Էրմիտաժյան թատրոն (ռուս.՝ Эрмитажный театр), թատրոնի շենք Սանկտ Պետերբուրգում, որը 1783-1787 թվականներին (ճակատային մասն ավարտվել է 1802 թվականին) կառուցել է իտալացի ճարտարապետ Ջակոմո Կվարենգին։ Շենքը գտնվում է Պետրոս I-ի նախկին ձմեռային պալատի տեղում՝ Պալատի առափնյա փողոցի (շենք № 32) և Ձմեռային պալատի ջրանցքի անկյունում։ Այն ամբողջացնում է Նևա գետի երկայնքով ձգվող և կամարներով ու անցումներով իրար միացած շենքերի համալիրը՝ Ձմեռային պալատի հետ կազմելով մեկ ամբողջություն։

Պալատական թատրոն
Էրմիտաժյան թատրոն
Эрмитажный театр
Ժամանակակից տեսք
ԵրկիրՌուսաստան
Նախագծի հեղինակՋակոմո Կվարենգի
ՀիմնադիրԵկատերինա I
Հիմնադրման թվական1782 թվական
Շինարարության սկիզբ1783
Շինարարության վերջ1787
Հայտնի բնակիչներակադեմիկոս, արևելագետ Հովսեփ Օրբելի, Ճարտարապետ Ջակոմո Կվարենգի
ԿարգավիճակՄշակութային ժառանգություն
ՎիճակԳերազանց
🌐hermitagemuseum.org/html_Ru/02/hm2_7.html
Քարտեզ
Քարտեզ

Թատրոնի պատմություն խմբագրել

Կայսերական պալատի թատրոնի շենքը կառուցվել է կայսրուհի Եկատերինա II-ի հրամանով 1783 թվականի սեպտեմբերին, «Էրմիտաժին կից քարե թատրոն կառուցելու մասին ճարտարապետ Գվարենգիայի նախագծով և հսկողության ներքո»[1]։ Տեղն անմիջապես չի գտնվել։ Նախ քանդել են Փոքր Էրմիտաժի մոտ գտնվող հին թատրոնի շենքը, որը «փոքր էրմիտաժներ» անունն էր ստացել Եկատերինա II-ի՝ այդտեղ ներկայացումներ և ժամանցային երեկոներ կազմակերպելու սովորության շնորհիվ։ Կայսրուհուն դուր չի եկել, որ հանդիսատեսներն իր առանձնատների մոտով է եկել ներկայացումների։

 
Ջակոմո Կվարենգիի։ Էրմիտաժային թատրոնի հանդիսասրահի նախագիծը
 
Էրմիտաժի թատրոն։ Տեսարան Նևայի առափնյա հատվածից
 
Վիչենցեի Օլիմպիկո թատրոնի ինտերերը, 1580-1585
 
Էրմիտաժային թատրոն։ Հանդիսասրահ։ Լուսանկար 2011 թվական
 
Էրմիտաժի թատրոնի հանրաճանաչ վարագույրը, որը վերականգնվել է պատմական պատկերներից։ Լուսանկարը 2021 թվականի

Շինարարության ընթացքում ճարտարապետ Կվարենգին օգտագործել է նախկին շենքերի հիմքերը, որոնք կառուցվել էին այս վայրում ավելի վաղ՝ Ձմեռային պալատի կառուցման ընթացքում[2]։ Թատրոնը բացվել է 1785 թվականի նոյեմբերի 16-ին, նույնիսկ մինչև ներքին հարդարման աշխատանքների ավարտը այստեղ կայացել է Ալեքսանդր Աբլեսիմովի «Ջրաղացպանը, կախարդը, խաբեբան և խնամախոսը» կոմիկական օպերայի պրեմիերան, որի երաժշտությունը գրել է Միխայիլ Սոկոլովսկին[2][3]։

Էրմիտաժի թատրոնը զգալի դեր է խաղացել 18-րդ դարի վերջի ռուսական թատերական և երաժշտական մշակույթի զարգացման գործում։ Թատրոնի բեմում բեմադրվել են բազմաթիվ օպերային, բալետային և դրամատիկական ներկայացումներ, այդ թվում՝ կայսրուհու գրած պիեսները։ Այդ շենքում անցկացվել են դիմակահանդեսներ, պարահանդեսներ, սիրողական ներկայացումներ[3]։

