Էվելին Բեատրիս Սեն Կրուա Ռոուզ (ամուսնական ազգանվամբ հայտնի որպես Էվա Ֆլեմինգ[4][5], անգլ.՝ Evelyn Beatrice Sainte Croix Rose, Eve Fleming, հունվարի 10, 1885(1885-01-10), Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 27, 1964(1964-07-27)[1], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[2])[6], անգլիացի աշխարհիկ տիկին։

Էվելին Ֆլեմինգ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1885(1885-01-10)
ԾննդավայրՔենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 27, 1964(1964-07-27)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԲրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն
ԱմուսինAugustus John?[3] և Valentine Fleming?[3]
Ծնողներհայր՝ George Alfred Sainte Croix Rose?[1][3], մայր՝ Beatrice Quain?[1][3]
ԵրեխաներՅան Ֆլեմինգ[3], Ամարիլլիս Ֆլեմինգ[1][3], Պիտեր Ֆլեմինգ[1][3] և Michael Valentine Paul Fleming?[1][3]

Գրողներ Պիտեր և Յան Ֆլեմինգների ու թավջութակահարուհի Ամարիլլիս Ֆլեմինգի մայրը։

Էվելինը ծագել է բավականին հարգված տոհմից և ամուսնացել է շոտլանդացի ֆինանսագետ Ռոբերտ Ֆլեմինգի որդու՝ Վալենթայն Ֆլեմինգի հետ, որի հետ ամուսնության արդյունքում դարձել է չորս որդիների մայր։ Վալենթայնը մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ թողնելով ընտանիքին մեծ ժառանգություն, որից Էվելինին հասել է Լոնդոնում գտնվող տունը և պատկառելի թոշակ։ Նա այլևս չի ամուսնացել, սակայն ամուսնու մահից վեց տարի անց Էվելինը նկարիչ Օգաստես Ջոնից դուստր է ունեցել՝ Ամարիլլիսին։

Էվելինը եղել է որդիների կյանքի հիմնական շարժիչ ուժը։ Նա փորձել է նրանց համար ձեռք բերել պապի ժառանգությունը, քանի որ հենց նրա երեխաները՝ որպես Ռոբերտի ավագ որդու ժառանգներ, հանդիսանում են առաջնային ժառանգորդներ։ Չնայած նրա ջանքերին՝ Ռոբերտը իր հսկայական կարողությունը կտակել է կնոջը, որը հետագայում բաժանել է այն իր մնացած երեխաների միջև։

Էվելինը մահացել է 1964 թվականին՝ իր որդի Յանի մահից երկու շաբաթ առաջ[7]։

Ամուսնական կյանք խմբագրել

Էվելին Բեատրիս Սեն Կրուա Ռոուզը ծնվել է 1885 թվականին Քենսինգթոնում, հաշտարար դատավոր Ջորջ Ալֆրեդ Սեն Կրուա Ռոուզի և Բեատրիս Քվեյնի ընտանիքում։ Հորական կողմից նա սըր Ֆիլիպ Ռոուզի թոռն էր, որը վարչապետ Բենջամին Դիզրայելիի իրավաբանական հարցերով խորհրդականն էր[5], մորական կողմից՝ լոնդոնյան ականավոր վիրաբույժ և հայտնի «Բժշկական բառարանի» խմբագիր Ռիչարդ Քվեյնի։ Բացի Էվելինը՝ ընտանիքում կային դուստր Քեյթլինը և երկու որդիներ՝ Այվորը և Հարթքորթը։ Այվորը սովորել է Իթոնում, Հարթքորթը՝ Իթոնում և Օքսֆորդում, որտեղ ծանոթացել է Վալենթայն Ֆլեմինգի՝ Էվելինի ապագա ամուսնու հետ[4]։

