Քվեաթերթիկի ներմուծումը ընտրատուփի մեջ
Տեղական իշխանությունների ընտրություններ Լեհաստանում

Ընտրություններ և ընտրական համակարգեր խմբագրել

Քաղաքական կուսակցությունների գործունեությունը քաղաքական համակարգի շրջանակներում մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող ընտրական օրենսդրությամբ և ընտրական համակարգով։ Ընտրությունները ժամանակակից հասարակության կյանքում ունեն մեծ դերակատարում, նրանք են այսօր հանդիսանում քաղաքական իշխանության ձևավորման ամենակարևոր ինստիտուցիոնալիզացման մեխանիզմը։ Բացի այդ, ընտրություններն են միակ օրինական ճանապարհը ինչպես իշխանության ձևավորման, այնպես էլ նրանց փոփոխելիությունը ապահովելու համար։ Ընտրությունները թույլ են տալիս պարբերաբար որոշել հասարակական տրամադրությունները և նախասիրությունները, որոշել հասարակության քաղաքական կամքը և ժողովրդին մասնակից դարձնել տվյալ երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Բացի այդ ընտրությունները այսօր հանդիսանում են ժողովրդավարական քաղաքական համակարգի գործառնության կարևոր ինդիկատորներից, չափումներից մեկը։

Ընտրական իրավունք խմբագրել

Ընտրությունների դերակատարումը հատկապես կարևորվում է դեմոկրատական բարեփոխումների ճանապարհին գտնվող պետությունների համար։ Ընտրությունները այսօր հանդիսանում են միակ կարևոր մեխանիզմը, որը լեգիտիմացնում է իշխանությունը տվյալ երկրում։ Ընտրությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում առաջ քաշել նոր քաղաքական լիդերների, հասարակությունում շրջանառության մեջ դնել նոր քաղաքական ծրագրեր և գաղափարներ։ Ընտրական իրավունքը մարդու կարևոր քաղաքական իրավունքներից մեկն է։ Տարբերակվում են ընտրական իրավունքի 2 ձևեր՝

  • ակտիվ ընտրական իրավունք,
  • պասիվ ընտրական իրավունք։

Ակտիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրելու իրավունքն է։ Ժամանակի ընթացքում գոյություն են ունեցել ակտիվ իրավունքի տարբեր սահմանափակումներ։ Օրինակ՝ գոյություն են ունեցել գույքային, տարիքային, սեռային և կրոնական սահմանափակումներ։ Մինչև 19-րդ դարի կեսերը ընտրություններին հիմնականում մասնակցում էին որոշակի սոցիալական դիրք, ստատուս ունեցող մարդիկ, որոնք ունեին նաև որոշակի գույք։ Հիմնավորումը կայանում էր նրանում, որ այդպիսի մարդիկ ավելի շահագրգռված են քաղաքականության մեջ մասնակցություն ունենալ։ Սեռային սահմանափակումը վերացել է 20-րդ դարի 20-ական թվականներից։ Շվեյցարիայում այն պահպանվում էր մինչև 1983 թ. և միայն դրանից հետո այնտեղ թույլատրվեց կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներում։ Շատ երկրներում գործում է նաև բարոյականության ցենզը. որոշ երկրներում թմրամոլները, մայրությունից զրկված կանայք կամ դատարանի կողմից ազատազրկման դատապարտված մարդիկ իրավունք չունեին մասնակցել ընտրական գործընթացներին։ Ներկա պայմաններում ակտիվ ընտրական իրավունքի հիմնական սահմանափակումը տարիքային ցենզն է։ Ակտիվ ընտրական իրավունքով մարդիկ օժտվում են 18 տարին լրանալուց հետո։

Պասիվ ընտրական իրավունքը քաղաքացիների ընտրվելու իրավունքն է։ Սրա համար նույնպես գործում են որոշակի սահմանափակումներ։ Որպես կանոն, այս դեպքում սահմանվում է ավելի բարձր տարիքային շեմ։ ՀՀ-ում համայնքի ավագանու անդամ ընտրվելու համար քաղաքացին պետք է լինի 21 տարին լրացած, ԱԺ-ի պատգամավոր կամ համայնքի ղեկավար (բացի Երևանից) ընտրվելու համար՝ 25 տարին լրացած, Երևանի քաղաքապետ ընտրվելու համար՝ 30 տարին լրացած և ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ՝ 35 տարին լրացած։ Այս դեպքում գործում է նաև մշտական բնակության ցենզը՝ ԱԺ-ի ընտրությունների համար՝ 5 տարվա, ՀՀ նախագահի ընտրությունների համար՝ 10 տարվա մշտական բնակության և ՀՀ քաղաքացիության ցենզը։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ գործում է տվյալ համայնքում վեց ամիս հաշվառված լինելու ցենզը։