Էրմիտաժի թատրոնի պատմությունը կապված է ականավոր իտալացի նկարիչ Պիետրո դի Գոտտարդո Գոնզագոյի անվան հետ։ 1789 թվականին Իտալիայում Գոնզագոյի աշխատանքին ծանոթ ճարտարապետ Կվարենգին մտադիր է եղել նրան հրավիրել Սանկտ Պետերբուրգ՝ Էրմիտաժի թատրոնում դեկորացիաներ ստեղծելու համար։ Բայց նկարիչը Ռուսաստան է ժամանել միայն 1791 թվականի վերջին կամ 1792 թվականի սկզբին։ Գոնզագոյին Ռուսաստան է հրավիրել իշխան Նիկոլայ Յուսուպովը՝ Կայսերական թատրոնների ապագա տնօրենը։ Այդ ժամանակ նա Ռուսաստանի դեսպանն է եղել Թուրինի արքունիքում։ Ժամանելուց հետո Գոնզագոն շատ է աշխատել բնությունից, սահուն կերպով նկարում էր Սանկտ Պետերբուրգի բնապատկերները, նրա ճարտարապետական հուշարձանները թանաքով, սեպիայով կամ բիստրեով, գրիչով և վրձնով։ Էրմիտաժային թատրոնի վարագույրի համար նա որոշեց կրկնել Միլանի իր հաջողությունը։ Միլանի Լա Սկալայի թատրոնի համար 1779 թվականին նա ստեղծել էր վարագույր, որի վրա շատ ճշգրիտ պատկերված էր նույն թատրոնը միայն արտաքինից։ Հանդիսատեսը հիացած է եղել։ Էրմիտաժի հավաքածուում պահպանվել է Գոնզագոյի նկարը, որը պատկերում է Էրմիտաժային թատրոնը Նևայի կողմից դարչնագույնով և տուշով[4]։

1808 թվականից Էրմիտաժային թատրոնում կազմակերպվում են ամանորյա դիմակահանդեսներ։ Թատրոնի դահլիճում տեղադրվել է «Բյուրեղապակյա վրան», որը պատրաստվել էր Կայսերական ապակու գործարանում և ներսից ու դրսից վառ լուսավորված էր։ Վրանում քսանհինգ հոգու համար նախատեսված սեղան էր դրված։ Պիետրո Գոնզագոն վերահսկել է բոլոր տոների ձևավորումը։ Ավելի ուշ՝ 1823 թվականի փետրվարից, թատրոնը նույնիսկ օգտագործվել է մոտակայքում տեղակայված Պրեոբրաժենսկի գվարդիական գնդի զինվորներին ուսուցման համար։ 1826 թվականին Էրմիտաժի թատրոնի շենքը փոխադրվեց Կայսերական թատրոնների տնօրինությաններքո[5]։

Թատրոնում խաղացել են բազմաթիվ հայտնի դրամատիկ դերասաններ՝ Իվան Դմիտրևսկին, Ժան Օֆրենը, Պյոտր Պլավիլշչիկովը, Սիլա Սանդունովը, Տատյանա Տրոեպոլսկայան, Յակով Շումսկին, Ալեքսանդր Յակովլևը։ Այս թատրոնի բեմում երգել է Ֆեոդոր Շալյապինը[3]։

Թատրոնում մի քանի անգամ կատարվել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ։ Վերականգնման աշխատանքները ղեկավարել են Կարլ Ռոսսին և Լյուդվիգ Շարլեմանը։ 1862 թվականին փոխվել են փայտե կրող կոնստրուկցիաները։ 1895-1898 թվականներին Ալեքսանդր Կրասովսկու գլխավորությամբ իրականացվել է մեծ վերակառուցում, փայտե ֆերմաները փոխարինվել են երկաթյա ֆերմաներով։

1902 թվականին անցումային պատկերասրահի վերին հարկը, որը ծառայում էր որպես թատերական ճեմասրահ, վերափոխվեց «չորրորդ ռոկոկոյի» ոճով՝ Լեոնտի Բենուայի նախագծի համաձայն։ Փոփոխության պատճառը Ֆրանսիայի նախագահ Ֆ. Ֆորի կողմից Կայսերական արքունիքին նվիրված հսկայական գոբելեն էր։ Որոշվեց նրա համար հարմար կահավորանք ստեղծել Էրմիտաժային թատրոնի ճեմասրահում։

1988 թվականին թատրոնի բակում ճարտարապետ Վալերի Լուկինը ստեղծել է նոր կամարակապ պատկերասրահ-անցում Պետական Էրմիտաժի հետ անմիջական կապի համար։ 1992 թվականին թատրոնի շենքի առաջին հարկում բացվել է Պյոտր I-ի ձմեռային պալատը, որի մուտքը գտնվում է Պալատական առափնյայի կողմից։ Ներկայումս Էրմիտաժի թատրոնի շենքը գտնվում է Պետական Էրմիտաժի իրավասության ներքո։