1906 թվականի փետրվարի 15-ին Էվելինն ամուսնացել է Վալենթայն Ֆլեմինգի հետ, որը շոտլանդացի ֆինանսիստ Ռոբերտ Ֆլեմինգի որդին էր[8]։ Ռոբերտ Ֆլեմինգը հիմնել էր շոտլանդա-ամերիկյան երկարատև ներդրումային հավատարմագրված սեփականություն և Robert Fleming & Co առևտրային բանկը[9]։ Վալենթայնի մայրը հարկային վարչության սպայի դուստր էր[10]։ Համաձայն ընտանեկան լեգենդի՝ Վալենթայնը և Էվելինը հանդիպել են Օքսֆորդի պարահանդեսի ժամանակ։ Բացի դա աղջկա հայրը տարվել էր ռեգատայով, որին մասնակցել է նաև Վալենթայնը, իսկ Էվելինը հաճախ է ներկա եղել մրցապայքարներին, որպեսզի աջակցի հորը։ Էվելինը ապագա ամուսնու լրիվ հակապատկերն էր. նա ջութակ էր նվագում, լավ նկարում էր ջրաներկով, այնինչ Ֆլեմինգների ընտանիքի ոչ մի ներկայացուցիչ ոչ նկարչության, ոչ արվեստի որևէ կարողություն չի ունեցել։ Բացի դա Էվելինը վերին աստիճանի թեթևամիտ և շռայլող կին էր, աչքի էր ընկնում իր սնոբությամբ և սնափառությամբ[4]։

Չնայած հարսնացուի ընտրության հարցում նախնական անհամաձայնությանը՝ հայրը հարսանիքից անմիջապես հետո Վալենթայնի հաշվին փոխանցել է չորս միլիոն ֆունտ[11]։ Այդ գումարով նորապսակները ձեռք են բերել մի քանի տուն, որոնցից երկուսը գտնվում էին Վալենթայնի ծնողների սեփականությունների հարևանությամբ։ Մեյֆերի տանը, որը գտնվել է Ֆլեմինգ ավագների տան անկյունում, լույս աշխարհ են եկել Էվելինի երկու ավագ որդիները՝ Պիտերը և Յանը[12][13]։ Ավագ որդիների ծնունդի առաջին տարիները ընտանիքն անցկացրել է Բրեզերս պարկում, որն իրական դրախտ էր երեխաների համար իր բազմաթիվ խաղասենյակներով և բացօդյա հսկայական խաղահրապարակներով, և Փիթ հաուսում, որը Համփսթես Հիթում էդվարդինյան առանձնատուն էր[12]։ Էվելինն ընտանիքում ստացել է մի քանի մականուն՝ Միվի (անգլ.՝ Miewy), Մի (անգլ.՝ Mie) և Էմ (անգլ.՝ M)[14]։

1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Վալենթայնը, որը մինչև այդ Հենլիի կողմից խորհրդարանի նախկին անդամ էր[15], միացել է Օքսֆորդշիրի թագավորական հուսարական գնդի C հեծելավաշտին, որտեղ ստացել է մայորի կոչում։ Ճակատ մեկնելուց կարճ ժամանակ առաջ Վալենթայնը կտակ է գրել, որով նրա այրուն էր հասնում Համփսթես Հիթից ոչ հեռու գտնվող տունը, ինչպես նաև զգալի թոշակ, որը կարող էր կրճատվել Էվելինի երկրորդ ամուսնության դեպքում։ Սեփականության մեծ մասը փոխանցվել է Վալենթայնի չորս որդիների և նրանց ապագա ընտանիքների բարեկեցության ապահովման ֆոնդին[16]։ Մինչև 1917 թվականը Վալենթայնի ծառայությունն անցել է թիկունքում։ Ազատ օրերին նա պոլո է խաղացել, իսկ 1914 թվականի աշնանը նա մի քանի օր անցկացրել է Էվելինի հետ՝ այցելելով նրան[17]։ Վալենթայնը սպանվել է Արևմտյան ռազմաճակատում գերմանական ռմբակոծության ժամանակ 1917 թվականի մայիսի 20-ին։ Ուինսթոն Չերչիլը, որը եղել է Ֆլեմինգ ավագի մոտ ընկերը և որի եղբայրը ծառայում էր Վալենթայնի հետ պատերազմի սկզբում, գրել է մահախոսական, որը տպագրվել է The Times-ում[15][16][5]։ Վալենթայնը հետմահու պարգևատրվել է «բացառիկ ծառայությունների համար» շքանշանով։ Քանի որ ընտանիքին պատկանել է կալվածք Արնիսդեյլում, Վալենթայնի անունը հիշատակվել է Գլենելգի ռազմական հուշատախտակին[18]։

