Թաիլանդ (թայերեն ` ประเทศไทย), պաշտոնական անվանումը՝ Թաիլանդի Թագավորություն (թայերեն` ราชอาณาจักรไทย [râːtɕʰa ʔaːnaːtɕɑ̀k tʰɑj]), պետության Հարավարևելյան Ասիա հարավարևելյան և Մալակկա թերակղզու հյուսիսային հատվածում։ Արևելքում սահմանակից է Կամբոջային և Լաոսին, արևմուտքում Մյանմային, իսկ հարավում Մալայզիային։ Մինչ 1939 թվականը կոչվում էր Սիամ թհայ (ไทย) բառը նշանակում է "ազատություն". Անվանումն իրեն լիովին արդարացնում է. Թաիլանդը Հարավ-Արևելյան Ասիայի միակ երկիրն է, որ պահպանել է անկախությունն այն դեպքում, երբ հարևան բոլոր երկրները Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի գաղութներն էին։ Թաիլանդը` (Thailand) երկրի անվանման անգլիականացված տարբերակն է, որ շրջանառության մեջ է մտցվել XX դարի 30-ական թվականներից և նշանակում է թաի երկիր։

ราชอาณาจักรไทย'
Թաիլանդի Թագավորություն
Թաիլանդ դրոշ
Դրոշ
Թաիլանդ զինանշանը
Զինանշան
Թաիլանդ դիրքը
Թաիլանդ դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Բանգկոկ
Պետական լեզուներ թայի
Տարածք
 -  Ընդհանուր 510,004 կմ² 
 -  Ջրային (%) 0.4%
Բնակչություն
 -  2021 նախահաշիվը 70,054,865 սուտա 
 -  2000 մարդահամարը 61,237,487 
Արժույթ Թաիլանդական բատ (CNY)
Ժամային գոտի (ՀԿԺTHB)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+7)
Ազգային դոմեն .th
Հեռախոսային կոդ +66

Աշխարհագրություն խմբագրել

Թաիլանդը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում, Հնդկաչին թերակզու արևմուտքում և Մալակկա թերակղզու հյուսիսում։ Թաիլանդը սահմանակից է Կամբոջային և Լաոսին արևելքից և հյուսիս-արևելքից, Մյանմայի հետ հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, Մալազիայի հետ հարավից։ Երկրի հյուսիսը և արևմուտքը լեռնային է (ամենաբարձր գագաթը Ինխտանոն է՝ 2576 մ), արևմուտքում է գտնվում լայնարձակ ավազաքար սարահարթ Կորատը, երկրի կետնրոնական հատվածը զբաղեցնում են լայնարձակ Մենամական ցածրադիր վայրերը, իսկ երկրի հարավային մասը զբաղեցնում են ցածր դաշտավայրերը՝ կղզիների վրա գտնվող լեռներով և բլրաշարքով։ Երկրի տարածքը (կղզիների հետ միասին) կազմում է 517 ք. կմ։

Մայրաքաղաքը՝ Բանգկոկ։

Կլիմա խմբագրել

Առկա է կլիմայի երկու հիմնական տեսակ. հյուսիսում՝ արևադարձային, հարավում և հարավ-արևելքում՝ արևադարձային մուսոնային։ Կենտրոնական հատվածում տարբերակում են 3 տարեշրջան՝ շոգ (մարտից-մայիս), անձրևոտ (հունիսից հոկտեմբեր, երբ երկրի վրա է թափվում մուսսոնը և գրանցվում է տեղումների տարեկան նորմայի մեծ մասը) և զով (նոյեմբերից փետրվար)։ Բանկոկում ապրիլին ջերմաստիճանը հասնում է մինչև +29 C, դեկտեմբերին +25 C։ Տարվա ընթացքում տեղումները կազմում են 1000-2000 մմ(լեռներում մինչև 5000 մմ), որոնք հիմնականում լինում են արևադարձային ուժեղ հեղեղների տեսքով։ Երկիրը սակայն անձրևային ընդհանուր տարեշրջան չունի. կախված է քամու ուղղությունից, նույնիսկ հարևան տարածաշրջանների միջև տեղումների քանակի տարբերություն կարող է նկատվել։ Երկիր այցելելու ամենաբարենպաստ ժամանակը դեկտեմբեր-հունիս և օգոստոս-սեպտեմբեր ամիսներն են, երբ եղանակը չորային է, իսկ օդի ջերմաստիճանը՝ +20 +24։

Պատմություն խմբագրել

Անվանում խմբագրել

Երկրի պաշտոնական անվանումը մի քանի անգամ փոխվել է։ Միջնադարի ժամանակներից մինչև 1939 թվականը կոչվել է Սիամ, որը սանսկրիտից սայեմ նշանակում է «թխամորթ»։ Բնակիչները, սակայն, իրենց երկիրն անվանում են Միանգթայ («Ազատների երկիր», կարծես ընդգծելով, որ իրենց հայրենիքն իր ամբողջ պատմության ընթացքում երբեք չի եղել օտարի տիրապետության տակ)։

1939 թվականին երկիրը վերանվանվել է Թաիլանդ, որը կազմված է թաի ժողովրդի անունից (բառացի նշանակում է «ազատներ») և անգլերեն land «երկիր» բառից։ Թաի լեզվով երկիրն այժմ կոչվում է Պրատետ֊Թաի[1]։