Ընտրական իրավունքի սկզբունքներ խմբագրել

Ընտրական իրավունքի տեսակներից բացի գործում են նաև ընտրական իրավունքի մի շարք սկզբունքներ, մասնավորապես առանձնացվում են՝

  • համընդհանրության սկզբունքը,
  • ուղղակիության սկզբունքը,
  • գաղտնիության սկզբունքը,
  • հավասարության սկզբունքը։

Համընդհանրության սկզբունքը ենթադրում է, որ ընտրական իրավունքը տարածվում է ընտրական իրավունք ունեցող ողջ քաղաքացիների վրա և ընտրությունները անցնում են համընդհանուր սկզբունքներով երկրի ողջ տարածքում։ Բացի համապետական ընտրություններից առանձին դեպքերում կարող են տեղի ունենալ նաև մասնակի ընտրություններ։ Այս դեպքում ընտրությունները ընդգրկում են սահմանափակ տարածք և բնակչության միայն մի մասն է մասնակցում ընտրություններին։ Ուղղակիության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացիները իրենց քաղաքական կամքը արտահայտում են ուղղակի կերպով՝ մասնակցելով ընտրական գործընթացին և ուղղակիորեն ընտրելով այս կամ այն թեկնածուին։ Գաղտնիության սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացին ընտրություն կատարելիս չպետք է կաշկանդված լինի որևէ հանգամանքով և նրա ընտրության համար պետք է ապահովված լինեն գաղտնիության բոլոր պայմանները։ Հավասարության սկզբունքը ենթադրում է, որ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից՝ յուրաքանչյուր ընտրող օժտված է հավասար ընտրական ձայնի իրավունքով, որի դեպքում գործում է "1 ընտրող = 1 ձայն" բանաձևը։

Ընտրական գործընթաց խմբագրել

 
Ընտրություններ Մերձդնեստրում
 
Ընտրություններ Աֆղանստանում

Յուրաքանչյուր երկրում ընտրական գործընթացները կազմակերպվում են որոշակի օրինաչափություններից ելնելով։ Ընտրական գործընթացի կազմակերպումը հանդիսանում է շատ կարևոր և պատասխանատու գործընթաց և այդ կարևոր գործընթացի կազմակերպումից է կախված տվյալ երկրի ժողովրդավարության աստիճանը։ Ընտրական գործընթացը կազմակերպվում է մի քանի փուլերով՝

  1. ընտրությունների նշանակում,
  2. ընտրատեղամասերի և ընտրական հանձնաժողովների ձևավորում։ Նայած ընտրությունների տեսակից՝ ընտրատեղամասերը կարող են տարբեր լինել։ Մեծամասնական ընտրությունների ժամանակ երկիրը բաժանվում է միամանդատ օկրուգների, որտեղից ընտրվում են պատգամավորներ։ Միամանդատ օկրուգի դեպքում ընտրվում է միայն 1 պատգամավոր։ Ընտրական հանձնաժողովների ձևավորումը համարվում է առանցքային հիմնահարցերից մեկը։ Գոյություն ունեն ընտրական հանձնաժողովների ձևավորման տարբեր կարգեր։ Կարող են գործել պրոֆեսիոնալ ընտրական հանձնաժողովները, որի դեպքում ընտրական հանձնաժողովի անդամները չեն ներկայացնում որևէ քաղաքական ուժ կամ կուսակցություն։ Ընտրական հանձնաժողովների ձևավորման մյուս կարգը ենթադրում է կուսակցական սկզբունքի կիրառում, որի դեպքում ընտրական հանձնաժողովի կազմը համալրվում է Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրական հանձնաժողովներում ներկայացված են ինչպես քաղաքական կուսակցությունների, այնպես էլ դատական դեպարտամենտների ներկայացուցիչներ։ Առաջարկվող նոր ընտրական օրենսգրքի տարբերակում նախատեսվում է փոփոխություն մտցնել ընտրական հանձնաժողովների ձևավորման մեջ՝ կիրառելով աստիճանաբար դեպի պրոֆեսիոնալ ընտրական հանձնաժողովների անցնելու սկզբունքը։ Մասնավորապես տեղային ընտրական հանձնաժողովը կարող է ձևավորվել կուսակցական սկզբունքով, իսկ կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովները՝ պրոֆեսիոնալ սկզբունքով։
  3. ընտրացուցակների կազմում և ընտրողների գրանցում։ Այս գործընթացը ՀՀ-ում հիմնականում իրականացնում են ոստիկանության անձնագրային բաժանմունքը։
  4. թեկնածուների առաջադրման փուլ։ Թեկնածուները կարող են ինքնառաջադրվել, կարող են առաջադրվել քաղաքացիական նախաձեռնության կողմից, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և դաշինքների կողմից։ Թեկնածուների առաջադրումից հետո սկսվում է նախընտրական քարոզչության փուլը։
  5. նախընտրական քարոզչություն։ Նախընտրական քարոզչությունը շատ երկրներում ունի ժամկետային սահմանափակումներ։ ՀՀ-ում գործում է ընտրություններին նախորդող մեկամսյա ժամանակահատվածը։
  6. քվեարկության կազմակերպում։ Քվեարկությունները նույնպես ունեն ժամանակային սահմանափակում։ Որոշ դեպքերում քվեարկություններ կարող են լինել նաև երկրի սահմաններից դուրս՝ օտարերկրյա պետություններում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություններում, որը հնարավորություն է տալիս երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին ևս մասնակցել ընտրություններին։
  7. ձայների հաշվարկում և նախնական արդյունքների հրապարակում։
  8. ընտրական արդյունքների վերջնական հրապարակում և հետընտրական գործընթացների կազմակերպում։