Ամուսնու մահից հետո Էվելինը որոշ ժամանակ հեռացել է երեխաներից։ Նրա որդիները մի քանի ամիս անցկացրել են Վալենթայնի ծնողների տանը՝ միայն ազատ օրերին լքելով այն, որպեսզի այցելեն մորը, որը չէր գնում լոնդոնյան տնից[19]։ Ավելի ուշ Վալենթայնը փաստացի սրբացվել է ընտանիքում. Էվելինը հաճախ է ամուսնուն օրինակ բերել երեխաների մոտ, իսկ նրա լոուլենդյան ծագումը այլևս չի թվացել վատը։ Մոր հորդորով՝ Պիտերը և Յանը իրենց երեկոյան աղոթքն ավարտել են հետևյալ բառերով «… և խնդրում եմ, սիրելի Աստված, թույլ տուր ինձ մեծանալ Մոկիի նման»[16]։

Վալենթայնի մահից և՛ առաջ, և՛ հետո Էվելինը եղել է որդիների, հատկապես Յանի, կյանքի շարժիչ ուժը։ 1914 թվականի նոյեմբերին, երբ Վալենթայնը գնացել է պատերազմ, Էվելինը Յանին և Պիտերին տվել է Դորսեթի Դարնֆորդ նախապատրաստական դպրոց։ Այդ դպրոցը ճանաչված էր նրանով, որ իր շրջանավարտներին պատրաստում էր Իթոն ընդունվելուն, որտեղ հորը հետևելով իրենց հերթին պիտի գնային Պիտերը և Յանը[17]։ Էվելինը անմիջական կապ է պահել դպրոցի տնօրեն Թոմ Փելաթի հետ[20]։ 1927 թվականին Էվելինը Իթոնում և Սանդհյորսթում ռազմական քոլեջի[21] կրթությունն ընդհատած Յանին ուղարկել է ավստրիական Կիցբյուելում գտնվող Թեներհոֆ մասնավոր դպրոց, որը ղեկավարում էին Էռնան Ֆորբս Դենիսը և նրա գրող կին Ֆիլիս Բոթոմը։ Այստեղ Յանը պետք է նախապատրաստվեր արտաքին գործերի նախարարությունում հավանական աշխատանքից[22]։ Յանը արտաքին գործերի նախարարություն ընդունվելու հայտ է ներկայացրել, սակայն ձախողել է քննությունները։ Էվելինը կրկին խառնվել է որդու գործերին՝ 1931 թվականի հոկտեմբերին Յանի համար խմբագրի օգնականի և լրագրողի պաշտոնի համար համաձայնության գալով սըր Ռոդերիկ Ջոնսի հետ, որը նորությունների Ռոյթերս գործակալության ղեկավարն էր[9]։ 1933 թվականի հոկտեմբերին մոր և ընտանիքի մյուս անդամների ճնշմամբ Յանը աշխատանքի է անցել բանկային ոլորտում, որի ներկայացուցիչ էր Էվելինի եղբայրը՝ Հարթքորթը[23]։

Շնորհիվ որդու վրա ազդեցության՝ Էվելինը, ինչպես ենթադրել է Յան Ֆլեմինգի կենսագիր Ջոն Փիրսոնը, կարող էր լինել «ՄԻ-6»-ի հերոսներից մեկի՝ М-ի նախատիպը։ Դա են ապացուցում ինչպես հերոսի բնավորությունը՝ միաժամանակ խիստ և բարի, վախի և սիրո զգացումներ ներշնչող, այնպես էլ այն, որ հերոսը կոչված է Էվելինի ընտանեկան մականուներից մեկով[24]։