Քաղաքական համակարգ խմբագրել

Թաիլանդի Թագավորությունը (Պրատետ-Պայը) սահմանադրական միապետություն է, պետությունը կառավարում է թագավորը։ Գլխավոր օրենսդիր մարմինը՝ երկպալատ Ազգային ընդհանուր ժողովն է (Սենատը և ներկայացուցիչների պալատը)։ Գործադիրը՝ նախարարների խորհուրդն է, որը գլխավորում է վարչապետը։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը մոտ 70,054,865 է։ Հիմնական մասը կազմում են թաիլանադական ժողովուրդները (ավելի քանի 15 էթնիկ խմբեր՝ կխոն-տայի (սիամցիները), լաո, տայի-կորատ և այլն), նաև մալայացիները, չինացիները, կխմերները, տիբետ-բիրմանական խմբերը, մաո և յաո ցեղախմբերը։

Թաիլանդում հայերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են XVII դարին։ Ներկայումս այնտեղ բնակվում է 40–50 հայ, հիմնականում՝ Բանգկոկում։ Նրանք շինարարներ են, ոսկերիչներ և տեքստիլ արդյունաբերության աշխատողներ։

Պետական լեզու խմբագրել

Պետական լեզուն թաիլանդերենն է։ Քաղաքներում լայն տարածում են գտել անգլերենը, չինարենը և ճապոներենը։ Թաիլանդերենը հիմնականում բաղկացած է միավանկ բառերից։ Միավանկ համակցությունների բավականին քիչ լինելու պատճառով օգտագործվում են հնչերանգային բազմաթիվ տարբերակներ։ Լեզվի գրավոր տարբերակը նույնպես շատ բարդ է (3 «կ» տառ, 3 «տ» տառ, 2 «խ» տառ և այլն)։ Այդ պատճառով աշխարհագրական տեղանունների մեծ մասը եվրոպական արտասանության մի քանի տարբերակ ունեն և բավականին բարդ են ընկալման համար։

Արժույթ խմբագրել

Դրամական միավորը բատն է (THB), հավասար 100 սատանգի։ Կան 1, 2, 5 բատանոց նիկելից դրամներ, 50 բատանոց պլաստիկ «արժեթղթեր», 10 բատանոց երկմետաղյա դրամներ։ Թղթադրամները լինում են՝ 10 բատ (շագանակագույն), 20 բատ (կանաչ), 50 բատ (երկնագույն), 100 բատ (կարմիր), 500 (բաց մանուշակագույն), և 1000 բատ (մոխրագույն)։ Սատանգները գրեթե չեն շրջանառվում։

Առողջապահություն և ապահովագրություն խմբագրել

Մեծ է հեպատիտ A-ով, մալարիայով և չինական էնցեֆալիտով վարակվելու հավանականությունը։ Խորհուրդ է տրվում ձևակերպել միջազգային առողջապահական ապահովագրություն և պատվաստվել հեպատիտ A-ի և B-ի դեմ։ Թաիլանդում գործում է հիվանդանոցների ամբողջական ցանց, բոլոր քաղաքներում կարելի է գտնել բարձր որակավորում ունեցող բժիշկների, այդ թվում նաև ատամնաբույժերի։ Բուժումը վճարովի է, բացառությամբ մի քանի արտոնյալ հիվանդանոցների, գները շատ մատչելի են։ Բժիշկները խոսում են անգլերեն, իսկ սպասարկման մակարդակը շատ բարձր է։ Թաիլանդում գոյություն չունեն դեղատոմսեր, դեղերն էլ ազատ վաճառվում են դեղատներում։

Տրանսպորտ խմբագրել

Բանգկոկը մարզերի հետ կապվում է ավտոմայրուղիների ճյուղավորված ցանցով։ Պետական տրանսպորտային ընկերության ավտոբուսները աշխատում են ըստ կարգացուցակի, տոմսերը թանկ չեն և լինում են 3 կարգի։ Առաջին կարգի ավտոբուսները նարնջագույն են, ստանդարտ կոմպլեկտով (լավ օդափոխություն չկա), կանգնում է ըստ պահանջի, այդ պատճառով էլ շարժվում է դանդաղ։ Երկրորդ կարգի ավտոբուսները կապույտ գույնի են, ունեն օդափոխիչ, կանգնում են միայն խոշոր բնակավայրերում։ VIP կարգի ավտոբուսները տարբերվում են քիչ նստատեղերով և մեծ հարմարավետությամբ (ապակիները և օդափոխիչը պարտադիր են)։ Ավտոբուսները երկրի քաղաքային տրանսպորտի հիմքն են։ Երթուղիներում աշխատում են նաև մեքենաներ օդափոխիչի (երթևեկությունը ավելի թանկ է) և առանց օդափոխիչի։ Կան նաև ճեպընթաց երթուղային տաքսիներ։ Ժամը 23։00-05։00-ից որոշ ուղղություններով աշխատում են նաև գիշերային ավտոբուսներ առանց օդափոխիչի։ Տոմսերը ավտոբուսում վաճառվում են վարորդը կամ տոմսավաճառը։

Մետրո խմբագրել

Բանգկոկում մետրոյի 3 գիծ կա (2 վերգետնյա, 1 ստորգետնյա)։ Վերգետնյա մետրոյի տոմսի արժեքը 10-40 բատ է, կան տոմսեր 10, 15 և 30 ուղևորության համար՝ 250, 300 և 540 բատ արժողությամբ։ Ցերեկային ուղևորատոմսը արժե 100 բատ, եռօրյան՝ 280 բատ, ստորգետնյա մետրոյի տոմսի արժեքը տատանվում է 12-31 բատ՝ կախված ճանապարհի երկարությունից։

