Թատրոնի ռեժիսոր, թատրոնի ստեղծագործական աշխատակից, որը իրականացնում է դրամատիկական կամ երաժշտա-դրամատիկական (օպերաներ, օպերետներ, մյուզիքլներ) ստեղծագործությունների բեմադրությունը։

Նկարագրություն խմբագրել

 
Վսեվոլոդ Մեյերխոլդը (ձախից) «Ռեվիզոր»-ի փորձին

Դրամատիկական թատրոնի ռեժիսորը կամ ուղղակի բեմադրիչը գրական սկզբնաղբյուրի սեփական մեկնաբանության հիման վրա որոշում է այն խնդիրը, հանուն որի ստեղծագործությունը պետք է բեմ բարձրացվի, նա համատեղում է դերասանների, նկարիչ-դեկորատորի, կոմպոզիտորի և ներկայացման մեջ ներգրավված այլ անձանց ջանքերը[1]։

Ռեժիսոր է կոչվում բեմադրող ռեժիսորին այն ամենամոտ ստեղծագործական օգնականը, որը բեմադրիչի մշակած ծրագրով ամենօրյա փորձեր է անցկացնում[1]։ Բեմադրող ռեժիսորի առավել քիչ պատասխանատու հանձնարարությունն է կատարում ռեժիսորի օգնականը կամ ռեժիսոր-օգնականը։ Բեմադրող ռեժիսորի դերը, դրամատիկական թատրոնի հետ համեմատ, ավելի համեստ է օպերային թատրոնում ու բալետում, քանի որ երաժշտա-դրամատիկական ստեղծագործության մեկնաբանը կոմպոզիտորն է[2], իսկ բալետը բեմադրում է նախ և առաջ բալետմեյստերը։

Մասնագիտության պատմություն խմբագրել

Այսօրվա ընկալմամբ ռեժիսորական գործն ի հայտ է եկել 19-րդ դարի կեսերից, իսկ «ռեժիսոր» տերմինը ծագել է ավելի վաղ։ Ռեժիսուրան որպես բեմադրական արվեստ այս կամ այն կերպ գոյություն է ունեցել դեռ անտիկ ժամանակներից[3]։ Հին հունական թատրոնում դիդասկալի (հունարեն` διδάσκαλος, didaskalos-ուսուցիչ բառից) դերում որպես թատերական բեմադրության կազմակերպիչ հաճախ հանդես էր գալիս դրամատուրգը, ինչը կապված էր հեղինակին ու կատարողին մեկ անձի մեջ համատեղելու սովորույթի հետ[4]։ Վերածննդի դարաշրջանում դրամատուրգը հաճախ միաժամանակ և դերասան էր, և ղեկավարում էր թատերախումբը ( կամ էլ հակառակն էր տեղի ունենում. խմբի ղեկավար դերասանը դառնում էր դրամատուրգ), ինչպես, օրինակ, Անջելո Բեոլկոն Իտալիայում, Լոպե դե Ռուէդան Իսպանիայում կամ Հանս Սաքսը Գերմանիայում։ Թատրոնի արիստոկրատացումը, որն սկսվեց 16-րդ դարի երկրորդ կեսին (Իտալիայում` արդեն 14-րդ դարում), մեծացրեց տեսողական կարևորությունը. բարդ դեկորատիվ լուծումները և թատերական մեխանիզմների կիրառումները, որոնք հնարավոր դարձրին թռիչքները, կերպարանափոխություններն ու այլ թատերական էֆֆեկտները, առաջին պլան մղեցին դեկորատոր-մեքենավարի ու ճարտարապետի դերը։ Հենց նրանք էին դառնում բեմադրության ղեկավարները։ Միլանում 15-րդ դարի կեսերին բեմադրությունների կազմակերպիչը Լեոնարդո դա Վինչին էր, որը հանդես էր գալիս ոչ միայն որպես նկարիչ, այլև` առաջնակարգ մեխանիկ, որը պալատական թատրոնի համար ճկուն մեխանիկական կառուցվածքներ էր ստեղծում[5]։ Եվ հաջորդ դարերում ձևավորողի դերն անփոփոխ աճել է այնտեղ, որտեղ թատրոնը դառնում էր ճոխ հանդես։ Կլասիցիզմի դարաշրջանում (17-18-րդ դարեր) պայմանական դեկորացիաներով, միասնական գեղագիտությամբ և դերասանական խաղի կարգավորված ձևերով թատրոնում բեմադրության ղեկավարի դերը վերադարձավ դրամատուրգին, որը, ինչպես օրինակ, Մոլիերը, կարող էր միաժամանակ լինել և' թատերախմբի ղեկավարը, և' դերասան։ Ռասինը ևս ինքն էր բեմադրում իր ողբերգությունները։ 18-րդ դարի երկրորդ կեսին գլխավոր դերասանը, որը գրական գործունեությամբ չէր զբաղվում, ավելի ու ավելի հաճախ էր դառնում թատերախմբի ղեկավար։ Համբուրգի թատրոնի ղեկավար Ֆրիդրիխ Շրյոդերն առաջինն էր, որ գործածության մեջ դրեց պիեսի նախնական ընթերցումն ու պարբերական փորձերը։ 18-րդ դարի վերջին թատրոնի բարեփոխիչ դարձավ ֆրանսիացի մեծ դերասան Ֆրանսուա-Ժոզեֆ Տալման, որը ղեկավարում էր «Հեղափոխության թատրոն»-ը Փարիզում։

