Էրիկ Բրյուն Հեսելբերգ (նորվ.՝ Erik Bryn Hesselberg , հունիսի 4, 1914(1914-06-04) կամ հունիսի 1, 1914(1914-06-01)[1], Բրևիկ, Պորսգրուն, Տելեմարկ, Նորվեգիա - սեպտեմբերի 15, 1972(1972-09-15), Լարվիկ, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի նկարիչ, քանդակագործ, ճանապարհորդ։ Թուր Հեյերդալի հետ մասնակցել է «Կոն-Տիկի» լաստանավի գիտարշավին։

Էրիկ Հեսելբերգ
Ծնվել էհունիսի 4, 1914(1914-06-04) կամ հունիսի 1, 1914(1914-06-01)[1]
ԾննդավայրԲրևիկ, Պորսգրուն, Տելեմարկ, Նորվեգիա
Վախճանվել էսեպտեմբերի 15, 1972(1972-09-15) (58 տարեկան)
Մահվան վայրԼարվիկ, Վեստֆոլ, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, նկարազարդող, լուսանկարիչ և ճանապարհորդ հետազոտող

Կենսագրություն խմբագրել

Էրիկ Բրյուն Հեսելբերգը ծնվել է 1914 թվականի հունիսի 4-ին Նորվեգիայի Բրևիկ քաղաքում՝ Տելեմարկ կոմսությունում[2]։ Մանկությունն անցել է Լարվիկում (Վեսթֆոլ կոմսություն), Սվեյնսգաթե 14 հասցեում։ Դեռևս մանկուց ընկերություն է արել ապագա աշխարհահռչակ ճանապարհորդ Թուր Հեյերդալի հետ։ Դպրոցն ավարտելուց հետո Էրիկ Բրյուն Հեսելբերգը ընդունվում է ծովագնացության ուսումնարան։ Դրանից հետո դառնում է պրոֆեսիոնալ ծավային։ Շուրջ հինգ տարի աշխատում է առևտրային նավերի վրա։ Էրիկ Բրյուն Հեսելբերգը մի քանի անգամ շուրջերկրյա ճանապարհորդություններ է կատարել։ Դրանից հետո ստանում է նկարչական կրթություն գերմանական Համբուրգ քաղաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պահին Էրիկ Բրյուն Հեսելբերգը գտնվում էր Գերմանիայում։ Նա չկարողացավ վերադառնալ հայրենիք, ուստի և անցնում է աշխատանքի որպես բեմանկարիչ Բրաունշվայգում։ Միաժամանակ նկարիչը կատարում էր նաև Նորվեգիայի դիմադրության շարժման հրահանգները[2]։ 1945 թվականին, պատերազմի ավարտից հետո, ի վերջո կարողանում է վերադառնալ հայրենիք։ Կնոջ՝ գերմանացի Լիզոլետ (Լիս) Գյուլդների հետ հիմնավորվում է Լիլեհամերում (Նորվեգիա)[3]։

Գիտարշավ Թուր Հեյերդալի հետ խմբագրել

1947 թվականին Էրիկ Բրյուն Հեսելբերգն ապրում էր Բորրե քաղաքում կնոջ՝ Լիսի և նորածին աղջկա՝ Աննե-Կարինի հետ։ Այստեղ նա զբաղվում էր գեղանկարչությամբ։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ նրան ճանապարհորդելու է հրավիրում մանկության ընկեր Թուր Հեյերդալը։ Նրանք պետք է «Կոն-Տիկի» լաստանավով Պերուից ուղևորվեին դեպի Պոլինեզիա. Հեսելբերգը պետք է մասնակցեր որպես ղեկապետ։

Արդյունքում Էրիկ Բրյուն Հեսելբերգը համաձայնվում է և նրանք դուրս են գալիս բաց օվկիանոս։ Խաղաղ օվկիանոսում հարյուրմեկօրյա ուղևորության ընթացքում Էրիկը ոչ միայն ղեկապետի պաշտոնն էր իրականացնում, այլ նաև աստղագիտական հետազատություններ էր իրականացնում և որոշում էր լաստանավի տեղադիրքը, նշումներ անում քարտեզին և որոշում ուղղությունները։

Ազատ ժամանակ, երբ տեղորոշմամբ չէր զբաղվում, Էրիկ Բրյուն Հեսելբերգը նկարչությամբ էր ժամանակն անցկացնում, ինչպես նաև փայտյա արձանիկներ էր քանդակում և կիթառ նվագում։ Հենց նրան է պատկանում «Կոն-Տիկի» լաստանավի վրա տեղադրված առագաստի վրայի Աստծո նկարը։

Վերադառնալով ճանապարհորդությունից, որն ավարտվեց օգոստոսի 7-ին, Էրիկ Բրյուն Հեսելբերգը գրում է յոթանասուներկու էջանոց մի գիրք, որը կոչվեց «Կոն-Տիկին և ես»։ Գիրքը նկարազարդած էր անձամբ իր կողմից. վերջինս լույս տեսավ նորվեգական «Dreyers Vorlag» հրատարակչության կողմից 1949 թվականին։

Ամբողջ աշխարհին հայտնի այդ գիտարշավից հետո Էրիկ Բրյուն Հեսելբերգը կառուցում է իր սեփական նավը, որն անվանեց «Տիկի»։ Այս նավով նկարիչը ուղևորվեց իր հայրենի Նորվեգիայից դեպի Ֆրանսիա։ Շուրջ տասնմեկ տարի նա ապրեց իր առագաստանավում Լազուրե ափին՝ Կորսիկայի ափերին։ Այստեղ նա աշխատում էր որպես նկարիչ և քանդակագործ։ Ընկերություն էր անում աշխարհահռչակ Պաբլո Պիկասոյի, Ժորժ Սիմենոնի, Ժան Կոկտոյի հետ։

Ավելի ուշ Էրիկ Բրյուն Հեսելբերգը վաճառում է իր առագաստանավը։ Ապրում է Միացյալ Նահանգներում, Գերանիայում, Շվեդիայում։ Հետո կրկին վերադառնում է իր մանկության օրերի քաղաք՝ Լարվիկ։

Էրիկ Բրյուն Հեսելբերգն իր մահկանացուն կնքում է 1972 թվականի սեպտեմբերի 15-ին՝ հիսունութ տարեկան հասակում Լարվիկում. հենց այստեղ էլ նրան հուղարկավորում են։ Մահվանից հետո թողեց բազմաթիվ լուսանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և ավելի քան երկու հարյուր երգեր կիթառի համար։

Նկարիչ-ճանապարհորդը ուներ երեք երեխաներ տարբեր ամուսնություններից՝ Աննե-կարին դուստրը (1946 թվական), որդին՝ Քաելուն (1958 թվական) և դուստր Սուզաննան (1967 թվական)։ Ավագ դուստրը ապրում է նորվեգական Դրոբյակում և կազմակերպում է հորը նվիրված ցուցահանդեսներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Fakta: Erik Hesselberg
  3. «Stationen eines Lebens. Der Kosmopolit Heinrich Heidersberger». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Kon-Tiki und ich Nymphenburger Verlagshandlung, 1950.

"Kon-Tiki und ich. Mit dem Balsafloss über den Stillen Ozean.." In neuer Übersetzung und mit dem handgeschriebenen Text der norwegischen Originalausgabe angepasst. Herausgegeben von Anne Karin Hesselberg 2006.

Արտաքին հղումներ խմբագրել