Մշակույթ և տեսարժան վայրեր խմբագրել

Տեսարժան վայրեր խմբագրել

Զբոսաշրջիկների հաճախելիության ցուցանիշով Թաիլանդը հարավարևելյան Ասիայի երկրներից առաջատարն է։ Միլիոնավոր այցելուների ուշադրությունը գրավում են հազարավոր բուդդայական տաճարները և վանքերը, հիանալի պալատները և սրբատեղիները Բանգկոկում, Պատտայի, Սամույի և Փհուկետի հիանալի լողափները, աշխույժ գիշերային կյանքը իր զանազան շոուներով, զվարճանքներով ու հռչակավոր սեքս-տուրիզմի բոլոր տեսակներով, հայտնի թաիլանդական մերսումը և մարտական արվեստը, փղերով զբոսանքը, դայվինգի համար հիանալի պայմանները, յուրահատուկ «լողացող» շուկաները և Անդամյան ծովում հարյուրավոր էկզոտիկ անմարդաբնակ կղզիները, թաիլանդական խոհանոցի հայտնի ուտեստները և գեղեցիկ բուդդայական տոնակատարությունները։

Բանգկոկ թարգմանաբար նշանակում է «վայրի սալորի քաղաք»։ Հիմնադրվել է Ռամոյ Առաջին թագավորի կողմից XVIII դարում, հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետական և մշակութային հուշարձաններով։ Հարյուրավոր բուդդայական տաճարները և պալատները սրածայր տանիքներով, հազարավոր մեքենաները և նավերը, արտանետվող գազերից և փողոցի վառարաններից եկող մշտական գարշահոտությունը, անգլիական ոճի ոչ մեծ հարմարավետ զբոսայգիները. այս ամենը միահյուսված են մի ամբողջության մեջ։ Թաիլանդերեն քաղաքն անվանում են Կրունգ Տեպ («հրեշտակների քաղաք»), իսկ մայրաքաղաքի պաշտոնական անվանումը ավելի երկար է և «ֆարանգների» համար բոլորովին չարտաբերվող («ֆարանգների»՝ «սպիտակ օտարերկրացիների», զբոսաշրջիկներին այդպես անվանում են տեղաբնակները)։

Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է Ռատտանակոսին («Բարձրագույն գանձ») կղզու վրա, որը առաջացել է Չաո Պրայ գետի ու նրա վտակների միջև ընկած տարածքում։ Գլխավոր տեսարժան վայրը այստեղ Թագավորական Մեծ Պալատն է՝ թաիլանդացի վանականների նստավայրը, հիանալի զբոսայգիով և ավանդական թաիլանդական ոճի շինություններով։ Պալատի տարածքը 218.4 հազար քմ է, պատերի երկարությունը՝ 2 կմ-ից ավելի։ Թագավորական պալատն ընդգրկում է բազմաթիվ հին շինություններ՝ ստեղծելով Դուզիթ-Մահապրասատ և Մահամոնտիեն շրջանները՝ գրադարան և դամբարան, որտեղ պահպանվում են թագավորական ընտանիքի բոլոր անդամների մասունքները, Չաքրի պալատը (1868-1910 թթ) իր գահադահլիճով, որը միապետ Չաքրաբարդիբիմանի անձնական նստավայրն է, Դուսիտ, Բորոմաբիմանն իր հայտնի որմնանկարներով, Մախիշրա-Պրասադը և Ամիրանդա ընդունելությունների դահլիճը, նաև Պայսան դահլիճը (Պրի Տինանգ Պայսան Տակշին), որտեղ տեղի է ունենում թաիլանդական թագավորների թագադրությունները։ Այսեղ է գտնվում Ռամ V թագավորի սիրելի նստավայրը և աշխարհում ամենամեծ շինությունը, որը ամբողջովին կառուցված է ոսկյա հնդկակաղնու փայտից (Բիմանմեկ, 1900 թ, այժմ թանգարան է)։ Պալատի հարևանությամբ տեղադրված է հսկա Լակ Մուանգը ծիսակատարողական ճոճը։

Թագավորական նստավայրից դեպի հյուսիս գտնվում է Զմրուխտյա Բուդդայի վանքը (Վատ Պրա Կեո 1782 թ), որը դարպասներով միացված է թագավորական նստավայրին։ Այստեղ է պահպանվում բուդդայականության սրբություններից մեկը՝ ոսկյա զոհասեղանին նստած Բուդդայի հայտնի արձանը (արձանի մասին առաջին հիշատակումը եղել է 1464 թվականին)։

Քաղաքում կան են մոտ 400 հիանալի տաճարներ, որոնցից ամենահայտնին Ոսկյա Բուդդայի Վանքն է (Վատ Տրիմիտիր), որտեղ գտնվում է Բուդդայի արձանը՝ պատրաստված 5.5 տոննա մաքուր ոսկուց, պառկած Բուդդայի մեծ արձանով Վատ Պո եկեղեցական մեծ համալիրը, որը Բանկոկի ամենամեծ և ամենահին եկեղեցին է, Վատ Բենչա Մաբոֆիտ (Մարմարյա տաճար XIX-XX դար), Վատ Արուն տաճարը (Արշալույսի կամ Մայր մտնող արևի, որը տեղակայված է նախկին Պհոնբուրի ամրոցում) 79 մետրանոց աշտարակով, Վատ Սուտհատը, Տհոն Բուրիս Վատը և այլն։

