չեզոքացնելով հյուսիսից ռուսական հնարավոր ներխուժման վտանգը, 1733-ին սկսում է արշավանք։

Հայերի մասնակցությունը պարսկա-թուրքական պատերազմին խմբագրել

Նադիր շահը մելիք Եգանի խորհրդով ու աջակցությամբ կարողանում է հուսալի հիմքեր ստեղծել դեպի Հայաստան արշավանքի համար։ Նադիրը այցելում է Էջմիածնի Մայր Տաճար, մասնակցում պատարագի, ծունկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին, ինչը ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա։ Եգանի հեղինակությամբ և եկեղեցու կոչով դեպի Հայաստան արշավանքում համախմբվում են Երևանի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արցախի հայ մելիքները, ընդհանուր՝ մոտ 20.000 զինվոր։

Եղվարդի ճակատամարտ խմբագրել

Մելիք Եգանի և Նադիր շահի համատեղ ռազմական հաջողություններից է 1733 թ. Սարը Մուստաֆա փաշայի 40.000-անոց զորքի կոտորածը։ Իրանական և օսմանյան զորքերի միջև խոշոր և վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1735 թ. հունիսի 14-ին Եղվարդ գյուղի մոտ, որտեղ օսմանցիները պարտվում են։ Եղվարդի ճակատամարտում իրանական բանակի կազմում կռվում էին հայկական 6 զորախումբ, մելիք Եգանի, մելիք Շահնազարի, մելիք Հակոբջանի և մյուս հայ մելիքների ղեկավարությամբ։ (Եղվարդի ճակատամարտի ելքից օգտվեց նաև Ռուսաստանը, որն ամռան վերջում Ղրիմը գրավելու առաջին փորձը կատարեց)։ Եղվարդի ճակատամարտից հետո հայ-պարսկական զորքերը գրավեցին Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները։ Թուրքիան զորքերը դուրս բերեց Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից։

արդյունքներ և հետևանքներ խմբագրել

Օսմանյան կայսրությունը 1735 թվականի վերջին սկսեց սեպարատ հաշտության բանակցություններ վարել Նադիրի հետ։ Բանակցությունների արդյունքում 1736 թվականին Էրզրումում Իրանի և Թուրքիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որով վերականգնվեց իրանա-օսմանյան 1722 թվականի սահմանագիծը՝ Թուրքիան ճանաչեց Իրանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։

Պատերազմից հետո Նադիր շահը, գնահատելով հայերի մասնակցությունը, արտոնություններ շնորհեց հայ առևտրականներին, հարկերից ազատեց հայ եկեղեցուն և գյուղացիներին, մելիք Եգանին շնորհեց խանի տիտղոս, և հայկական 6 մելիքությունների վրա կարգեց բեկլարբեկի (իշխանաց-իշխան)։ Եգանի պահանջով ազատվեցին նաև նախորդ պատերազմից հետո գերված և Թուրքիա աքսորված 7.500 հայ գերիները։

Թուրք-պարսկական պատերազմից առաջ տեղի էին ունեցել Սյունիքի (1722-1730) ու Արցախի (1724-1731) ազատագրական պատերազմները, և արդյունքում 1736 թվականին ձևավորվեց հայկական ինքնավարություն և կոչվեց «Խամսայի մելիքություններ»։ Դրանց մեջ մտան Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի մելիքությունները։ Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ ճանաչվեց Մելիք Եգանը։

Աղբյուրներ խմբագրել