Մասնագիտության ծնունդ խմբագրել

19-րդ դարի ընթացքում ինչպես դրամատիկական թատրոնում, այնպես էլ` օպերային բեմում, թագավորում էին պրեմիերներն (գլխավոր դերեր կատարող դերասան) ու պրիմադոննաները (գլխավոր դերեր կատարող երգչուհիներ), և ներկայացումները գլխավորապես նրանց համար էին բեմադրվում, երբեմն անգամ ամբողջ պիեսն էր հարմարեցվում գլխավոր դերակատարներին, նրանց դերասանական վերապետությունը ցուցադրելն ինքնանպատակ էր դառնում, մնացած ամեն ինչն անիրական էր դառնում, տարբեր պիեսներ կարող էին խաղարկվել միևնույն դեկորացիաներով[6]։ Առաջին պրոֆեսիոնալ ռեժիսորները համարվում են Չարլզ Կինն Անգլիայում և Հենրիխ Լաուբեն Գերմանիայում, դեռևս 19-րդ դարի 50-ական թվականներից նրանք տարբեր կերպ փորձում էին հարաբերությունները կարգավորել դրամայի, դերասանական խաղի, բեմադրության, հագուստի և այլնի միջև։ Այն ժամանակ, երբ Կինն իր մոնումենտալ բեմադրություններում մշակում էր «տեսողական ռեժիսուրայի» մեթդները (դա բնորոշվում էր պատմական միջավայրի ճոխությամբ ու մասսայական տեսարանների կազմակերպման կարողությամբ), Լաուբեն տուրք էր տալիս «խոսակցական» ռեժիսուրային. նրա անհամեմատ համեստ ներկայացումներում ժամանակակիցները նկատում էին դերասանական խաղի դրանից առաջ չհանդիպող անսամբլայինություն և բեմադրական խոսքի բարձր մշակույթ[7]։ Հերցոգ Գեորգ Երկրորդը ևս պրոֆեսիոնալ բեմադրիչ էր, որը 1866 թվականից ղեկավարել է Մեյնինհենյան թատրոնը։ Բայց Գեորգ Երկրորդին, որը ինքը ևս հաճախ ստեղծում էր կոստյումների ու դեկորացիաների էսքիզներ, հիմնականում հետաքրքում էր բերադրության գեղարվեստական ձևավորման մասը։ 19-րդ դարի վերջին իսկական բեկում տեղի ունեցավ. նախ Մեյնինհենյան թատրոնը Լյուդվիգ Կրոնեկի ղեկավարությամբ, քիչ ավելի ուշ` Անդրե Անտուանի «Ազատ թատրոն»-ը Փարիզում և Օտտո Բրամի «Ազատ բեմ»-ը Բեռլինում առաջին անգամ առաջ քաշեցին անսամբլայնության ներկայացման բոլոր բաղադրամասերի` միևնույն գաղաարին ծառայելու, հեղինակային տեքստի հանդեպ հոգատար վերաբերմունքի, պատմական կամ կենցաղային միջավայրի վերստեղծման հավաստիության սկզբունքները։ Նոր սկզբունքները պահանջում էին բեմադրության ղեկավարին փոխարինել հատուկ մասնագետով, որը այսօրվա ընկալմամբ ռեժիսորն է։ Նա պետք է տիրապետեր բեմադրության բոլոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքին ու հմտություններին և պետք է գլխավոր դեր ունենար դրամատիկական թատրոնում[8]։ Ըստ թատրոնի ֆրանսիացի մասնագետների, ռեժիսուրա մասնագիտության ծննդյան տարեթիվը թվագրվում է այն օրը, երբ տեղի ունեցավ Ա. Անտուանի «Ազատ թատրոն»-ի առաջնախաղը. դա 1887 թվականի մարտի 30-ն էր։ Գերմանիայում ռեժիսուրայի ի հայտ գալը կապվում է Մեյնինհենյան և Բայրոյտյան թատրոնների գործունեության հետ և համապատասխանաբար թվագրվում են 19-րդ դարի 70-ականների կամ 80-ականների վերջերը։

