Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թանգարան բաց երկնքի տակ (այլ կիրառումներ)

Թանգարան բաց երկնքի տակ, առավել լայն նշանակությամբ ցանկացած թանգարան, որի նմուշների ցուցադրումը կազմակերպվում է շինությունից դուրս։ Թանգարանի այս տեսակին են պատկանում քանդակների այգիները, մանրակերտների այգիները, տեխնիկական բազմաթիվ թանգարաններ, մասնավորապես ավիացիայի, ռազմական տեխնիկայի, տրանսպորտի թանգարանները։

Բաց երկնքի տակ թանգարանի փողոց Դանիայում (Den Gamle By)

Պատմություն խմբագրել

Առավել նեղ իմաստով բաց երկնքի տակ թանգարան են կոչվում այն թանգարանները, որոնցում ցուցադրվում են ճարտարապետական կառույցների օրինակներ։ Շատ թանգարաններում կազմակերպվում են անցյալի համալիր կոնստրուկցիաներ, որտեղ պատմական շինությունները ոչ միայն պարզապես առանձին ցուցանմուշներ են, այլ ձևավորում են փոխկապակցված համալիր։ Այդպիսով, այցելուները հնարավորություն են ստանում լինելու անցյալի վերաձևավորված բնակավայրում` ընդհանուր պատկերացում կազմելով համապատասխան երկրի կամ տեղանքի պատմության ու ազգագրության մասին։

Բաց երկնքի տակ թանգարան ձևավորելու միտքը վերաբերում է 1790-ական թվականներին։ Դրա առաջին կողմնակիցը եղել է շվեյցարացի մտածող Չարլզ դե Բենսեթենը` Դանիայի Ֆրեդերիկսբորգ ամրոցում կազմակերպելով գյուղական տարազի ցուցահանդես[1]։ Նա կարծում էր, որ գյուղացիական ավանդական տները պետք է պահպանվեն, սակայն այդ գաղափարի համախոհներ շատ չեն գտնվում։

Վերջերս միտում է նկատվում բաց երկնքի տակ թանգարանների ձևաչափով վերականգնելու ավանդական արհեստները և գործունեության տեսակները, օրինակ` ջրաղացպանի, կտավագործի, բրուտի, դարբնի, հյուսնի, գինեգործի և այլ զբաղմունքների տեսակները։ Երբեմն նույնիսկ այցելուներին առաջարկվում է հատուկ մասնագետի հսկողությամբ փորձել սեփական ուժերը։ Որոշ արհեստներ առանձին դեպքերում վերածվում են թանգարանների, օրինակ` չեխական Botanicus ընկերությունը մասնագիտանում է կոսմետիկ միջոցների արտադրության մեջ` հիմնվելով հին, երբեմն միջնադարյան եղանակների ու տեխնոլոգիաների վրա, և երկրում ու նույնիսկ նրա սահմաններից դուրս ունի խանութների զարգացած ցանց։

Որոշ թանգարաններում որպես ճարտարապետական լրացում վերականգնում են նախկինի տրանսպորտը։ Այսպես` հոլանդական Արնհեմ քաղաքի բաց երկնքի տակ թանգարանում գործում է տրամվայի պատմական գիծ, իսկ Մեծ Բրիտանիայի Դադլի շրջանի Black Country Living թանգարանում, բացի պատմական տրամվայից, գործում է նաև պատմական տրոլեյբուս։

Բաց երկնքի տակ թանգարաններում պատմական տրանսպորտը կարող է կատարել ոչ միայն գործող ցուցանմուշի դեր, այլև տրանսպորտային գործնական դեր, քանի որ նման թանգարանների տարածքը կարող է բավական մեծ լինել։

Գոյություն ունեն բաց երկնքի տակ թանգարաններ, որոնք ներկայացնում են պատմական տարբեր ժամանակաշրջաններ` սկսած նախնադարյան մարդու շրջանից մինչև 20-րդ դարասկզբի արհեստագործական գյուղեր։

Բաց երկնքի տակ թանգարաններից առաջիններից մեկն էր 1891 թվականին բացված Սկանսեն թանգարանը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Յուրգորդեն կղզում, ինչի հետ կապված` նրա անունը հասարակ անվան նշանակություն է ձեռք բերել եվրոպական շատ լեզուներում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hurt 1978, p. 368.

Գրականություն խմբագրել

  • Վ. Գ. Շմելյով, Թանգարաններ բաց երկնքի տակ. ստեղծման ու զարգացման պատմության ակնարկներ — К., 1983. — 119 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանգարան բաց երկնքի տակ» հոդվածին։