Այրիություն խմբագրել

1920-ական թվականներին Էվելինը բուռն սիրավեպ է ունեցել նկարիչ Օգաստես Ջոնի հետ։ Նա քառասուն տարեկան դեռ չկար և հարուստ էր, ինչի շնորհիվ Ջոնը Էվելինի մեջ գտել է ոչ միայն հիանալի սիրուհի, այլև հովանավոր։ Սակայն Օգաստեսը պահպանել է այլ սիրուհիների հետ կապը։ Էվելինը որոշել էր ամուսնանալ նրա հետ, սակայն երբ պարզ է դարձել, որ նրա հույսերն ապարդյուն են, որոշել է նրանից երեխա ունենալ[25]։ Ամուսնու մահից վեց տարի անց նա աղջիկ է ունեցել, որին կոչել է Ամարիլլիս։ Սակայն դա հեռու չի պահել Ջոնին սիրային արկածներից։ Երբ մոդելներից մեկը և համատեղությամբ սիրուհին աղջիկ է ունեցել Օգաստեսից՝ Զոիին, Էվելինը ցանկություն է հայտնել որդեգրել նրան, իսկ երբ մերժում է ստացել աղջկա մորից, առանց նրա թույլտվության երեխային տարել է Ուելսի հյուսիս, որտեղից վերադարձրել է Օգաստեսը։ Սեփական դստերը Էվելինը երկար ժամանակ թաքցրել է հասարակությունից, իսկ աղջկան խնամող անձնակազմին հրամայել է բոլոր հետաքրքրվողներին ասել, որ նա որդեգրել է Ամարիլլիսին[26]։ Ջոնից բաժանվելուց հետո Էվելինն իր ողջ ուշադրությունը և հոգատարությունը կենտրոնացրել է դստեր վրա՝ փաստացիորեն իր մյուս երեխաներին երկրորդ պլան գցելով[27]։

1933 թվականի հուլիսին մահացել է Վալենթայնի հայրը։ Նրա մահից որոշ ժամանակ առաջ Էվելինը այցելել էր սկեսրայրին՝ հույս ունենալով երկու որդիների համար ձեռք բերել նրա ժառանգությունը։ Էվելինը հիշեցրել է Ռոբերտին, որ հենց իր չորս որդիներն են հանդիսանում նրա ավագ որդու երեխաները և հետևաբար ավելի շատ իրավունք ունեն ժառանգելու պապի ունեցվածքը։ Սակայն չնայած Էվելինի ջանքերին՝ Ռոբերտը իր ողջ կարողությունը, որի արժեքը հավասար է եղել երեք միլիոն ֆունտի, թողել է իր այրուն, որը հետագայում բաժանել է ժառանգությունը իր մնացած երեք երեխաների միջև[28]։

1950-ական թվականների սկզբին Էվելինը տուն է ձեռք բերել Բահամյան կղզիներում և այդտեղ է անցկացրել տարվա մեծ մասը[29]։

Էվելինը մահացել է 1964 թվականի հուլիսի 27-ին՝ իր որդի Յանի մահից երկու շաբաթ առաջ։ Էվելինի անձնական կարողությունը մահվան պահին կազմել է մոտավորապես 101 հազար ֆունտ, որի մեծ մասը ժառանգել է Ամարիլլիսը[30]։

Զավակներ խմբագրել

Վալենթայնի հետ ամուսնությունից Էվելինն ունեցել է չորս որդի.

  • Ռոբերտ Պիտեր (1907—1971)՝ ճանապարհորդական ակնարկների հեղինակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պիտերը ծառայել է գրենադերական գվարդիայում, ավելի ուշ տեղափոխվել է Քոլին Գաբինսի ղեկավարություն, որտեղ օգնել է ստեղծել օժանդակ ստորաբաժանումներ և զբաղվել է Նորվեգիայի ու Հունաստանի գործողություններով[31]։ Ամուսնացել է դերասանուհի Սելիա Ջոնսոնի հետ, որից ունեցել է որդի և երկու դուստր։
  • Յան Լանկասթեր (1908—1964)՝ Ջեյմս Բոնդի մասին վեպերի հեղինակ, ծառայել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային հետաքննության վարչությունում, մասնակցել է 30 գրոհային ստորաբաժանման ստեղծմանը և հետագայում դրա երկու բաժնի հսկողությանը[32], T-Force-ի ստորաբաժանումների օգտագործմանը[33]։ Ամուսնացել է Էնն Օ’Նիլի հետ, որից ունեցել է որդի և դուստր։
  • Ռիչարդ Էվելին (1911—1977)՝ ընտանեկան Robert Fleming & Co բանկի նախագահ 1960-ական և 1970-ական թվականներին։ Մահացել է սրտի կաթվածից[34]։ Ամուսնացել է պատվարժան Դորոթի Հերմոն Հոջի հետ, որից ունեցել է ութ երեխա։
  • Մայքլ Վալենթայն Պոլ (1913—1940)՝ բիրժայի գործարքների միջնորդ։ Երբ նա սկսել է իր գործունեությունը, սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մայքլն ընդունվել է Օքսֆորդշիրի և Բեքինգհեմշիրի հետևազոր, որտեղից 1940 թվականին գերի է ընկել Նորմանդիա և մահացել նույն թվականին վերքերից։ Ամուսնացել է Լետիցիա Բլանշ Բոսուիկի հետ, որից ունեցել է չորս երեխա[34]։