Քաղաքի ամենահին Նոր փողոցով կարելի է իջնել ափ, որտեղից «սամպանեով» (երկար պոչով նավակով) կարելի է «կլոնգներով» (ջրանցք) երկար զբոսնել ամբողջ քաղաքով։ Հնում Բանգկոկը անվանում էին «Արևելքի Վենեցիա», այն պատճառով, որ նրա 140 իրար հատող ջրանցքները մեր օրերում էլ են շարունակում պահել քաղաքի տեմպը։ Դա այլ աշխարհ է՝ աղքատության և ճոխության, առևտրի և ձկնորսության, լողացող շուկաների և խորհրդավոր գիշերային կյանքի։ Սիլոմ շրջանից (քաղաքի գործարար կենտրոնն է) դեպի հյուսիս գտնվում է Սիամ-Սուկէ շրջանը, որը համարվում է մայրաքաղաքի առևտրի կենտրոնը։ Այստեղ են գտնվում քաղաքի ամենամեծ սուպերմարկետները, փոքր խանութները, առևտրի կետերը, որտեղ գները շատ բարձր չեն։ Բանգկոկի ամենամեծ խաչմերուկում՝ տուրիզմի կենտրոն համարվող Սուկհումվիտում տեղակայված են հարյուրավոր սրճարաններ, բարեր, հյուրանոցներ, ռեստորաններ և գիշերային ակումբներ, նաև քաղաքի մի քանի ամենալավ առևտրի կենտրոնները։ Ցանկացած խոշոր հյուրանոց ունի իր գիշերային ակումբը։ Ժամանցային ամենատարբեր հաստատությունները կենտրոնացած են Պատրոնգում և Նյու-Պետչաբուրի-Ռոադսում, որտեղ են գտնվում հարյուրավոր սրահներ, բարեր, ռեստորաններ։ Իր գիշերային կյանքով և ռեստորաններով հայտնի է նաև Ռաչադա փողոցը։

Քաղաքում մի քանի թանգարաններ, պլանետարիումներ, պատկերասրահներ, մշակութային կենտրոններ կան։ Հյուրերը նախընտրում են այցելել Ազգային թատրոն, Ազգային թանգարան՝ թաիլանդական մշակույթի հիանալի հավաքածուով և Բուդդհայսավան մատուռով (1795), Սանամ-Լուանգ հրապարակի վրա Թամմասատի համալսարանը, ինչպես նաև Գիտության թանգարանը (տարածաշրջանի ամենալավ գիտատեխնիկական թանգարաններից մեկն է)։ Ճարտարապետ և լրտես Ջիմ Թոմսոնի տանը այժմ տեղակայված է Մետաքսի թանգարանը և հարավարևելյան Ասիայից նրա հավաքված հնությունների ցուցահանդեսը։

Քաղաքային զբոսայգիները հանգիստ կպարգևեն քաղաքի աղմուկից, անցուդարձից հոգնած զբոսաշրջիկներին։ Բանգկոկի հյուսիսում գտնվող Կիրակնօրյա շուկայի հարևանությամբ հրաշալի Չատչուակ զբոսայգին է, իսկ զվարճանքի զբոսայգի Մեջիք լենդը գրավում է իր կարուսելներով, սարսափների սենյակով և այլ զվարճանքներով։ Քաղաքի ամենամեծ զբոսայգին Լումպինին է, որը գտնվում է քաղաքի գործարար կենտրոնում։ Ռամա IX-ի անունով նոր զբոսայգին բացել է հենց թագավորը, իսկ հայտնի Սաֆարի Ուորլդ շատ մեծ զբոսայգին (170 ակր) գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում, որը հայտնի է իր վայրի կենդանիներով, Մարինա դելֆինարիայով և հսկայական Սիամ ջրաշխարհով։

Սամուտպրակարնայում (Բանգկոկից 30 կմ դեպի հարավ-արևելք) է գտնվում աշխարհում ամենամեծ «Կոկորդիլոսի ֆերման»՝ ավելի քան 40 հազար կոկորդիլոսներով, իր կենդանաբանական այգով և դինոզավրերի թանգարանով։ Բանգկոկից 30 կմ դեպի հարավ գտնվում է Բան-Նամ-Պուենգը լողացող մեծ շուկան։ Հանգստյան օրերին 08։00-14։00 այստեղից կարելի է ձեռք բերել տարբեր տեսակի բազմաթիվ ապրանքներ՝ ծովամթերք, մրգեր, ծաղիկներ, տեղական անուշաբույրեր և ձեռքի աշխատանքներ։ Շուկայի յուրահատկությունը պայմանավորված է առևտրականներով, որ նավակներով լողում են շարքերի արանքով։ Բանգկոկից 33 կմ հեռավորության վրա է գտնվում Մուանգ-Բորան (Հին քաղաք) զբոսայգին, որտեղ վերարտադրված է ամբողջ թագավորությունը՝ ամենահայտնի պատմական հուշարձաններով։