Հետընտրական գործընթացները որոշ դեպքերում կարող են երկար տևել։ Ինստիտուցիոնալ առումով ընտրություններին մասնակցած կոմղերը կարող են բողոքարկել ընտրությունների վերջնական արդյունքները դատական տարբեր ատյաններում՝ ընդհուպ մինչև Սահմանադրական դատարան։ Հետընտրական գործընթացները, բացի իրավական ճանապարհից կարող են ընթանալ նաև այլ ուղղություններով՝ հանգեցնելով քաղաքացիական անհնազանդության և քաղաքական ճգնաժամերի։

Ընտրական համակարգերի հիմնական տեսակները խմբագրել

Առանձնացվում են ընտրական համակարգի մի քանի տեսակներ, որոնցից են՝

  1. համամասնական կամ պրոպորցիոնալ,
  2. մեծամասնական կամ մաժորիտար,
  3. խառը ընտրական համակարգեր։

Համամասնական ընտրական համակարգերի պայմաններում ընտրությունները անց են կազվում կուսակցական ցուցակներով։ Այս դեպքում ընտրողները իրենց ձայնը տալիս են առանձին կուսակցությունների և ըստ այդ ձայների տոկոսային հարաբերակցության կուսակցությունները տեղ են զբաղեցնում խորհրդարանում։ Գործում է համամասնական ընտրական համակարգի 2 տարբերակ։ Առաջինի դեպքում կուսակցություններն իրենք են ձևավորում իրենց ընտրացուցակները ըստ հերթականության։ Երկրորդ դեպքում ընտրողները հնարավորություն են ունենում որոշելու համամասնական ցուցակի հերթականությունը։ Այս քվեարկությունը կոչվում է ռեյտինգային կամ վարկանշային քվեարկություն, որի օգնությամբ որոշվում է ցուցակի մեջ գտնվող մարդկանց հեղինակությունը։ Հաջորդ ընտրական համակարգը մեծամասնական կամ մաժորիտար ընտրական համակարգն է։ Այս համակարգն ունի 2 տեսակ՝