Ճարտարապետություն խմբագրել

Ճարտարապետ Ջակոմո Կվարենգին Պալլադիոյի ոճի հավատարիմ կողմնակից է եղել։ Որպես նոր կառուցվող շենքի նախատիպ՝ նա ընտրել է հին հունական թատրոնը (ոչ առանց կայսրուհու մասնակցության)։ Կվարենգին նախկինում ուսումնասիրել է անտիկ թատրոնները, իսկ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թատրոնի 1787 թվականին կառուցվող փորագրություններով շենքի համար նա հատուկ նախագծել է հռոմեական թատրոնի և Վիչենցայի Օլիմպիկո թատրոնի չափագրական նախագիծը (Անդրեա Պալլադիոյի նախագծով կառուցել է Վինչենցո Սկամոցին, 1580-1585)։ Վիչենցայի թատրոնը կառուցվել է «Օլիմպիական ակադեմիայի» քաղաքային համայնքի պատվերով, որը պրոպագանդում էր անտիկ դրամա։ Ամֆիթատրոնի ճարտարապետական կառույցը, արխեստրայով և սքենայով, որը պատրաստված էր փայտից և ծածկկված մարմարով, հիշեցրել է Էպիդավրոսի հին հունական թատրոնըе[6]։

Թատրոնի ինտերիերում Կվարենգին օգտագործել է արհեստական մարմարով պատված կորնթոսյան սյունաշարեր, որմնախորշերում տեղադրված են Ապոլլոնի և ինը մուսաների արձանները, հայտնի բանաստեղծների և կոմպոզիտորների պրոֆիլային դիմանկարներով կլոր մեդալիոններ։ Կվարենգիի կարծիքով, ինքը կառուցել է Էրմիտաժյան թատրոնը՝ հիմնվելով Պոմպեյի անտիկ թատրոնի անմիջական տպավորությունների վրա։ Նա բեմական դիմակները պատրաստել է թատրոնի ինտերիերի կորնթոսյան խոյակների վրա՝ «հետևելով Հռոմում տեսած և հիմնականում իր կողմից Պոմպեյի թատրոնի պեղումներից հայտնաբերված նմուշներին»[7]։

Շինարարության մեջ Կվարենգիի օգնականը եղել է քարտաշ վարպետ տեսսինցի Իվան Լուկինը։ Ինտերիերի ձևավորմանը մասնակցել են Ա. Բեռնասկոնին, Ք. Ալբանին, Դ. Վալազինին, Ա. Մեդեյը և այլ իտալացի ու ռուս վարպետներ։ Կիսաշրջանաձև թատերասրահը տպավորիչ էր ինչպես կամերայնությամբ, այնպես էլ մոնումենտալությամբ։ Հանդիսասրահի արհեստական մարմարից սյուները, ճաղավանդակները և կարմիր պաստառապատումը (սկզբում կապույտ էր) ստեղծում են հանդիսավոր կոլորիտ։

Դեպի Նևայի կողմն ուղղված ճակատային մասն առանձնանում է կոպտատաշ շարվածքով և ցածր սյունազարդ պատշգամբով, մեծ սյունակարգով, որը ծածկում է երկրորդ և երրորդ հարկերը կողային ելուստնեի միջև։ Հատկապես տպավորիչ է ձմեռային ջրանցքով դեպի Հին Էրմիտաժի շենք տանող կամարաձև անցումով կլորացված անկյունային հատվածը։ Կամարը կառուցվել է ճարտարապետ Յուրի Ֆելտենի նախագծով 1783 թվականին։ Այն հիշեցնում է Վենետիկի հռչակավոր «Հառաչների կամուրջ»-ը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эрмитаж. История и архитектура зданий. — Л.: Аврора, 1974. — С. 213
  2. 2,0 2,1 Эрмитажный театр Արխիվացված 2009-08-03 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 6. Хейнце — Яшугин. 1108 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1982 (стб. 547—548)
  4. Пьетро ди Готтардо Гонзага. 1751—1831. Жизнь и творчество. Сочинения. — Монографическое исследование Ф. Я. Сыркиной. — М.: Искусство, 1974. — С. 30
  5. Эрмитаж. История и архитектура зданий. С. 218
  6. Виктор Георгиевич Власов, «Прозрачные колоннады» русского палладианизма // Власов В. Г. Искусство России в пространстве Евразии. — В 3-х т. — СПб.: Дмитрий Буланин, 2012. — Т. 2. — C. 134
  7. Пилявский В. И. Джакомо Кваренги: Архитектор. Художник. — Л.: Стройиздат, 1981. — С. 131
  8. Виктор Георгиевич Власов, Итальянизмы в архитектуре Санкт-Петербурга: Историческая трансляция образов античности и Ренессанса [Электронный ресурс] //Архитектон: известия вузов. — 2018. — № 2(62). — URL: http://archvuz.ru/2018_2/11

Արտաքին հղումներ խմբագրել