Բանգկոկից 86 կմ դեպի հյուսիս գտնվում է Սիամ հնագույն մայրաքաղաքը և ժամանակակից Այուխտայան պատմական զբոսայգին (1350-1767 թթ), որը հայտնի է իր հին ավերակ տաճարներով՝ Վատ Պրա Չաո Պխանան Չոենգ (14-րդ դար), Չաո Մոնգկոլ, Վատ Պրա Սի Սանպհետ (14-րդ դար), Վատ Պրա Մերու, Վատ Չայ Վատտանարամ, նաև Բանգ Պա Ին դղյակի ավերակները (ամառային գահանիստը Չակրի դինաստային առաջին թագավորների)։ Քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է։ Բանգկոկի արևմուտքում՝ Նակխոնպատխոմ փոքրիկ քաղաքի կողքին է գտնվում Բուդդայի ամենամեծ արձանը (127 մետրանոց Պրա Պատհոն Չեդին), իսկ Կանչանաբուիր փոքրիկ քաղաքից ոչ այնքան հեռվում՝ Բանգկոկից 130 մետր հեռավորության վրա գտնվում է տխրահռչակ կամուրջը, որը անցնում է Կվայ գետի վրայով և «Մահվան ճանապարհը», որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառուցել են զինվորական գերիները։ Ոչ շատ հեռվում «Վարդերի այգին» է՝ մշակութային կենտրոնը (երկրի ամենալավ ազգագրական ցուցասրահներից մեկը)։ Հարևանությամբ է գտնվում կենդանաբանական այգին և փղերի արգելոց Սամպհրան։

Հարավային Թաիլանդը զբոսաշրջիկներին քիչ է ծանոթ՝ սակայն հանդիսանում է թաիլանդական քաղաքակրթության օրրան, հայտնի է իր գեղատեսիլ անտառներով, ջրվեժներով, ազգային գունագեղ տոներով, տասնյակ հին քաղաքներով և տաճարներով։ Չիանգմայը (Բանգկոկից 700 կմ) իր մեծությամբ և կարևորությամբ երկրի երկրորդ քաղաքն է։ Սարերի լանջերին տեղակայված (2600 մ) «հին քաղաք» Չիանգմայը ստեղծվել է 1296 թ։ Շրջապատված է հուժկու, հզոր բերդային պատով և պաշտպանողական խրամատով։ Քաղաքում և նրա շրջակա տարածքում կան մոտավոր 300 տաճարներ և պատմական հուշարձաններ։ Այնպիսի շինություններ, կառույցներ ինչպիսիք են՝ Դոյի Սուտեր Շրինեն, Վատ Պրա Սինգհը, Վատ Չիանգ Մանը (1296 թ. տարածաշրջանում ամենահին վանքն է), Պրա Սատանգ Ման, որի վրա պատկերված են Բուդդայի պատկերները (մոտ 2000 տարեկան), Վատ Չեդի Լուանգ, նաև բուդդիզմի սրբություններից մեկը, որը տեղակայված է սարի գագաթին, Չինգմայից 16 կմ. դեպի հյուսիս-արևմուտք Վատ Դոյի Սուտխեպ տաճարը (XIII-XIV դար) և Թագավորական ընտանիքի ամառային գահանիստ՝ Պխուպինգ դղյակը։ Այս ամենը քաղաքին համաշխարհային ճանաչում են բերել։

Ոչ շատ հեռվում տեղակայված է առեղծվածային Մեխոնգսոն քաղաքը իր Վատ Չհոնգ Կհամը տաճարով, որը քաղաքի ամենահին շինություններից մեկն է։ Հետաքրքիր է նաև Վան Պրախտատ Դոն Կոնգ Մու տաճարը, Բուդդայի սուրբ մասունք պահպանող Վատ Կիտտի Վոնգը, Վատ Չոնգ Կլանգ տաճարը։

Մեխոնգսոնի շուկաներում կարելի է գտնել ազգային հուշանվերներ Լաոսից, Բիրմայից և Թաիլանդի հյուսիսային ցեղերի բացառիկ աշխատանքները։ Մեխոնգսոն շրջանը գտնվում է Չիանգմայի և Չիանգրայի արանքում։ Այն յուրահատուկ է իր զբոսայգիներով, հրաշալի ջրվեժներով, հարյուրավոր քարանձավներով, իսկ շրջակա լեռները հարուստ են տաք հանքաղբյուրներով և առողջարար բուժացեխերով։ Նամտոկ-Պա-Սիա անտառային զբոսայգում է տեղակայված համանուն վեցհարկանի ջրվեժը, Տհամ Պլա զբոսայգում է գտնվում անկրկնելի «Ձկների քարանձավը», որտեղ կան միլիարդավոր գույնզգույն ձկներ, իսկ ոչ այնքան մեծ գրոտում տարբեր չափերի և գույների խխունջները։ Ազգային Զբոսայգի Նամ Տոկ Մէ Սուրինը հայտնի է հարյուր մետրանոց Մէ Սուրին ջրվեժով, ինչպես նաև Նամ Լոտ քարանձավը իր աներևակայելի շթաքար և պտկաքար «այգիով»։ Մեխոնգսոնից դեպի Չիանգմայ ճանապարհին է գտնվում ունիկալ «խոլորձների ագարակը», ինչպես նաև փղերի հայտնի գյուղը, որտեղ բազմացնում և վարժեցնում են այդ հսկայական կենդանիներին՝ տնտեսության աշխատանքների և զբոսաշրջիկներին զվարճացնելու համար։