Օգաստես Ջոնից.

  • Ամարիլլիս Մարիա Լուիզա (1925—1999[35])՝ պրոֆեսիոնալ թավջութակահարուհի[36]։ Չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։

Մշակույթում խմբագրել

2014 թվականի բրիտանա-ամերիկյան «Ֆլեմինգ. մարդը, որը ցանկանում էր Բոնդ դառնալ» դրամատիկ մինի սերիալում Էվելինի դերը խաղացել է Լեսլի Մենվիլը[37][38]։

Ծննդաբանություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 https://es.findagrave.com/memorial/57758697/evelyn-beatrice_ste_croix-fleming
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Kindred Britain
  4. 4,0 4,1 4,2 Lycett, 1996, էջ 9
  5. 5,0 5,1 5,2 «Ian Fleming: Childhood and Youth (1908 — 1939)». The Official Website for Ian Fleming Publications and The Ian Fleming Estate (անգլերեն). Ian Fleming Publications. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Lundy, Darryl (2006). «Evelyn Beatrice Sainte Croix Rose». ThePeerage.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Ian Fleming and the British Heart Foundation». About Ian Fleming. Ian Fleming Publications. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. Burke's Peerage vol. 3 (2003), p. 3394
  9. 9,0 9,1 Lycett, 2004
  10. Lycett, 1996, էջ 8
  11. Lycett, 1996, էջ 10
  12. 12,0 12,1 Lycett, 1996, էջ 11
  13. General Register Office, 1837–1915, էջ 420a
  14. Lycett, 1996, էջ 18
  15. 15,0 15,1 Churchill, Winston Valentine Fleming. An appreciation(անգլ.) // The Times. — 1917. — С. 9. — ISSN 0140-0460.
  16. 16,0 16,1 16,2 Lycett, 1996, էջ 20
  17. 17,0 17,1 Lycett, 1996, էջ 17
  18. Lycett, 1996, էջ 15
  19. Lycett, 1996, էջ 21
  20. Lycett, 1996, էջ 16
  21. Benstock, 1989, էջ 86
  22. Benstock, 1989, էջ 87
  23. Lee, 2003, էջեր 22—23
  24. Сергей Корейко Флеминг. Йэн Флеминг(ռուս.) // Профиль : журнал. — 2005.
  25. Lycett, 1996, էջ 28
  26. Lycett, 1996, էջ 29
  27. Lycett, 1996, էջ 35
  28. Lycett, 1996, էջ 39
  29. Lycett, 1996, էջ 50
  30. Pearson, 1966, էջ 342
  31. Obituary: Colonel Peter Fleming, Author and explorer(անգլ.) // The Times. — 1971. — С. 14. — ISSN 0140-0460.
  32. Rankin, 2011, էջ 136
  33. Longden, 2010, էջեր 45—51
  34. 34,0 34,1 «Family». The Official Website for Ian Fleming Publications and The Ian Fleming Estate (անգլերեն). Ian Fleming Publications. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  35. Fleming, Fergus Obituary: Amaryllis Fleming(անգլ.) // The Independent. — 1999. — ISSN 0951-9467.
  36. Lycett, 1996, էջ 19
  37. «Lara Pulver Talks Taking On The Woman Behind 'Bond' Author Ian Fleming» (անգլերեն). Yahoo. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  38. Emma Brant (2013 թ․ հունվարի 25). «Actress Lara Pulver plays Bond girl in TV drama» (անգլերեն). BBC.co. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.

Գրականություն խմբագրել