Ռեժիսորը 20-րդ դարում խմբագրել

Եթե Արևմտյան Եվրոպայում 20-րդ դարում դեռևս վեճեր կային դրամատիկական թատրոնի գլխավորի վերաբերյալ, ապա Ռուսաստանում Կոնստանտին Ստանիսլավսկին և Վլադիմիր Նեմիրիովիչ-Դանչենկոն, հիմնվելով Լ. Կրոնեկի և Ա. Անտուանի փորձի վրա, ռեժիսորին անքննարկելիորեն կարևորագույն դեմքը դարձրին։ Արևմտյան Եվրոպայի թատրոնն ուներ իր նշանավոր ռեժիսորները, նախ և առաջ` Մաքս Ռեյխարդն ու Էրվին Պիսկատորը։ Ռեժիսորն ու դրամատուրգը ևս մեկ անգամ միավորվեցին Բերտոլդ Բրեխտի անձում։ 20-րդ դարի թատրոնում բեմադրության ժամանակ արդեն ամեն ինչ ենթարկվում էր ռեժիսորական մտահղացմանը, որը պահանջում է ամբողջական պիեսի և յուրաքանչյուր կերպարի մեկնաբանություն, տվյալ պիեսի դերասանական խաղի յուրահատկությունների որոշակիացման անհրաժեշտություն, բեմադրության լուծում` տարածության ու ժամանակի մեջ, դրա տեմպի ու ռիթմի որոշում։ Հաճախ ռեժիսորն իր վրա էր վերցնում նաև ներկայացման գեղարվեստական ձևավորումը, հատկապես, եթե մյուս մասնագիտությամբ նա նկարիչ էր, ինչպես, օրինակ, Նիկոլայ Ակիմովը։ Այլ դեպքերում, բեմադրիչը նկարիչի հետ որոշում էր գեղարվեստական լուծումները, կոմպոզիտորի հետ քննարկում էր երաժշտական հարցերը։ Բեմադրության ստեղծման մեջ հովանավորի (պրոդյուսերի) մասնակցությունը կարող էր էականորեն սահմանափակել ռեժիսորի ազատությունը, մասնավորապես` դերասաններին ընտրելու հարցում։ Այլ դեպքերում դերասանների ընտրությունը ևս բեմադրիչի իրավասությունների մեջ էր։ Միևնույն ժամանակ, «ռեժիսորական» թատրոնի շրջանակներում բեմադրիչի ու դերասանների հարաբերությունները կարող էին տարբեր լինել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Режиссёр // Театральная энциклопедия (под ред. П. А. Маркова). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 3.
  2. Рацер E. Я. Дирижирование // Музыкальная энциклопедия (под ред. Ю. В. Келдыша). — М.: Советская энциклопедия, 1973—1982.
  3. Владимиров С. В. Об исторических предпосылках возникновения режиссуры // У истоков режиссуры: Очерки из истории русской режиссуры конца XIX — начала XX века: Труды Ленинградского государственного института театра, музыки и кинематографии. — Л., 1976. — С. 13.
  4. Режиссёрское искусство // Театральная энциклопедия (под ред. П. А. Маркова). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 4.
  5. Дживелегов А., Бояджиев Г. Театр эпохи Возрождения // История западноевропейского театра. От возникновения до 1789 года. — М.: Искусство, 1941.
  6. Климова Л. П. Режиссёрская реформа Московского Художественного театра // У истоков режиссуры: Очерки из истории русской режиссуры конца XIX — начала XX века: Труды Ленинградского государственного института театра, музыки и кинематографии. — Л., 1976. — С. 61—63.
  7. Рудницкий К. Л. Русское режиссерское искусство: 1898 — 1907. — М.: Наука, 1989. — С. 8. — 384 с.
  8. Рудницкий К. Л. Режиссёрское искусство // БСЭ. — М.: Советская энциклопедия.