Չիանգմայից 5 կմ դեպի հարավ գտնվում են Վիանգ Կում Կամի փլատակները (տարածաշրջանում ամենավաղ պատմական բնակության, մոտավոր X-XI դար)։ Սուկհոտայ պատմական արգելոցը տեղակայված է Բանգկոկից դեպի 447 կմ դեպի հյուսիս և զբաղեցնում է 70 քկմ ներառյալ Իյոմ գետի ձախ ափը, որը պահպանում է այս հնագույն մայրաքաղաքի ավելի քան 100 կիսաքանդ շինությունները (XIII-XV դարեր), այդ թվում նաև հայտնի Վատ Սի Չխում տաճարը։ Այստեղ Բուդդայի նստած արձան կա, որի ոտքերի երկարությունը կազմում է 11 մ։ Չիանգմայը և նրա մոտակա տարածքները բնակեցված են բազմաթիվ ցեղերով ու ժողովուրդներով (մոտավոր 550 հազար մարդ), այդ շրջանի յուրօրինակ մշակույթը մինչև 20-րդ դար իր վրա չի զգացել քաղաքակրթության ազդեցությունը։ Տարածաշրջանի ամենաառեղծվածային ցեղը՝ կարեններն են («պա դոնգ», «պգհանո»)։ Այդ ցեղերից մեկում կնոջ գեղեցկության իդեալ են համարվում երկար պարանոցով և երկար ականջներով կանայք, այդ պատճառով աղջիկներին դեռ վաղ հասակում պարանոցներին տաքացրած պղնձյա օղակներ էին հագցնում։ Տարիքի հետ օղակները ավելանում են, հետևաբար, պարանոցն էլ երկարում էր, որն էլ կանանց էկզոտիկ տեսք էր հաղորդում։ Հետաքրքիր է նաև «լիսու» ցեղի հյուսիսային գյուղը, որն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ։ Նրանք պատրաստում են շատ գեղեցիկ, վառ ազգային կոստյումներ, որոնք զարդարված են մեծ թվով արծաթյա զարդերով։ Շատ ցեղերում պաշտամունք է համարվում օպիում ծխելը. որպես մշակութային ավանդույթների մի մաս՝ իշխանությունները օրենքով թույլ են տալիս (այդ թույլտվությունը չի վերաբերում զբոսաշրջիկներին)։

Չիանգմայից հյուսիս-արևելք և Բանգկոկից 785 կմ վրա է գտնվում Չիանգրայը, Լաննա Տայ պետության նախորդ մայրաքաղաքը («միլիոնավոր բրնձի դաշտերի թագավորությունը»)։ Մեր օրերում էլ քաղաքը հայտնի է իր արտասովոր գեղեցիկ բնությամբ, նաև բազմաթիվ բուդդայական տաճարներով։ Նախկինում Բատ Պրա Կեոում պահպանվել է զմրուխտյա Բուդդայի արձանը, որը այժմ գտնվում է Բանգկոկում, Նգամ Մուանգ Խիլը լեգենդար Մենգրայ Մեծի գերեզմանատունն է համարվում, իր ճարտարապետությամբ հետաքրքիր է նաև Վատ Պրա Սինխը և այլ շատ պաշտամունքային շինություններ։

Մեկոնգ գետի ափին՝ Չիանգրայից դեպի հյուսիս-արևելք, գտնվում է ևս մեկ հնագույն մայրաքաղաք Չիանգսէն (Չիանգսաեն), որը հայտնի է իր՝ Վատ Պրա Տհատ Չոմ Կիտտի, Պրա Տհատ Դոյի Տունգ, Չեդի Վատ Պա Սակ և Չեդի Լուանգ տաճարներով և հարուստ գավառագիտական թանգարանով։ Անմիջապես քաղաքի սահմանից է սկսվում հայտնի «Ոսկե եռանկյունին» (Սոպ Ռուակը)՝ Բիրմայի և Լաոսի սահմանին գտնվող լեռնային անտառային շրջանը, որը թաիլանդական քաղաքակրթության օրրանն է և որտեղ շատ դարեր առաջ առաջացել են թաիլանդական առաջին անկախ պետությունները։ Այժմ այդ շրջանը հայտնի է իբրև «օպիումի մայրաքաղաք», բայց այդ վայրերի իրական հմայքն են՝ լեռնային բնապատկերները, խիտ անտառներում բնակվող փղերը, ջրվեժները։

Զբոսաշրջիկների համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում թաիլանդական հայտնի մարտարվեստները՝ բոկսը կամ Մուաու-Թայը («ծովամարտը»), չայան («հաղթանակը»), շա-ֆուտ-ֆանը («հինգ մարտական կատուների կլանը») և կրաբի-կրաբոնգ («ձող-փայտ»)։ Հայտնի է այն հանգամանքը, որ թաիլանդացիները սիրում են կենդանիներին ներգրավել մոլի մարզաձևերի մեջ. աքլորների կռիվ, ձկների մրցում և նույնիսկ էկզոտիկ փղերի մարտ։ Այլազգիներին հիմնականում թույլ չեն տալիս դիտել այս մենամարտերը, բայց եթե հաջողվի, արժե ծախսել 2 ժամ այդ տեսարանին ականատես լինելու համար։