  • բացարձակ մեծամասնական,
  • հարաբերական մեծամասնական։

Բացարձակ մեծամասնական համակարգի դեպքում թեկնածուներին հարկավոր է հավաքել 50%+1 ձայն, իսկ հարաբերական մեծամասնականի դեպքում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով հավաքել է առավել թվով քվեներ։ Այս համակարգը կոչվում է նաև պլյուրալիստական ընտրական համակարգ։ Որպես կանոն, այս դեպքում ընտրությունները անց են կացվում 1 փուլով։ բացարձակ մեծամասնականի դեպքում հնարավոր է նաև ընտրությունների երկրորդ փուլի անցկացում, որի դեպքում երկրորդ փուլ են անցնում առավել թվով քվե ստացած 2 թեկնածուները։ Իսկ արդեն երկրորդ փուլում հաղթող է ճանաչվում ձայների առավել թիվ ստացած թեկնածուն։ Մեծամասնական ընտրակարգը հիմնականում կիրառվում է նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ որոշ դեպքերում նաև Խորհրդարանական ընտրություններում։ Խառը ընտրակարգերը նույնպես հաճախ են կիրառվում։ Այս դեպքում ընտրությունները անց են կացվում ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական կարգով։ ՀՀ-ում Խորհրդարանական ընտրություններում գործում է խառը ընտրական համակարգը, նախագահական ընտրությունների համար՝ բացարձակ մեծամասնական ընտրական համակարգը, իսկ ՏԻՄ ընտրությունների պարագայում՝ պլյուրալիստական համակարգը։ Բացառություն են կազմում միայն Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ գործում է համամասնական ընտրակարգը և Երևանի ավագանին ձևավորվում է ընտրություններին մասնակցած և որոշակի արգելքներ հաղթահարած կուսակցություններից։ Այս ընտրական համակարգերը ունեն ինչպես իրենց առավելությունները, այնպես էլ թերությունները։ Համամասնական ընտրակարգի առավելություններից է այն, որ այս դեպքում հասարակության տարբեր շերտերը՝ էթնիկական, կրոնական կամ ազգային փոքրամասնությունները հնարավորություն են ստանում ներկայացված լինել պառլամենտում։ Համամասնական կարգով ընտրությունները ավելի ռեալ են արտացոլում հասարակական տրամադրությունները և ընտրողների քաղաքական նախասիրությունները։ Համամսանական ընտրակարգը թույլ է տալիս ձևավորել բազում անկախ կուսակցություններ, որոնք միմյանցից հարաբերականորեն անկախ են և ապահովում են իրական քաղաքական բազմակարծություն տվյալ երկրում։ Միաժամանակ համամասնական ընտրական համակարգը ունի նաև որոշ թերություններ։ Նախ այս դեպքում որոշակի պայմաններում էապես դժվարանում է կառավարության ձևավորման գործը, հատկապես այն դեպքում, երբ որևիցե կուսակցություն չի կարողանում մեծամասնություն ստանալ։ Կառավարությունը ձևավորվում է կոալիցոն սկզբունքներով, և շատ հաճախ այդ երկրներում կառավարությունները անկայուն են և հաճախ են հրաժարական տալիս։ Համամասնական ընտրական համակարգերում բավականաչափ թույլ է արտահայտված պատգամավոր-ընտրող կապը, քանի որ այս դեպքում ընտրողները ձայնը տալիս են կուսակցությանը, այլ ոչ թե կոնկրետ թեկնածուների, և պատգամավորները ստիպված չեն լինում մշտական կապ պահել ընտրողների հետ։

Մեծամասնական ընտրակարգը լավ ե նրանով, որ հնարավորություն է տալիս ձևավորել որակյալ մեծամասնություն և գործադիր իշխանության ղեկին ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անձի։

 
Ուգո Չավեսը քվեատուփում իր քվեն մտցնելիս (դեկտեմբերի 2, 2016)

Հարաբերական մեծամասնական ընտրակարգի դեպքում կարող են ձևավորվել քաղաքական զարգացման ռեալ այլընտրանքներ և 2 կուսակցությունների միջև կարող է ընթանալ ռեալ պայքար իշխանությունների համար։ Պլյուրալիստական ընտրահամակարգի գործունեության դեպքում ձևավորվում է երկկուսակցական համակարգ։ Թերություններից կարելի է մատնանշել այն, որ հատկապես պառլամենտական ընտրությունների ժամանակ թեկնածուները կարող են ուշադրություն դարձնել ներքին հիմնախնդիրներին, ուշադրությունից դուրս թողնելով երկրի զարգացման ռազմավարական ուղղությունները։ Բացի այդ հարաբերական մեծամասնական ընտրությունների դեպքում հասարակական կարծիքի փոփոխությունները ավելի դժվար են արտացոլվում։ Խառը ընտրական համակարգը որպես առավելություն ունի հետևյալ գծերը.

  • հնարավորություն է ստեղծվում ընտրողներին իրենց վերաբերմունքը արտահայտել ինչպես կուսակցությունների, այնպես էլ առանձին թեկնածուների նկատմամբ։
  • որոշակի հավասարակշռվածություն է ստեղծվում համամասնական և մեծամասնական ընտրակարգերի միջև, որտեղ որպես թերություն հիմնականում նշվում է այն, որ այդ դեպքում պառլամենտում ձևավորվում է պատգամավորների 2 դաս. պատգամավորներ, որոնք ընտրված են մեծամասնական կարգով և ունեն ընտրողների լուրջ զանգված հետևում, և պատգամավորներ, որոնց հասարակության լայն շրջանակաները կարող են չճանաչել և որոնք հաշվետու են ոչ այնքան ընտողների, որքան իրենց կուսակցությունների առջև։

ՀՀ-ում պառլամենտի ընտրությունների ժամանակ այժմ գործում է խառը ընտրական համակարգ՝ 90/41 հարաբերակցությամբ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 112