Ավանդական խոհանոց խմբագրել

Թաիլանդական խոհանոցի յուրահատկությունը պայմանավորված է 2 հանգամանքով՝ կլիմայով և մշակույթով, չնայած որ մեծ ազդեցություն են ունեցել նաև երկրի պատմությունը, ներգաղթը և արշավանքները։ Մեծ ազդեցություն է ունեցել Չինաստանը, Բիրման և Կամբոջան։ Բարենպաստ կլիման թույլ է տալիս, որպեսզի տարեկան երկու, նույնիսկ երեք անգամ բերքահավաք կատարվի, իսկ ամբողջ տարի այստեղ աճում է տարբեր տեսակի կանաչեղեն։ Երևի թե այս առատությամբ կարելի է բացատրել այն, որ թաիլանդերենում չկա «սով» բառը։ Թաիլանդացիների մեծ մասը բուդդայականություն է դավանում, որը սննդի մեջ սահմանափակում չի դնում։ Թաիլանդացիները իրենց խոհանոցում օգտագործում են մսի բոլոր տեսակները, ձուկ, տարբեր տեսակի բանջարեղեն ու բազմատեսակ մրգեր։ Թաիլանդացիները բարձր են գնահատում իրենց մշակույթը և ավանդույթները։ Նրանք հպարտանում են իրենց ազգային ճաշատեսակներով և բավականին հյուրասեր են։ Փողոցներում ամենուրեք տարբեր տեսակի խորտիկներ են վաճառվում։ Թաիլանդում շատ են սիրում տոներ և երեկույթներ։ Աղմկոտ և ուրախ փառատոների ժամանակ մատուցվում են ավանդական ճաշատեսակներ, տարբեր խորտիկներ, էկզոտիկ մրգեր, թաիլանդական գարեջուր կամ տեղական վիսկի։ Բոլոր ճաշատեսակները մատուցվում են միանգամից, որպեսզի տան տիրուհին հյուրերի հետ նույնպես վայելի ճաշը։ Թաիլանդական խոհանոցի ճաշատեսակները ձևավորում են վառ ու քեղեցիկ կերպով. գեղարվեստական մոտեցումը թաիլանդական խոհանոցի անբաժանելի մասնիկն է։

Ամենօրյա ճաշատեսակները կախված են եղանակից, տարվա ժամանակից, բերքահավաքից և անձրևային տարեջրջանից։ Թաիլանդացիները կերակրին շատ լուրջ են վերաբերվում, ընտրում են միայն ամենաթարմ բաղադրամասերը։ Հիմնական մթերքներից է բրինձը, այն օգտագործվում է որպես խավարտ, հիմնական ճաշատեսակ և աղանդեր։ Ուտելիքը հասարակ թաիլանդացու համար «կապ կհաո» է, ինչը թարգմանաբար նշանակում է «այն, ինչ ուտում են բրնձի հետ»։ Կարևոր տեղ է զբաղեցնում նաև կոկոսը։ Բոլոր շրջանները ունեն իրենց յուրահատուկ խոհանոցը։ Խոհարարը կարող է փոխել այս կամ այն բաղադրամասերը կամ համեմունքները՝ պահպանելով միայն հիմնական պատրաստման կարգը։ Օրինակ շատ բաղադրատոմսերում խոզի միսը փոխարինվում է հավի մսով կամ մանր ծովախեցգետիններով։

Կան մթերքներ, որոնք պարտադիր են բոլոր տներում։ Դրանք են կոկոսը, լայմը, բրինձը, չիլին, սխտորը, կոճապղպեղի արմատը և գինձը։

Ավանդույթներ և վարքի կանոններ խմբագրել

Երկրում մեծաթիվ են յուրահատուկ դավանանքներն և ավանդույթները, այդ իսկ պատճառով վարքագծի մեջ անհրաժեշտ է լինել ծայրահեղ զգուշավոր։ Ավելի ճիշտ է հետևել թաիլանդացիների վարքագծին և չկողմնորոշվելու պարագայում վարվել ինչպես տեղացիները։

Թաիլանդում ավանդական բարևը «վայ»-ն է՝ «նավակի» նման ձեռքերի ափերը պահելով՝ դնում են գլխին, կամ կրծքավանդակին։ Դա ոչ միայն ողջույնի ժեստ է, այլ մի ամբողջ կարգավիճակային գործողություն՝ համապատասխան էթիկետով։ «Վայ»-ի ավարտման կարգը շատ խիստ է և ենթարկվում է մի շարք օրենքների. ձեռքերի դիրքը և ժեստի շարունակականությունը կախված է դիմացինի սոցիալական կարգավիճակից. ինչքան բարձր է սոցիալական կարգավիճակը, այնքան վեր են բարձրանում ափերը և ավելի երկար է շարունակվում «վայ»-ը։ Չի կարելի «վերադարձնել վայը» երեխաներին և սպասարկող անձնակազմին, այդ իսկ պատճառով նպատակահարմար չէ, որպեսզի զբոսաշրջիկները ընդօրինակեն այս ավանդույթը, եթե նախօրոք չեն ուսումնասիրել դրա կատարման բոլոր մանրամասները։ Առօրյայում թաիլանդացիները բավարարվում են ընկերական գլխով անելուց և ունիվերսալ «հելո»-ով։ Ձեռքսեղմումը ընդունված չէ։

Չի կարելի դիպչել թաիլանդացու գլխին (նաև փոքրիկ երեխաներին). դա վիրավորանք է։ Նստած մարդը, առավել ևս, եթե ոտքը ոտքին է գցել, ոչ մի դեպքում ոտնաթաթերը չպետք է ուղղի մարդկանց, Բուդդայի արձանների և թագավորի կողմը։

Թաիլանդացիները շատ հարգալից են վերաբերում այլ ազգերի ավանդույթներին։ Նրանք բավականին հավասարակշռված և հանգիստ են. ձայն բարձրացնելը, գոռալը համարվում է անքաղաքավարության դրսևորում։ Թաիլանդացի ոստիկաններին կարելի է դիմել ցանկացած հարցով։ Շատ հաճախ խոսակցականում օգտագործվում է օրվա ժամանակի 6 ժամյա կտրվածքը, այսինքն կարելի է լսել «օրվա ժամը 5» և «գիշերվա ժամը 5» (եվրոպական 17։00 և 23։00)։ Թագավորական տունը ժողովրդի կողմից մեծ հարգանք է վայելում, ընդունված է ոտքի ելնել երկրի օրհներգի կատարման ժամանակ (այն հնչում է 08։00-ին և 18։00-ին բոլոր հեռուստաալիքներով և ռադիոներով), իսկ կինոթատրոններում բոլոր սեանսներից առաջ ցուցադրվում է թագավորի նկարը։ Թագավորական օրհներգի ժամանակ այլազգիներին էլ է խորհուրդ տրվում վեր կենալ կամ կանգ առնել, եթե փողոցում են։ Բուդդայի բոլոր արձանները սրբություն են համարվում։ Այդ պատճառով հարկավոր չէ նրանց վրա բարձրանալ նկարվելու համար. սահմանված է խիստ պատժամիջոց, ոչնչացվում է նույնիսկ տեսաժապավենը, որտեղ սրբապղծություն է նկարահանված։ Կանայք իրավունք չունեն դիմել վանականին, իր հերթին բուդդայական վանականը իրավունք չունի դիպչել կնոջը կամ նրա ձեռքից ինչ-որ բան ընդունել։ Այդ իսկ պատճառով, եթե կինը ուզում է նվիրատվություն կատարել, նախ այն պետք է փոխանցի տղամարդուն, տղամարդն էլ իր հերթին այն պետք է փոխանցի վանականին։ Կարելի է այն ուղղակի դնել վանականի հագուստի ծայրին, կամ թաշկինակի վրա։ Մզկիթում տղամարդիկ պետք է գլխարկ կրեն, իսկ կանանց թույլ է տրվում ներս մտնել տաբատով, երկար շրջազգեստով, երկար թևեր ունեցող, մինչև վերև կոճկված վարտիքով և գլուխը ծածկող շորով։ Մզկիթ մտնելուց առաջ անհրաժեշտ է կոշիկները հանել։ Կրոնական արարողությունների ժամանակ այլ մարդկանց մուտքը արգելվում է։ Հյուրանոցների մեծ մասը սեփական լողափ չունեն։ Բարձրակարգ հյուրանոցների լողափերում կախում են դրոշներ, որոնք ցույց են տալիս ծովի վիճակը. կանաչը նշանակում է, որ ծովը հանգիստ է և կարելի է առանց սահմանափակումների լողալ, դեղինը նշանակում է, որ ծովում փոթորիկ է, և փրկարարները ուշադիր հետևում են լողացողներին։ Կարմիր դրոշը արգելում է լողալը, և փրկարարները նույնիսկ իրավունք ունեն չթույլատրել մոտենալ ծովին։ Պառկելաթոռի համար գանձվում է 20-30 բատ։ Լողալ և արևի լոգանք ընդունել առանց լողազգեստի արգելվում է (գանձվում է մեծ տուգանք)։ Շատ հյուրանոցներում գիշերը լողալ արգելվում է։ Խորհուրդ չի տրվում անվճար երթևեկությունից, էքսկուրսիաներից, անծանոթ մարդկանց կողմից առաջարկվող սննդից և խմիչքից օգտվելը (շատ հաճախ դա առաջարկում են տաքսու վարորդները)։ Տաքսի նստելուց առաջ անհարաժեշտ է ճշտել՝ տաքսու վարորդը Ձեզ ճիշտ է հասկացել, թե ոչ։ Անհրաժեշտ է հյուրանոցից քարտ վերցնել, որտեղ թաիլանդերենով գրված է հյուրանոցի հասցեն և երթևեկության ուղին (պատահում են վարորդներ, որոնք կարդալ չգիտեն)։ Երկրի ճանաչված որոշ առողջարաններում վերջերս սկսել են խնդիրներ առաջացնել բավականին «ազատ» բարքերը. շուրջօրյա պարեր, թեթև թմրադեղերի օգտագործում, կասկածելի բաղադրությամբ սնունդ, մարմնավաճառներ, կեզծ մուրացկաններ, կասկածելի մերսման սրահները, որոնք հեղեղել են քաղաքների արևմտյան ափի առողջարանային քաղաքները։

Հագուստ խմբագրել

Տղամարդկանց և կանանց թույլ է տրվում կիսատաբատներ կրել միայն լողափում և հյուրանոցում։ Յուրաքանչյուր տուն, առավել ևս տաճար մտնելու համար անհրաժեշտ է կոշիկները հանել։ Մի քանի տաճարներ կարելի է մտնել դիմացի հատվածը փակ կոշիկներով։ Հասարակական վայրեր այցելելու ժամանակ, առավել ևս տաճարներ, տաբատների և կիսաշրջազգեստների երկարությունը պետք է բավականին երկար լինի (փակի կոճերը)։

Օգտակար հեռախոսահամարներ զբոսաշրջիկների համար խմբագրել

Զբոսաշրջիկների համար ոստիկանության բաժին (062) 221-06, 221-10 և 16-99։ Շտապ օգնություն՝ (062) 281-15-44, 281-11-99։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ խմբագրել

encyclopedia.am կայքում Արխիվացված 2013-05-24 Wayback Machine

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 120